Գեղարվեստական գրականություն և առաջնորդություն (leadership). ընթերցանության ազդեցությունը առաջնորդի ձևավորման վրա

leadership առաջնորդություն գեղարվեստական գրականություն

առաջնորդություն

Ընթերցանությունն այն կրթական ծրագիրն է, որը չունի ու չի ենթադրում ժամանակային ավարտ։ Այն պետք է ուղեկցի առաջնորդին (և մարդուն առհասարակ) ամբողջ կյանքի ու գործունեության ընթացքում։ Դուք կարող եք գտնել ու ընթերցել բազմաթիվ գրքեր, որոնց միջոցով հեղինակը հանգամանորեն փորձում է սովորեցնել, թե որ քայլերը պետք է անել, որ կարևոր կետերի վրա պետք է կենտրոնանալ կամ թե որ հմտությունները պետք է զարգացնել լավ առաջնորդ դառնալու համար (բայց առաջին հերթին պետք է դառնալ լավ մարդ` բառիս ամենատարբեր իմաստներով)։ Այսօրվա կյանքի արագահոս ընթացքի ու ժամանակի սղություն պատճառով գուցե նմանատիպ գրքերը հարմար են, ավելի պրակտիկ ու համակարգված գիտելիքներ են փոխանցում և ծառայում են որպես սեղանի գրքեր կամ ձեռնարկներ։ Դրանցից մի մասն իսկապես օգտակար կարող են լինել, եթե նորագույն մասնագիտությունների, գիտությունների, նորարարությունների մասին են։ Սակայն այս նյութը այդ մասին չէ։
Առհասարակ, գիտելիքը լինում է երկու տեսակի՝ տեսական և գործնական: Տեսական գիտելիքներից կարող են օգտվել բոլորը և այն ստանում են ընթերցանության, դիտումների կամ քննարկումների միջոցով, գործնական գիտելիքները ձևավորվում են փորձով՝ գործնական և կենսափորձով:

Եւ քանի որ այս նյութը առաջնորդության մասին է, ապա պետք է շեշտել, որ գոյություն ունի մեկ անառարկելի փաստ` արդյունավետ առաջնորդ լինելու համար պետք է նախևառաջ լինել տարբերվող։ Բոլոր առաջնորդները, բնականաբար, պետք է լինեն խելացի, համարձակ, հնարամիտ, յուրօրինակ որոշումներ կայացնող, տիրապետեն խոսքի արվեստին, ունենան երևակայություն` տեսլական, պատրաստ լինեն սեփական օրինակով շրջապատին կամ թիմին մատնացույց անելու քայլերն ու ոգեշնչեն, առաջնորդեն։ Երբ այս ամենին գումարվում է փորձը, ճգնաժամային իրավիճակներում ելքերն ավելի հեշտ են գտնվում։ Տեսական գիտելիքները կարող են լինել համահարթեցված և հիմնականում այդպիսին են, հասանելի են բոլորին: Եվ միայն քննադատական, վերլուծական մտածելակերպն է ձևավորում տարբերվողականությունը: Չգիտես` ինչու, առաջնորդ կամ լիդեր ասելիս շատ անգամ նախ պատկերացնում ենք ֆինանսական որևէ կազմակերպության տնօրենի, կոնկրետ ոլորտի պատասխանատուի կամ քաղաքական գործչի ու պաշտոնյայի, հոգևոր առաջնորդի։ Սակայն առաջնորդ լինում են նաև տանը, ընկերական շրջապատում, դպրոցում, ԲՈւՀ-ում, պատերազմի դաշտում, ամենուր, և վերոշարադրյալ հատկանիշները պետք է բնորոշ լինեն բոլոր ոլորտների կամ կյանքի շրջանակների առաջնորդներին ու առաջատարներին: Ի դեպ, պարտադիր չի, որ կյանքում բոլորը լինեն առաջնորդներ, կարող են լինել նաև առաջատարներ, որոնք երբեմն ոչ պակաս զարգացած կամ գիտելիքներով զինված են լինում: Եթե բոլորը լինեին առաջնորդներ, ապա էլ ում պետք է առաջնորդեին առաջնորդները։ Դրանից կարելի է հետևել, որ առաջնորդ լինելու համար գիտելիքը, սկզբունքների իմացությունը դեռ բավարար չէ: Առաջնորդը նախևառաջ իր որակներով տարբերվող անհատ է որևէ միջավայրում, իսկ անհատականությունը ձևավորվում է մանկուց։ Եւ գեղարվեստական գրականությունը հենց այն է, որի միջոցով կարող ես դառնալ տարբերվող, հենց ընթերցանության միջոցով են զարգանում քննադատական, վերլուծական հմտությունները։ Հիմա փորձենք հերթով մատնանշել այն կետերը, որոնք կարևոր են առաջնորդի համար, և նա կարող է դրանք ձեռք բերել ընթերցելու միջոցով, առավելապես` գեղարվեստական գրականություն ընթերցելու արդյունքում։ 
 
1. Գեղարվեստական գրականության մեջ առկա են այն բոլոր սկզբունքներով, հատկանիշներով օժտված հերոսները, որոնք կարող են նախատիպ դառնալ առաջնորդի համար: Ավելին, շատ գեղարվեստական գրքերում հեղինակը փորձում է ցույց տալ, թե ինչպիսին պետք է չլինի առաջնորդը։
 
2. Գեղարվեստական գրքեր ընթերցելիս մարդը սկսում է ինքնուրույն վերլուծություններ անել (նպաստում է վերլուծական մտածելակերպի զարգացմանը (հատկապես՝ դետեկտիվները), ավելի շատ է տպավորվում և երբեմն ինքնուրույն է հանգում լուծումներին (նպաստում է կողմնորոշվելու զարգացմանը):
 
3. Ե՞րբ և որ տարիքում սկսել կարդալ գեղարվեստական գրականություն, ի՞նչ կարդալ։ Հեքիաթներն ու արկածային, պատմական գրքերը երեխայի ու դեռահասի վրա տպավորություն գործող առաջին միջոցներն են։ Երեխան անպայմանորեն ձգտում է նմանվել հեքիաթի կամ վեպի գլխավոր հերոսին, հաղթահարել դժվարություններ, լինել նրա պես ազնիվ, համարձակ, կարեկցող, առաջամարտիկ, իմաստուն, գործել ի նպաստ և ոչ թե եսակենտրոն վարք դրսևորել։ Իսկ մի՞թե դրանք լիդերին բնորոշ հատկանիշներ չեն։ 
 
4. Առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ է գիտելիք, փորձ ու համարձակություն։ Գիրքը փոխանցում է գիտելիքն ու փորձի տեսական իմացություն, որը կարող ես կիրառել։
 
5. Գեղարվեստական գիրք կարդալը նպաստում է մարդու երևակայության զարգացմանը: Առաջնորդը նաև երազող է, նա պետք է ունենա տեսլական։ 
 
6. Լիդերը միշտ մեկ քայլ առաջ պետք է լինի, իսկ դա իրենից ենթադրում է լինել տեղեկացված, նա պետք է ունենա խարիզմա` հմայք, (պատմական հերոսները վկա), երբեմն պետք է նաև պատրաստ լինի անձնազոհության (պարտադիր չէ՝ ֆիզիկապես), ռիսկի դիմելու։ 
 
7. Առաջնորդ լինելը ենթադրում է ստանձնել պատասխանատվություն։ Առաջին հերթին այն վայրում կամ միջավայրում, որտեղ ապրում ես, մղել ու առաջնորդել դրական փոփոխությունների։
 
8. Գրականությունը խթանում է ստեղծագործ մոտեցումները և զարգացնում է ստեղծագործ մտածողությունը։ Լիդերները հաճախ պետք է գտնեն նորարար լուծումներ բարդ խնդիրների համար, և ընթերցանությունը կարող է օգնել զարգացնել այդ հմտությունը: 
 
9. Լավ գրականությունը ծանոթացնում է լեզվի նրբություններին, պատմելու արվեստին, համոզիչ արտահայտվելու ձևերին և զարգացնում է հաղորդակցման հմտությունները: Լիդերները, ովքեր կարող են հստակ և ոգեշնչող կերպով հաղորդակցվել, ավելի հեշտությամբ են համախմբում մարդկանց իրենց գաղափարների շուրջ: 
 
10.Գեղարվեստական ստեղծագործությունները հաճախ ներկայացնում են բարոյական, սոցիալական կամ հոգեբանական բարդ իրավիճակներ: Դրանք ընկալելով և վերլուծելով՝ ընթերցողը սովորում է մտածել խորությամբ և կայացնել կշռադատված որոշումներ՝ հաշվի առնելով տարբեր տեսանկյուններ, ինչը կարևոր է առաջնորդի համար: 
 
Հ.Գ. Մեծ արվեստի իմաստը ոչ թե մեզ լավ զգալ ստիպելն է, այլ մեզ ավելին զգալ ստիպելը՝ խորը, լայն, իսկական: Դրան է միտված նաև լավ գեղարվեստական գրականությունը։ 
 
Իսկ այժմ առաջարկենք մի քանի գրքեր, որոնք նպաստում են առաջնորդության հմտությունների զարգացմանը: Հիշեցնենք, որ առաջարկվող գրքերից որոշները ցույց են տալիս ոչ թե ինչպիսի առաջնորդ պետք է լինել, այլ թե ինչպիսի առաջնորդ պետք է չլինել: 
 
Ուիլյամ Գոլդինգ — Ճանճերի տերը 
Լիդերը պետք է հավասարակշռի իշխանությունն ու պատասխանատվությունը: Հարփըր
 
Լի — Ծաղրասարյակ սպանելը… 
Լիդերը պետք է կարողանա պաշտպանել ճիշտը՝ անկախ հանգամանքներից: 
 
Կազուո Իշիգուրո — Օրվա մնացորդը  
Լավ առաջնորդը պետք է հավատարիմ լինի իր գործին, բայց նաև պետք է հասկանա, թե երբ է անհրաժեշտ կանգ առնել և հաշվի առնել սեփական կարիքները կամ թիմի բարեկեցությունը: Չափից դուրս հավատարմությունը կարող է կուրացնել: Պետք է ի վիճակի լինել ինքնադիտարկման և սխալներն ընդունելու: Լիդերը, ով չի կարողանում վերլուծել իր որոշումները և ընդունել սխալները, չի կարող աճել: Առաջնորդությունը ներառում է անցյալի հետ հաշտվելու և ապագայում ավելի լավը դառնալու կարողություն: Լիդերները պետք է հավասարակշռություն գտնեն պրոֆեսիոնալ վարքի և մարդկային ջերմության միջև, քանի որ թիմը ոգեշնչվում է ոչ միայն հրամաններից, այլև անկեղծ հարաբերություններից: Լավ լիդերը պետք է կարողանա տարբերակել ճիշտն ու սխալը և պատրաստ լինի պաշտպանել իր սկզբունքները, նույնիսկ եթե դա նշանակում է հակառակվել վերադասին:
 
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ — Մեծն Գեթսբին 
Լիդերությունը պահանջում է երազանքներ, բայց նաև խելամտություն՝ դրանք իրականացնելու համար: Գեթսբին կարող է ոգեշնչել լիդերներին լինել համարձակ և խարիզմատիկ, բայց նրա անկումը հիշեցնում է, որ առանց բարոյական կողմնացույցի և ճկունության՝ երազանքները կարող են վերածվել մղձավանջի։
 
Հերման Հեսսե – Սիդհարթհա 
Վեպը պատմում է մի մարդու մասին, ով ամեն կերպ փորձում է «հաշտեցնել բիզնեսն ու հոգևոր վիճակները»: 
 
Ջ. Ռ. Թոլքին — Մատանիների տիրակալը
Թիմային աշխատանքի, դիմացկունություն և սեփական օրինակով առաջնորդության լավ օրինակ է։
 
 
 
Եվս մի քանի գրքեր թվարկենք. 
 
Ժյուլ Վեռն – Տասնհինգամյա նավապետը 
Առաջնորդության ստանձնում դժվարին պայմաններում. սովորեցնում է պատասխանատվություն, համարձակություն և արագ որոշումներ կայացնելու կարևորությունը:
Հերման Մելվիլ – Մոբի Դիք 
Առաջարկում է առաջնորդության դասեր՝ ցույց տալով վրեժխնդրության և մոլուցքի վտանգները։
 
Մարկ Տվեն — Թոմ Սոյերի արկածները
Ցույց է տալիս,  թե ինչպես կարող է երիտասարդը ազդել ուրիշների վրա և առաջնորդել ընկերներին ստեղծարարությամբ ու խիզախությամբ:
Պաոլու Կոելյու – Ալքիմիկոսը 
Տեսլականի, ինքնավստահության և նպատակասլաց ճանապարհի մասին է։
 
Ֆրենկ Հերբերտ — Դյուն
Ռազմավարության մշակում, կարեկցանք և տեսլական` ոգեշնչելու ուրիշներին։ Սովորեցնում է, որ առաջնորդը պետք է ունենա ատապտացման ունակություն, մշակութային զգայունություն և պատասխանատվություն՝ իշխանությունը օգտագործելու ընդհանուրի բարօրության համար։
 
 
Սյուզան Քոլինզ — Քաղցած խաղեր
Բարդ իրավիճակներում և պայքարում առաջնորդության, զոհողության և ժողովրդի ոգեշնչման մասին է։
Ուիլյամ Շեքսպիր — Հենրիխ IV
Ցույց է տալիս խիզախության, ոգեշնչող խոսքի և ռազմավարական մտածողություն կարևորությունը: Այն սովորեցնում է, որ առաջնորդությունը ծնվում է պատասխանատվությունից, համախմբելու կարողությունից և ճգնաժամում դրսևորվող վճռականությունից:
 
 
Քսենոփոն – Կյուրոպեդիա 
Պետական ղեկավարի օրինակ, տարբեր մշակութային և դասակարգային հարթությունների մարդկանց ղեկավարելու մասին է։
 
 Մի քանի ոչ գեղարվեստական գրքեր, որոնք համարվում են լավագույնը անձնական աճի և առաջնորդության ձևավորման հարցում: 
 
Ջեյմս Քլիըր – Ատոմային սովորություններ 
Ջոն Մաքսվել – Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները 
Շոն Քովի – Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորությունները 
Ռոբերտ Չալդինի – Ազդեցության հոգեբանություն
Բոդո Շեֆեր — Հաղթողների երեսուն օրենքները
Սենեկա –Նամակներ Լուցիլիուսին բարոյական կյանքի մասին 
Մաքիավելի – Տիրակալը 
Գյուստավ լը Բոն – Ամբոխների հոգեբանությունը 
Արիստոտել – Հռետորիկա 
Մարկուս Ավրելիուս — Խորհրդածություններ 
 
Հ.Գ. Շարքը բաց է, մեկնաբանություններում կարող եք ավելացնել ձեր կարծիքով այս թեմայով գրքեր:
 
Եվ հիշեք, անգամ գեղարվեստական գրականության ընթերցումը ձեզ ոչ թե պետք է հանգեցնի այն մտքին, որ փորձեք նմանվել՝ ավելի շատ նմանակելով, այլ այն միմիայն պետք է օգնի ձեր յուրօրինակ անհատականության ձևավորմանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top