հայ
Եկեղեցու Հայաստանյայց անվանումը գրաբարից թարգմանվում է և՛ որպես տեղանուն՝ Հայաստանի, և՛ որպես հայերի, հայոց, հայկական:
1. Պատմական հիմնադրումը և պետականացումը
Հայ Եկեղեցու ինքնությունը խարսխված է առաքելականության և պետականակերտման սկզբունքների վրա, որոնք սահմանել են նրա ուրույն տեղը համաքրիստոնեական տաշխարհում։
- Առաքելական ծագում. Եկեղեցին կոչվում է «Առաքելական», քանի որ նրա հիմնադրման ակունքներում կանգնած են Հիսուս Քրիստոսի անմիջական աշակերտները՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոսառաքյալները։
- Պետական կրոնի հռչակում (301 թ.). Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։ Այս շրջադարձային իրադարձությունը տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզչության և Տրդատ Գ Մեծ թագավորի հրովարտակի շնորհիվ։
2. Դավանաբանություն և Տիեզերական ժողովներ
Հայ Եկեղեցին պատկանում է Արևելյան հնագույն (Ոչ-քաղկեդոնական) ուղղափառ եկեղեցիների ընտանիքին։ Հայոց Եկեղեցին Ս․ Հաղորդության մեջ է Ղպտի, Ասորի, Հնդիկ Մալանկարա և Եթովպական դավանակից Եկեղեցիների հետ: Աստվածաբանական վարդապետությունը հիմնված է բացառապես առաջին երեք Տիեզերական ժողովների (Նիկիայի 325թ․, Կ. Պոլսի 381 թ. և Եփեսոսի 431 թ.) որոշումների վրա, որոնք հանդիսանում են ուղղափառ հավատքի հիմնասյուները: Հայ Եկեղեցին մերժում է 451 թ. Քաղկեդոնի ժողովը։ Այս մերժումը պայմանավորված էր «երկու բնություն» տերմինաբանության որդեգրմամբ, ինչը Հայ հայրապետների կողմից ընկալվեց որպես վտանգավոր միտում՝ Քրիստոսին երկու առանձին էակների պառակտելու (Նեստորականություն), ինչը խաթարում էր փրկագործության խորհուրդը։ Միաֆիզիտությունն ընդդեմ Միաբնակության (Մոնոֆիզիտության) Հայ Եկեղեցու քրիստոսաբանությունը հաճախ թյուրիմացաբար շփոթում են Միաբնակության (Մոնոֆիզիտության) հետ, մինչդեռ մեր դավանանքը հստակորեն Միաֆիզիտական (միութենաբնակություն) է։- Միաբնակություն (Մոնոֆիզիտություն — Monophysitism). Եվտիքեսի հերձվածն է, ըստ որի Քրիստոսի աստվածային բնությունը կլանել է մարդկայինը։ Հայ Եկեղեցին խստորեն նզովում է այս ուսմունքը։
- Միաֆիզիտություն (Miaphysitism). Հիմնված է Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացելոյ» (Մարմնացած Աստծուն Բանի բնությունը մեկ է) բանաձևի վրա։ Այստեղ «Միա» (Mia) նշանակում է «միավորյալ մեկ» կամ «բաղադրյալ մեկ», ի տարբերություն «Մոնո»-ի, որը նշանակում է «եզակի/սոսկ մեկ»։
Հավատո Հանգանակ (Հավատամք, դոգմա)
«Հավատո հանգանակը» (կամ «Հավատամքը») քրիստոնեական հավատքի հիմնարար դրույթների, աստվածաբանական ճշմարտությունների և դավանանքի համառոտ ու ճշգրիտ բանաձևումն է։ Այն Սուրբ Պատարագի, Ժամերգությունների և եկեղեցական հիմնական ծեսերի (օրինակ՝ Մկրտության) անբաժանելի մասն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ըստ այսմ ընդունում է քրիստոնեական Ընդհանրական Եկեղեցու երեք տիեզերաժողովների՝ Նիկիայի (325թ․, նզովել է Արիոսն ու Արիոսականությունը), Կոստանդնուպոլսի (381թ․, նզովել է Մակեդոնին՝ Կ․ Պոլսի նախկին պատրիարքին, և մակեդոնականներին՝ հոգեմարտներին՝ Սուրբ Հոգու դեմ մարտնչողներին) և Եփեսոսի (431թ․, նզովել է Նեստորն ու Նեստորականությունը) սահմանած Հավատի հանգանակները, որոնք ի մի են բերվել և մինչ օրս էլ արտասանվում են Հայոց Եկեղեցում՝ որպես մեկ ընդհանուր հավատի խոստովանություն։- Մուտքը Հայաստան: Հայոց եկեղեցուց Նիկիայի ժողովին մասնակցում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակես հայրապետը: Նա ժողովի որոշումներն ու սահմանած Հանգանակը բերում է Հայաստան:
- Գրիգոր Լուսավորչի հավելումը: Ըստ ավանդության՝ ծանոթանալով հանգանակին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հաստատում է այն և վերջում ավելացնում փառաբանական մի հատված, որն արտասանվում է մինչ օրս. «Իսկ մեք փառաւորեսցուք որ յառաջ քան զյաւիտեանս…» (Իսկ մենք փառավորենք Նրան, Ով հավիտյաններից առաջ է…):
«Հավատամքի» առանցքային դրույթները
- Միաստվածություն և Աստված-Արարիչ: Հավատք մեկ Աստծո՝ Ամենակալ Հոր նկատմամբ, ով արարիչն է երկնքի և երկրի, տեսանելի և անտեսանելի ամեն ինչի:
- Քրիստոսաբանություն: Հավատք Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Միածին Որդու նկատմամբ: Խստորեն շեշտվում է, որ Նա ոչ թե ստեղծվել է, այլ ծնվել է Հայր Աստծուց (Նրա բնությունից), ուստի «համագո» է (նույն էությունն ունի) Հորը: Աստված է Աստծուց, լույս՝ լույսից:
- Մարդեղություն և Փրկագործություն: Քրիստոսը մարդկանց և մեր փրկության համար իջավ երկնքից, մարմնացավ Սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգու զորությամբ: Նա դարձավ կատարյալ մարդ, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, համբարձվեց երկինք և նստեց Հոր աջ կողմում:
- Սուրբ Հոգի: Հավատք Սուրբ Հոգու նկատմամբ, որն անեղ է ու կատարյալ, խոսել է Օրենքներում (Հին Կտակարանում), մարգարեների և ավետարանների միջոցով, և իջել է Հորդանան գետում:
- Եկեղեցի և Խորհուրդներ: Հավատք միակ, ընդհանրական (տիեզերական) և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության հանդեպ:
- Վախճանաբանություն (Էսխատոլոգիա): Հավատք մեռելների հարության, Քրիստոսի երկրորդ գալստյան, արդար դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի հանդեպ:
Կանոնագիրք Հայոց
«Կանոնագիրք Հայոց»-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական իրավական և օրենսդրական գլխավոր ժողովածուն է։ Միջնադարում այն ծառայել է որպես համապարփակ սահմանադրություն և օրենսգիրք, որը կարգավորել է ոչ միայն եկեղեցու ներքին կյանքը, այլև ողջ հայ հասարակության իրավական, ընտանեկան և բարոյական հարաբերությունները։ Առաջին և հիմնական խմբագրումը կատարել է Հովհաննես Գ Օձնեցի (Իմաստասեր) կաթողիկոսը 719 թվականին և բաղկացած է եղել 24 կանոնախմբերից: (8-րդից մինչև 17-րդ դար) Կանոնագիրքը շարունակաբար հարստացվել է նոր հայրապետական և ժողովական կանոններով, XVII դ. ընդգրկել 98 կանոնախումբ: 24 կանոնոնախմբերից 15-ը թարգմանական են և սերում են հուն. կանոններից։ Դրանք են` առաքելական առաջին («Կանոնք առաքելականք») և երկրորդ («Երկրորդ առաքելական կանոնք»), «Հարանց հետևողաց», երեք տիեզերական ժողովների (Նիկիայի՝ 325, Կ. Պոլսի՝ 381, Եփեսոսի՝ 431), տեղական վեց ժողովների (Անկյուրայի, Նեոկեսարիայի, Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Սարդիկեի), ինչպես նաև Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու և Սևանտոսի կանոնախմբերը։ Մյուս 9 կանոնախմբերն ազգային-եկեղեցական ժողովների և Հայ եկեղեցու հայրերի՝ Գրիգոր Ա Լուսավորչի, Սահակ Ա Պարթևի, Դվինի, Շահապիվանի եկեղեցական ժողովի, Հովհաննես Ա Մանդակունու, Սահակ Գ Ձորոփորեցու, Հովհաննես Գ Օձնեցու և այլոց կանոնախմբերն են։ Կանոններն օգտագործվել են եկեղեցական կառավարման, ծիսական և կրոնական կյանքի, քաղաքացիական և ընտանեկան կյանքի կարգավորումների համար:3․ Հայ Եկեղեցու խորհուրդները
Մկրտություն Սա քրիստոնեական կյանքի մուտքն է։ Մկրտությամբ մարդը մաքրվում է սկզբնական (Ադամական) մեղքից, վերստին է ծնվում հոգևոր կյանքի համար և դառնում Քրիստոսի եկեղեցու անդամ։ Արարողությունը կատարվում է ջրով։ Մարդը կյանքում կարող է մկրտվել մեկ անգամ: Դրոշմ (Կնիք, Կնունք) Անմիջապես հաջորդում է Մկրտությանը։ Քահանան Սրբալույս Մյուռոնով օծում է մկրտվողի մարմնի տարբեր մասերը (ճակատ, աչքեր, ականջներ, շուրթեր, սիրտ և այլն)։ Դրոշմի միջոցով հավատացյալը ստանում է Սուրբ Հոգու շնորհները, որոնք զորացնում են նրան հոգևոր կյանքում։ Ապաշխարհություն Հավատացյալին նախապատրաստում է Հաղորդության խորհրդին։ Ապաշխարելուն նախորդում է մեղքերի խոստովանությունը, որը լինում է անհատական՝ անձն ուղիղ քահանային է խոստովանում մեղքերը, և ընդհանրական՝ Պատարագից առաջ: Հաղորդություն Հավատացյալը ճաշակում է Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը՝ հացի (նշխար՝ անթթխմոր հաց) և անապակ գինու տեսքով։ Սա խորհրդանշում է մարդու հոգևոր միավորումը Քրիստոսի հետ և կյանքի հավիտենականության խոստումը։ Կարգ Հիվանդաց կամ Վերջին օծում Վերջին օծում հիմնականում կատարվում է մահացած հոգևորականների համար: Կարգ ձեռնադրության Ձեռնադրությամբ Սուրբ Հոգու շնորհն ու իշխանությունն են ստանում՝ եկեղեցուն ծառայելու, Աստծո խոսքը քարոզելու և եկեղեցական մյուս խորհուրդները կատարելու համար։ Ձեռնադրությունն ապահովում է առաքելական շարունակականությունը և շնորհների փոխանցումը: Պսակ ամուսնության Հայ եկեղեցին ընդունում է միայն տղամարդու և կնոջ ամուսնությունը: Ինչպես տեսնում ենք սրանք թվով 7-ն են, սակայն սկզբնական շրջանում ընդունված էին 2-ը` Մկրտությունն ու Հաղորդությունը, որոնք հաստատված էին ուղղակի Հիսուս Քրիստոսի կողմից, իսկ խորհուրդների թվի 7 բարձրացումը տեղի է ունեցել մինչ 12-րդ դարի սկիզբը: Հայ Եկեղեցում օրհնության կարգերն ի տարբերություն խորհուրդների թվի` շատ են: Դրանք են. աղի, սպասքի, պատկերի, նոր տան, նշանի, սեղանի, ջրհորի, սկիհի, մաղզմայի և այլ օրհնության կարգեր:4. Կառուցվածքը, Նվիրապետական կարգ և Աստիճանակարգություն
Հայ Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը բաղկացած է չորս Աթոռներից.- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն՝ Գերագույն հոգևոր կենտրոն)։ Պատմության ընթացքում, երկրի անկախության կորստի և անվտանգության նկատառումներից ելնելով, կաթողիկոսական աթոռը բազմիցս տեղափոխվել է (Դվին, Անի, Հռոմկլա, Սիս և այլն)։ 1441 թվականին Վաղարշապատի Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ այն վերջնականապես վերադարձավ և հաստատվեց Սուրբ Էջմիածնում։
- Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն (Նստավայրը՝ Անթիլիաս, Լիբանան)։ Երբ 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Կիլիկիայի մայրաքաղաք Սիսից վերադարձավ Էջմիածին, Կիլիկիայում մնացած հոգևորականներն ու ժողովուրդը, հաշվի առնելով տեղի մեծաթիվ հայության հոգևոր կարիքները, որոշեցին պահպանել կաթողիկոսական աթոռը և ընտրեցին նոր կաթողիկոս: Այն գործեց Սիսում մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որից հետո, ի վերջո, հանգրվանեց Լիբանանի Անթիլիաս քաղաքում (1930 թ.), որտեղ էլ գործում է առ այսօր:
- Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն — Հիմնադրվել է 638 թվականին: Երուսաղեմի հայոց առաջին պաշտոնական պատրիարքը եղել է Աբրահամ Ա-ն (գահակալել է 638-669 թթ.)։ Օմար խալիֆը հատուկ հրովարտակով 638 թ. ճանաչեց հայոց ինքնուրույնությունը և ապահովեց հայկական եկեղեցիների ու կալվածքների անվտանգությունը:Պատրիարքության կենտրոնն ու աթոռանիստը Սրբոց Հակոբյանց վանքն է, որը գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքի հարավարևմտյան մասում՝ Հայկական թաղամասում։
Աղթամարի Կաթողիկոսություն (1113 — 1895/1916 թթ.)
Հիմնադրվել է Վանա լճի Աղթամար կղզում 1113 թվականին: Առաջացել է որպես հակաթոռ, երբ տեղի արքեպիսկոպոս Դավիթ Թոռնիկյանը հրաժարվեց ընդունել երիտասարդ Գրիգոր Գ Պահլավունու ընտրությունը որպես Ամենայն Հայոց կաթողիկոս և իրեն հռչակեց կաթողիկոս: Հետագա դարերում հակամարտությունը հարթվեց, և Աղթամարը ճանաչվեց որպես տեղական նշանակության կաթողիկոսություն (ենթակա Էջմիածնին): Այն փաստացի դադարեց գործել 1895 թվականին, իսկ պաշտոնապես լուծարվեց 1916-ին:
Աղվանից (կամ Գանձասարի) Կաթողիկոսություն (4-րդ դար — 1815 թ.)
Ստեղծվել է 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Սուրբ Գրիգորիսի կողմից: Սպասարկել է պատմական Հայաստանի արևելյան նահանգների (Արցախ, Ուտիք) և հարևան քրիստոնյա աղվանների հոգևոր կարիքները: Այն միշտ եղել է Հայ եկեղեցու անբաժան մասը և գործել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գերագահության ներքո: 15-րդ դարից կենտրոնը տեղափոխվել է Գանձասարի վանք: 1815 թվականին Ռուսական կայսրության որոշմամբ այն վերածվեց Մետրոպոլիտության (արքեպիսկոպոսության), այսինքն՝ դադարեց կաթողիկոսություն լինելուց: Հայ և վրաց եկեղեցիների պատմական ակունքները և կապի խզումը Վրաստանում քրիստոնեության տարածումը կապվում է Սուրբ Նունեի (վրացական ավանդությամբ՝ Սուրբ Նինո) անվան հետ, որը, ըստ հայկական աղբյուրների, Հռիփսիմյանց կույսերի հետ Հայաստան եկած և ապա Վրաստան (Վիրք) անցած կույսերից էր։ Մինչև 6-րդ դարի վերջը երկու եկեղեցիներն էլ ունեին նույն դավանանքը։ 506 թվականին Դվինի Առաջին եկեղեցական ժողովում հայ, վրաց և աղվանից եկեղեցիների ներկայացուցիչները միասնաբար մերժեցին Քաղկեդոնի ժողովի (451 թ.) որոշումները՝ մնալով հավատարիմ Եփեսոսի ժողովի «միութենաբնակ» ուղղափառությանը։ Այս շրջանում Վրաց եկեղեցին որոշակիորեն ենթակա էր կամ սերտորեն կապված էր Հայոց Կաթողիկոսությանը։ Հաճախ վրաց կաթողիկոսների (կամ գլխավոր եպիսկոպոսների) ձեռնադրությունը հաստատվում կամ կատարվում էր Հայոց Կաթողիկոսի կողմից։ 6-րդ դարի վերջին Բյուզանդիան մեծացրել էր իր ազդեցությունը Կովկասում։ Վրաստանի իշխանություններն ու հոգևոր դասը նպատակահարմար գտան քաղաքականապես և հոգևորապես միավորվել հզոր Բյուզանդիայի հետ՝ ընդունելով հունական (քաղկեդոնական) դավանանքը։ Կյուրիոն կաթողիկոսը (որը, ի դեպ, կրթություն էր ստացել Հայաստանում և հրաշալի տիրապետում էր հայերենին), դառնալով Վրաց հայրապետ, սկսեց բացահայտորեն հակվել դեպի քաղկեդոնականությունը և հաղորդություն հաստատեց հույների հետ։ Աբրահամ Ա կաթողիկոսը երեք անգամ պաշտոնական նամակներ հղեց Կյուրիոնին՝ հորդորելով նրան ետ կանգնել այդ քայլից և չդավաճանել հայրերի ընդունած հավատքին ու երկու ազգերի դաշինքին։ Կյուրիոնը խուսափողական պատասխաններ էր տալիս կամ արհամարհում էր դրանք՝ վերջնականապես հաստատելով իր հավատարմությունը Բյուզանդական եկեղեցուն։ Տեսնելով, որ Կյուրիոնն անդրդվելի է, Աբրահամ Ա Աղբաթանեցի կաթողիկոսը 608/609 թվականին Դվինում հրավիրում է եկեղեցական ժողով (Դվինի Գ ժողովը) և հատուկ շրջաբերականով (կոնդակով) խզում է հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ։Տեղական կառավարում (Թեմեր և Ծխեր)
- Թեմեր (Առաջնորդարաններ): Հայաստանում և Սփյուռքում եկեղեցին վարչականորեն բաժանված է թեմերի (օրինակ՝ Արարատյան Հայրապետական թեմ, Շիրակի թեմ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ և այլն)։ Թեմը ղեկավարում է Առաջնորդը (սովորաբար՝ եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս), ում կառավարման գործում աջակցում է Թեմական խորհուրդը:
- Ծուխեր: Թեմի ներսում գործող տեղական համայնքներն են (առանձին եկեղեցիները), որոնք ունեն իրենց հոգևոր հովիվը (քահանան) և Ծխական խորհուրդը, որն էլ հոգում է տվյալ համայնքի և եկեղեցու տնտեսական ու կազմակերպչական հարցերը։
Կառավարման բարձրագույն մարմիններ
- Ազգային-եկեղեցական ժողով: Եկեղեցու բարձրագույն օրենսդիր և գերագույն իշխանության մարմինն է։ Այն է ընտրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և քննարկում եկեղեցական կարևորագույն, համազգային նշանակության հարցեր: Ժողովին մասնակցում են և՛ հոգևորականներ, և՛ աշխարհական ներկայացուցիչներ՝ աշխարհասփյուռ բոլոր հայկական թեմերից:
- Եպիսկոպոսաց ժողով: Քննում է եկեղեցու դավանաբանական, կանոնական, ծիսական և հովվական հիմնախնդիրները: Բաղկացած է Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից և արքեպիսկոպոսներից:
- Գերագույն հոգևոր խորհուրդ (ԳՀԽ): Եկեղեցու բարձրագույն գործադիր մարմինն է, որը նախագահում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այն զբաղվում է եկեղեցու ամենօրյա վարչական, տնտեսական և հոգևոր-կազմակերպչական խնդիրներով:
- Եկեղեցական ներկայացուցչական ժողով: Գործում է Ազգային-եկեղեցական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կողքին։ Սա վարչատնտեսական և խորհրդակցական մարմին է, որը հիմնականում քննարկում է եկեղեցու տնտեսական, ֆինանսական և ծրագրային հարցերը:
| Հոգևոր աստիճան | Կարգի նկարագրություն | Դիմելաձև |
| Կաթողիկոս | Եկեղեցու նվիրապետության գլուխ, օծյալ հայրապետ։ | Աստված օգնական Վեհափառ Տեր / Նորին Սուրբ Օծություն |
| Պատրիարք | Նվիրապետական Աթոռի առաջնորդ։ | Սրբազան հայր / Ամենապատիվ Տեր |
| Արքեպիսկոպոս / Եպիսկոպոս | Թեմակալ առաջնորդներ. միայն նրանք ունեն քահանա ձեռնադրելու իրավունք։ | Աստված օգնական Սրբազան հայր / Գերաշնորհ Սրբազան |
| Վարդապետ (Ծայրագույն/Մասնավոր) | Կուսակրոն հոգևորական, ուսուցիչ | Աստված օգնական Հայր սուրբ / Հոգեշնորհ Հայր սուրբ |
| Աբեղա | Կուսակրոն քահանա | Աստված օգնական Հայր սուրբ |
| Քահանա (Ավագ/Քահանա) | Ամուսնացյալ հոգևորական, ծխական հովիվ։ | Օրհնեցեք Տեր հայր / Արժանապատիվ Տեր հայր |
| Սարկավագ | Սպասավոր, քահանայի օգնական։ | Բարեշնորհ սարկավագ |
| Դպիր | Եկեղեցական ստորին աստիճանավոր։ | Դպիր / Եղբայր |
5․ Ծես և դրա բաղկացուցիչներ
Ծիսական արարողությունների ժամանակ օգտագործված սպասքը
| 1 | Սկիհ | 8 | Քշոց | 15 | Կերոն |
| 2 | Մաղզմա | 9 | Խաչվառ | 16 | Կանթեղ |
| 3 | Բաժակաման | 10 | Մեռոնաթափ աղավնի | 17 | Խաչ |
| 4 | Մասնատուփ | 11 | Բթնոց (Մեռոնանիշ) | 18 | Ճաճանչ |
| 5 | Բուրվառ | 12 | Կոնք | 19 | Շուշփա |
| 6 | Խնկանոց | 13 | Ջրաման | 20 | Բոժոժ |
| 7 | Տապանակ | 14 | Աշտանակ |
| 1 | Վերարկու (Սքեմ) | 10 | Սաղավարտ | 19 | Եմիփորոն |
| 2 | Պարեգոտ (Կապա) | 11 | Փորուրար | 20 | Պանակե |
| 3 | Վեղար | 12 | Գոտի | 21 | Կոնքեռ |
| 4 | Փիլոն | 13 | Բազպան | 22 | Արծվագորգ |
| 5 | Գավազան | 14 | Թաշկինակ (Սրբիչ) | 23 | Ամպհովանի |
| 6 | Հողաթափ | 15 | Վակաս | 24 | Վեղարի խաչ |
| 7 | Շապիկ (նաև քահանայի) | 16 | Շուրջառ | 25 | Ասա |
| 8 | Ուրար | 17 | Խույր (Թագ) | ||
| 9 | Բազկուրար | 18 | Արտախուրակ |
- 1. Վերարկու (Սքեմ)-Հոգևորականի ամենօրյա արտաքին սև վերնազգեստը: Պարեգոտ (Կապա)-Մինչև կրունկները հասնող ամենօրյա զգեստ, որը հագնում են վերարկուի տակից։ 3. Վեղար — Սրածայր գագաթով սև գլխանոց, որը կրում են միայն կուսակրոն հոգևորականները (աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս)՝ ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարման: 4. Փիլոն-Ծիսական թիկնոց, որը հոգևորականները հագնում են ժամերգությունների և այլ արարողությունների ժամանակ (բայց ոչ բուն Պատարագին): 5. Գավազան-Հովվական իշխանությունը խորհրդանշող ձեռնափայտ՝ վերևում օձագլուխ կամ խաչաձև զարդարանքով: 6. Վեղարի խաչ-Վեղարի ճակատային հատվածում ամրացված փոքրիկ խաչ, որը կրում են Կաթողիկոսն ու Պատրիարքները (նաև որոշ արքեպիսկոպոսներ)՝ ի նշան բարձրագույն հոգևոր իշխանության: 7. Ասա-Պարզ, հիմնականում փայտե ցուպ (ձեռնափայտ), որն ամենօրյա կյանքում օգտագործում են բարձրաստիճան հոգևորականները:
Սուրբ Պատարագի զգեստներ (քահանայի համար)
- Հողաթափ՝ մուճակ — Հատուկ ծիսական կոշիկներ, որոնք պատարագիչը հագնում է Սուրբ Պատարագի ժամանակ (երբեմն դրանք հանում է ի նշան խոնարհության): 7. Շապիկ — Պատարագչի հիմնական, ճերմակ և մինչև կրունկները հասնող զգեստն է, որը խորհրդանշում է հոգու մաքրությունը: 10. Սաղավարտ — Թագանման գլխանոց, որը Պատարագի ժամանակ կրում են ամուսնացյալ քահանաները՝ խորհրդանշելով փրկության սաղավարտը և Քրիստոսի փշե պսակը: 11. Փորուրար — Վզով անցնող և կրծքի վրայով իջնող լայն երիզ (ուրարի կրկնապատիկը), որը խորհրդանշում է Քրիստոսի լուծը: 12. Գոտի — Շապիկի և փորուրարի վրայից կապվող կտորե ժապավեն, որը խորհրդանշում է ծառայության պատրաստակամությունը: 13. Բազպան — Պատարագչի դաստակներին հագցվող թևքեր, որոնք խորհրդանշում են Քրիստոսի կապանքները: 14. Թաշկինակ (Սրբիչ) — Գոտուց կախված կտոր, որով պատարագիչը սրբում է ձեռքերը և Սկիհը: 15. Վակաս — Պարանոցը ծածկող կոշտ և բարձր օձիք, որը խորհրդանշում է մոլորված ոչխարին (մարդկությանը), որին Քրիստոսն իր ուսերի վրա առավ: 16. Շուրջառ — Պատարագչի արտաքին գլխավոր գմբեթաձև թիկնոցն է, որը խորհրդանշում է աստվածային շնորհների հովանին:
Սպասավորների (սարկավագ, դպիր) պարագաներ 8. Ուրար — Սարկավագի ձախ ուսից կախվող նեղ ու երկար երիզ: 9. Բազկուրար — Կիսասարկավագների ձախ բազկին (թևքին) կրվող փոքրիկ ուրար:
Եպիսկոպոսական և Կաթողիկոսական զգեստներ ու պարագաներ 17. Խույր (Թագ) — Պատարագի ժամանակ եպիսկոպոսների և կաթողիկոսի կողմից կրվող ճոխ զարդարված թագ (սաղավարտի փոխարեն)։18. Արտախուրակ — Խույրի (թագի) ծոծրակային հատվածից կախված երկու զարդարուն երիզներ: 19. Եմիփորոն — Եպիսկոպոսի ուսերին և կրծքին խաչաձևվող լայն զարդարուն ժապավեն, որը խորհրդանշում է եպիսկոպոսական լիակատար իշխանությունը: 20. Պանակե — Եպիսկոպոսների և կաթողիկոսի կրծքին կրվող օվալաձև սրբապատկերով կրծքազարդ: 21. Կոնքեռ — Շեղանկյունաձև զարդարուն կտոր, որը կախվում է եպիսկոպոսի (կամ կաթողիկոսի) աջ կողքից՝ որպես հոգևոր սրի և արդարության խորհրդանիշ: 22. Արծվագորգ — Արծվի պատկերով հատուկ փոքրիկ գորգ, որի վրա կանգնում է եպիսկոպոսը եկեղեցական արարողությունների ընթացքում։ 23. Ամպհովանի — Չորս ձողերի վրա բարձրացվող ճոխ հովանոց, որը հոգևորականները բռնում են Կաթողիկոսի գլխավերևում հանդիսավոր թափորների ժամանակ:
Ծիսական մատյաններ
Հայ Եկեղեցու ծիսական մատյանները շարադրված են դասական հայերենով (Գրաբար), որը հանդիսանում է մեր լեզվական և աստվածաբանական բացառիկ հարստությունը։Հայ եկեղեցում աստվածպաշտություն, արարողություններ, խորհուրդներ և այլ ծեսեր կատարելու համար գործածվող գրքերը- Ավետարան (Ճաշու, Յուղաբերից)
- Ժամագիրք — Պարունակում է ամենօրյա ինը ժամերգությունների աղոթքները, սաղմոսներն ու քարոզները։ Ներկայիս Հայոց Եկեղեցում գործածվող Ատենի ժամագիրքը նմանությունն է 1915թ. Երուսաղեմում կատարված տպագրության:
- Շարակնոց— Հոգևոր երգերի՝ շարականների ժողովածուն է՝ դասավորված ըստ ութ ձայնեղանակների։ Շարական նշանակում է պատվական, ազնիվ քարերի շարք, այսինքն հոգևոր երգերի շարք: Շարականները լինում են 4 տեսակի` 1.Տերունական, 2.Սրբոց, 3.Պահոց, 4. Հանգստյան կամ Ննջեցելոց: Շարականների վերջնական ընտրությունը կատարել է Գրիգոր Տաթևացի (1346-1409):
- Ճաշոց — Հին ու Նոր Կտակարանների մի ժողովածու է, որի մեջ տարվա բոլոր օրերին, տոներին համապատասխան, տոնացույցի հերթականությամբ, եկեղեցում ընդունված կանոնական գրքերից ընթերցվածներ են: Գրքում կան նաև հայ և օտարազգի սուրբ հայրերի հեղինակած հոգեբուխ աղոթքներ, քարոզներ, տաղեր և գանձեր, որոնք ընթերցվում են որոշ նշանավոր տոների ժամանակ: «Ճաշոց» է կոչվում, որովհետև գիրքն օգտագործվում է հիմնականում Ճաշու ժամերգության ժամանակ, ինչպես նաև պատարագի, Սուրբ Զատկի տոնին հաջորդող 6 օրերի, ճրագալույցների, Ավագ Հիգշաբթի և այլ օրերի ժամանակ:
