Շումերաբաբելական դիցաբանություն

Շումերաբաբելական դիցաբանություն շումեր

Շումերաբաբելական

Համաշխարհային պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Միջագետքյան քաղաքակրթությունը, որի հիմնադիրներն են համարվում շումերները: 

19-րդ դարից եվրոպական երկրները սկսեցին պեղել Եգիպտոսի, Պաղեստինի և Միջագետքի հնավայրերը, այդ թվում՝ Բաբելոնն ու Ասորեստանի հին բնակավայրերը։ Պատճառը մեկն էր՝ Աստվածաշնչի, առավելապես՝ Հին Կտակարանի պատումները փաստարկելը։ Պարզվեց, որ Հին Կտակարանը կազմողները նշանակալիորեն ազդվել են հնագույն շումերա-բաբելոնյան ավանդույթներից, երբեմն էլ փոխառել են ընդհանրապես առասպելներն ու զրույցները։

Պատմական ակնարկ

Միջագետքի պատմությունը ժամանակակից գիտնականների կողմից բաժանված է վեց դարաշրջանի.
Ուբեյդի ժամանակաշրջան – Ք.ա. 5000-4100 
Ուրուկի ժամանակաշրջան – Ք.ա. 4100-2900 
Վաղ դինաստիկ ժամանակաշրջան — Ք.ա. 2900-2334 
Աքքադական ժամանակաշրջան –  Ք.ա. 2334-2218 
Կիտիական ժամանակաշրջան – Ք.ա. 2218-2047 
Ուրի III ժամանակաշրջան (նաև հայտնի է որպես Շումերական վերածնունդ) –Ք.ա. 2047-1750 
Ուբեյդյան ժամանակաշրջանի մարդկանց ծագումն անհայտ է, ինչպես նաև նրանց մշակույթը. նրանց թողած որոշ արտեֆակտները բավական չեն ամբողջական պատկերացում կազմելու համար:  Նրանք, հավանաբար, հիմնադրել են առաջին համայնքները, որոնք հետագայում վերածվել են քաղաքների և  քաղաք-պետությունների Ուրուկի ժամանակաշրջանում: Վաղ դինաստիկ ժամանակաշրջանում տեղի ունեցավ թագավորների վերելքը, իշխանության և բյուրոկրատիայի հաստատումը և շումերական քաղաք-պետությունների միջև հակամարտությունը հողի և ջրի իրավունքների համար: Շումերական քաղաքները պարբերաբար միավորվում էին մեկ թագավորի իշխանության ներքո, ինչպես օրինակ Քիշի Էնեմբարագեսիի դեպքում, ով գլխավորեց Շումերը Էլամի դեմ պատմության մեջ առաջին գրանցված պատերազմում Ք.ա. 2700, որի ընթացքում շումերները հաղթեցին և թալանեցին Էլամի քաղաքները։
Ք.ա. 3-րդ և հազարամյակում Միջագետքում շումերների պետությանը հաջորդել է աքքադացիների տիրապետությունը: Աքքադը Շումերից հյուսիս էր գտնվում, նրանց լեզուն սեմական ընտանիքին է պատկանել: Շումերը վերջնականապես նվաճվում են Սարգոնի կողմից Քա. 2334-2279 թթ., ով այն դարձրեց իր բազմազգ կայսրության առանցքը: Դրանից հետո արաբական թերակղզուց Միջագետք են ներխուժել սեմական ցեղերը (ամորեացիներ, նշանակում է  արևմտյան ժողովուրդ), որոնք էլ հիմք են դրել Բաբելոնյան առաջին արքայատոհմին, որի ամենանշանավոր ներկայացուցիչներից է Համմուրապ արքան (Ք.ա. 1772 թթ. գրել է օրենսգիրք, որն ուներ 282 պարագրաֆ):
 
Շումերները (իրենք իրենց կոչում էին սագգիգգա — սևագլուխներ, թխահերներ, աքքադերեն` ṣalmat qaqqadim, նշ. է մարդիկ), որոնց ծագումը դեռ անհայտ է գիտնականներին (մի մասը կարծում է, որ եկվոր են, մյուսները` որ Ք.ա. 6-5 հազարամյակի. տեղի ուբեյդյան քաղաքկրթության հետնորդներ են) չեն եղել սեմիտներ, իսկ նրանց ստեղծած մշակույթի ժառանգորդը բաբելական մշակույթն է (Բաբելոնյան շրջանում ավելի է հղկվում դիցարանը): 
1869 թվականին Յուլիուս Օպերտը, հենվելով բաբելոնյան թագավորների հնագույն տիտղոսի վրա,  «Շումերի և Աքքադի արքա» (աքքադերեն. šar Šumeri u Akkadî), առաջարկեց Միջագետքի հնագույն ոչ սեմիտական բնակչությանը կոչել շումերներ, իսկ նրանց լեզուն՝ շումերերեն:
 
1. Շումերական քաղաքակրթությունը ծագել է Միջագետքի հարավում Ք.ա. 4500-4000 թթ. և   տևել մինչև Ք.ա. 1750 թվականները:  
 
2. Շումերները շրջանառության մեջ են մտցրել «քաղաք» հասկացությունը , և  այդ  կոչման առաջին հավակնորդը Ուրուկն է՝ աշխարհի ամենահին քաղաքը։ Շումերները, սակայն, համարում էին, որ աշխարհում առաջին քաղաքը Էրիդուն էր, որի ղեկավարն էր իրենց իմաստության և ջրի աստված Էնկին, ով այն բարձրացրեց ջրային ճահիճներից և հաստատեց թագավորության և կարգուկանոնի հայեցակարգը երկրում: Ըստ շումերական հավատալիքների, յուրաքանչյուր քաղաք տաճարում՝ զիկկուրատում ( նշ. է «բարձունք» կամ «լեռան գագաթ») ուներ իր աստվածությունը, որը պաշտպանում և ուղղորդում էր քաղաքացիներին ճիշտ ճանապարհով: Շումերները կարծում են, որ աստվածները կարգուկանոն են ստեղծում, իսկ մարդու ճակատագիրը աստվածների հետ կապված ապրելն էր՝ թույլ չտալով քաոսի նորից հայտնվել: Շումերական քաղաքները, նվաճումներից առաջ և հետո, հարստացել են առևտրից։ Քաղաքների հարաբերական կայունությունը նպաստում էր մշակութի զարգացմանը, նորարարությունների և գյուտերի առաջ գալուն։
Շումերական քաղաքակրթության ամենակարևոր պաշտամունքային կենտրոնը Նիպպուրն էր, որտեղ գտնվում էր Էկուրը ՝ շումերական գերագույն աստված Էնլիլի տաճարը:
 
3. Շումերական քաղաք-պետությունները ղեկավարվում են «լուգալ» (թարգմ. «մեծ մարդ») տիտղոսը կրող թագավորի կողմից, որը, ի թիվս այլ պարտականությունների, վերահսկում էր նույնիսկ հողի մշակումը։ Առաջին լուգալ է համարվում Քիշի արքա Էտանան, իսկ Քիշի վերջին լուգալ Ագգաին հաղթում է Ուրուկի արքա Գիլգամեշը և սկսում է Ուրուկի գերիշխանության շրջանը։
4. Շումերական գիրը ստեղծվել է Ք.ա. 3600-3500 թվականներին: Մինչև կավե սալիկների սեպագրերը  (հայտնի է մոտ 600 սեպագիր նշան) զարգացած է եղել  պիկտոգրաֆիկ գիրը ՝ պատկերագրությունը:
Ի տարբերություն եգիպտագիտության, ասորագիտությունը չունի իր հիմնադիր հայրը։ Սեպագիր տեքստերի վերծանումը հսկայական թվով հետազոտողների, այդ թվում՝ Հենրի Ռոուլինսոնի, Ջորջ Սմիթի, վարդ Էդինքսի, Ջուլիուս Օպերտի և շատ այլ գիտնականների աշխատանքն է։
19-րդ դարի կեսերին անգլիացի գիտնական Օսթին Հենրի Լեյարդը պեղեց Նինվեն, իսկ Օրմուզդ Ռասամը` Աշուրբանիպալի ( Ք.ա. 669–627 թթ.) պալատն ու   գրադարանը (22.000 կավե սալիկների պալատի սեպագրերով), այդ թվում՝ Գիլգաշ  Էպոսը, որը գրվել է աքքադերենով, 12 սալիկների վրա,  մեկուկես հազարամյակի ընթացքում՝ սկսած 18-17-րդ դարերից):  
5. Շումերներն ուսումնասիրում են երկնակամարը, կազմում են երկնակամարները, ստեղծում օրացույց՝ ժամանակի որոշման համար։ Այժմյան ժամային բաժանումը 12 ժամերի և 60 րոպեների առաջինը նրանք են ֆիքսել։ Շումերական քրմեր երկնակամարները բաժանել էին 12 համաստեղությունների, նրանց աստվածների մարմնավորումն էին բնության ուժերը և, բացի այդ, նույնն էին, ինչ երկնային լուսատուների հետ։
Շումերները առաջինն են, որ թրծել են կավը, շինարարության մեջ կիրառել կամարը, որը Եվրոպա է թափանցել Ալ. Մակեդոնացու ժամանակներից։

Շումերաաքքադաբելոնյան դիցաբանություն

Համարվում է, որ շումերական աստվածները բնության ուժերի մարմնավորումներն են, ի տարբերություն եգիպտական դիցաբանության, նրանց մոտ գրեթե բացակայում է տոտեմիստական տարրը (եթե Եգիպտոսում աստվածները մարդու մարմնով և կենդանու գլխով էին, ապա այստեղ հակառակն էր, թեպետ շատ հազվադեպ, աստվածները հիմնականում մարդակերպ էին  և մոլորակների, եկնային մարմինների մարմնավորումը)։ 
Յոթ թիվը մեծ նշանակություն ուներ հին Միջազգային տիեզերագիտության մեջ։ Շումերական կրոնում պանթեոնի ամենահին և հեղինակավոր աստվածները կոչվում էին «հանձնարարող յոթ աստվածներ»:
 
Համաձայն շումերական պատկերացման, աշխարհակառույցը երեք մակարդակներից էր կազմված.
 
1. Վերին աշխարհ — աստվածների բնակավայր
2. Միջնաշխարհ — մարդկանց բնակատեղի
3. Հանդերձյալ կամ ցածր աշխարհ (Իրկալա) — մեռյալների և դևերի բնակատեղի։

Այժմ անդրադառնանք ամենահայտնի աստվություններին: Առաջինը նշված են շումերական անունները, երկրորդը՝ աքքադական:

1. Ան Անու — Անում — նշանակում է երկինք )

Երկնքի գերագույն աստված, աստվածների հայր:
Ուրուկ քաղաքի Էաննա տաճարը եղել է նրա գլխավոր պաշտամունքային կենտրոնը։
Նրա և կնոջ՝ երկրի աստվածուհի Կիի միությունից ծնվում են մնացած աստվածները՝ Անունակիները:
2. Էնլիլ  (Նշ.՝ օդի տիրակալ) (Էլլիլ)
 
Քամու, օդի, երկրի և փոթորիկների աստվածը։
Նա «հայր աստված է», Անուի որդին, ճակատագրի որոշողը, գերագույն տիրակալը, քամու տերը, բայց ի տարբերություն հոր, նա ակտիվորեն մասնակցում է աստվածների ու մարդկանց կյանքին։ Աշխարհի եռաշերտ կառուցվածքում և Էնլիլը «միջին աշխարհին»՝ մարդկանց աշխարհի տիրակալն է։ Բաբելոնի վերելքից սկսած՝ Էնլիլի գործառույթների մեծ մասը, ինչպես նաև «բել» (աքքադերեն «Տեր») պատվանունը աստիճանաբար անցան Մարդուկին։
Ըստ արարչագործության առասպելի, Էնլիլը բաժանեց երկինքն (Ան) և երկիրը (Կի)՝ աշխարհը դարձնելով բնակելի մարդկանց համար։

3. Էնկի   ( Էա) , (Հայա)

