ՌՈԴԵՆԻՑ ՄԻՆՉԵՒ ԲՈՒԼԳԱԿՈՎ. ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ձեր ստեղծագործության հիմքում մարդն է ու քաղաքը․ մարդը՝ քաղաքում, քաղաքը՝ մարդու մեջ։ Ի՞նչ դեր ունի Երևանը Դավիթ Սամվելյան գրողի ձեռագրում։ «Ռոդենի ձմեռը», «հակաՔԱՂԱՔականը» կգրվեի՞ն, եթե ապրեիք ու ստեղծագործեիք աշխարհի որևէ այլ կետում, բայց ոչ Երևանում։

Եթե ապրեի այլ քաղաքում, ես ինքս չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ: Եթե ուրիշ քաղաքում ծնված լինեի, միգուցե այնքան սիրեի կամ ատեի այդ քաղաքը, որ մի բան այդ քաղաքի մասին էլ գրեի, չգիտեմ…

Միշտ մտածել եմ «եթե»ների մասին. «Եթե սա ընտրեի, եթե այս դեպքում այսպես խոսեի կամ գործեի» ու հասկացել եմ, որ այլ կերպ կլիներ միշտ ընթացքը:

Երևի այնպես էր պետք, որ գրվեին «Ռոդենի ձմեռը» և «հակաՔԱՂԱՔականը»: 

«Այս քաղաքում սրբերը, ստերն ու սրտերը խառնվել են իրար, այստեղ ապրելու համար պիտի կամ խենթ լինես, կամ սրիկա», գրել եք «հակաՔԱՂԱՔական»-ում, մինչ «Ռոդենի ձմեռը» գրքի շապիկը ձևով ու բովանդակությամբ փախուստ կամ, առնվազն, փախուստի փորձ է քաղաքից։ Ստեղծագործություններում փախուստի ձգտումը փախուստի Ձեր անձնակա՞ն ցանկությունից է բխում։ Ո՞րն է քաղաքից փախչելու Ձեր սիրելի գաղտնարանը քաղաքում։ Որտե՞ղ եք ստեղծագործում։

Փախուստի դեպքում կամ ինքս իմ մեջ եմ հայտնվում կամ քաղաքի փողոցներում: Ստեղծագործում եմ հիմնականում իմ սենյակում, բայց երբ միտքը, սյուժեն գալիս է, ապա տեղ ու պահ չի հարցնում. անգամ տրանսպորտում գրի եմ առնում կամ սղագրումներ եմ անում: Իմ ստեղծագործություններում փախուստը խորհրդանշում է տվյալ վիճակին կամ բարքերին ընդդիմանալը, չընդունելը, խորշելը: Դրանք վախից ծնված փախուստներ չեն:

Բայց ես մնում եմ…

Ես անզոր եմ այն սիրո հանդեպ, որն ունեմ քաղաքի հանդեպ…

Մի առիթով նշել եք, որ «յուրաքանչյուր ստեղծագործող հոգեկան հանգստություն է ստանում էն ժամանակ, երբ արդեն թղթին կամ համակարգչի էկրանին է հանձնում իր գաղափարներն ու մտքերը»։ Ներկայումս ի՞նչն է Ձեզ մտահոգում, տանջում։ Ո՞րն է Ձեր ընթացիկ ստեղծագործության առանցքային թեման ու շարժիչ ուժը։

Հիմա գաղափարներն են տանջում և ժամանակի սղությունը: Թափառող գաղափարների ոտքից բռնելն է ամենադժվարը: Հիմա թեմայի ընտրության շրջան է, իսկ ամենապատասխանատու բանն ինչպես կյանքում, այնպես էլ ստեղծագործելիս, թերևս, ընտրությունն է:

Ձեր ստեղծագործություններում ի՞նչ համամասնությամբ են զուգադրվում իրականն ու երևակայականը։ Հերոսներ ստեղծելու համար հարկավո՞ր է հանդիպել ու ճանաչել նրանց իրական, շոշափելի նախատիպերին։ Հաճելի ու տհաճ կարոտների, լուռ ու անհրաժեշտ հրաժեշտների մասին գրելու համար անհրաժե՞շտ է դրանք անձամբ ճաշակած լինել։

Պատմվածքներում գործող կերպարները հիմնականում հավաքական կերպարներ են: Իմ հիշողությունը, ընդհանապես, խտանալու սովորություն ունի: ZIP ֆայլեր է սարքում, որտեղ կարող են մոռացվել անունները: Կան հորինվածքներ, կան իրական հիմքով ստեղծագործություններ: Գրելիս ենթագիտակցությանդ շերտից վեր են  ելնում ժամանակի միջով անցած, կոփված, կոշտացած կամ հղկված զգացողություններդ ու կերպարները, դրանց խառնվում է ներկայիդ ԵՍ-ն ու դառնում ինչ-որ մի բան: 

Աստվածաբանի մասնագիտությունն ինչպե՞ս է անդրադարձել ճակատագրով գրողի գրչի վրա։ Գրելիս քրիստոնեական արժեքներին հավատարիմ մնալու ներքին պատասխանատվություն, դրանք ընթերցողի մեջ սերմանելու առաքելություն զգու՞մ եք։ Ի՞նչ նպատակ է հետապնդում, ինչո՞վ է առաջնորդվում Ձեր գրիչը։

Իհարկե, դրանից հնարավոր չէր անմասն մնալ, անգամ բանաստեղծական շարք կա «Լեռան տակի քարոզը» խորագրով, «Խավարման գիշերը» և «Ի սկզբանե էր վերջը» վերնագրերով պատմվածքներ կան:  Ի վերջո, կրոնն ու գրականությունն իրենց մեջ միստիկ տարրեր ունեն, դրանով նրանք նման են, ավելին ասեմ՝ գրական բազմաթիվ ժանրեր ստեղծվել են, առաջին անգամ դրսևորվել են հոգևոր գրականության մեջ: «Ռոդենի ձմեռը» գրքում որոշակի առումով ուղերձներ կան կրոնին, որը ինֆորմացիոն, ճանաչողական բնույթ ունի: «Նա և նրա» խորագրով գիրք ունեմ, որտեղ Նա-ն երբեմն շփոթում են աղջկա կամ կնոջ հետ, բայց երբ գրել եմ ոչ թե «նա», այլ «Նա», ապա ի նկատի եմ ունեցել ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց խոսակցություն:

Ընդհանրապես հավատքը, առավել ևս քրիստոնեական հավատքը դա ոչ թե վերջնակետ, այլ ընթացք է, հետևաբար ես փորձում եմ հավատարիմ մնալ, իսկ թե որքանով է ստացվում՝ վերջում կիմանամ 🙂 Յուրաքանչյուր բան ստեղծող, այդ թվում գրողը, իմ համոզմամբ, պատասխանատու պիտի լինի իր ստեղծագործության հանդեպ, էլ ուր մնաց երբ խոսում ենք հավատքի մասին…

Իմ առաքելությունը…

Ամբողջ կյանքում փնտրում ենք մեր առաքելությունը: Միայն գիտեմ, որ տվյալ պահին արածդ գործը պիտի ծառայի բարուն, գեղեցիկին ու ինքն իրենով պատճառ ու սկիզբ դառնա մի նոր բանի:

«Ամենավատը դավաճանություններից՝ երբ ինքդ քեզ ես դավաճանում` հանուն կամ պատճառով ինչ-որ բանի,» — նշել եք «Ռոդենի ձմեռը» գրքում։ Ինքներդ Ձեզ կդավաճանե՞ք հանուն գրականության։ Եթե ոչ հանուն գրականության, ապա հանուն ինչի՞։

Ակամայից Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» հիշեցի:  Չէ, հանուն գրականության դավաճանությունը մի տեսակ փառքի ձգտման հիմք է: Դրան վաղ, թե ուշ ափսոսանքն ու զղջումն են հետևելու:  Ինչ-որ բան ստեղծելու համար կարևոր են տաղանդը, շնորհն ու աշխատասիրությունը, պիտի դրանք զարգացնել, ոչ թե դավաճանելու հնարավորությունը:

Իմ ասած դավաճանությունը սկզբունքների դավաճանություն չի, սկզբունքներդ կյանքի ընթացքում փոփոխվում են: Արժեհամակարգի ու էության փոփոխություններից պիտի զգուշանալ: 

«Ազատվել է պետք այդ ազատությունից,» — գրել եք «հակաՔԱՂԱՔական»-ում։ Իսկ ինչի՞ց է պետք ազատել գրականությունը։ Ի՞նչ պատնեշի եք բախվում ստեղծագործելիս, ո՞րն է ազատ ստեղծագործելու հիմնական խոչընդոտը մեր ժամանականերում, մեր քաղաքում, մեր հասարակությունում։ Իսկ ի՞նչն է օժանդակում։

Ազատ ստեղծագործելուն խոչընդոտներ չկան՝ միտքը  քոնն է, թուղթ ու գրիչը կամ համակարգիչը նույնպես: Տարածման խնդիր էլ չկա հիմա, հետևաբար օժանդակող հանգամանքներն ավելի շատ են: Իսկ ազատության մեջ  ստեղծվում են ինչպես լավը, այնպես էլ վատը: Պետք է ազատվել կեղծիքից, կեղտից ու այն ամենից, ինչը վնասում է, ինչը ստեղծվում է ոչ թե զարգանալու և զարգացնելու, լցնելու, այլ քանդելու, աղճատելու և անճոռնի  դարձնելու համար: Վերջիվերջո ամեն մտքից, ձեռքից, աչքից թռած բան չէ, որ մշակույթ ու արվեստ է…

 

Ո՞րն է Դավիթ Սամվելյան գրողի համար ամենաթանկ, ամենաարժեքավոր գիրքը, որ այս կամ այն կերպ ազդեցություն է թողել գրողի ձեռագրի վրա։

Լավագույն գրքերը միշտ  նվիրած գրքերն են, այն գրքերն են, որոնք ունենալու համար օրերով, անգամ ամիսներով գումար ես հավաքել, հայթայթել, որ ձեռք բերես:

Շատ են…

Անուններ չտամ, ամեն ժանրից առնվազն մեկ կամ երկու գիրք կա, ամեն հոգեվիճակ իրեն համապատասխան գիրքն ունի:

Այդքանով հանդերձ, լավագույնը, հավանաբար, մեր հիշողություններն են… 

(Դավիթ Սամվելյանի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ https://davidsamvelyan.blogspot.com/ կայքում)

Հարցազրույցը՝ Միլենա Բաղդասարյանի /Տաղանդի հետքերով/

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх