Աշխարհիկացում-Secularisation

Աշխարհիկացում-Secularisation

Աշխարհիկացում

Սեկուլյարիզացիա տերմինն օգտագործվում է նշելու համար մարդու և հասարակության «ազատագրումը» կրոնական մտածողության մոդելներից, որն առաջ է բերում հասարակության աշխարհիկացում, այն է՝ մարդն իրեն է դիտարկում իբրև իրականության ըմբռնման ելակետ: Աշխարհիկությունն ինքնին կյանքի փիլիսոփայություն է, աշխարհայացքի տարատեսակ, որոշակի մտածողություն ու կենսակերպ: Աշխարհիկությունն իրատեսական վերաբերմունք ու տեսակետ է այս աշխարհի, դրանում մարդու տեղի ու դերի, նրա կյանքի իմաստի ու իրականության վերաբերյալ:
 
Կրոնագետ Շախնովիչը առանձնացնում է սեկուլյարիզացիայի գործընթացի երեք մակարդակ.
  1. Մակրոմակարդակ, որը սկսվել է 18-րդ դարի 2-րդ կեսին Եվրոպայում և Ամերիկայում, ինչի հետևանքով հասարակության քաղաքական ոլորտը ազատագրվում է կրոնական կառույցների և սիմվոլների ազդեցությունից:
  2. Միջին մակարդակ, երբ սեկուլյարիզացիան դրսևորվում է իբրև հասարակական կյանքի մշակութային, ինտելեկտուալ և տնտեսական ոլորտների անկախացումով:
  3. 19-20-րդ դարերում սեկուլյարիզացիան անցնում է անհատական մակարդակի, այսինքն` կրոնը դառնում է քաղաքացու անձնական համոզումների հարց:

Այս ամենով հանդերձ՝ կարելի է եզրակացնել, որ աշխարհիկացումը ունի ազդեցության մի քանի ոլորտ՝

  1. Քաղաքական- որի շրջանակում պետական մակարդակով է աշխարհիկանում, այսինքն պետությունները չեն ունենում պետական կրոն, պետական կառույցները՝ դպրոցները, դատական համակարգը անցնում են պետական հոգածության:
  1. Մշակութային- այս ոլորտում արդեն մշակութային ստեղծագործություններն ու ստեղծագործումները այլևս չեն ունենում կրոնական մոտիվ, կրոնական ենթատեքստ:
  1. Անհատական- այլևս կրոնական որևէ ուղղության պատկանելը չի պայմանավորվում ավանդույթներով, պետական կամ տեղում գերիշխող կրոնով, այլ ավելի անհատական ընտրություն և զգացողություն է դառնում: 

Աշխարհիկացում տերմինն առաջին հերթին կիրառվում է Եվրոպայում տեղի ունեցած գործնթացների համատեքստում, և այդ առումով քաղաքական մակարդակում աշխարհիկացման համար որոշ պատմաբաններ ելակետ են համարում 1646թ.ապրիլի 8-ի Վեստֆալյան պայմանագիրը, որի կնքման ժամանակ Ֆրանսիայի դեսպանը «հանուն խաղաղության» առաջարկում է որպես փոխհատուցում «աշխարհականացնել» այն հողատարածքները, որոնք մինչ այդ պատկանում էին կաթոլիկ վանականությանը:

Մշակութային առումով դեպի մարդը կատարած շրջադարձը, որը հայտի է «մարդաբանական շրջադարձ» անունով, սկսվում է Վերածննդի ժամանակաշրջանում, երբ կեցության կենտրոնում Աստծո փոխարեն դրվում է Մարդը` իբրև հումանիզմի բարձրագույն արժեք: Իհարկե, դեռ հին հունական և արաբական փիլիսոփայությունում քննարկվում և վեր էին հանվում մարդու արժեքային կարևորության հարցերը, բայց դրանք կիրառական առումով արտահայտվում են հենց Վերածննդի դարաշրջանում, որը ինչ-որ առումով հեթանոսական արվստների վերհիշումն էր, որում նույնպես մարդ արարածն առավել տեսանելի ֆիգուր էր, իսկ հոգևորը՝ լեյտմոտիվ:

Ի տարբերություն հեթանոսության, Վերածննդի դարաշրջանը առանձնանում է նաև այսկողմնային աշխարհի կարևորության շեշտադրումով, աշխարհիկ արվեստի առկայությամբ: Ամբողջացնելով մշակութային սեկուլյարիզացիան՝ կարելի է ասել, որ Ռենեսանսի հումանիզմի հիմնավորման համար շարժիչ գործոն եղավ անտիկ հումանիզմի վկայակոչումը, որը լրացվեց Ռեֆորմացիայի (Բողոքականության) գաղափարներով. այն է՝ քրիստոնյայի ազատությունը, երկու` աշխարհիկ և հոգևոր, իշխանությունների  տարանջատումը (Մ.Լյութեր), հավատացյալի աշխարհիկ կոչումը (Ժ.Կալվին ):