Էնկին քաղցրահամ ջրի, տղամարդկանց պտղաբերության, գիտելիքի, արհեստների, մոգության և ստեղծագործության շումերական աստվածն էր:
Էնկիին վերագրվում էր երկիրը, երկինքն ու անդրաշխարհը կազմակերպելը և աստվածներին իրենց դերերը նշանակելը:
Նրա պաշտամունքի ամենակարևոր կենտրոնը Էրիդու քաղաքի Է-աբզու տաճարն էր։ Նրա հիմնական զուգընկերը Նինհուրսագն էր՝ երկրի շումերական աստվածուհին։ Նինհուրսագը երկրպագվում էր Քեշ և Ադաբ քաղաքներում։
4. Ինաննա – դրախտի թագուհի- Իշտար
 
Երկնքի թագուհի Ինաննան պտղաբերության և բերքի աստվածուհին էր: Առյուծը և ութաթև աստղը նրա սուրբ խորհրդանիշներն էին:
Ինաննան ներկայացված են շումերական շատ հայտնի առասպելներում և պատմություններում, օրինակ ՝ «Ինաննայիծագումը», որտեղ նա ճանապարհորդում է դեպի անդրաշխարհ: Էնմերկարի մասին առասպելների համաձայն՝ Ինաննան ի սկզբանե Արատտայի աստվածուհին էր, սակայն հետագայում Արատտայի մրցակից Ուրուկը սկսեց վայելել նրա բարեհաճությունը։ Արևմտյան սեմիտների մոտ նրա համարժեքն են եղել Աստարտեն, պարսկական դիցարանում՝ Անահիտան, իսկ աքքադական դիցարանում կոչվել է Աշտար կամ Իշտար (սիրո, պտղաբերության, պատերազմի հովանավոր, եղել է Թամմուզի կինը)։

5. Ուտու(օրվա տեր) (Շամաշ)

Ուտուն շումերական արևի աստվածն էր, ով պատասխանատու էր արդարության, ճշմարտության և բարոյականության համար: Նրա ամենահայտնի խորհրդանիշը արեգակնային սկավառակն էր:
Ուտուն լուսնի աստծո Նաննայի որդին էր և Ինաննայի եղբայրը։

6. Նինհուրսագ

Նինհուրսագը շումերական մայր աստվածուհին էր, որը նախագահում էր հղիության, ծննդաբերության և կերակրման ժամանակ: Նրա անունը նշանակում է «Սուրբ լեռան տիկին» և նա սերտորեն կապված էր երկրի, բնության և պտղաբերության հետ:
Նրա սուրբ կենդանին եղնիկն էր, համարվում էր բոլոր կենդանի արարածների մայրը:
6. Նինհուրսագ
7. Նաննա(ր) (Սին)

7. Նաննա(ր) (Սին)

Նանան, որը հայտնի է որպես Սուեն, Սին, լուսնի և իմաստության շումերական աստվածն էր: Նա ամենահին շումերական աստվածներից է, որը հիշատակվում է ամենավաղ գրության մեջ. 3500 թվականին: Նրա հիմնական պաշտամունքային կենտրոնը Ուրի զիկկուրատ տաճարն էր՝ 60 ոտնաչափ բարձրությամբ հսկա աստիճանային բուրգ:
Երբ շումերներն անցան գյուղատնտեսական ապրելակերպի, արևի աստված Ուտուի նշանակությունն ավելի աճեց:

Այլ աստվածներ

Դումուզի (շում.՝ «Ճշմարիտ որդի»)

Հաճախ օգտագործվել է այս անվան եբրայերեն կամ արամեերեն ձևը՝ Թամմուզ։ Մեռնող և հարություն առնող բնության աստվածություն (եղանակների փոփոխություն): Նրա պաշտամունքի կենտրոններն էին Կուլլաբը (Ուրուկի շրջաններից մեկը) և Բադ-Տիբիրան։ Գործառույթները մոտ էին նույն աստվածություններին, որոնք ունեն Ադոնիսը, Օսիրիսը, Արա Գեղեցիկը։
Այս աստծուն վերաբերող տեքստերի թվում է «Դումուզիի երազը», ուր պատմում է, թե ինչպես է Թամուզը երազ տեսել՝ իր մահը կանխագուշակելով, և թե ինչպես է այդ երազն իրականացել՝ չնայած խուսափելու նրա բոլոր ջանքերին: Նմանատիպ մի պատմություն կա շումերական «Ինաննայի էջքը» առասպելի երկրորդ կեսում, որտեղ Ինաննան (աքքադերեն՝ Իշտար) Թամուզին որպես իր փոխարինող ուղարկում է անդրաշխարհ: Նրա քույրը՝ Գեշտինաննան, ի վերջո գտնում է նրան, և առասպելն ավարտվում է նրանով, որ Ինաննան որոշում է կայացնում, որ Թամուզն ու նրա քույրը կարող են փոխարինել իրար այնտեղ՝ յուրաքանչյուրը տարվա կեսն անցկացնելով ողջերի մեջ:
Էրեշկիգալ

Էրեշկիգալ 

Շումերական ստորերկրյա աշխարհի աստվածուհին էր, որը հայտնի էր որպես Կուր կամ Իրկալա։ Նա Ինաննայի ավագ քույրն էր՝ ավելի ուշ առասպելում նրա ամուսինը Ներգալ (պատերազմի, հիվանդությունների և մահվան աստված) աստվածն էր, իսկ Անդրաշխարհի դռնապանը Նետի աստվածն էր:

Աշուր 

Ի սկզբանե Աշուր քաղաքի հովանավոր աստվածը։ Աշուրի կերպարի էվոլյուցիան նման է Մարդուկի էվոլյուցիային՝ նրա մեջ կար Միջագետքի հեղինակավոր աստվածությունների գծերը։ Էնումա Էլիշ (թարգմ. Երբ Վերևում, աշխարհաստեղծման բաբելոնյան առասպել) էպոսի ասորական տարբերակում Մարդուկի անունը փոխարինվել է Աշուր անունով։ Այս աստծո պաշտամունքը հատուկ գաղափարական նշանակություն ուներ՝ Ասորեստանի թագավորը համարվում էր Աշուրի քահանայապետը։ Ասորեստանի  կործանումից հետո Աշուրի պաշտամունքը որոշ ժամանակ շարունակեց պահպանվել, աղբյուրներում տեղաբնակների «աշուրիզմի» հիշատակումները հանդիպում են Ք.ա. III դարում:

Աշուր
Մարդուկ (աքքադերեն), Ամարուտու (շում.)

Մարդուկ (աքքադերեն), Ամարուտու (շում.) 

Անունը նշանակում է արևի որդի կամ արևի ցուլ: Ի սկզբանե Բաբելոնի հովանավոր աստվածը, կրտսեր աստվածներից (դինգներից) մեկը՝ Ք.ա. 2-րդ հազարամյակի սկզբին Բաբելոնի վերելքով պայմանավորված՝ Մարդուկի նշանակությունը նույնպես մեծանում է։ Էվոլյուցիայի արդյունքում նրա կերպարը կլանում է այլ հեղինակավոր պաշտամունքներ, առաջին հերթին՝ Էլիլի, Էայի, Շամաշի և այլն։ Աղբյուրներում նա նկարագրվում է որպես «աստվածների տիրակալ» (պանթեոնի ղեկավար), տիեզերական կազմակերպիչ, աստվածային մարտիկ, պտղաբերության համար պատասխանատու հերոս, «մարդկային ցեղի հայր», իմաստության, բժշկության, կախարդական արվեստի աստված, մշակույթի հովանավոր, ոռոգման, խաղաղության և բարգավաճման պարգևող. շատ վաղ աստվածությունների։ Նորբաբելոնյան ժամանակներում այս աստծո պաշտամունքը հասավ իր գագաթնակետին՝ պանթեոնում նրան հավասար կերպարներ չկային, նա ընկալվում էր որպես Տիեզերքի տիրակալ։ Միևնույն ժամանակ, այլ պաշտամունքների աստիճանական ձուլումը հանգեցրեց Մարդուկի կերպարի միաստված մեկնաբանության փորձերին, ըստ որոնց մյուս բոլոր աստվածները նրա հիպոստոսներն էին։ 

Թիամաթ

Աղի ջրերի, սկզբնական օվկիանոս-քաոսի իգական անձնավորում, որից ծնունդ է առել ամեն ինչ (այդ թվում են աստվածները)։ Ըստ կոսմոգոնիկ Էնումա Էլիշի էպոսի՝ Թիամաթը խառնել է իր ջրերը Աբզուի հետ՝ դրանով իսկ սկիզբ դնելով աշխարհին։ Ենթադրաբար, Թիամաթը պատկերվել է որպես վիշապ կամ հիդրա՝ յոթ գլխով, Էնումա Էլիշի տեքստում նա հիշատակվում է որպես կին: Թիամաթը ոչ թէ աստված է, այլ բնական տարր:

Թիամաթ
Աշխարհաստեղծման և մարդաստեղծման առասպելներ

Աշխարհաստեղծման և մարդաստեղծման առասպելներ

Ըստ շումերական լեգենդների՝ աստվածները կավից են ստեղծել մարդկությունը։ Մարդկանց նպատակը աստվածներին ծառայելն էր։ Մարդկության (և շումերների, առանձին) նախնիների տունը կոչվում է  Դիլմուն  — երանելի երկիր հարավում, ծովից այն կողմ, որտեղ մահ հիվանդություն և ծերություն, որտեղ նույնիսկ կենդանիները չեն հարձակվում միմյանց վրա:

Ատրա-հասիսում (թարգմ.՝ չափազանց իմաստուն, աքքադական էպիկական պոեմ, որ ընդգրկում է աշխարհաստեղծման և ջրհեղեղի առասպելները) պատմվում է, որ Էնլիլը՝ Երկրի աստվածը, նշանակվել է կրտսեր  դինգիրներին (բառացի՝ «աստվածներ»,  կիսաաստվածներ)  գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև գետերի և ջրանցքների պահպանման համար։ 40 տարի անց, սակայն, կրտսեր  դինգիրները  ապստամբեցին և հրաժարվեցին ծանր աշխատանք կատարելուց։ Այնուհետև  մայր աստվածուհուն՝  Մամին,  հանձնարարվում է ստեղծել մարդկանց՝ ծեփելով կավե  արձանիկներին՝ խառնված սպանված Գեշտու-Է աստծու մսով և արյունով («ականջ» կամ «իմաստություն», «խելացի աստված»): Բոլոր աստվածներն էլ իրենց հերթին թքում են կավի վրա։ 10 ամսից հետո հատուկ պատրաստված արգանդը բացվում է և մարդիկ են ծնվում։
 
Բաբելոնյան Էնումա Էլիշի արարման պատմությունը աստվածաբանական օրինականացումն է Մարդուկի՝ որպես Բաբելոնում գերագույն աստծո վերելքի, որը փոխարինում է պանթեոնի նախկին ղեկավար Էնլիլին:
 