- Տոնացույց — Եկեղեցական օրացույց, որը սահմանում է տոների, պահքերի և ծիսական կանոնների հերթականությունը։
- Խորհրդատետր (պատարագամատույց)— Հատուկ գիրք պատարագիչ հոգևորականի համար՝ ներառյալ ծածուկ և բարձրաձայն աղոթքները։
- Մաշտոց— Պարունակում է եկեղեցական խորհուրդների (Մկրտություն, Պսակ և այլն) և օրհնությունների կանոնները։ Անունը ստացել է Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի պատվին, որը 9-րդ դարում հավաքել և համակարգել է կանոնները։
- Հայսմավուրք— III դարից կիրառվող այս անվանումը ծագել է գրաբարյան «Յայսմ աւուր»՝ «այս օրը» բառակապակցությունից, ինչով սկսվում է սրբերի պատմությունը), ծիսամատյան, որը պարունակում է սրբերի կյանքի (վարքի) և նահատակության (վկայության) պատմությունները, որոնք հավաքվելով, գրի են առնվել IV դ.՝ Եվսեբիոս Կեսարացու կողմից։
- Գանձարան-Տաղարան
6. Ծիսակարգություն
Սուրբ Պատարագի ծիսակարգի կառուցվածքը
Սուրբ Պատարագը Հայ Եկեղեցու կենտրոնական խորհուրդն է, որը բաղկացած է հետևյալ մասերից.- Պատրաստություն. Պատարագիչ հոգևորականի զգեստավորումը, ձեռքերի լվացումը և խորանի առջև կատարվող նախապատրաստական աղոթքները։
- Երախայից պատարագ (Խոսքի պատարագ). Ներառում է խնկարկությունը, Աստվածաշնչյան ընթերցվածքները (Ավետարան) և Հավատամքը։ Հնում այս մասին կարող էին ներկա լինել դեռևս չմկրտվածները (երախաները)։
- Հավատացելոց պատարագ. Ամենասրբազան հատվածը, որտեղ տեղի է ունենում հացի և գինու սրբագործումը (վերածումը) Քրիստոսի Մարմնի և Արյան, որին հաջորդում է Սուրբ Հաղորդությունը։
- Օրհնություն և Արձակում. Վերջնական աղոթքների, օրհնության և հավատացյալների արձակման պահը։
Օրվա Ժամերգությունները
Հայ Եկեղեցում պատմականորեն սահմանված 9 ժամերգությունները ժամանակի ընթացքում խմբավորվել են 7 հիմնական արարողությունների մեջ.- Գիշերային. Խորհրդանշում է Քրիստոսի աղոթքը Գեթսեմանիում։
- Առավոտյան. Խորհրդանշում է Լույսի ծագումն ու Քրիստոսի Հարությունը։
- Արևագալի. Քրիստոսը՝ որպես Ճշմարիտ Լույս (հիմնականում կատարվում է Մեծ Պահքին)։
- Ճաշու. Իր մեջ միավորում է 3-րդ, 6-րդ և 9-րդ ժամերը։ Խորհրդանշում է Քրիստոսի չարչարանքները, խաչելությունն ու մահը։
- Երեկոյան. Խորհրդանշում է Քրիստոսի խաչից իջեցվելն ու թաղումը։
- Խաղաղական. Աղոթք մտքի և հոգու խաղաղության համար նախքան քունը։
- Հանգստյան. Վերջնական նախապատրաստություն ննջելուն և աստվածային պահպանության խնդրանք։
7. Տոներ
Եկեղեցական տոները հիմնականում բաժանվում են երեք մեծ խմբի՝ Տերունի Տնօրինական (նվիրված Քրիստոսին), Տերունական (Նվիրված Աստվածածնին և Խաչին) և Սրբոց տոների:Տաղավար տոները և դրանց խորհուրդը
«Տաղավար» բառը կապված է հին ժամանակներում տոներին բաց երկնքի տակ վրաններ (տաղավարներ) խփելու և տոնախմբություն անելու ավանդույթի հետ։ Այս հինգ տոներից չորսն ունեն մի ընդհանուր կարևոր առանձնահատկություն. դրանց հաջորդող երկուշաբթի օրը միշտ հայտարարվում է Մեռելոց՝ հանգուցյալների հիշատակության օր, երբ մարդիկ այցելում են գերեզմաններ և հոգեհանգստյան արարողություն պատվիրում։ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոցը կարող է լինել շաբաթվա ցանկացած օր։- Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն (Հունվարի 6)
- Սուրբ Հարություն կամ Զատիկ (Շարժական տոն)
- Պայծառակերպություն կամ Վարդավառ (Շարժական տոն)
- Վերափոխումն Սուրբ Աստվածածնի (Շարժական տոն)
- Խաչվերաց (Շարժական տոն)
Կարևորագույն Տերունի և Աստվածածնի տոներ
- Տեառնընդառաջ (Տրնդեզ): Նշվում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի ծննդից 40 օր հետո։ Տոնը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելը: Ժողովրդական ավանդույթում այն ուղեկցվում է խարույկ վառելու արարողությամբ, որն ունի մաքրագործող խորհուրդ, իսկ եկեղեցին այն հռչակել է որպես նորապսակների օրհնության օր:
- Ծաղկազարդ: Նշվում է Սուրբ Հարությանը (Զատկին) նախորդող կիրակի օրը։ Այն խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Մարդիկ եկեղեցի են գնում ուռենու օրհնված ճյուղերով: Այս օրը նաև մանուկների օրհնության հատուկ կարգ է կատարվում։
- Համբարձում: Նշվում է Զատկից ուղիղ 40 օր անց (միշտ հինգշաբթի): Խորհրդանշում է խաչելությունից և հարությունից հետո Քրիստոսի երկրային առաքելության ավարտը և մարմնով երկինք բարձրանալը (Համբարձվելը): Ժողովրդի մեջ այն հայտնի է նաև որպես Վիճակահանության կամ Ջանգյուլումի տոն:
- Ավետումն Սուրբ Աստվածածնի: Նշվում է ապրիլի 7-ին: Համաձայն Ավետարանի՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Մարիամին ավետում է, որ նա պիտի ծնի Աստծո Որդուն: Հայ եկեղեցում այն նշվում է որպես մայրության և գեղեցկության տոն:
Ազգային-եկեղեցական տոներ (Սրբոց)
Հայ եկեղեցին ունի տոներ, որոնք զուտ հայկական են և միահյուսված են մեր ազգի պատմությանն ու մշակույթին:
- Սրբոց Թարգմանչաց տոն: Սա համաշխարհային քրիստոնեության մեջ բացառիկ տոներից է, որը հոգևոր բարձրագույն աստիճանի է հասցնում գիրն ու գրականությունը, կրթությունն ու թարգմանչական արվեստը: Այն նվիրված է հայոց այբուբենի ստեղծողներին՝ Մեսրոպ Մաշտոցին ու Սահակ Պարթևին, ինչպես նաև նրանց աշակերտներին, որոնք հայերեն թարգմանեցին Աստվածաշունչը (որը կոչվեց «Թագուհի թարգմանութեանց») և անտիկ աշխարհի փիլիսոփայական ու գրական գլուխգործոցները՝ դրանով իսկ փրկելով հայ ինքնությունը անհետացումից։ Տոնը նշվում է հոկտեմբեր ամսին:
- Սուրբ Վարդանանց տոն: Նվիրված է 451 թվականի Ավարայրի ճակատամարտում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Վարդան Մամիկոնյանին և նրա զինակից 1036 վկաներին: Նշվում է Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը և խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում ոգին:
- Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոները: Որպես Հայ եկեղեցու հիմնադիր՝ Լուսավորչին տարվա մեջ նվիրված է երեք կարևոր տոն՝
- Մուտն ի Վիրապ (Խոր Վիրապ բանտարկվելու հիշատակը):
- Ելն ի Վիրապ (13 տարի անց բանտից դուրս գալը և Հայաստանը լուսավորելը):
- Նշխարների գյուտը (նրա սուրբ մասունքների հայտնաբերումը):
- Սուրբ Սարգսի տոն: Զորավար Սարգիսը, նրա որդի Մարտիրոսը և 14 զինվորները հանուն քրիստոնեության նահատակված սրբեր են: Սուրբ Սարգիսը հայ իրականության մեջ համարվում է երիտասարդների և սիրահարների բարեխոս: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում՝ երազում իրենց ապագա կողակցին տեսնելու ակնկալիքով:
8․ Պահք
Հայ Եկեղեցու օրացույցում տարվա օրերի շուրջ կեսը պահք է: Պահքերը լինում են 3 տեսակ` Օրապահքեր, Շաբաթապահքեր և Մեծ պահքեր: 1.Օրապահքեր — Չորեքշաբթի և ուրբաթ օրերն են. չորեքշաբթի` ի հիշատակ Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթ` չարչարանքների: 2.Շաբաթապահքեր — Սրանք թվով 11-ն են, որ լինում են մեծ տոներից առաջ։ 3.Մեծ Պահք(եր) — Հնում 3 Տերունի տաղավար տոներին նախորդել են Մեծի պահոց շրջաններ` Հարություն, Սուրբ Ծնունդ և Վարդավառ: Այժմ սրանցից պահպանվել է միայն Հարության Մեծ Պահքը` 48-օրյա տևողությամբ, որ կոչվում է նաև Քառասնորդական պահք:9․ Ավագ շաբաթ
Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ, այսինքն` Մեծ շաբաթ: «Ավագ» կամ «մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ է ավանդում մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին 7 օրերի տնօրինությունները` ուսուցումներ, չարչարանքներ, խաչելություն, մահ, թաղում, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և Հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «Ավագ» անվանումը: Ինչպես նշեցինք այս շաբաթը կոչվում է «Ավագ», քանի որ իրենում պարունակում է 4 մեծ խորհուրդ. նախ` աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա` այս կյանքի 7 ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի արարչությունից մինչև երկրորդ գալուստը` 7 շրջան է), այնուհետև` Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և վերջապես` աշխարհի վախճանի խորհուրդը: Ղազարոսի հարության հիշատակի շաբաթ օրվան հաջորդող կիրակին` Ծաղկազարդի կիրակին է, որն էլ ավագ շաբաթվա առաջին օրն է, այսինքն ավագ շաբաթն սկսում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որը խորհրդանշում է նաև Տիրոջ երկրորդ գալուստը: Սա խորհրդանշում է գերեզմանից մեռելների ելնելը և Տիրոջն ընդառաջ գնալը, իսկ արմավենիներով ընդառաջ ելնելը` սրբերի ընդառաջ գնալը Տիրոջը: ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ — Անպտուղ թզենու չորացման հիշատակն է: ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ — 10 կույսերի առակի հիշատակն է: ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ — Օծում և մատնության կանխատեսում։ ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ — Վերջին ընթրիք, Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա։ Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը կոչվում է խավարում: Պետք է ասել, որ խավարման կարգը վերաբերում է ավագ ուրբաթի խորհրդին` Տիրոջ ձերբակալությանը, չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը: Խավարում է կոչվում այն պարզ պատճառով, որ Հիսուսի խաչելության ժամանակ արևը կեսօրին խավարեց մինչև ժամը 3-ը, երբ Հիսուս հոգին ավանդեց: Խավարման արարողությունն ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում և ինչպես գիտենք եկեղեցական տոների ու ժամերգությունների սկիզբը կեսգիշերն է։ ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ— Տիրոջ խաչելությունը և թաղումը։ ԱՎԱԳ ՇԱԲԱԹ— Ավագ շաբաթ օրը խորհրդանշում է, որ Քրիստոսն ավերեց մարդկանց հոգիների չարչարանքների տունը` դժոխքը, և բացեց հանգստյան տունը` դրախտը: Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրը ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է ավագ ուրբաթ երեկոյան, իսկ ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Սուրբ Զատկի Ճրագալույցի Պատարագը, որով էլ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետվում Նրա Հրաշափառ Հարությունը մեռելներից: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում յուրաքանչյուր կիրակի կանթեղների մեջ երեկոյան ձեթ էին լցնում և վառում: Սակայն հետագայում ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը հայ եկեղեցում բացառապես կատարվում է Ծննդյան և Հարության տոներին նախորդող երեկոյան: Զատկի` Սուրբ Հարության ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի Հարության ավետիսը, ավարտվում է մեծ պահքը:10. Ազգային Սրբեր և Սրբություններ
Հայ Եկեղեցու հագիոգրաֆիան (սրբախոսությունը) անքակտելիորեն կապված է ազգային-եկեղեցական ինքնության հետ։- Ս. Գրիգոր Լուսավորիչ. Եկեղեցու առաջին հայրապետը։
- Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե. Նահատակ կույսեր, որոնց արյունը դարձավ հայ քրիստոնեության հիմքը։
- Ս. Սահակ Պարթև և Ս. Մեսրոպ Մաշտոց. Գրերի գյուտի և թարգմանչական շարժման առաջնորդներ, որոնք եկեղեցին դարձրին ազգային։
- Ս. Վարդանանք. Հավատքի և հայրենյաց պաշտպանության համար նահատակվածներ (451 թ.)։
- Ս. Գրիգոր Նարեկացի. Տիեզերական եկեղեցու վարդապետ և մեծագույն աստվածաբան-միստիկ։
11․ Եկեղեցիներ և դրանց տեսակներ
Հայկական եկեղեցական ճարտարապետությունը համաշխարհային քրիստոնեական արվեստի ամենաինքնատիպ և ճանաչելի ճյուղերից մեկն է։ Ձևավորվելով վաղ միջնադարում (4-6-րդ դարեր)՝ այն ստեղծել է կառուցողական եզակի լուծումներ, որոնք հետագայում ազդեցություն են ունեցել նաև այլ մշակույթների վրա (օրինակ՝ բյուզանդական և նույնիսկ եվրոպական գոթական ճարտարապետության): Ի տարբերություն աղյուսաշեն կամ փայտաշեն եկեղեցիների, հայկականները բացառապես քարաշեն են (հիմնականում՝ տուֆ և բազալտ): Կառուցվում են «միդիս» կոչվող տեխնիկայով՝ երկու շարք սրբատաշ քարերի արանքում լցվում է կրաշաղախի և ճեղքված քարերի ամուր զանգված, որը դարերի ընթացքում քարանում և դառնում է միաձույլ բետոն (սա է պատճառը, որ մեր եկեղեցիներն այդքան սեյսմակայուն են): Հայկական գմբեթը դրսից երբեք կիսագնդաձև չէ (ինչպես բյուզանդական կամ ռուսական եկեղեցիներում): Այն միշտ ավարտվում է սրածայր, կոնաձև կամ հովանոցաձև վեղարով, որը հենվում է գլանաձև կամ բազմանիստ թմբուկի վրա: Որպեսզի քառակուսի հիմք ունեցող շենքի վրա կլոր գմբեթ դնեն, հայ ճարտարապետները կատարելագործել են «տրոմպների» և «առագաստների» համակարգը՝ անկյուններում ստեղծելով կամարային անցումներ: Ինտերիերը սովորաբար ասկետիկ է և զուսպ: Պատուհանները նեղ են ու բարձր (նման են ճեղքերի), ինչի շնորհիվ ներսում ստեղծվում է խորհրդավոր կիսախավար, իսկ լույսի շողերն ընկնում են ուղիղ Սուրբ Սեղանի և կենտրոնի վրա: Տեսակները- Բազիլիկ (Դահլիճային) տիպ
- Խաչագմբեթ (Կենտրոնագմբեթ) տիպ
- Բազմախորան (Շրջանաձև) տիպ
Եկեղեցու կառուցվածքը
Դասական հայկական եկեղեցին (հատկապես միջնադարյան վանական համալիրներում) ունի հստակ կառուցվածքային և գործառութային բաժանում։ Յուրաքանչյուր հատված ունի իր հոգևոր խորհուրդն ու կիրառական նշանակությունը: Գավիթ կամ Ժամատուն (Նախագավիթ) Սա զուտ հայկական ճարտարապետական երևույթ է, որը սկսեց զանգվածաբար կառուցվել 10-13-րդ դարերում: Գավիթը սովորաբար կցվում է եկեղեցու արևմտյան մուտքին։ Ծառայել է որպես ժողովատեղի, ուսումնական տեղանք, տապանատուն, նաև Պատարագներին այդտեղից հետևել են չմկրտվածները։ Բուն եկեղեցի (Աղոթասրահ կամ Նավ), Բեմ և Ավագ Խորան՝ Սուրբ Սեղան, որը կառուցվում է միշ արևելյան կողմում, Բեմը խորանից բաժանում է Վարագույրը, Ավանդատներ՝ Ավագ խորանի աջ և ձախ կողմերում (հյուսիսային և հարավային) գտնվող սենյակներն են, որոնք ծառայում են որպես հանդերձարան քահանաների և սարկավագների համար (նրանք այստեղ են զգեստավորվում Պատարագից առաջ): Այստեղ են պահվում եկեղեցական սրբազան անոթները, սպասքը, գրքերը, մոմերն ու խունկը։ Մկրտության ավազան (Մկրտարան) — քարե ավազանը ավանդաբար կառուցվում է հյուսիսային պատի մեջ՝ որպես հատուկ որմնախորշ: Նկատենք, որ Մկրտարանները բացակայել են վանական համալիրներում, քանզի դրանք փակ էին լինում աշխարհականների համար։ Խորհուրդները կատարվել են քաղաքային, գյուղական և այլ համայնքային եկեղեցիներում։ Զանգակատները հայկական ճարտարապետության մեջ հայտնվեցին համեմատաբար ավելի ուշ (հիմնականում 10-րդ դարից հետո), դրանք դարձան վանական համալիրների անբաժան մասը։ Դրանք կամ կառուցվում էին եկեղեցու մուտքի, գավթի տանիքի վրա (որպես փոքրիկ սյունազարդ գմբեթ), կամ էլ կառուցվում էին որպես լիովին առանձին, բարձրահասակ շինություն՝ եկեղեցուց քիչ հեռու (օրինակ՝ Հաղպատի հռչակավոր զանգակատունը)։12․ Սրբապատկերներ
Ի տարբերություն բյուզանդական և ռուսական ուղղափառ եկեղեցիների, որտեղ սրբապատկերներն ունեն գրեթե աստվածային պաշտամունքային դեր (պատկերապաշտություն), և ի տարբերություն բողոքականության, որն ամբողջությամբ մերժում է դրանք (պատկերամարտություն), Հայ եկեղեցին հարգում և ընդունում է սրբապատկերները որպես հոգևոր դաստիարակության, աղոթքի և Աստծո հետ կապվելու միջոց:Հայկական եկեղեցում նկարը սրբապատկեր (սրբություն) է դառնում միայն մեկ դեպքում՝ երբ այն օծվում է Սրբալույս Մյուռոնով: Առանց օծման՝ այն պարզապես գեղեցիկ արվեստի գործ է: Օծվելուց հետո հավատացյալն աղոթում է ոչ թե ներկին ու կտավին, այլ պատկերված անձին: Թեև հայկական եկեղեցիների պատերը հաճախ զուրկ են բազմաթիվ սրբապատկերներից ու բավականին զուսպ են, ամենակարևոր և պարտադիր սրբապատկերը Խորանի կենտրոնում գտնվող Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսը գրկին: Ամենահին պահպանված որմնանկարները թվագրվում են 7-րդ դարով՝ Լմբատավանքի, Արուճավանք և Թալինի Կաթողիկե եկեղեցու որմնանկարներն են։ Գեղանկարչության մեջ՝ Էջմիածնի Ավետարանի վերջնամասի մանրանկարները (6-րդ դար՝ 589 թվականով:): Որպես առանձին սրբապատկերներ ամենահինը համարվում են Հովնաթանյանների վրձնին պատկանող նկարները։13․ Խաչքարեր
Խաչքարը զուտ հայկական հոգևոր և ճարտարապետական կոթող է, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ և հոգու փրկությունը։ Ի տարբերություն քրիստոնեական այլ մշակույթների, որտեղ խաչը հաճախ ներկայացվում է զուտ որպես չարչարանքի գործիք, հայկական խաչքարի վրա այն ծաղկած է, տերևարձակող և կենդանի՝ խորհրդանշելով Կենաց ծառը (Դրախտի կորսված ծառը) և հավիտենական կյանքը։
Դասական խաչքարը սովորաբար բաղկացած է երեք հիմնական կառուցվածքային մասերից.
- Խարիսխ (Պատվանդան): Ստորին հատվածն է, որի վրա կանգնեցվում է քարը։ Այն խորհրդանշում է երկրային կյանքը, նյութական աշխարհը, երբեմն նաև՝ Գողգոթա լեռը կամ Հիսուսի գերեզմանը։
- Բուն սալաքարը: Ուղղաձիգ քարն է, որի կենտրոնում քանդակվում է գլխավոր խաչը։ Խաչի անմիջապես տակ սովորաբար գտնվում է վարդյակը (հավերժության նշանը), որը խորհրդանշում է արևը, ժամանակի անվերջությունն ու աստվածային լույսը։ Կենտրոնական հատվածը եզերվում է երբեք չկրկնվող, բարդ ու հյուսվածքազարդ շրջանակով:
- Քիվ (Վերնամաս): Քարի վերևի դուրս ցցված հատվածն է (հաճախ կամարաձև կամ եռանկյունաձև), որը խորհրդանշում է Երկնային արքայությունը։ Այստեղ սովորաբար քանդակվում են Քրիստոսի, հրեշտակների կամ ավետարանիչների պատկերները, ինչպես նաև փորագրվում են հիմնական արձանագրությունները։
- Հայաստանի տարածքում պահպանված ամենահին, հստակ և ստույգ թվագրված խաչքարը գտնվում է Գառնիում։ Դա Աշոտ Ա Բագրատունու կնոջ՝ Կատրանիդե թագուհու խաչքարն է՝ կանգնեցված 879 թվականին։
- Գոշավանքում կանգնեցված, վարպետ Պողոսի հեղինակած «Ասեղնագործ» խաչքարը (1291 թ.) համարվում է ամենագեղեցիկ խաչքարերից մեկը։ Այն աչքի է ընկնում ժանյակ հիշեցնող աներևակայելի նուրբ և մանրակրկիտ քանդակներով: Նույնքան հռչակավոր են Նորավանքի՝ վարպետ Մոմիկի հեղինակած նրբահյուս խաչքարերը:
«Ամենափրկիչ» են կոչվում այն եզակի խաչքարերը, որոնց վրա ավանդական խաչի փոխարեն կամ խաչի վրա անմիջապես քանդակված է Քրիստոսի խաչելության տեսարանը։ Պատմականորեն և արվեստաբանորեն Հայաստանում առանձնացվում են չորս դասական Ամենափրկիչ խաչքարեր՝ բոլորն էլ ստեղծված 13-րդ դարի վերջին տասնամյակներում.
Հաղպատի վանքինը (1273 թ.) — սա ամենահայտնին և ամենահինն է այս շարքում։ Հավուց Թառի վանքինը (1273 թ.) — փայտափորագիր եզակի խաչքար, որն այժմ գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում: Էջմիածնի երկրորդ Ամենափրկիչը — բերվել է այլ վայրից և կրկին պահվում է Մայր Աթոռում: Դսեղ գյուղի խաչքարը (1281 թ.): Ամենափրկիչ է համարվում նաև Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու Հայրապետի և Հրէպէկայի խաչքարը (1653 թ.):14․ Ամենահին ձեռագիրն ու գիրքը
Հայերենով պահպանված հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը հայտնի է Վեհամոր Ավետարան անունով։ Թվագրվում է 7-8-րդ դարերով։ (Նշենք, որ կան ավելի հին՝ 5-6-րդ դարերի ձեռագիր պատառիկներ, բայց որպես ամբողջական գիրք՝ սա հնագույնն է)։ Գիրքն այսպես է կոչվել ի պատիվ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոր՝ Սիրանույշ Պալճյանի, քանի որ Վեհափառն է այն նվիրաբերել Մատենադարանին։ ահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հատկանշական է, որ սկսած 1991 թվականից՝ Հայաստանի Հանրապետության նախագահները, իսկ այժմ նաև վարչապետը, երդվում են հենց այս՝ Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա։ ստույգ թվագրված ամբողջական հայերեն ձեռագիրը «Մլքե թագուհու Ավետարանն» է (862 թ.), որը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում, իսկ Հայաստանում պահվող հնագույն թվագրված ձեռագիրը «Լազարյան Ավետարանն» է՝ 887 թ.)։ Հայերեն առաջին տպագիր գիրքը կոչվում է Ուրբաթագիրք (Ուրբաթ օրվա գիրք)։ Տպագրվել է 1512 թվականին՝ Վենետիկում, հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի կողմից։ Այս իրադարձությամբ հայերենը դարձավ աշխարհում տպագրված 10-րդ լեզուն (և առաջինը՝ Մերձավոր Արևելքի ու Ասիայի լեզուների մեջ): Գիրքը բաղկացած է 124 էջից։ Այն զուտ եկեղեցական-ծիսական գիրք չէր, այլ ավելի շուտ միջնադարյան հավատալիքների, աղոթքների և մոգական տեքստերի ժողովածու: Դրանում ներառված են Գրիգոր Նարեկացու աղոթքներից (ինչը Նարեկացու առաջին տպագիր հիշատակությունն է), Կիպրիանոսի աղոթքը վասն կախարդության, ինչպես նաև բժշկարանային ու պահպանիչ տեքստեր։ Այն ստեղծվել էր մարդկանց չար աչքից, հիվանդություններից և դևերից պաշտպանելու հավատքով։ Մեր օրերում պահպանվել է «Ուրբաթագրքի» միայն մի քանի բնօրինակ օրինակ: Դրանք գտնվում են Հայաստանի ազգային գրադարանում (Երևան), Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանում։ Եվս մի քանի օրինակներ պահվում են աշխարհի խոշորագույն գրադարաններում և մասնավոր հավաքածուներում:15. Բարեպաշտական սովորություններ
- Խաչակնքում (Խաչ հանել) — Մատների դասավորությունը — Բութ, ցուցամատ և միջնամատը միացվում են իրար (խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի), իսկ ճկույթն ու մատնեմատը ծալվում են ափի մեջ (խորհրդանշում է Քրիստոսի երկու բնությունները՝ Աստվածային և Մարդկային): Շարժումը — Միացված մատները հպում են ճակատին (ասելով՝ «Հանուն Հոր»), ապա կրծքավանդակից մի փոքր ներքև («և Որդվո»), ձախ կրծքին («և Հոգվույն»), աջ կրծքին («Սրբո») և վերջում բաց ափը դնում են սրտի վրա՝ ասելով «Ամեն»:
- Մոմավառություն — Սա ոչ պարտադիր իրագործելի պայման է, մոմ վառում են և՛ ողջերի առողջության ու հաջողության, և՛ ննջեցյալների հոգիների խաղաղության համար: Քանի որ քրիստոնեության հաստատումով վաղ շրջանում քրիստոնյաները հալածվում էին, ուստի աղոթելու, աստվածպաշտական արարողություններ կատարելու համար հավաքվում էին գետնափոր խորշերում, քարանձավներում, որտեղ լուսավորելու անհրաժեշտություն կար: Այսինքն՝ միասնական աղոթքի համար մոմեր էին վառվում: Սակայն պատճառը միայն լույս տալու պարագան չէր: Մոմավառության սովորությունը և՛ Հին Կտակարանում, և՛ Նորում, բացի կիրառական նշանակությունից, ուներ և ունի նաև խորհրդաբանական ներքին իմաստ:
- Ուխտագնացություն— սրբավայրեր (վանքեր, մատուռներ) այցելելն է՝ հատուկ աղոթքի, հոգևոր լիցքավորման կամ որևէ նպատակի իրագործման համար Աստծուն ուխտ կապելու (խոստում տալու) նպատակով։