Հավատ և կրոն

Հավատ և կրոն

Հավատ

Հուն.` πίστις (pístis), լատ.` fidēs, ռուս.` вера (ծագում է հնդեվրոպ. *wēros-ճշմարիտ)
 
Հավատը կրոնական գիտակցության միջուկն է, սակայն հավատը միշտ չէ, որ  հանգում է կրոնի կամ կրոնական գիտակցության: Այդ պատճառով էլ կրոնագիտության մեջ երբեմն  զանազանում են հավատ (belief) և կրոնական հավատ (fait) հասկացությունները: 
 
Ինքնին հավատ 
Մարդն անկախ ամենից հակված է հավատալու։ Յուրաքանչյուրը որևէ բանի հավատում է, առանց հավատի մարդու գոյությունն իմաստազրկվում է. այն սննդի պես մի բան է և միմիայն ներքին զգացողություն, որը մղում է գործողությունների։
Հավատը մեծ դեր ունի աշխարհճանաչողության և մարդու՝ բնությանն ու հասարակությանը հարմարվելու գործընթացում: Հավատն ունի երկու հիմնական կողմեր՝ ինտելեկտուալ և էմոցիոնալ, որոնք փոխկապակցված են, և սխալ է հավատի ակունքները դրանցից միայն որևէ մեկին հանգեցնելը։
 
Հավատը նախևառաջ որևէ դրույթի, առարկայի, օբյեկտի, երևույթի ճշմարտացիության ընդունումն է առանց տեսական կամ գործնական ապացույցների։ Այդ առումով պետք է ընդունել, որ այն կապված է մարդու զգայական ընկալումների հետ. մարդը շատ հաճախ ընդունում է այն, ինչը համապատասխան է իր համոզմունքներին, իդեալներին և հոգեկան աշխարհին։ Զգայական մակարդակը «ամրապնդելու» համար, անցում է կատարվում ինտելեկտուալ հիմնավորումներով հաստատմանը։
 
Կրոնական հավատ
 
Հավատը գերբնականի նկատմամբ կարող է դրսևորվել ինչպես առարկաների, երևույթների գերբնական հատկությունների հանդեպ, այնպես էլ առարկաների, երևույթների միջև գերբնական կապի առկայության նկատմամբ և, վերջապես, հավատը գերբնական էակի կամ էակների, Աստծո կամ աստվածների նկատմամբ: Այդ առումով, կրոնական մարդը հավատում է, որ իր հավատի առարկան ոչ թե Աստծո մասին գաղափարն է, այլ հենց Աստված, այսինքն գերբնականը հենց իրական է, ինչից էլ հետևում է, որ նրա հետ ունի զգացմունքային հարաբերություն, երկրային կյանքից հետո գոյություն ունեցող կյանքի հանդեպ վստահություն, և այդ ամենին հասնելու համար հարկավոր է դրսևորել կամքի կենտրոնացում և ֆիզիկականի նկատմամբ հոգևորի գերակայություն։ Կրոնական հավատի առկայության դեպքում մարդը միտվում է դեպի անսահմանությունն ու դեպի վեհը, բացարձակը։ 
 
Մարդու մոտ կրոնական հավատը լինում է`
 
1. Բնութենական — մարդը ենթագիտակցորեն կամ թե գենետիկորեն միտված է հավատալու տիեզերքի և ամենայն ինչի, այդ թվում՝ մարդկանց արարչին, իր կյանքը շատ հաճախ կառավարող իրենից զորեղ, գերբնական արարածի (արարածների) գոյությանը, որն ազդեցություն ունի ոչ միայն մարդկային կյանքերի, այլև բնության, տիեզերական երևույթների, տիեզերակարգի վրա:
 
2. Հասարակական — շատ հաճախ մարդու ներսում կրոնական հավատ ձևավորվում կամ (եթե ընդունում ենք առաջին կետը) արթնանում է հասարակական տարբեր հանգամանքների ազդեցության ներքո: Այդ հարցում առաջնային դեր ունեն մարդու ծննդավայրը և միջավայրն ու մթնոլորտը, որտեղ նա դաստիարակվում է: Այդ շղթայում մեծ դերակատարում ունի ընտանիքը (որտեղ հետևում կամ չեն հետևում որոշակի ավանդույթների, ծիսակարգերի ու տոնակատարությունների, հանդիսանում են այս կամ այն կրոնի հետևորդ) և հասարակությունը (կամ պետությունը):  Դժվար է պատկերացնել, ենթադրենք, որ ֆունդամենտալ իսլամական պետության ավանդապահ ընտանիքում կմեծանա քրիստոնյա երեխա կամ հակառակը:
Իհարկե, պետք է հաշվի առնել, որ կրոնական հավատի ամրապնդման կամ կազմալուծման, հավատի օբյեկտի փոփոխության հարցում մեծ դեր ունի անհատի իմացականության գործոնը, որը ձևավորվում է աստիճանաբար՝ տարիքի,  աշխարհճանաչողության, գիտելիքների հարստացման հետ:
 Լինում է և հակառակը: Ոչ գիտելիքներով հարուստ լինելը, ոչ էլ լայն մտահորիզոնը կամ աշխարհճանաչումը չեն խանգարում, որ մարդը հասուն տարիքում սկսի հավատալ Աստծուն կամ գերբնականին: Սա հիմնավորում է այն մոտեցումը, որ հավատը ձևավորվում կամ հիմնվում է անձնական փորձառության վրա և, առաջին հերթին, անձնական, հոգևոր, ներզգայական երևույթ է, հիմնականում կախված չէ տարբեր քարոզներից, քարոզողներից և  մշակութային կամ կրոնական միջավայրից: Եվ այդ անձնական փորձառության հիման վրա ապրող հավատին օգնության է գալիս կրոնական գիտելիքը, որի շնորհիվ անհատը կարողանում է զերծ մնալ ծայրահեղական, հարանվանական դրսևորումներից, որոնք կարող են խաթարել նրա հոգեկան աշխարհը:

Կրոն

Կրոն հասկացության շուրջ գիտնականները որևէ միասնական ձևակերպում չունեն: Մի մասը բանաձևում է, որ կրոնը Աստծո ու մարդու միջև հոգևոր հարաբերությունների մի համակարգ է կամ Աստծուն հասնելու ձև, միջոց, որը հասարակության պատմական զարգացման ընթացքում ունեցել է իր տարատեսակ դրսևորումները: Եթե Աստծո հետ կապ հաստատելու առումով կրոնի ձևակերպումներն ընդունելի են քրիստոնեության և իսլամի պարագայում, ապա բուդդայականության դեպքում կրոնի ձևակերպումն այլ է, քանի որ տվյալ կրոնը մարդուն տալիս է ճանապարհ վերջնական հանգստության կամ նիրվանայի հասնելու համար:
«Կրոն» տերմինը ծագում է լատիներեն religio բառից: Կրոնագիտության շրջանակներում այն ստուգաբանվում է մի քանի նշանակությամբ: Առավել ընդունելի են համարվում հին հռոմեական երկու տարբերակները: Դրանցից առաջինը (կիկերոնյան տարբերակ) religio-ն մակաբերում է հռոմեական relegere (հետ գնալ, վերադառնալ, կրկին ընթերցել, հավաքել, հայել, մտորել) տերմինից, և կրոնը բնութագրում է իբրև «աստվածավախություն», «աստվածների նկատմամբ վախ և պաշտամունք», «այն ամենի խորազնին քննություն, ինչը կապ ունի աստվածների պաշտամունքի հետ»:
Ըստ երկրորդ (Լակտանցիուսի) տարբերակի religio-ն ծագում է լատիներեն religare (վերցնել, կապել, շաղկապել, կաշկանդել) տերմինից և նշանակում է «մեզ Աստծու հետ միավորող հանգույց, Աստծուն ծառայելու և նրան բարեպաշտությամբ խոնարհվելու կապվածություն»: «Կրոն» տերմինն այս ստուգաբանությամբ ամրագրվել է քրիստոնեության մեջ, որը հետագայում լայն տարածում է գտել Եվրոպայում և քրիստոնեական Արևելքում:
Կրոն (լատ.` religio – «պաշտամունք» ըմբռնմամբ) տերմինը հին Հռոմում շրջանառության մեջ է դրվել դեռևս I դարում: Նախապես այն օգտագործվել է բավականին տարողունակ բովանդակությամբ և հավաքական կերպով, նշանակել է այն ամենը, ինչը կապված է եղել դիցաբանական պաշտամունքի հետ: Այն միանգամայն այլ իմաստ է ձեռք բերել քրիստոնեության շրջանակներում: «Կրոն» տերմինը քրիստոնյաները օգտագործել են միայն սեփական հավատքը մատնանշելու համար և բովանդակային առումով այն հակադրել են ժամանակի մյուս բոլոր կրոններին, որոնք բնութագրվել են «հեթանոսություն» տերմինով, դրանց հետևորդներին՝ հեթանոսներ (Հարկ է հիշել, որ ժամանակին հռոմեացիները մնացյալ ազգերին կոչում էին բարբարոսներ, կամ թե մուսուլմանները մնացյալին՝ գյավուրներ):

Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի», «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։

Յուրաքանչյուր կրոն, բացի այն, որ գոյություն ունեցող կյանքում մարդու հոգևոր կյանքին վերաբերող հարցերի պատասխանները տալու, հաճախ նրա բարոյական, հոգևոր կյանքը ուղենշող համակարգ է, այլև ունի կյանքի ու մահվան, ինչպես նաև՝ հոգու անմահության, մեռյալների հարության, հետմահու հատուցման վերաբերյալ հարցերի պատասխանները:

Կրոնական հավատի և գերբնականի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի արդյունքում ձևավորվում է կրոնի կառուցվածքը, որի բաղկացուցիչներն են.

1. Կրոնական պատկերացումները, զգացմունքներն (վախ, սեր, հույս, բարեգթություն) ու փորձառությունը 

2.Կրոնական գիտակցությունը (կրոնական պատկերների ստեղծում, սիմվոլիզմ, դոգմաներ, կրոնական բառապաշարի գործածում և այլն)

3. Կրոնական գործունեություն՝ պաշտամունք, ծես (cultus-հետևել, հարգել),  զոհաբերություն, աղոթք, պահք, խորհուրդներ (sacramenta-գաղտնիք), տոներ ու տոնակատարություններ, ուխտագնացություն (մուսուլմանների մոտ՝ Հաջ), ավանդույթներ։

4.Կրոնական հարաբերություններ, կրոնական կազմակերպություններ (համայնք, եկեղեցի- հունարեն ἐκκλησία, ումմա՝ արաբ.՝أمة‎ — համայնք, ազգ  և այլն) և կրոնական կառույց (մեհյան, տաճար, մզկիթ, եկեղեցի)։

Կրոների դասակարգման հիմնական փուլերը

Գոյություն ունեն կրոնների մի քանի դասակարգումներ, որոնցից ներկայացնում ենք ամենատարածվածները, որոնք կապված են դրանց պատմական զարգացման փուլերից: 

1. Նախապատմական և պատմական կրոններ

Նախապատմական կրոնների ուսումնասիրության դժվարությունը նրանում է, որ այդ շրջանում գոյություն չի ունեցել գրային համակարգ (այդ շրջանում մարդիկ զբաղվում էին հավաքչությամբ, որսորդությամբ), և կրոնական գիտելիքները փոխանցվել են բանավոր կերպով և ծեսերի պահպանման միջոցով: Այդ փուլն ավարտվում է Ք.ծ.ա. մոտ 3-րդ հազարամյակում:

Պատմական կրոնների առաջացումը կապված է հողագործության հիման վրա ստեղծված քաղաքակրթությունների և գրային համակարգի առաջացման հետ: Այդ շրջանը հատկանշվում է  կենտրոնական իշխանության բռնակալությամբ, դասակարգային տարբերություններով և քաղաքային կյանքի զարգացմամբ: Կրոնական կյանքը բնորոշվում է իշխողների աստվածացմամբ (հիշիր Բելի պատմությունը), քրմերի դասում հստակ աստիճանակարգությամբ, մեծ տաճարների կառուցմամբ և ծեսերի ու զոհաբերության համակարգերի համակարգվածությամբ:

2Պոլիթեիստական (բազմաստվածային) և մոնոթեիստական (միաստվածային, այդ թվում՝ աբրահամյան կրոնները՝ հրեականություն, քրիստոնեություն,իսլամ) կրոններ:

3. Տոհմացեղային (շամանիզմ, մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ), ազգային (կոնֆուցիականություն, դաոսիզմ, հուդայականություն, հինդուիզմ) և համաշխարհային (բուդդիզմ — ծագում է սանսկրիտերեն բուդդա՝ լուսավորյալ բառից, քրիստոնեություն՝ քրիստոս — հուն.՝ օծյալ, իսլամ — արաբերեն՝ հնազանդություն, խոնարհություն)

4. Այս դասակարգումը առավել տարածվածն է.

1. Կրոնական վաղ հավատլիքներ, տոհմացեղային (շամանիզմ, մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ)

2. Դիցաբանություն, որի հիմքում pantheism-ն (բնապաշտություն) ու animism-ն (ոգեպաշտություն) են։ Այն հիմք է տալիս politheism-ին՝ բազմաստվածությանը։

3. Միաստվածություն՝ monotheism

4. Կրոններ առանց աստվածների-դաոսականություն, ջայնիզմ, կոնֆուցիականություն, բուդդիզմ։

Կրոնական մոլեռանդություն (ֆանատիզմ)

ֆանատիկ- հուն.՝ φανατισμός, լատ.՝ fanaticus-խելահեղ, մոլեգնած

Կրոնական մոլեռանդության երևույթը տարածվում է հիմնականում երկու մակարդակում՝ կամ թելադրվում է կրոնական առաջնորդի կողմից, կամ էլ դրսևորվում է հետևորդի կամ հետևորդների մոտ, որոնք ունենում են այս կյանքում հանուն իրենց դավանած Աստծո կամ աստվածության հանդեպ սեփական կարևոր առաքելության համոզումը՝ երկու դեպքում էլ որպես հիմնավորում են բերվում սրբազան գրերից մջբերումներ:  

Դա բնավ չի ներառում այն փաստը, որ յուրաքանչյուր կրոն (հատկապես համաշխարհային կրոններում) ձգտում է սեփական ուսմունքի տարածմանը (Օր.՝ Քրիստոնեության մեջ սույն հատվածը՝ Գնացե՛ք, ուրեմն, և աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, կամ Իսլամում՝ Ջիհադը, որը նախնական ձևով նշանակում է ջանք՝ ուղղված իսլամի տարածմանը), այլ դրանց այլ, կամայական իմաստ տալն ու սեփական, հաճախ ազգային կամ պետական շահերին ծառայեցնելն է (Ջիհադը այլ մեկնաբանմամբ հանգեցնում է ռազմական Ջիհադի: Կրոնական մոլեռանդության դրսևորումներ են Սրբազան պատերազմները կամ այլադավանների ոչնչացումը, խոշտանգումները, Սրբազան ինկվիզիցիան): Կրոնական մոլեռանդության ձև է նաև հոգեորսությունը՝ խաբեության միջոցով, զգայական դաշտի վրա ազդեցություն գործելով,օգտվելով սոցիալապես կարիքավոր, հոգեբանական ծանր վիճակից  մարդուն սեփական կրոնական համոզմունքները պարտադրելը կամ ներքաշելն այն կրոնական կազմակերպության մեջ, որին հարում է ինքը:

Կրոնամոլության դրսևորումներ լինում են նաև մարդ-մարդ հարաբերության մեջ, երբ մեկն անպայմանորեն, ամեն գնով փորձում է դիմացինին ապացուցել սեփական կրոնի կամ հավատի ճշմարտացի լինելը՝ զբաղվելով ինքնագովեստով, օգտագործելով բանավոր ահաբեկման մեթոդը, անցում կատարելով դիմացինի անձի քննարկմանը, ընդհուպ կիրառելով ուժ: Այս դեպքում անորոշ է մնում՝ տվյալ անձը մտահոգված է դիմացինի հոգու փրկությամբ, թե սեփական անսխալականության ապացուցմամբ, ավելի ճիշտ՝ համոզմամբ:

Տեղին է մեջբերել ռուս մեջ փիլիսոփա Բերդյաևի խոսքերը.

Ամենամեծ չարագործություններ, բռնություններ և դաժանություններ գործած ֆանատիկները միշտ իրենց  վտանգներով շրջապատված են զգում և միշտ վախի մեջ են: Մարդը միշտ վախից է բռնություն գործում։ Վախի աֆեկտը խորապես կապված է ֆանատիզմի և անհանդուրժողականության հետ…

Հ.Գ. Այստեղ չքննաված ենք թողնում «հեթանոսություն» տերմինն (հաջորդ գլուխներում կքննենք) ու չենք անդրադարձել կրոնների դասակարգման մեջ մի տեսակետի, ըստ որի` մարդկությունը նախ միաստվածյա է եղել, ապա նոր անցում է կատարել բազմաստվածյա կրոնների։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top