Աբուլի երազը
Աբուլը մե´կ ժամացույցին էր նայում, մե´կ հայացքը հառում էր եկեղեցու գմբեթին հավասարված բորբ արևի սկավառակին. ապասումն աստիճանաբար անտանելի և անդուր էր դառնում: Հագին դպրոցի ավարտական հանդիսության համար գնած կոստյումն էր. արդուկած սև շալվարի ծալքերը փողփողում էին թեթևակի քամուց, փողկապը սեղմում էր կոկորդն ու դժվարացնում էր հուզմունքից առաջացող թուքը կուլ տալը: Ձեռքին Վարդանի ժամացույցն էր…
Հարսնացուն ուշանում էր, իսկ երեկոյան ժամերգության սկզբին ընդամենը քառասուն րոպե էր մնացել:
Հյուրերն արդեն եկեղեցում էին, սպասում էին արարողության մեկնարկին՝ հավաքվել էին բոլոր հարևանները, իսկ սարկավագը, որը նույնպես հարևան էր, եպիսկոպոսին օգնելու էր պսակադրության կարգն անելիս: Դրսում էին միայն Աբուլն ու Հովոն, որն արևի ճառագայթներից պատսպարվել էր զանգակատան կամարների ներքո և պակաս անհամբեր չէր. այսօր երեկոյան կայանալիք կերուխումին կատարվելու էր նրա վաղմի ցանկությունը՝ նրա բեմելն էր լինելու:
***
Առավոտ էր, ‹‹Չորրորդ փողոցի›› երկնքում բացվող առավոտներից հերթականը, իսկ նոր օրն ուառավոտը սիրելիին տեսնելու, կիսատ մնացած գործերն ավարտելու, նպատակին ևս մեկքայլով մոտենալու, ապրուստի միջոց վաստակելու, նոր խնդիրներ լուծելու հնարավորություն է։
Եկեղեցու երկնամուխ գմբեթից մի շենքաչափ բարձրության վրա ծիծեռնակներն իրենց հերթական ու հերթապահ թռիչքներն էին գործում, օդում որսում մոլորված ու կիսաքաղց թռչող միջատներին, երկրի վրա էլ՝ հենց եկեղեցու հարևանությամբ, մուրացկանները պատրաստվում էին հերթական «աշխատանքային» օրվան, մի խումբ կիսասոված ծերունիներ էլ դանդաղ, կիսաքայլ, գրպանի վերջին պարունակությունը մատներով թաքուն շոյելով, շոշափելով՝ գնում էին առևտուր անելու՝ պատրաստ երկար ժամերով հերթ կանգնելու մեծահարուստներից մեկի «բարի կամքի» դրսևորմամբ թխվող ու բաժանվող մեկական մատնաքաշների բաշխմանը։
Շքամուտքի բնակարաններում դեռ լուռ էր՝ օրը տոնական ու հանգստյան էր՝ սիրո բարեխոս սուրբ Սարգսի տոնն էր, իսկ շենքի բնակիչները դեռ քնած էին: Միայն Աբուլն էր արթուն. գիշերվա ժամը երեքի մոտերքում տեսած երազն էր պատճառը:
Երազին Երուսաղեմի վսեմաշուք պարիսպներից ներս՝ արքայական պալատի՝ ճրագարանների լույսի ներքո փայլող մարմարե ողորկ պատերով հանգստարաններից մեկում ինքն էր, Սիբիլը՝ Երուսաղեմի թագուհին, և նրա սպասուհիներից մեկը, որը թագուհուն հսկում էր օտար աչքերից եւ ականջ դնողներից։ Նստած էին դեմ-դիմաց՝ չխորշելով նայել իրար աչքերի մեջ։ Սիբիլը հոգնած տեսք ուներ։ Ներողություն հայցելով՝ կիսապառկած դիրք ընդունեց ու նրբագեղ իրանը փռեց բազմոցին՝ շարունակելով լռել։ Հոգնածությունն ու մտահոգությունը կուտակվել էին գեղեցիկ աչքերի ներսում. հազիվ էր զսպում ինքն իրեն, որ կանացի թուլությունն ի ցույց չդնի:
Աբուլը զգում էր, որ թագուհին խոսելու կարիք ունի, բայց տատամսում էր և չէր կողմնորոշվում՝ ինչից սկսել խոսակցությունը։
Հավանաբար սպասուհին էր պատճառը:
-Կարո՞ղ ես դուռը դրսի կողմից փակել ու մի պահ մոռանալ քո այդ պարտականության մասին։ Լուսնյակ գիշեր է, գնա, պարտեզում շրջիր, մեկ էլ տեսար՝ բախտդ բերեց, և մի արթուն սպասավոր հանդիպեց։
Աղջնակն առանց հակաճառելու գլուխ տվեց, շրջվեց ու դուրս եկավ՝ որպես պատասխանատվության վերջին քայլ իր հետևից ամուր փակելով սենյակի ծանր դռները։
-Դե, ասա, տեսնեմ Սիբիլ, քեզ ի՞նչ ա եղել, որ գիշերվա հազարին ինձ հրավիրել ես քո ննջարան,- միանգամից սկսեց Աբուլը:
-Ա՜խր, դե ո՞նց ասեմ…
-Ասա, ասա՜, վստահ ասա։
-Դե՜, բա՜նը, Բալիանը մերժել ա ինձ։
-Ո՜նց թե, վա՞տ ա էդ տղեն։
-Տո բա ինչ ա. պատկերացնո՞ւմ ես, հերիք չի ինձ ա մերժել, ախպորս առաջարկած պայմանն էլ հետը, ասում ա ինքը քաղաքն ու մարդկանց պիտի պաշտպանի, բան…
-Լավ, էս քանի օրն անպայման հետը կխոսեմ, բայց դու չընկճվես:
-Լավ, հոգիս, ոնց ասես։
-Լսիր, բայց մի լավ բան կա մտքիս։
-Հապա, հապա։
-Դու Սարգիսին գիտե՞ս։ Ու ընդհանրապես, Բալիանը ի՞նչ գրքեր ա կարդում։
-Այ տղա, ի՞նչ Սարգիս։ Վերջին կարդացած գիրքը, որի տպավորություններով կիսվել ա, ինչքան գիտեմ «Ոդիսական»-ն ա եղել, մնացել ա էդ գրքի տակ։
-Լավ, պարզ ա, ասեմ ուրեմն, Սարգիսը մեր կողմերից ա, ժամանակին կռվող տղա ա եղել, Բալիանի պես, իրանք իրար լավ կհասկանան։ Վաղուց արդեն սրբադասվել ա ու «սաբաբ» ա դարձել, լիքը ջահել սիրահարների «պաձեռժկա» ա արել։ Արի սյուրպրիզ անենք ու գիրք ուղարկենք՝ սիրուն փաթեթավորած, մեջն անգամ «զապիսկա» կարող ես դնել։
-Ու ի՞նչ գիրք ես առաջարկում։
-Ծանոթներիցս մեկը կարգին գրող տղա ա, իրա գրքերից մեկը։
-Էդ ո՞վ ա, որ ես չեմ ճանչում։
— Խորխե ա անունը, Արգենտինայի կողմերից։
-Ցնդեցի՞ր, այ տղա, ի՞նչ Արգենտինա, էդ որտե՞ղ ա։
-Լավ, էդ հետո, մի օր կծանոթացնեմ։ Քանի դեռ էն Սալլահ ադ Դինը չի սկսել պատերազմը, արի ինձ լսիր ու էդ սյուրպրիզն անենք, վաղը ևեթ կգրեմ Խորխեին, որ «Բաբելոնյան գրադարան»-ի առաջն օրինակը Սարգիսի միջոցով ուղարկի։ Իսկ դու մտածիր, թե ինչ ես գրելու բացիկի մեջ։ Դուք պիտի իրար հետ լինեք, մեկ ա, իրար սազում եք։
-Լա՜վ, այ տղա, մի ամաչացրու… Դե, գնա պառկիր, հոգնած կլինես։ Էսօր իմ անկողնում կքնես, ես միջանցքի դիվանին կտեղավորվեմ։
Երբ Սիբիլը մոտեցել էր գրկելու և համբուրելու Աբուլի այտը, վերջինս վեր էր թռել ու շփոթված, երազից դեռ չկտրված զառանցել.
-Վա՜խ, Բալիան, ես քո հերն եմ անիծել։ Սիբի՜լ, ա՜յ Սիբիլ, կոֆե դիր, խմենք…
Կողքերն էր նայել՝ սովետական խունացած պաստառներով պատերով, գուաշով ներկված առաստաղով ու «կլյոշ» վարագույրներով քողարկված կիսամութ սենյակում միայն ինքն էր, անկողնում՝ առավել ևս: Մի կերպ վեր էր կացել ու հենվել պատուհանի կողքի պատին՝ հայացքն աստիճանաբար տեղափոխելով դեպի կենտրոն։ Աչքերը փակ էին՝ վախենում էր դուրս նայել, ոչ այն է՝ իրականություն չվերադառնալու ցանկությունից, ոչ էլ՝ երազի՝ իրական լինելու վախից։
Աչքերը տրորեց, քիթը ֆսֆսացրեց, անդրավարտիքը վեր քաշեց, տեսած երազից ոգեշնչված՝ պատուհանը բացեց ու սկսեց խռպոտ ձայնով բղավել.
-Սիրո՜ւմ եմ քեզ, իմ առավոտ, իմ օրվա սկիզբ, սիրում եմ քեզ վերջալույսից մինչ առավոտ։
Առաքելությունն ասես ավարտած՝ գնաց սենյակի խորքն ու միացրեց նվագարկիչը՝ ձայնն ամենաբարձր կետի վրա էր.
Սո՛նա յա՛ր, Սո՛նա յա՛ր,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:
Վարդավառը գալիս ա,
Սո՛նա յար, Սո՛նա յար,
Ծաղիկը ցնծալիս ա,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,
Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,
Սո՛նա յար, Սո՛նա յար,
Ձենդ ծլվլալիս ա,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,
Կանաչ տեղը բաղում ես,
Պարի միջին խաղում ես,
Կաքավի պես ծորալով,
Տղաներին դաղում ես:
Սիրուն աղջիկ, նազ ունիս,
Շահզադայի սազ ունիս,
Հողեմ շահզադի գլուխ,
Դու իմ հոգուն հազ ունիս:
Րոպեներ անց ներքևի հարկի «լենինգրադսկի» պատուհանի ճռռոցը լսվեց.
-Աբո՜ւլ, էլի թարս երազ ես տեսե՞լ, թող քնենք էլի,- հնչեց հայտնի ցուցարար դարձած Ազատի աղերսաձայն հորդորը:- Հետո էլ պետության վիճակից ենք բողոքում: Ա՜յ, նման բաներից ա սկսում ամեն ինչ: Տեսնո՞ւմ ես, թե ինչ է կատարվում, երբ արատը վերցվում է որպես նմուշ…,- հռետորական տոնով կրկին ցիտելով Սենեկային՝ շխկոցով փակեց պատուհանը:
— Ազատ ջան, քեզ էլ եմ սիրում, բաց դե՜, գիտես, ուրիշ կերպ: Քաղաքականությունից զզվում եմ, բայց քեզ սիրում եմ,- գլուխը ցած կախելով, ժպիտը դեմքին պատասխանեց կոմիտասապատ երանության մեջ ընկած Աբուլը:
-Աբո՜ւլ, ամբողջ գիշեր չեմ քնել, ա՛յ տղա, ես էլ եմ սիրել, բայց թող աչք կպցնեմ,- մի քանի հարկ ներքևից լսվեց Մոսոյի՝ Մովսես սարկավագի ձայնը։ Էսօր հազար հատ ծես ունեմ, թող ուժ հավաքեմ:
-Քնի՜, քնի՜ Մոսո ջան,- քթի տակ մռմռաց Աբուլը,- տեսել եմ՝ ոնց ես սիրում…,- ուժերդ հավաքիր, որ իմ ծեսն անես,- արդեն բարձրաձայն ավելացրեց:
Երգն արդեն ավարտվել էր, երբ բակում կայանած մեքենաներից մեկի դուռը բացեց ու դուրս եկավ Ջիվանը, որը Կարմիր սարի տակի հարազատ գյուղից տեղափոխվել էր Երևան՝բնակարան գնել ու տաքսի էր վարում:
-Ա՜յ տղա, Աբուլ, ինչքան պիտի սպասեմ, որ արթնանս։ Սաղ գիշեր քշել եմ, աչք չեմ կպցրել, շուտ արա, էդ նվերն իջացրու, հասցնեմ, գամ քնեմ:
Աբուլը խառնվեց իրար, ափով ճակատին ապտակեց. «Ո՜նց էր մտքիցս թռել»,- ինքն իրեն մտքում նախատեց.
-Հենց հիմա, հե՜նց հիմա իջացնեմ Ջիվան ջան:
Շտապ անցավ ներս, փորփրեց դարակն ու հանեց ամսագրային նախշապատ թղթով ու կարմիր ժապավենով փաթեթավորած նվերը, շալվարը հագավ ու աստիճաններով երկու-երկու թռչկոտելով իջավ բակ:
— Էս ա, ախպերս, ժամը տասին պիտի գործի տեղը լինի: Կհասցնես, չեմ ուշացրել:
-Ուրիշ բան կա՞ փոխանցելու,- հարցրեց Ջիվանը:
-Չէ, չէ, միայն էս ա, մնացածը՝ ինքս: Էս ուղղակի սյուրպրիզ ա:
-Ի՞նչ ա որ…
Աբուլը սառեց ու քարացավ տեղում՝ ակնաբիբերը լայնացնելով:
-Ի՞նչ եղավ քեզ, այ տղա:
-Ոչ մի բան, ամեն ինչ լավ ա,- ուշքի գալով՝ պատասխանեց Աբուլը:
Ջիվանը նստեց կապույտ «Օփել»-ն ու միացրեց շարժիչը: Աբուլը շրջվեց, շալվարը վեր քաշելով ու քստքստացնելով՝ քայլեց դեպի շքամուտք:
Փաթեթավորման մեջ Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ն էր…
Ամեն մեկը մի բան, մեկին սիրում էր, մնում էր իրար սկսեին սիրել…
Շարունակելի…