Կրոնական պատկերն աշխարհում

Կրոնական պատկերն աշխարհում

Կրոնական պատկեր

21-րդ դարում, երբ արդեն տեղի են ունեցել արդյունաբերական, տեխնոլոգիական հեղաշրջումներ, բազմաթիվ մարդաբանական, տիեզերական բացահայտումներ, և արհեստական բանականությունը ներխուժել է կյանքի տարբեր ոլորտներ, երբ բազմաթիվ մասնագիտություններ վերացել են պահանջարկ չունենալու կամ ավտոմատացվելու հետևանքով, առաջադեմ աշխարհում շարունակում է ուսումնասիրվել, զարգանալ ևիր դիրքը գիտությունների շարքերում պահպանել կրոնագիտությունը: Եվ ինչո՞ւ: 

Երկիր մոլորակի վրա գոյություն ունեն մոտ 10.000 տարբեր կրոններ, իսկ մարդկության երեք քառորդը հետևում է այս չորսից մեկին՝ քրիստոնեությանը (31%, 2,4 միլիարդ, քրիստոնյաների կեսը կաթոլիկներ են, 37 տոկոսը՝ բողոքական, 12 տոկոսը՝ ուղղափառ և 1 տոկոսը պատկանում են այլ ուղղությունների), իսլամին(24%, մոտ 2 միլիարդ հետևորդ, մուսուլմանները մեծամասնություն են 49 երկրներում՝ ընդգրկելով Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ​​և Հարավային Ասիայի մի մասը:

Աշխարհի մահմեդական բնակչության ամենամեծ համամասնությամբ երկրներն են Ինդոնեզիան (13,1%), Հնդկաստանը (11%), Պակիստանը (10,5%) և Բանգլադեշը (8,4%): Պակիստանի Կարաչի քաղաքը ամենաշատ մահմեդական բնակչությունն ունի), հինդուիզմին (15%, 1,2 միլիարդ հինդուսներ ապրում են Հնդկաստանում և Նեպալում) և բուդդիզմին (7%, Բուդդայական մեծ բնակչություն ունեցող երկրներն են Մոնղոլիան, Թաիլանդը, Մյանմարը, Լաոսը և Կամբոջան։ Աշխարհի 500 միլիոն պրակտիկ բուդդայականների մոտ կեսը բնակվում է Չինաստանում): 

Աշխարհում մարդկանց մոտ 16 տոկոսը ոչ մի կրոնական պատկանելություն չունի: Այս «ոչ մին» ներառում է աթեիստներին, ագնոստիկներին և մարդկանց, ովքեր, գուցե, հավատում են Աստծուն կամ հոգևոր կյանքին, բայց չեն նույնականանում որևէ կրոնի հետ: Չինաստանում և Ճապոնիայում, Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի, Չեխիայի և Էստոնիայի բնակչության մեծ մասը չունեն կրոնական պատկանելություն:

Աշխարհի բնակչության ևս 7 տոկոսը  հանդիսանում է այլ կրոնների հետևորդ, այդ թվում՝ 0,2 տոկոս կազմում է Հուդայականույթան հետևորդների թիվը՝ 16մլն, մոտ 6 տոկոսը ազգային կամ ավանդական կրոնների հետևորդներ են։ Դրանք ներառում են աֆրիկյան ավանդական կրոնները, չինական ժողովրդական կրոնները, բնիկ ամերիկյան կրոնները և ավստրալական աբորիգենների կրոնները: Եվս 1 տոկոսը հետևում է մի շարք այլ դավանանքների, այդ թվում՝ բահային, տաոիզմի, ջայնիզմի, սինտոիզմի, սիկհիզմի, տենրիկյոնի, զրադաշտականությանը, վիկկաին և այլն:

Շատ դեպքերում կրոնն ավելին է, քան անձնական հավատքի դրսևորում կամ ապրելակերպ, այն ներդրված է  կառավարման համակարգերում: Պետությունների ավելի քան 20%-ը (43) ունի պաշտոնական պետական ​​կրոն, այդ թվում՝ Իսլամը պաշտոնական կրոն է 27 երկրներում։ Մի քանի երկրներ իրենց համարում են քրիստոնեական հանրապետություններ, որտեղ քրիստոնեությունը համընդհանուր ընդունված կրոն է: Դրանց թվում են Արգենտինան, Կոստա Ռիկան, Ֆինլանդիան, Հունաստանը, Հայաստանը, Սամոան, Իսլանդիան և Մալթան: Երկու երկրներում (Բութանը և Կամբոջան)  Բուդդայականությունն է պետական ​​կրոն, իսկ մեկը (Իսրայելը) պաշտոնապես հրեական պետություն է։  Հինդուիզմը ոչ մի երկրում պետական ​​կրոն չի հանդիսանում:

Ամենակրոնական երկրներն են Քենիան, Սենեգալը, Պակիստանը, Եթովպիան և Կոսովոն, ամենաքիչը՝ Ճապոնիան, Չեխիան, Շվեդիան և Վիետնամը:

Աստծո գոյությանն այնպես, ինչպես նկարագրված է Սուրբ գրություններում, բնակչության թվով ամենաշատը հավատում են Թուրքիայում՝ 73 տոկոս, ամենաքիչը՝ Ճապոնիայում՝ 3 տոկոս:

Եվրոպական և Հյուսիսային Ամերիկայի երկրներում տասը հարցվածներից առնվազն վեցը կարծում է, որ բարոյական լինելու համար պարտադիր չէ հավատալ Աստծուն (Ամենաբարձր տոկոսը՝ Շվեդիայում՝ 90), հակառակ պատկերն է Մալազիայում, որի բնակչության 78 տոկոսը կարծում է, որ Աստծուն հավատալը բարոյական լինելու անհրաժեշտություն է, իսրայելցիները  մոտ կարծիքները գրեթե հավասար են բաժանված:

Իսկ ի՞նչ կրոնական պատկեր է Հայաստանում:

Ըստ 2022 թ. մարդահամարի տվյալների, ՀՀ 2 մլն 932.731  հազար բնակչության  2. մլն 865.877-ը կրոնական համոզմունքներ ունի, այդ թվում՝ նրանցից 2 մլն. 793.947-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, 17.884-ը՝ կաթոլիկ եկեղեցու հետևորդ: 515 հոգի մուսուլման է, 2132-ը՝ հեթանոս,  17.501-ը չունի կրոնական պատկանելիություն, իսկ 49.353-ը հրաժարվել է պատասխանել հարցին:

Այս ամենով հանդերձ՝ հիմնավորվում է կրոնագիտության կարևրությունը և անհրաժեշտությունը՝ գիտական մոտեցում ցուցաբերելու մարդկային կյանքի մաս կազմող բաղկացուցչի վերաբերյալ լուրջ, դիլետանտիզմից ու ֆանատիկ ծայրահեղությունից անդին մոտեցում ցուցաբերելու հարցում:

Իսկ ավելի կոնկրետ, կրոնագիտությունը` որպես գիտելիքների առանձին համակարգ, ձևավորվել է 19-րդ դարի սկզբների և  նպատակ ունի բացահայտելու կրոնի և կրոնական համակարգերի առաջացման և զարգացման ընդհանուր օրինաչափությունները, ամբողջությամբ նկարագրելու կրոնի գործառույթները, պարզել, թե ինչ դեր ունի այն մարդու և հասարակության կյանքում, որքանով է ներազդում տարբեր մշակույթների ձևավորման վրա: Ուսումնասիրելով կրոնի ֆունկցիոնալ նշանակությունը և ոլորտին առնչվող ամենատարբեր երևույթներ’ կրոնագիտությունը կրոնները դիտարկում է հասարակության, հասարակական տարբեր խմբերի և անհատի զարգացման դինամիկայի մեջ: 

 

Մեր այս շարքի նպատակը ընթերցողին ընդհանուր համապատկեր և գիտելիքներ հաղորդելն ու մատուցելն է, քանզի հավատացած ենք, որ գիտելիքով և իմացությամբ մարդն ավելի հեշտ է կողմնորոշվում կյանքի տարբեր դրվագներում և իրավիճակներում, ավելի ոչ խոցելի է դառնում տարբեր երևույթների կողմից և ավելի հեշտությամբ է դիմագրավում մարտահրավերներին:
Մեր նպատակը չէ մարդկանց ներսում կրոնասիրություն կամ հակակրոնական տրամադրություններ արթնացնելը, մեկ կամ մյուս կրոնը բարձրացնելը կամ ցածրացնելը, ավելին, նպատակ չունենք դիպչելու մարդկանց կրոնական կամ հավատքային զգացումներին, քանզի հավատացած ենք, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում և պատասխատատու սեփական կյանքի համար:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top