Պոեմն ունի 1091 տող՝ գրված յոթ տախտակների վրա։ Այն սկսվում է աստվածների ծագմամբ, որը տեղի է ունենում երկնքի և երկրի ստեղծումից առաջ: Այդ ժամանակ օվկիանոսի ջրերը, որոնք կոչվում էին Թիամաթ, և նրա ամուսինը՝ քաղցրահամ  Ափսուն, խառնվեցին, ինչի արդյունքում մի քանի աստվածներ հայտնվեցին զույգերով։ Աղմկոտ երեխաների նման աստվածներն այնքան աղմուկ բարձրացրին, որ Ափսուն որոշեց վերացնել նրանց: Թիամաթը կողակիցից ավելի ներողամիտ էր և  խնդրեց համբերել, բայց Ափսուն անդրդվելի էր։ Մահվան հեռանկարից վախեցած աստվածները կոչ արեցին հնարամիտ Էային  փրկել իրենց։ Էան մի կախարդանք արտաբերեց, որը ստիպեց Ափսուն քնել: Այնուհետև նա սպանեց Ափսուն և գերեց Մումմուին՝ նրա վեզիրին: Էան և նրա կինը՝ Դամկինան, այնուհետև ծնեցին հերոս Մարդուկին, որը աստվածներից ամենաբարձրահասակն ու հզորն էր:Մարդուկին,որին  երկնքի աստված Անու կողմից կառավարման էին տրվել չորս քամիները , հրամայվում է, որ թողնի քամիները պտտվեն: Փոշին հավաքելով՝ քամիները փոթորիկներ են ստեղծում, որոնք վրդովեցնում և շփոթեցնում են Թիամաթին: Անսպասելիորեն հայտնվում են այլ աստվածներ և բողոքում, որ իրենք էլ չեն կարողանում քնել փոթորկող քամիներից։ Նրանք Թիամաթին հորդորում են մարտնչել Մարդուկի դեմ, որպեսզի հանգստանան։ Թիամատը համաձայնվում է և որոշում առերեսվել Մարդուկի հետ: Նա պատրաստվում է մարտի՝ խնդրելով մայր աստվածուհուն ստեղծել տասնմեկ հրեշներ: Թիամատը հրեշներին դնում է իր նոր ամուսնու՝ Քինգուի տրամադրության տակ և նրանա դարձնում է բոլոր աստվածների ղեկավար: Երբ Էան լսում է ճակատամարտի նախապատրաստության մասին, նա խորհուրդ է փնտրում իր հորից՝ Անշարից՝ կրտսեր աստվածների թագավորից։ Անշարը հորդորում է Էային, իսկ այնուհետև իր եղբորը՝ Անուին, հմայել աստվածուհուն։ Երկուսն էլ վերադառնում են վախեցած ու բարոյալքված իրենց անհաջողությունից: Երիտասարդ ռազմիկ աստված Մարդուկն այնուհետև կամավոր տրամադրում է իր ուժը՝ ի պատասխան խոստման, որ եթե հաղթի, նա կդառնա աստվածների թագավոր: Աստվածները համաձայնվում են, սկսվում է կռիվ, և Մարդուկը հաղթում է Թիամաթին և Քինգուիննը: Այնուհետև Մարդուկն օգտագործում է Թիամաթի դիակը արարչության համար: Նա կիսում է նրան «չորացրած ձկան պես», և մի մասը դնում է վերևում, որպեսզի դառնա երկինք, մյուս կեսը՝ երկիր։ Քանի որ երկինքը այժմ ջրային զանգված է դառնում, Մարդուկը ձգում է նրա մաշկը դեպի երկինք, որպեսզի թույլ չտա ջրերը թափվեն, մի մոտիվ, որը բացատրում է, թե ինչու են այդքան քիչ անձրևները այդ վայրերում: Երկնքից հետո Մարդուկը կազմակերպում է աստղերի համաստեղությունները: Նա գծում է օրացույցը՝ յուրաքանչյուր ամսվան հատկացնելով երեք աստղ, ստեղծում է իր մոլորակը, ստիպում է լուսնին երևալ և հաստատում արևը, ցերեկը և գիշերը։ Թիամատի մարմնի տարբեր մասերից նա ստեղծում է ամպեր, քամիներ, մառախուղներ, լեռներ և երկիրը:
Առասպելը շարունակվում է, երբ աստվածները հավատարմության երդում են տալիս հզոր թագավորին և ստեղծում Բաբելոնը և նրա տաճարը՝ Էսագիլան, տուն, որտեղ աստվածները կարող են հանգստանալ երկրի վրա իրենց լինելու ժամանակ:
Միևնույն ժամանակ, Մարդուկը կատարում է ավելի վաղ տրված խոստումը` ապահովելու սնունդով կրտսեր աստվածներին, եթե հաղթանակ տանի որպես նրանց գերագույն առաջնորդ: Այնուհետև նա մարդկանց ստեղծում է Քինգուի արյունից: Նա դա անում է երկու պատճառով՝ նախ՝ աստվածներին ազատելու իրենց ծանր սևագործ աշխատանքից, և երկրորդ՝ տաճարներին սննդի և խմիչքի շարունակական աղբյուր ապահովելու համար։
Այնուհետև աստվածները տոնախմբում են և արտասանում են Մարդուկի հիսուն անունները, որոնցից յուրաքանչյուրը նրա բնավորության և ուժի մի կողմն է արտահայտում:

Ջրհեղեղի մասին առասպելներ

Մեծ ջրհեղեղի մասին առաջին հայտնի պատումը, որը հայտնի է որպես «Էրիդուի ծագումը», գրվել է շումերների կողմից մ.թ.ա. մոտ 2300 թվականին, ավելի ուշ վերապատմվել է Ատրա-հասիսի (աքքադական տարբերակ), Գիլգամեշի էպոսում և Ծննդոց գրքում: 

Ըստ էպոսի, այն բանից հետո, երբ տիեզերքը ստեղծվեց նախնական ծովից և աստվածները ծնունդ առան, նրանք կավից ձևավորեցին մարդուն՝ հողը մշակելու, հոտերի մասին հոգ տանելու և աստվածների պաշտամունքը հավերժացնելու համար: Շուտով մարդիկ քաղաքներ կառուցեցին, և երկրի վրա հաստատվեց թագավորությունը: Սակայն, չգիտես ինչու, աստվածները որոշում են ջրհեղեղով ոչնչացնել մարդկությանը։ Էնկին, որը համաձայն չէր որոշման հետ, բացահայտում է  այն Շուրուպակի էնսի  Զիուսուդրայի ( նշ. է «Երկար օրերի կյանքը»,Գիլգամեշում կոչվում է Ուտնապիշտիմ- Ուտա- նափիշտիմ, նշ. է կյանքի օր)՝ մի մարդու, որը հայտնի էր իր խոնարհությամբ և հնազանդությամբ։ Էնկին հրամայում է նրան տապան կառուցել և փրկել բոլոր «արարածներին զույգերով»:

Ապա նկարագրվում է, որ մոլեգնում է սարսափելի փոթորիկը, հսկայական նավակը շպրտվում է մեծ ջրերի վրա և ջրհեղեղը տևում է յոթ օր ու գիշեր։ Ջրհեղեղի վերջում հայտնվում է Ուտուն և Զիուսուդրան բացում է նավակի պատուհանը, խոնարհվում է և զոհ մատուցում՝ եզ և ոչխար։
Զիուսուդրան խոնարհվում է Ան և Էնլիլի  առջև, որոնք որպես վարձատրություն աստվածապաշտ կյանքով ապրելու համար Զիուսուդրային տալիս են «հավերժական շունչ»` անմահություն:
 
