Բրահմանիզմ

Բրահմանիզմ

Բրահմանիզմ

Բրահմայականությունը` իբրև կրոնափիլիսոփայական հայացքների և գործնական ծիսակատարությունների ու մշակույթի ամբողջություն, վեդայական կրոնական համակարգի ժառանգորդն էր: Սակայն իբրև երևույթ այն արդեն նոր դարաշրջանի պտուղ էր, որը հեռու էր արիացիների` աստվածներին զոհաբերած պարզունակ ծեսերի համակարգից:

Բայց ո՛չ քրմերը, ովքեր կարդում էին Վեդաները, ո՛չ էլ նրանք, ովքեր լսում էին դրանք, այս հավատալիքների համակարգը չանվանեցին բրահմանիզմ կամ բրահմայականություն: «Բրահմանիզմ» տերմինը ստեղծվել է միայն 16-րդ դարում եվրոպացի գիտնականների կողմից և սկսել է օգտագործվել հինդուիզմի հետ փոխադարձաբար։ Երբ մեկը պնդում է, որ բրահմանիզմը դարձել է հինդուիզմ, նա նշում է հավատքի համակարգի մանրամասների էական զարգացումները, այլ ոչ թե հիմքում ընկած ձևը, որը հայտնի էր հին քրմերին և ժողովրդին:
Երկար դարերի փոխակերպումները և Հնդկաստանի հյուսիսում բարդ սոցիալական համակարգերի և նախապետությունների աստիճանական զարգացումը բերեցին հին հնդկական հասարակության նկատելի շերտավորման գործընթացին: Հասարակության մեջ ձևավորվեց վառնաների կամ կաստաների համակարգը` 

բրահմաններ — քրմերի դաս
քշատրիներ — զինվորականներ
վայշնավներ — հողագործների, արհեստգործների և առևտրականների խավ
շուդրաներ — ստրուկներ

Ի դեպ, ամուսնություննեը կատարվում էին միայն տվյալ կաստայի ներսում:

Առաջատար դիրքերը հնդկական հասարակության մեջ զբաղեցնում էին բրահմանները. վերջիններս զոհաբերություններ էին կատարում աստվածներին, կատարում էին կրոնական ծեսերը: Նրանք նաև արքաների խորհրդատուներ էին, իսկ գիտելիքը, սրբազան տեքստերը և գրավոր մշակույթը նրանց մենաշնորհն էր: 

Ուշ վեդայական շրջանում բրահման-քրմերի ջանքերով կազմվեցին այսպես կոչված բրահմանները` արձակ բնույթի տեքստերը, որոնք բոլոր չորս վեդաների համար նախատեսված յուրահատուկ ծիսակարգային և դիցաբանական պարզաբանումներ և մեկնաբանություններ էին: Բրահմանների կազմման ժամանակաշրջանը թվագրվում է Ք.ծ. ա.  Х-VII դ., ինչը գրեթե համընկնում է վեդաների կանոնականացման ժամանակահատվածի հետ: Բրահմանների և բրահմայական գրավոր հուշարձանների միջև եղած կապը բնական է և անվիճարկելի, քանի որ հենց քրմերին էր վերապահված վեդաների մեկնաբանության իրավունքը: Պատճառներից մեկն էլ այն էր, որ հնացած լեզվին տիրապետում էին քչերը, իսկ բրահմանները հենց այդ ընտրյալներն էին և հենց նրանք մշակեցին ավելի բարդ ծիսակարգը: 

Բրահմայականության շրջանակում առաջ է գալիս գլխավոր Բրահման-Բացարձակի գաղափարը, որը իր հետևից բերեց աշխարհակարգի և կեցության մասին փիլիսոփայական մշակումների գործընթացը. հենց այս հանգամանքը, ի վերջո, ձևավորեց հին բրահմանների կրոնը` բրահմայականությունը: Սկզբում նրան պաշտում են արևի տեսքով, հետո Բրահմանը ստանում է աստծո աստիճան ու հավասարվում Պրաջապատիին, ապա էլ ավելի է բարձրացվում` հասնելով բացարձակ ինքնաբավ համաշխարհային սկզբունքի։

Կրոնական յուրօրինակ այս համակարգի ձևավորումն ուղեկցվում էր հասարակության մեջ բրահմանների կարգավիճակի բարձացման գործընթացով: Բրահմանները իրենց կատարած զոհաբերությունների համար ստանում էին որոշակի վարձատրություն, ինչը անկասելիորեն ձևավորեց վերնախավային բրահմանների սոցիալական ամուր դիրքեր ձեռք բերած խավ:

Գոյություն ուներ վարձատրություն 4 եղանակ` ոսկով, ցուլով, ձիերով և հագուստի միջոցով:

Այս ամենը բացառիկ նշանակություն տվեց բրահմաններին. նրանց ունեցվածքը անձեռնմխելի էր նույնիսկ արքայի համար, նրանց կյանքը անհամեմատ թանկ էր հասարակության մյուս բոլոր անդամների կյանքից, բոլոր վեճերը լուծվում էին հօգուտ նրանց: Հասարակության մեջ ունենալով գերիշխող դիրքեր` բրահմանները ցանկանում էին էլ ավելի ամրապնդել դրանք: Ահա այս նպատակով էին մշակվում բրահմայականության հիմքերը:

Բրահմաններում ծեսերի և խորհուրդների նկարագրմանը զուգահեռ զգալի տեղ է հատկացվում մտահայեցողական վերացարկման տեխնիկային և փիլիսոփայական վերլուծության տարրերին (արդեն նշվեց Բրահման-Բացարձակի մասին): Վերացարկաման նմանաբնույթ նյութեր ավելի շատ են հանդիպում արանյակներում («անտառային գրքեր»), որը ճգնավորների համար նախատեսված տեքստերի հավաքածու է: Արանյակները այն աղբյուրն էին, որոնցից սկիզբ է առնում հին Հնդկաստանի փիլիսոփայական տեքստերը` Ուպանիշադների գրականությունը: Ուպանիշադները ձևավորվել են բրահման-տեքստերի և արանյակների այն հատվածների խորքային վերլուծության և մշակման արդյուքում, որտեղ նկարագրվում էր մոգության գաղտնի իմաստը, ծեսերի ու զոհաբերությունների սիմվոլիկան և խոսվում էր առանձին հասկացությունների և կատեգորիաների գաղտնի իմաստի մասին:

Ուպանիշադ նշանակում է «նստել կողքին», ասել է թե` լինել ուսուցչի ոտքերի մոտ, լսել խոսքերը, բացահայտել թաքնվածը` տեքստի գաղտնի իմաստը: Ուպանիշադներից ամենահնագույնները թվագրվում էն Ք.ծ.ա. VIII-VI դ., սակայն կան նաև տեքստեր, որոնք ստեղծվել են մեր թվարկությունում: Համարվում է, որ ուպանիշադները և արանյակները հիմնականում կազմվել են աշխարհից մեկուսացած ճգնավորների ջանքերի շնորհիվ: Սակայն այս հանգամանքը ամենևին էլ չի նշանակում, որ  բրահման-քրմերը որևէ առնչություն չեն ունեցել ուպանիշադների հետ. ճգնավորների մեծ մասը նախկինում բրահմաններ էին եղել: 

Ուպանիշադներում կենտրոնական թեմաներից մեկը կյանքի փուլերի մասին ուսմունքն է (աշրամա`  ձևավորվել է վաղ ուպանիշադների շրջանում), որի առանցքն այն է, որ մարդը պետք է անցինի կյանքի 4 շրջաններ՝

1. Մանկության ժամանակ մարդը պետք է ուսումնասիրի վեդաները ուսուցչի հովանու ներքո

2. Ամուսնական կյանքի ընթացքում` առաջնորդվի բրահման-մեկնաբանություններով

3. Հասուն տարքում, վարելով ճգնավորի կյանք, պետք է ծանոթանա արանյակների հետ 4. Կյանքի վեջին փուլում, վերածվելով աշխարհից մեկուսացած ծերունու, մարդը մտորում է սրբազան տեքստի շուրջ:

Ուպանիշադներում կարևորագույն խնդիր է նաև կյանքի հավերժական շրջապտույտի մասին գաղափարը (սամսարա կամ սանսարա՝ թափառել, դեգերել), ինչի հետ անքակտելիորոն կապված են ժամանակի և մահվան խնդիրները: Վեդայական տարեկան զարգացման և դեպի քաոսը վերադարձող աշխարհի մասին գաղափարը, ինչպես նաև հին Հնդկաստանում ժամանակի ամենակարողության և անկասելիության  մասին արխայիկ պատկերացումները աստճանաբար իրենց տեղն են զիջում  կյանքի բոլոր ոլորտներին հատուկ, այդ թվում` մարդու կյանքին, ժամանակային ցիլկլների մասին ուսմունքին: 