Գիտության աշխարհիկացումը սկսվեց 17-րդ դարում (Գ.Գալիլեյ, Ռ.Դեկարտ, Ի.Նյուտոն, Ֆ.Բեկոն, Թ.Հոբս, Ջ.Լոկ): Հավատքի և բանականության, հոգևոր և աշխարհիկ ոլորտների բաժանման սկզբունքը ի հայտ եկավ տվյալ դարաշրջանի ոչ միայն քաղաքական, գիտական, այլև էթիկական ոլորտում, որը սկսվեց դիտարկվել իբրև աշխարհիկ գիտություն: 

Սեկուլյարիզացիայի գործընթացում վճռական դեր խաղաց Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, որը խորացրեց և ընդլայնեց աշխարհականացման գործընթացը` կրոնին հակադրելով մարդկային բանականությունը: 1789թ. նոյեմբերի 2-ին Թալեյրանի առաջարկով Ազգային ժողովը ընդունեց որոշում, ըստ որի ամբողջ եկեղեցական սեփականությունը պետք է պատկաներ ազգին:

Առաջին հայացքից աշխարհիկացումն ինչ-որ առումով բնական գործընթաց է, որին արդեն 18-րդ դարից սկսած առավել մեծ թափ են հաղորդում կապիտալիստական կարգերի հաստատումը, ինդուստրիալ զարգացումները և անկրոն քաղաքական համակարգերը, որի վառ օրինակը կարելի է համարել ԽՍՀՄ-ը: Սակայն հարցն ավելի խորքային է:

 Աշխարհիկացման գործընթացը հիմք է դրվել հենց քրիստոնեական եկեղեցու սկզբնավորման առաջին դարերից: Դրա պատճառներից մեկն այն էր, որ հրեականության աղանդ համարվող քրիստոնեական եկեղեցին, որը սկզբնական շրջանում ենթարկվում էր հալածանքների, գործում էր շատ անգամ ընդհատակյա, ժամանակի ընթացքում ձեռք բերեց գերիշխող դիրք, որը մի կողմից օգնում էր քրիստոնեության տարածմանն ու քրիստոնյաների ավտանգ լինելուն, մյուս կողմից էլ որոշակիորեն դեմ գնաց հենց քրիստոնեության սկզբունքներին, քանի որ քրիստոնեությունն իր բնույթով հակասոցիալական և հակաաշխարհային էր: Դրա վառ ապացույցը հենց Քրիստոսի խոսքերն են.

«Իմ թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհ. 9:36)

«Գնացեք տվեք կայսրինը՝ կայսեր, Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22:21)

Արդյունքում քրիստոնեությունն ունեցավ պետություն կամ պետություններ այս աշխարհում, որի կառավարման ձևն աշխարհիկ էր՝ Հռոմում հաստատվեց Պապի կեսարություն, իսկ Բյուզանդիայում՝ կեսարապապություն: Այն է՝ քրիստոնեությունը աշխարհիկանում է՝ պահպանելով իր սկզբնական ուսմունքի դրույթներն ու առանձնահատկությունները:

Մյուս կողմից էլ հեթանոսների զանգվածային «դարձի գալը» մարդկանց դեռ քրիստոնյա չէր դարձնում, չէր փոխում նրանց մասսայական հեթանոսական գիտակցությունը: Վառ օրինակը հենց Հայաստանն էր՝ Հայքում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հարյուր տարի անց երկրում դեռ բազմաթիվ հեթանոսներ կային (Օրինակ՝ Գողթան Գավառում) և Մաշտոցի կողմից գրերի գյուտն ու այբուբենի ստեղծումը, դրա հիմքի վրա դպրոցների բացումը միտված էր դեռևս հեթանոսների շրջանում քրիստոնեության հիմնավոր քարոզմանը:

Սեկուլյարիզացիա տերմինն ու երևույթն առավելապես օգտագործվում է Արևմտյան քաղաքակրթությունում և մշակույթում տեղի ունեցող գործընթացը բնորոշելու համար, որի հիմքը  հունահռոմեական քաղաքակրթությունը և մշակույթն է, սակայն վաղ միջնադարում աշխարհիկացման փորձեր արվել են նաև հայկական միջավայրում:

Օրինակ՝ Պապ թագավորը պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար սկսում է փակել եկեղեցու հովանու ներքո գործող աղքատանոցները և հիվանդանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Նա վերացնում է նաև տասանորդի և պտղի հարկերը, որոնք ռամիկներից տրվում էին եկեղեցուն։ Զուգահեռ կրճատվում են նաև հոգևորականների թիվը։

Հայկական միջավայրում աշխարհիկացման ամենացցուն դրսևորումներից էր նաև Ռուսական կայսրությունում 1903թ. ընդունված եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, որը պաշտոնապես ուներ  «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք» անվանումը։ Այն հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։

Ոստիկանական ուժերի միջոցով իշխանություններին հաջողվում է ռուսահայ թեմերում բռնագրավել եկեղեցական գույքը, 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1,775 հազար ռուբլի դրամագլուխ։ Սակայն հայ ժողովրդի և Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցականների մղած պայքարի, Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության պայմաններում ցարական կառավարությունը որոշեց վերանայել այս օրենքը։ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ 2-րդ ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Աշխարհիկացման նախահիմքերից կարելի է համարել նաև քրիստոնեության՝ աշխարհի հետ ունեցած  բախումները, որոնց դրսևորումներից էին ինկվիզիցիան և ինդուլգենցիան:

Հետխորհրդային երկրներում որոշակիորեն տեղի ունեցավ աշխարհիկացման հակառակ գործընթացը: Ժողովուրդները վերադարձան իրենց ճնշված, վերացման եզրին հասցված կրոնական համոզմունքների և հավատի դրսևորման ազատությանը: Սակայն, ցավոք, շատ դեպքերում այս երևույթն ավելի շատ արտաքին կրոնապաշտություն է (ոչ թե աստվածապաշտություն)  հանդես է գալիս որպես «մշակութային» կրոն, սոցիալական երևույթ և սովորույթի ուժի արտահայտում: Այդյունքում մարդը լինում է քրիստոնյա, բայց ոչ հավատացյալ:

Աշխարհիկացումը կարելի է համարել քրիստոնեության գուցե ամենավտանգավոր թշնամին, ավելի վտանգավոր, քան գիտական աթեիզմը կամ կրոնամերժությունը, քանզի այն հակառակ չէ քրիստոնեությանը, նրա ուսմունքին և գաղափարախոսությանը, այլև առաջարկում է ուրիշ աշխարհայացքային, գաղափարական արժեհամակարգ, որը մերժողական դիրքերից չի հանդես գալիս, սակայն ունի կրոնականն անտեսելու, մարգինալ դարձնելու մտադրու­թյուն, այն խորությամբ թափանցել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներ՝ կրթություն, քաղաքականություն, դատաիրավական համակարգ, մշակույթ, գրականություն, բարոյականություն, փիլիսոփայությունը, գիտության տարբեր բնագավառներ, ընդհուպ մարդկանց գիտակցության և վարի մեջ, նրանց առօրյան ու կենցաղը ազատագրվում են կրոնականի վերահսկողությունից և մտածողությունից, դրսևորվում է  անտարբերությունը կրոնի նկատմամբ: Արդի մարդը չի ցանկանում ապրել այն սկզբունքներով և գաղափարներով, որը սովորեցնում է քրիստոնեությունը: Նա ցանկանում է ապրել  ռեալ իրականությունում: Հետևաբար, ժամանակակից աշխարհում հասարակության ապակրոնականացումը, այն է՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտների ու հասարակական գիտակցության ձևերի ազատագրումը կրոնի և եկեղեցու ազդեցությունից և վերահսկողությունից  ահազանգում է կրոնի ճգնա­ժամի մասին:

Աշխարհիկացման գործընթացներ տեղի են ունեցել և ունենում նաև այլ կրոնական միջավայրերում, սակայն դրանք ավելի շատ քաղաքական բնույթ են կրում: Զորօրինակ՝ Քեմալ Աթաթուրքը պանիսլամիզմը փոխարինեց պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, Հնդկաստանը, ազատագրվելով բրիտանական գաղութային լծից, հռչակվեց աշխարհիկ պետություն, սակայն այդ երկու երկրներում էլ հասարակական և մշակութային դրսևորումներում կրոնական գիտակցությունը շարունակում է ունենալ գերիշխող դեր:

Հոդվածն ավարտենք  Գարեգին Ա Հայրապետի խոսքով, ըստ որի աշխարհիկության այս բարդ երևույթի մեջ անհրաժեշտ է տարբերակել այն, ինչը կարող է լինել դրական ու օգտակար, և այն, ինչը մոլություն է, ամեն անդրանցականության ժխտում: Եթե աշխարհիկությունը մարդկային կյանքի բոլոր կողմերի, անցողիկ գործողությունների արժեքն ընդունելն է սրբազանի հետ կողք կողքի, ապա այդպիսի աշխարհիկության նախակարապետներից մեկը Հիսուս Քրիստոսն է, Նրա ուսմունքում ոչ մի հակադրություն չենք գտնում աշխարհիկի ու սրբազանի միջև, քանի որ մարդկային կյանքի բոլոր դրսևորումները Նրա համար կարևոր էին: Մյուս կողմից,- շարունակում է Վեհափառը,- տվյալ ճշմարիտ միտումը կարող է այլասերվել, եթե հաստատի սոսկ աշխարհիկ իրերի կարևորությունը:

Մարդու կյանքը. հանդիպում երկնքի և երկրի միջև. Ս.Էջմիածին 1999թ. էջ 236

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top