Այս էպոսի 258–261 տողերում կա մի հատված, որը չի գտնվել այլ տարբերակներում, այն է` գետի վարարումից հետո «արքա Զիուդրա… նրանք հրամայում են բնակություն հաստատել Դիլմուն երկրի հողերում՝ արևի ծագման վայրում»: Պատմության այս տարբերակում Զիուսուդրայի նավը լողում է Եփրատ գետով դեպի Պարսից ծոց (այլ ոչ թե բարձրանում լեռան վրա կամ դեպի Քիշ՝ հոսանքով վերև): Գիլգամեշի ջրհեղեղի առասպելի 140-րդ տողում շումերական KUR բառը մեկնաբանել է որպես «լեռ» աքքադերեն, թեև շումերերեն KUR նշանակում է «լեռ», բայց նաև «երկիր», հատկապես օտար երկիր, ինչպես նաև Անդրաշխարհ:
 
Բաբելոնյան Գիլգամեշ էպոսում պատումը ունի հետևյալն է — Էնկին Ուտանապիշտիմին  հանձնարարում է թողնել իր ունեցվածքը և ստեղծել մի հսկա նավ, որը կոչվելու է «Կյանքի պահպանիչ»:  Նշվում է, որ Մարդուկն է եղել  ջրհեղեղի հեղինակը։
 
Նավը պատրաստված էր ամուր փայտից՝ մի կտորից, որպեսզի Շամաշի (արևի) ճառագայթները չթափանցեն, նավը երկարությամբ և լայնությամբ հավասար չափեր ուներ: Նավի նախագիծը, ենթադրաբար, գծված էր գետնի վրա Էնկիի կողմից, իսկ տապանի շրջանագիծը, որը պատրաստվել էր հինգ օրում, ուներ 200 ոտնաչափ երկարություն, լայնություն և բարձրություն, հատակի մակերեսը մեկ ակր էր: Տապանի ներսն ուներ յոթ հարկ, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր 9 հատվածի, և յոթերորդ օրը տապանի շինարարությունը ամբողջությամբ ավարտվեց: Նավի մուտքը կնքվեց այն բանից հետո, երբ բոլորը նավ նստեցին:
 
Ուտնափիշտիմին հանձնարարված էր տապան բերել  իր կնոջը, ընտանիքին և հարազատներին և իր գյուղի արհեստավորներին, կենդանիների ձագերին և հացահատիկ: Գալիք ջրհեղեղը ջնջելու էր  բոլոր կենդանիներին և մարդկանց, որոնք նավում չէին։ Երբ բոլորը նավում էին, դրա դուռը կնքվում է: Տասներկու օր ջրի վրա մնալուց հետո Ուտնապիշտիմը բացեց իր նավի դիտանցքը՝ շուրջը նայելու և տեսավ Նիսիր լեռան լանջերը, որտեղ նա յոթ օր թողեց իր նավը։ Յոթերորդ օրը նա մի աղավնու ուղարկեց՝ տեսնելու, թե արդյոք ջուրը նահանջե՞լ է, և աղավնին ջրից բացի ոչինչ չգտավ, ուստի վերադարձավ։ Հետո նա մի ծիծեռնակ ուղարկեց, և ինչպես նախորդ դեպքում, այն վերադարձավ՝ ոչինչ չգտած։ Վերջապես Ուտնապիշտիմը մի ագռավ ուղարկեց, և ագռավը տեսավ, որ ջրերը նահանջել են, մի շրջան կատարեց, բայց չվերադարձավ։ Այնուհետև Ուտնապիշթիմը ազատեց բոլոր կենդանիներին և զոհ մատուցեց աստվածներին:
Աստվածները եկան, և քանի որ Ուտնափիշտիմը պահպանել էր մարդու սերմը՝ հավատարիմ մնալով և վստահելով իր աստվածներին, նրան և նրա կնոջը տրվեց անմահություն, ինչպես նաև տեղ տրվեց երկնային աստվածների շարքում: 
Գիլգամեշ էպոսը

Գիլգամեշ էպոսը

«Էպոսի» գլխավոր հերոսներն են հզոր ռազմիկ, Ուրուկի արքա կիսաստված Գիլգամեշը (նախնական ձևով՝ Բիլգա-մեշ, թարգմ. նախահայրը հերոս է կամ բարեկամ-հերոս) և Էնկիդուն (թարգմ. լավ տեղերի տեր)՝ վայրի, մազոտ մարդ, որին Արուրու աստվածուհին ստեղծել էր կավից։ Աստվածուհին ստեղծել էր Էնկիդուին` ի պատասխան Ուրուկի բնակիչների խնդրանքին, ովքեր դժգոհ էին իրենց տիրակալ Գիլգամեշից, որին մեղադրում էին սահմաններ չճանաչող վայրագությունների մեջ, նա հոգնեցնում էր իր շինարարությունների ժամանակ մարկանց տանջելով, ձանձրացնող խաղերով և նորապսակ կանանց հետ առաջին գիշերը կենակցելով։ Էնկիդուն պետք է դիմակայեր Գիլգամեշին, և հնարավոր է, հաղթեր նրան։

Էնկիդուն քաղաքակիրթ կյանքին ծանոթ չէ, ապրում է վայրի կենդանիների շրջապատում, և չի էլ ենթադրում, թե ինչի համար է ստեղծված։ Դրա հետ մեկտեղ Գիլգամեշը երազներ է տեսնում, որ իրեն վիճակված է ընկերոջ հանդիպել: Չհասկանալով դրանց իմաստը, նա խնդրում է իր մորը՝ Նինսունին, մեկնաբանել այդ երազները:

Մի անգամ Ուրուկ տեղեկություն է հասնում այն մասին, որ տափաստանում հայտնվել է ինչ-որ հզոր մարդ, որը չի թողնում որս անել՝ պաշտպանելով կենդանիներին։ Գիլգամեշը որոշում է նրա մոտ ուղարկել անառակ կնոջ` Իշտարի քրմուհի Շամհատին, համարելով, որ դա կստիպի կենդանիներին լքել Էնկիդուին։ Նա հասնում է իր նպատակին, Էնկիդուն գայթակղվում է, յոթ գիշեր կենակցում է Շամհատի հետ, որը նրան քաղաքակրության հետ է ծանոթացնում, որից հետո անառակ կինը նրան իր հետ հովիվների ճամբար, որտեղ նա առաջին անգամ համտեսում հաց և գինի։ Հովիվների ճամբարում նա գիշերային պահնորդ է նշանակվում և անցորդից իմանալով, թե ինչպես է Գիլգամեշը վարվում նորահարսների հետ, զայրանում է և ուղևորվում է Ուրուկ:

Քաղաքում Էնկիդուն հանդիպում է Գիլգամեշին և նրա դիմացն առնում։ Նրանց միջև մենամարտ է տեղի ունենում։ Էնկիդուն ընդունում է Գիլգամեշի առավելությունը, ինչից հետո նրանք դառնում են ընկերներ և երկուսով սկսում սխրագործություններ կատարել, որպեսզի փառք վաստակեն։ Քաղաքի երեցները Գիլգամեշին խորհուրդներ են տալիս նրա ճանապարհորդության համար։ Գիլգամեշը այցելում է իր մորը՝ Նինսունին, ով փնտրում է արևի աստված Շամաշի աջակցությունն ու պաշտպանությունը նրանց արկածների համար։ Նինսունը Էնկիդուին որդեգրում է, իսկ Գիլգամեշը Ուրուկի կառավարման հրահանգներ է թողնում նրա բացակայության դեպքում։ 

Նրանք որոշում են սպանել Մայրիների անտառի պահապան կիսաստվածային հրեշ Հումբաբային։ Երբ նրանք մտնում են անտառ, Հումբաբան հայհոյում և սպառնում է նրանց։ Նա մեղադրում է Էնկիդուին դավաճանության մեջ և երդվում է սպանել Գիլգամեշին և կերակրել նրա մարմինը թռչուններին։ Գիլգամեշը վախենում է, բայց Էնկիդուի մի քանի խրախուսական խոսքերից հետո ճակատամարտը սկսվում է: Սարերը ցնցվում են,  երկինքը մթնոում է։ Շամաշ աստվածը 13 քամի է ուղարկում Հումբաբային կապելու համար, և նա գերվում է։ Հումբաբան աղաչում է իրեն կյանք ողորմել, և Գիլգամեշը խղճում է նրան: Հումբաբան առաջարկում է Գիլգամեշին անտառի թագավոր դարձնել, ծառերը կտրել նրա փոխարեն և լինել նրա ստրուկը։ Էնկիդուն, սակայն, պնդում է, որ Գիլգամեշը պետք է սպանի Հումբաբային՝ իր համբավը հավերժ հաստատելու համար։ Հումբաբան անիծում է նրանց երկուսին, և Գիլգամեշը նրան սպանում է՝ պարանոցին հարվածելով, ինչպես նաև սպանում է նրա յոթ որդիներին: Երկու հերոսները կտրում են բազմաթիվ մայրիներ, ներառյալ մի հսկա ծառ, որով Էնկիդուն նախատեսում է ձևավորել Էնլիլի տաճարի դարպասը: Նրանք լաստ են կառուցում և Եփրատի երկայնքով տուն են վերադառնում:

Հետո Գիլգամեշը մերժում է Իշտար աստվածուհու սիրահետումները՝ հաշվի առնելով  նախորդ սիրեցյալների հանդեպ նրա վատ վերաբերմունքը, ի մասնավորի՝ Դումուզիի նկատմամբ: Իշտարը խնդրում է իր հորը՝ Անուին, ուղարկել Երկնային ցուլին՝ վրեժ լուծելու համար։ Երբ Անուն մերժում է նրա բողոքները, Իշտարը սպառնում է հարություն տալ մեռելներին, որոնք «թվով կգերազանցեն ողջերին» և «կուլ կտան նրանց»։ Անուն նշում է, որ եթե իրեն տա դրախտի ցուլը, Ուրուկին 7 տարվա սով կսպառնա։ Իշտարը ցուլի դիմաց նրան 7 տարվա պաշար է տրամադրում։ Իշտարը դրախտի ցուլին տանում է դեպի Ուրուկ, և նա համատարած ավերածություններ է առաջացնում: Նա իջեցնում է Եփրատ գետի մակարդակը և չորացնում ճահիճները։ Նա բացում է հսկայական փոսեր, որոնք կուլ են տալիս 300 մարդու: Առանց որևէ աստվածային օգնության՝ Էնկիդուն և Գիլգամեշը սպանում են ցլին և նրա սիրտը նվիրում Շամաշին: Երբ Իշտարը բղավում է, Էնկիդուն նետում է ցլի հետնամասերից մեկը։ Ուրուկ քաղաքը տոնում է հաղթանակը, բայց Էնկիդուն չարագուշակ երազ է տեսնում իր ապագա անհաջողության մասին:

Էնկիդուի երազում աստվածները որոշում են, որ հերոսներից մեկը պետք է մահանա, քանի որ նրանք սպանել են Հումբաբային և Երկնային ցուլին։ Չնայած Շամաշի բողոքներին՝ Էնկիդուին մահապատժի են ենթարկում։ Երկրորդ երազում, սակայն, նա տեսնում է, որ իրեն գերի են տանում Անդրաշխարհ՝ «փոշու և խավարի տուն», որի բնակիչները կավ են ուտում և թռչունների փետուրներ են հագնում: 12 օր Էնկիդուի ինքնազգացողությունը վատ է լինում: Ի վերջո, ողբալուց հետո, որ չի կարողացել հերոսական մահանալ մարտում, նա մահանում է։Գիլգամեշը կառչում է Էնկիդուի մարմնից և չի ուզում հավատալ, որ նա մահացել է, մինչև դիակի քթից թրթուր է ընկնում։

Գիլգամեշը ողբում է Էնկիդուի մահը, կոչ է անում լեռներին, անտառներին, դաշտերին, գետերին, վայրի կենդանիներին և ողջ Ուրուկին սգալու իր ընկերոջ համար: Հիշելով իրենց համատեղ արկածները՝ Գիլգամեշը վշտից  պոկոտում է մազերը և պատռում է հագուստը։ Նա պատվիրում է թաղման արձան քանդակել և իր գանձարանից գերեզմանային նվերներ է տրամադրում, որպեսզի Էնկիդուն բարենպաստ ընդունելություն ունենա մահացածների թագավորությունում: 

Գիլգամեշն առաջին անգամ հասկանում է, որ մահկանացու է, և գիտակցում, որ մահը բոլոր մարդկանց ճակատագիրն է։ Նա թափառում է անմշակ վայրերում, առանց հագուստի և ողբում է ընկերոջ մահը: Ապա որոշում է գնալ Ուտնափիշտիմի մոտ և իմանալ անմահության գաղտնիքը: Հաղթելով գիշերով հանդիպած առյուծներին՝ նա դրանցից իր համար հագուստներ է պատրաստում և ուղևորվում: Հասնում  է աշխարհի ծայրը՝ Մաշու լեռան երկու գագաթներին: Մութ թունելով, որը հսկում էին երկու հրեշ կարիճներ, նա անցնում է Արևի ուղով  12 «կրկնակի ժամ», հասցնում է ավարտել ճանապարհը մինչև Արևը կհասնի իրեն։ Նա հասնում է աստվածների այգի, դրախտ, որը լի էր  ոսկեպատ ծառերով:

 Գիլգամեշը հանդիպում է ձուկ-կին Շիդուրիին, որը նրա փնթի արտաքինի պատճառով կարծում է, թե Գիլգամեշը մարդասպան կամ գող է։ Գիլգամեշը պատմում է նրան իր ճանապարհորդության նպատակի մասին։ Նա փորձում է հետ պահել նրան այդ փնտրտուքներից, բայց նրան ուղարկում է լաստավար Ուրշանաբի մոտ, որը կօգնի նրան անցնել ծովը և հասնել Ուտնապիշթիմին: Գիլգամեշը ինքնաբուխ զայրույթից ոչնչացնում է Ուրշանաբիի քարե հմայիլները։ Գիլգամեշը պատմում է իր պատմությունը, բայց երբ օգնություն է խնդրում, Ուրշանաբին հայտնում է նրան, որ հենց նոր է ոչնչացրել այն առարկաները, որոնք կարող են օգնել նրանց անցնել Մահվան ջրերը, որոնք մահացու են դիպչելիս։ Ուրշանաբին Գիլգամեշին հանձնարարում է կտրել 120 ծառ և դրանցով նավակների համար գերաններ պատրաստել: Երբ նրանք հասնում են այն կղզուն, որտեղ ապրում է Ուտնապիշթիմը, Գիլգամեշը պատմում է իր պատմությունը և նրանից օգնություն խնդրում։ Ուտնապիշթիմը հանդիմանում է նրան՝ հայտարարելով, որ մարդկային ընդհանուր ճակատագրի դեմ պայքարելը զուր է և քչացնում է կյանքի ուրախությունները։ Դրանից հետո Ուտնապիշտիմը պատմում է ջրհեղեղի պատմությունը, ասում է Գիլգամեշին, որ հանուն նրա աստվածների խորհուրդը կրկին չի հավաքվի։ Հետո նա առաջարկում է Գիլգամեշին միջոց գտնել` հաղթահարելու քունը, սակայն պարզվում է, որ դա անիրականանալի է։ Նա այդ ասում է նրա համար, որ ցույց տա, թե մեկը, ով ուզում է մահվանը հաղթել, ունակ չէ անգամ սեփական քունը հաղթահարել:

Լաստավար Ուրշանաբին լողացնում է Գիլգամեշին և թագավորական զգեստներ հագցնում, որ մեկնեն Ուրուկ։ Ուտնապիշտիմի կինը, խղճալով հերոսին, ամուսնուն համոզում է հերոսին հրաժեշտի նվեր տալ։ Գիլգամեշը գիտելիքներ է ստանում հավերժական լիկենու պեսերիտասարդության ծաղկի մասին, որը աճում էր ծովի հատակին։ Գիլգամեշին հաջողվում է գտնել ծաղիկը, սակայն փորձել՝ ոչ։ Երբ նա որոշում է լոգանք ընդունել, օձը գողանում է և ուտում ծաղիկը, փոխում մաշկը և երիտասարդանում։

իլգամեշը լաց է լինում իր ապարդյուն ջանքերի համար, քանի որ նա կորցնում է անմահություն ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Կատարվածից հետո հերոսը վերադառնում է Ուրուկ, որտեղ իր լաստավար Ուրշանաբիին առաջարկում է զբոսնել քաղաքի պարիսպներով, որոնք կառուցվել են իր` Գիլգամեշի կողմից։ Գիլգամեշը ցույց է տալիս պարիսպները և հույս հայտնում, որ սերունդները կհիշեն իր գործերը։

12-րդ երգը, որն ավելի ուշ ծագում ունի և  միացվել է էպոսին, շումերական «Գիլգամեշը և ուռենին» պոեմի երկրորդ մասի աքքադերեն բառացի թարգմանությունն է։ Այն պատմում է այն մասին, թե ինչպես Էնկիդուն որոշում է իջնել անդրշիրիմյան աշխարհ, որպեսզի վերադարձնի թմբուկը, բայց դրա հետ մեկտեղ խախտում է կախարդական արգելքները և չի կարողանում վերադառնալ։ Գիլգամեշը աստվածներին է դիմում խնդրանքով, արդյունքում՝ նրան թույլ է տրվում խոսել Էնկիդուի հոգու հետ, որը պատմում է, թե ինչ տխուր է մեռյալների ճակատագիրը։ Տվյալ հատվածը, թեև կապված չէ նախորդ սյուժեի հետ, թույլ է տվել ընդգծել այն միտքը, որ մահվանից հնարավոր չէ խուսափել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top