Վերոհիշյալ գաղափարներից անբաժանելի էր կարմայի մասին ուսմունքը, որն առանցքային բաղկացուցիչ է ողջ հնդկական կրոնամշակութային ավանդույթում: Կարմայի էությունն այն է, որ մարդու բարի և չար գործերի ամբողջությունը վճռական դեր է ունենում հերթական վերածննդի ձևի հարցում. լավ կարման երաշխավորում է, որ մարդը կարող է հաջող վերածնունդ ունենալ (նոր կյանքում կարող է լինել իշխան կամ բրահման), միջին կարմանհնարավորություն կտա վերածնվել մոտավորապես նախկին կյանքի որակով, իսկ վատ կարմայի դեպքում անխուսափելի է հետընթացը (որպես ստրուկ, կենդանի և այլն): Կարմայի գաղափարի ազդեցությամբ ձևավորվում է դեռևս վեդաներում ակնարկվող այն գաղափարը, որ մարդը երկու ճանապարհ ունի մահից հետո: Նրանք, ովքեր գիտակցում են Ատմանի և Բրահմանի (մարդկային իդիվիդումի և Բացարձակի) նույնականությունը, աստվածների ճանապարհով գնում են դեպի երանություն, իսկ իրական գիտելիք ձեռք բերողները հետևում են նախնիներին` անընդհատ վերածնվելով այս աշխարհում:

Այսպես` ասկետների կողմից մշակվեց մոկշիի մասին պատկերացումը, որի համաձայն ինդիվիդուալ հոգևոր սկիզբը` Ատմանը (տվյալ դեպքում մարդը), ազատվելով անվերջ վերածնունդների շղթայից, կարող էր ձուլվել Բրահմանի հետ` այդպիսով հասնելով հավերժ երանության: Այս տեսությունը ամբղջովին մտնում է հինդուստական կրանական համակարգի մեջ: 

Ինչ վերաբերում է բրահմայականության պանթեոնին, ապա այստեղ բրահմանների կաստան ստեղծում է նոր աստվածներ։ Օրինակ`  Բրասպատին կամ Բրահմանասպատին (աղոթքի տերը), որը ստեղծել է ամենայն բարին և աղոթքները։ Վեդաների ուշ շրջանի երգերում առաջ է գալիս նաև  Պրաջապատին` «Արարչության տիրակալը», որի հետ կապված է ծննդաբերությունը, բեղմնավորումը, սա այն աստվածն է, ով աշխարհ է ծնել իր սերմերից: Ի վերջո, առաջին պլան է գալիս Վեդայական աստվածներից  Բրահմանը՝ Տիեզերքի ստեղծողը։ Համաձայն բրահմանիզմի տիեզերական տեսության՝ Բրահման ծնվել է նախնադարյան օվկիանոսում լողացող ոսկե ձվից։ Նա իր մտքերի ուժով ձուն բաժանում է երկու մասի՝ այդպիսով ստեղծելով երկինք ու երկիր։ Այնուհետև նա ստեղծում է հինգ տարրեր՝ ջուրը, կրակը, հողը, օդը և անտեսանելի եթերը: Դրանից հետո Բրահման ստեղծում է աստվածներին, զոհաբերությունները, աստղերը, ժամանակը, լեռները և հարթավայրերը: Հետո նա ստեղծում է մարդկանց իրենց զգացմունքներով (կիրք, զայրույթ, ուրախություն, ցավ և այլն): 

Գիտելիքը, երանությունը և էությունը, որոնք նկարագրում են Բրահմանին, վերացական կերպով ստանում են մարմին և անհատականություն` որպես աստվածներ և աստվածուհիներ, որոնց կարելի է սիրել և վախենալ, տեսնել և շոշափել: Բհագավադ Գիտայում Քրիշնան՝ Վիշնուի մարմնավորումը, ով հանդես է գալիս որպես Արջունայի կառավար, հայտարարում է, որ ինքը վերջնական Բրահմանն է:

Մարդկային կերպարանքով և բնութագրերով աստվածներն ու աստվածուհիները, նույնիսկ եթե երբեմն պատկերված էին մի քանի լրացուցիչ ձեռքերով կամ ոտքերով կամ փղի գլխով, ավելի հարաբերվող էին, քան տիեզերական ուժը: Քրմական դասը  խրախուսում էր ժողովրդին ընդունել իրենց ընտրած աստվածությունը, քանի որ բոլորը հավասարապես Առաջին Պատճառի և Վերջնական Իրականության կողմերն էին: 

Հավատացյալների դժգոհությունը բրահմանիզմի ծայրահեղ ֆորմալիզմից և փակ, մեխանիկական լինելուց, մարդկային կյանքի բծախնդիր կարգավորումներից և, ի վերջո, նրանց կրոնական զգացմունքների ու հոգևոր որոնումների չպահանջված լինելու փաստը, պարարտ հող ծառայեցին Ուպանիշադների միստիկայի և ոչ ուղղափառ (ոչ վեդայական) կրոնների` աջիվիկա, ջայնիզմ և բուդդիզմ, առաջացման համար: Կրոնականության այս նոր ձևերի մարտահրավերը, ինչպես նաև բուն բրահմանիզմի ճգնաժամը նպաստեցին նրա հիմքի վրա ավելի բաց և հասկանալի կրոնի՝ հինդուիզմի ձևավորմանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top