Կարևորը՝ ըստ Դավիթ Սամվելյանի

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

«Կարևորը կյանքում առաջին հերթին ինքդ քեզ և շրջապատի շատ ու շատ բացասական բաները հաղթելն է».  Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյանը, որը հանրությանը հայտնի է որպես «Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ» գրքերի հեղինակ, հրատարակել է իր երրորդ գիրքը՝ «հակաՔԱՂԱՔականը»: Ինչո՞վ է նոր գիրքը տարբերվում նախորդներից, գրելու ընթացքում ի՞նչ դժվարությունների է հանդիպել հեղինակը. այս ամենի մասին՝ հարցազրույցում:

Դավիթ, ինչո՞ւ «հակաՔԱՂԱՔական»:

Վերնագիրը երկիմաստ է, բայց հիմնականում շեշտված է «քաղաք» բառը: Այսինքն գրքի և պատմվածքների հիմնական թեմատիկան քաղաքն է: Դեպքերը տեղի են ունենում մի քաղաքում, որում ես ծնվել, ապրել ու մեծացել եմ: Հերոսները մարդիկ են, որոնք ասոցացվում են հենց քաղաքի հետ: Իսկ երկրորդ իմաստով «հակաՔԱՂԱՔական», որովհետև, որպես այդպիսին, գիրքը քաղաքականությունը թոթափելու միտում ունի, քանի որ մեր օրը երբ սկսվում է, արդեն իսկ ներծծված է քաղաքականությամբ:

Իսկ ի՞նչը դարձավ գրքի ստեղծման շարժառիթը:

— Գրքի ստեղծման շարժառիթը իմ գլխում, մտքում, նաև սրտում տեղ գտած թեմաների կուտակումն էր, որը մի օր որոշեց պատմվածքների տեսքով աշխարհ գալ: 

Իրականում գիրքը երկու տարվա ստեղծագործական աշխատանքի արդյունք է: Որպես գիրք, այն ձևավորվեց բավականին երկար ժամանակահատվածում:

«հակաՔԱՂԱՔական»-ի միջոցով ի՞նչ է հեղինակը փորձում փոխանցել իր ընթերցողին:

— Հեղինակը ցանկանում է փոխանցել, որ կյանքն իրականում գեղեցիկ է, և, որ կարևորը կյանքում առաջին հերթին ինքդ քեզ և շրջապատի շատ ու շատ բացասական բաները հաղթելն է: Ինչպես գրքի սկզբում է ասվում. «Եվ ի՞նչ են քաղաքները, եթե ոչ մարդիկ» : Ինձ համար քաղաքները մարդիկ են: Մարդկանց պատմություններից է, որ հյուսվում է այս քաղաքի պատմությունը: Ցավոք, շատերը մեր քաղաքից հեռացել են, այսինքն՝ ինչ-որ պատմություններ կամ կիսատ են մնացել, կամ ավարտվել են: Իսկ եթե վերնագրի երկրորդ իմաստին անցնենք՝  շատերն էլ քաղաքականության պատճառով փոխվել են:

Դավիթ, մարդիկ շատ հաճախ գիրք են ընտրում ըստ վերնագրի կամ կազմի: Ինչո՞ւ պետք է ընտրել «հակաՔԱՂԱՔականը» և կարդալ այն:

— Ասում եք, որ մարդիկ գիրք ընտրում են ըստ վերնագրի, իսկ դա իրենից ենթադրում է, որ հեղինակը պետք է պատասխանատվություն կրի և չհիասթափեցնի ընթերցողին: Շատ վերնագրեր, պարզապես, կարող են մոլորեցնել ընթերցողին, բայց կան ուղղորդող շատ բաներ, որոնք կարող են օգնել հասկանալ բովանդակությունը: Մարդկանց վերնագրով չես կարող խաբել:

Իսկ ինչո՞վ է տարբերվում այս գիրքը Ձեր նախորդ գրքերից:

— Նախորդներից տարբերվում է նրանով, որ այստեղ չկան հավելվածներ՝ բանաստեղծություններով: Գրքի հիմնական մասը կազմում են պատմվածքները: Իսկ էսսեները բավականին տարբերվում են մնացածներից. ավելի սյուժետային են:

Մենք գիտենք, որ երբեմն գրողները որոշ դժվարություններ են ունենում գիրքը գրելիս: Իսկ ինչպիսի՞ դժվարություններ եք ունեցել Դուք՝ «հակաՔԱՂԱՔական»-ը գրելու ընթացքում:

— Ընդամենը դժվարությունների այսպիսի մի դրվագ կարող եմ հիշել. ես մի պատմվածքի վրա կանգ էի առել և առաջ գնալ չէր ստացվում: Հերոսը կար, սյուժեն կար, բայց մոտավորապես երկու ամիս ստեղծագործել ընդհանրապես չէր ստացվում: Եվ, երկու ամիս հետո որոշեցի ամբողջովին փոխել պատմվածքի կառուցվածքն ու այդ հերոսին գլխավոր դերից հանել և ընդամենը մի փոքրիկ հատված, այպես ասած, նվիրել նրան: Եվ միայն հետո իմացա, որ այդ հերոսի իրական կերպարը շատ ողբերգական մահով մահացել էր:

— Ի՞նչ սպասումներ ունեք գրքից: Ի՞նչ եք կարծում՝ կունենա այն նույն հաջողությունը, ինչպես և նախորդները:

— Իրականում ստեղծագործողը պետք է նման բաների մասին չմտածի, բայց յուրաքանչյուր գրող իրեն լավ է զգում, երբ այն, ինչ ինքը ցանկանում է փոխանցել գրքի միջոցով, հասնում է շատ մարդկանց: Այսինքն, ոչ թե սպասում պետք է ունենալ նման պարագայում, այլ՝  հույս: Հուսով եմ, որ այս գիրքը ևս կգտնի իր ընթերցողին:

Զառա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх