Սիրացնոր

Սիրացնոր

Իմ սիրավա´ռ տեսիլք,

իմ գիտակցվա´ծ ցնորք․․․

Չկաս: Գիտեմ:

․․․Բայց զգում եմ քեզ, կարոտում եմ ներկայությանդ, որը երբևէ չի էլ եղել: Ինչ-որ մոգական կերպով զգում եմ քեզ, աստվածակերտ կերպ — կերպարանքդ, ապրում այն կյանքով, որով երբևէ չենք ապրել․․․

Դեռ․․․

Ախր դու իրապես չես եղել․․․

Միգուցե լինես: Չգիտեմ: Իրոք չգիտեմ:

Միգուցե ավելի լավ է՝ քեզ փայփայել սրտումս, քան կաղապարել որևէ մարմնի մեջ:

Միգուցե այն պատճառով, որ պատրաստ եմ եղել գտնելու փոխարեն կորցնել քեզ ուրիշ հայացքում, ուրիշի գրկում․․․

Սիրում եմ․․․

․․․Միգուցե քեզ, գուցե այն, ինչ հիմա զգում ու ապրում եմ քեզ չիմանալով, քեզ չտեսնելով․․․

Սիրում եմ աննյութական երևակայությունս, իմ անմարմին ու հոգեղե՜ն էակ, տխրությա՜ն փարատիչ, միայնությա՜ն ընկեր ու անխոնջ հայացք՝ միշտ խոնարհաբար ընկրկող, երբ աչքերս սևեռում եմ գեղեցկությանդ:

Իմ սրբացա՜ծ հող, որը համբուրելու համար պետք է սահմաններ անցնել` անտեսանելի ու չգծված:

Իմ չպղծված ձեռք, որի ջերմությունն զգալու համար պատրաստ եմ այրվել, թեկուզ անմոխիր:

Տեսնում եմ քեզ․․․ Չգիտեմ ինչպես կամ որ աչքերով:

Դու գեղեցիկ ես, թեկուզ ոչ կատարյալ, իմ տենչանքի ու հանգստության միա´կ հանգրվան, իմ անրջած իրականություն, անտես երջանկություն, անսփոփ էության անձեռակերտ օթևան: Բառերս՝ լցված քեզնով, գոռում են անունդ, տենչում հայացքդ, որ խաղաղվեն ու հանգչեն աչքերումդ․․․

Չգիտեմ՝ որտեղ ես ծնվել, բայց գիտեմ, որ ապրում ես. սրտումս․․․

Քեզ․․․

Իմ․․․

Միգուցե․․․

Իրոք չգիտեմ, պարզապես սիրում եմ հենց քեզ․․․

Սիրում եմ աչքերդ, որոնց մեջ դեռ չեմ տեսել արտացոլանքս․․․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top