Համաճարակը, սերը և անձնական հարաբերությունները՝ Դավիթ Սամվելյանի նոր վիպակում

Համաճարակը, սերը և անձնական հարաբերությունները՝ Դավիթ Սամվելյանի նոր վիպակում

Աշխարհում տիրող իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանին՝ գրելու նոր վիպակ: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը, որը, գրողի բնորոշմամբ, պատմություն է՝ սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին:

Վիպակն, ըստ էության, իր մեջ բազում խորհրդանշական տարրեր է պարունակում: Նախ, բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում:

«Նման ստեղծագործություն գրելու գաղափարն ավելի շուտ էր ծնվել, մինչև դեպքերը կհասնեին Հայաստան: Սկզբում պատմվածք գրելու գաղափար ի հայտ եկավ, հետո այն վերածվեց վիպակի: Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են, դեպքերը ծավալվում են երեք պետություններում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակում կնկատեք երկու հիմնական գիծ՝ սերը, անձնական հարաբերությունները և համաճարակը, և, երբեմն, զուգահեռները խաչվում են»,-ասում է Դավիթ Սամվելյանը:

Գրողի խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանափակ տպաքանակով լույս տեսած «Զգուշացեք, դռները չեն փակվում» գրքի աշխատանքները տևել են երկու ամիս:

Վիպակում հեղինակը ներկայացրել է տարբեր ազգերի ազգային առանձնահատկությունները, ժամանակակից աշխարհի իրավիճակը, դրական ու բացասական կողմերը:

Ընթերցողը կգտնի իտալական, հայկական, չինական միջավայրերի նկարագրություններ: «Վիպակի ամբողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի՝ վերջաբանը գուշակելու համար: Գիրքը վերջանում է պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյից մեջբերումով: Այն հասկանալու համար ընթերցողը կա՛մ պետք է պորտուգալերեն իմանա, կա՛մ թարգմանի նախադասությունը»,-ասում է Դավիթ Սամվելյանը: Հավելենք, որ Դավիթ Սամվելյանը հինգ գրքերի հեղինակ է՝ «հակաՔԱՂԱՔական», «Ռոդենի ձմեռը», «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ»: Նրա գրքերը մեծ պահանջարկ և ժողովրդականություն են վայելում: Սամվելյանը պարբերաբար հայտնվում է ժամանակակից հայ ամենավաճառվող գրողների ցանկերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/30/1103103/

© 1998 — 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top