առասպել
Այժմ քննարկենք դիցաբանություն և առասպել հասկացությունները, որով էլ անցում կկատարենք շատերին հայտնի, տարբեր ազգերի դիցաբանական համակարգերի ներկայացմանը: Վերջիվերջո, ի՞նչ է դիցաբանությունը:
Այլ լեզուներում կրոնական այդ համակարգը կոչվում է միֆոլոգիա: տերմինը ծագում է հուն. μυθολογία՝ μῦθος-«ավանդություն, առասպել», «պատում» и λόγος-«բառ», «պատմություն», «ուսմունք») Հայերենում պաշտամունքային այդ համամակարգի համար օգտագործվում է դիցաբանություն տերմինը (դիցեր և դիցուհիներ՝ դիք, այն է՝ աստվածներ և աստվածուհիներ, որոնք կազմում են տվյալ կրոնի պանթեոնը՝ հուն.՝ Πάνθειον, «(տաճար) բոլոր աստվածներին», այն է աստիճանակարգը): Դիք-Դիք բառը ծագում է հնդեվրոպական *dʰéh₁s արմատից (դիւց-(diwcʻ-), հունարեն՝ θεός` «աստված», դիւ-dēv): Քրիստոնեական գրականության մեջ նրանք կոչվում են չաստվածներ և չաստվածուհիներ՝ շեշտելու Աստծո միակությունը): Հետևաբար, դիցերի պաշտամունքը կոչվում է դիցապաշտություն, կռապաշտություն (բառն առաջացել է կռել և պաշտել արմատներից, այն է՝ մետաղից կամ այլ նյութից արձաններ կռել՝ պատրաստել և պաշտել) և հեթանոսություն (լատ.՝ paganism՝ paganus-գյուղական, հուն.՝ ἐθνικός – էթնոս, այսինքն ազգային կրոն): Հեթանոսներ տերմինը հիմնականում կիրառվում էր պոլիթեիստական՝ բազմաստվածային, կրոնների հետևորդներին բնորոշելու համար, և քրիստոնյաների կողմից հեթանոսներ կոչվեցին բոլոր նրանք, ովքեր քրիստոնյա չէին: Հեթանոսություն կոչվեցին անգամ ամենատարբեր կրոնական կամ պաշտամունքային համակարգերը:
Դիցապաշտության շրջանն աչքի է ընկնում մի քանի առանձնահատկություններով, որոնցից առաջինը անթրոպոմորֆ աստվածների պանթեոնի կամ դիցարանի ամբողջացումն է: Առաջ են գալիս գլխավոր աստվածներ և նրանցից ծնվածները, որոնք կառավարում են երկինքը, երկիրը և անդրաշխարհը (այս երեք ոլորտները աշխարհակառույցի հիմնական բաժանումն է): Աստվածների այս բարծր կարգից զատ գոյություն ուներ նաև ցածր աստիճան, որը կազմում էին դևերը կամ դեմոնները՝ հուն՝ δαίμων՝ «ոգի, աստվածություն», որոնք իրենց հերթին լինում էին չար և բարի: Աստվածներն իրենց հերթին լինում են տեղական և համապետական: Լինում է այնպես, որ տեղական դիցը քաղաքական հանգամանքների բերումով դառնում է համապետական, լինում է նաև որ այս կամ այն դիցը կամ անցնում է այլ ազգի կրոնական համակարգ՝ փոխելով գործառույթը, օր.՝ Միհր-Միթրա, կամ համադրվում է՝ կախված մշակութային, քաղաքական ազդեցության մեծացման հետ, օր.՝ Զևս-Արամազդ, Վահագն-Հերակլես:
Աստվածների հետ անմիջապես կապված է ծիսակարգի կուռ համակարգի ձևավորումը, որով պաշտամունք էին մատուցում նրանց ինչ-որ բան խնդրելու համար (կատարում էին զոհաբերություն), կրոնական գրականության ստեղծումը (սալիկների, շինությունների պատերի կամ պապիրուսի, թղթի վրա գրվում էին օրհներգեր, տարբեր ծիսակարգային նկարագրություններ, և, ի վերջո, առասպելներ՝ առասպելները փոխանցվել են թե գրավոր և թե բանավոր տեսքով): Պաշտամունքային այս համակարգում առանցքային տեղ են գրավում քրմերը կամ քրմական դասը,որոնք էլ մատուցում, համակարգում էին ծեսերը, համարվում էին հատուկ գիտելիքների կրողն ու փոխանցողը: Քրմերը ինչ-որ առումով շամանների և մոգերի փոխարինողն էին հանդիսանում: Պաշտամունքային կարևորություն ունեին կրոնական կառույցները՝ տաճարները, որոնք նվիրված էին այս կամ այն աստվածությանը: Տաճարներ մուտք գործելու իրավունք ունեին միայն քրմերը և արքաները (փարավոնները), իսկ սովորական մարդիկ դրսում էին հետևում կամ մասնակցում ծիսակարգին: Այդ է պատճառը, որ տաճարական ճարտարապետությունը շեշտը դնում էր արտաքին ազդեցիկ ու գեղեցիկ տեսքի վրա:
Յուրաքանչյուր դիցապաշտական կրոն ունի իր պատկերացումերը տիեզերքի (կոսմոգոնիա), աշխարհի, աստվածների (թեոգոնիա), մարդու արարման, անդրշիրիմյան կյանքի, կյանքի, ճակատագրի կամ աշխարհի վերջի, օրացույցի մասին, որոնք էլ արտահայտված են առասպելներում:
Իսկ ի՞նչ է առասպելը:
Եթե առասպելը զուտ հեքիաթ է կամ սնահավատության դրսևորում, ապա ինչո՞ւ են դրանք մինչև օրս մեզ հուզում կամ հիացնում, ինչպե՞ս են դրանք դիմացել դարերի փորձությանն ու հասել մեզ: Առասպելին հնարավոր չէ տալ մեն-միայն մեկ բանաձևում:
Առասպելն առաջին փխրուն փորձն է տալ այս կամ այն բանի ծագման բացատրությունը. գիտության նախահայրն է, բացի այդ, առասպելն առաջին փորձն է բացատրելու այս կամ այն երևույթի տեղի ունենալու պատճառը, այսինքն՝ այն կապ ունի կրոնի և փիլիսոփայության հետ:
Առասպելը նաև նախապատմության պատմությունն է, փորձ է պատմելու այն մասին, թե ինչ կարող է տեղի ունեցած լինել մինչև մարդկության գրավոր պատմության սկիզբը: Առասպելը նաև գրականության հնագույն ձև է, որը հիմնականում եղել է ֆոլկլորի՝ ժողովրդական մշակույթի տեսքով:
Առասպելը հնում մարդկանց պատմել է, թե ովքեր են իրենք և ինչպես պետք է ապրել: Այդպիսով, առասպելը եղել է բարոյականության, պետականության և էթնիկ ինքնագիտակցության, հասարակական հարաբերությունների կարգավորման հիմքը:
Հ.Գ. Ի տարբերություն առասպելների, լեգենդները զերծ են ծիսականությունից, իսկ ավանդազրույցները կախված չեն ժամանակագրության հետ: Լեգենդները կարող են վերաբերել ինչպես անցյալին, այնպես էլ ներկային և ապագային: Լեգենդը կարճ էպիզոդիկ ավանդութային պատում է, որն արտահայտվում է պատմողական ոճով և ենթադրում է մարդկային արարքների մասին և արտահայտում են արժեհամակարգային հարցեր: