Այսօր ժամանակակից գրողներից շատ մեծ պահանջարկ են վայելում բեսթսելերների հեղինակ Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները: Երիտասարդ ստեղծագործողը հինգ գրքերի հեղինակ է՝ ‹‹հակաՔԱՂԱՔական››, ‹‹Ռոդենի ձմեռը››, ‹‹Լուսե Երազ››, ‹‹Նա և նրա››, ‹‹Արտագաղթած կարոտ››: Նա պարբերաբար հայտնվում է ժամանակակից հայ ամենավաճառվող գրողների ցանկերում: Ի դեպ, այս օրերին խիստ սահմանափակ տպաքանակով նա ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը: Աշխարհում տիրող իրավիճակը ոգեշնչել է Դավիթ Սամվելյանին՝ գրելու նոր վիպակ: «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը, գրողի բնորոշմամբ, պատմություն է՝ սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին:
Վիպակն, ըստ էության, իր մեջ բազում խորհրդաշական տարրեր է պարունակում: Նախ, բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում:
Հատկանշական է, որ այս վիպակն այս օրերին ամենապահանջված ստեղծագործություններից է:
Մեր զրուցակիցն է գրող Դավիթ Սամվելյանը:
Ստեղծագործական ուղղու մասին.
-Դպրոցական տարիների փորձերը եթե հաշվի չառնենք, ապա առաջին բանաստեղծությունը գրել եմ 2005 թվականին: Վերնագիրը «Լուսե երազ» էր, որը տպագրվեց երկու տարբեր թերթերում: 2010-ը թվականից անցում կատարեցի էսսե գրական ժանրին ու ընդհատումներով գրեցի մինչև 2014 թվականը:
Ստեղծագործական բեկումնային տարին.
-2014 թվականն էր, երբ մի խումբ երիտասարդների հորդորով ու օգնությամբ ստեղծվեց երկրորդ գիրքս, մինչ այդ 2010թ. լույս տեսած բանաստեղծությունների գրքույկը միայն ծանոթների շրջանում տարածեցի, այն էլ միայն նվիրելու միջոցով: Սակայն, երբ 2014 թվականին տպագրվեց «Նա և նրա գիրքը», հասկացա, որ հասարակությանը այն դուր է գալիս, շատերը դիմեցին գիրքը գնելու խնդրանքով, հետևաբար գիրքը հայտնվեց գրախանութներում: Բայց միևնույն է, «ճոխ» շնորհանդես չարեցի (ժպտում է)
Տպագի՞ր, էլեկտրոնայի՞ն, թե՞ աուդիո գիրք.
-Էական չէ, թե ինչ տարբերակով ես ինֆորմացիան ստանում: Շատ անհատական է, էականն այն է, թե ինչ ես ընթերցում: Ցավոք առ ասօր մի վատ բան կա, Ձեր նշած երեք տարբերակներից վերջին երկուսը շատերն ասոցացնում են անվճար լինելու հանգամանքի հետ:
Գրելիս թիրախային խմբեր ընտրելու մասին.
-Օրինակով պատասխանեմ,երբ տպագրվեց «Ռոդենի ձմեռը», մտածում էի, որ առնվազն երեսունն անց մարդկանց կհետաքրքրի և թեման, և սյուժեն, և գրքում արծարծվող գաղափարները: Բայց արի ու տես, որ մինչև 25 տարեկանների դրսևորած հետաքրքրությունն էլ ավելին էր սպասվածից: Հակառակ վիճակն էլ «Արտագաղթած կարոտի» գրքի պարագայում էր: Հետևաբար ես գրում եմ, իսկ թե ով ինչ է ընտրում, փնտրում ու գտնում, դրա պատասխանը չգիտեմ: Կարծում եմ զգացողություններն ու հոգեվիճակները տարիք չեն հարցնում:
Գիրք ընթերցելու մասին.
-Ինձ մոտ գրքի ժանրային ընտրությունն ու ուղղվածությունը տրամադրության հետ է կապված: Մի բան հաստատ է՝ պետք է չհոգնեմ, պետք է հաճույք ստանամ ընթերցելիս, եթե խոսքը գեղարվեստական գրականության մասին է: Եթե թեման չհետաքրքրեց, որքան հանճարեղ գործ կամ գրող ուզում է լինի, չեմ ընթերցի: Գոնե այդ պահին:
Լինում է, որ գեղարվեստական չեմ կարդում, ու ընթերցանության նյութ են դառնում ավելի շատ աշխարհայացքային, հոգեբանական կամ մասնագիտական գրքեր: Բայց դրանց հարցում էլ պետք է ուշադիր լինես, որ զուր ժամանակ չվատնես:
Սեփական ձեռագիրը տեղ հասցնելու և ճիշտ ներկայացնելու մասին.
-Տեղ հասցնելու հարցում երկու կարևոր հանգամանք կա. դու արա քեզնից կախված ամեն ինչ ու փորձիր լավ անել,միշտ ինքդ քեզ գերազանցել: Մյուս կողմն արդեն կարձագանքի լավ, թե վատ՝ ընթացքը ցույց կտա: Ոմանց փառամոլությունն է խանգարում, ոմանց՝ շատ պարփակված վիճակը, ոմանք իրենք իրենց են ծիծաղելի վիճակի մեջ գցում, ոմանք էլ հերիք է երկու բառ ասեն, բայց հենց այդ երկու բառն արժեք կարող է ունենալ:
Ե՞ս: Ես անում եմ իմ գործը, ոչ վհատվում եմ, ոչ էլ ոգևորվում: Հատուկ միջոցներ չեմ փնտրում, բայց նաև աչքերս չեմ փակում և կույր ձևանում:
Երիտասարդ հայ գրողների «իրացվելու», լսարան ու պահանջարկ ունենալու մասին.
-Պահանջարկ ունեցող գրողներ կան, ինչ վերաբերում է լսարանին, ցավոք, սահմանափակ է: Բայց դաշտը բաց է, իրացման հնարավորությունները բազմաթիվ ու բազմազան են, չգիտեմ, մարդուց է կախված:
Բայց մի կարևոր բան կա. պիտի հավատ և աշխատասիրություն ունենաս: Ոչ ոք քո փոխարեն քո իսկ կյանքը չի ապրելու: Պիտի չվհատվես ու չհոխորտաս: Իրացվելը պետք է տրվելու հետ չշփոթես:
Եվ վերջում․գիրքը թերթելիս, պետք է․․․
-Այնպես թերթես, որ մատներդ գոնե մի քանի օր բուրեն գրքով…