Մեջբերումներ «Հայելապատում» գրքից

Մեջբերումներ «Հայելապատում» գրքից

Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ, որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։ Ուրիշի տված հարցը կարող ես օդում կախված թողնել, ինքդ քեզ տված ու անպատասխան մնացած հարցերը կախվում են կոկորդիցդ, քեզ կախում են օդում՝ առանց ոտքերիդ տակ հենարանի։

***

Մեր կյանքի ամբողջ ուղին վերադարձ է ենթադրում դեպի մեր անցյալ, դեպի սկիզբ, դեպի երևույթների և իմացության արմատներ, և այդ վերադարձի երկու ձև կա` գործողության մեջ ու մտքերում: Մտքերիդ ծանր ու ճնշող բեռից ազատվելու համար պետք է գործողություն կատարես։

***

Ես արտացոլանքն եմ հայելու, ջրի ու  քո աչքերի մեջ: 

***

Ես պայքարի մեջ չեմ ուզում մտնել , որ պարտվեմ կամ հաղթեմ, ես խաղաղություն եմ ուզում: Էս երկրում մենք իրար մեջ կիսելու, իրար ապացուցելու կամ իրարից պահանջելու բան չունենք:

***

Օտար երկրում օտար ազգի մեջ փախստական լինելը դեռ մի կերպ տանելի է, բայց սեփական երկրում այդ նույն կարգավիճակով ապրելը` նվաստացուցիչ:

***

Հերթական անգամ թերթ գնելուց հետո հայացքս կանգ առավ մի գլխագրի վրա. «Օմարի լեռնանցքն ազատագրված է» : Մինչ այդ մտածում էի, որ լեռները միշտ ազատ են, որ այնտեղ միշտ ազատ են լինում, բայց պարզվեց , որ ազատ լինելու համար նախ պետք է լեռներին տիրել, քաղաքներում հանգիստ ապրելու համար պետք է անպայման լեռներ ունենալ:

***

Բոլորն ուզում են նմանվել բոլորին, և տարօրինակ լինելը համարվում է հաղթանակ բոլորի նկատմամբ, բայց տարօրինակներն էլ են մի տեսակ իրար նման: Որովհետև բոլորը սիրում այն ինչը սիրելի է բոլորին, ուզում են ունենալ այն ինչ  բոլորն ունեն, անել այն ինչ անում են բոլորը: Եվ զարմանալի է բայց թքած ունեն բոլորի վրա: Մեկը մյուսի վրա… 

***

Որքան էլ դժվար լինի , որքան էլ անցանկալի, և դառն է խոստովանել, որ սխալվել ես մեկի հարցում, ում շարունակ վստահել ես անմնացորդ…

***

Խաչը զարդ չէ…

***

Ցավը կորստի, չգոյության ու չունեցածի ներկայությունն է ապահովում. ես բացակայում եմ ինքս ինձնից։

***

Ապրածս կյանքի հատուցումը, անցյալիս կրողն ու ապագայիս շողքն եմ ես։

***

Ո՞վ ես դու։

Ես գոյություն չունեմ։ Իմ փոխարեն դու ես։

Ես չեմ ճանաչում քեզ, ոչ էլ ինձ։

Ես ճանաչում եմ չգոյության հաճույքը։

Ես հաճույք եմ զգում ոչինչ չզգալուց։

Ես ճանաչում եմ աշխարհն ինձ մոռանալիս։

Ես ուրանում եմ աշխարհը…

Ես եմ ամենը, ես, որը գոյություն չունի։

Խղճում եմ քեզ։ Հենց քեզ, հա՛, քեզ, ում չեմ ճանաչում։ Դու ընդամենն արտացոլանք ես։ Ողորկ ու սխալ անդրադարձ։ Ես սավառնում եմ իմ ու քո սահմաններից դուրս. դու ընդամենը հայելի ես, որն ամեն վայրկյան կարող է փշրվել և բազմատել ինձ։

Ձեռքերս մոտեցնում եմ ծորակին. ուզում եմ հոսել դեպի…

Դու հոսում ես երակներումս…

Ես գոյություն չունեմ։ Իմ փոխարեն դու ես։

Ո՞վ եմ ես առանց քեզ…

Ես արտացոլանքն եմ հայելու, ջրի ու քո աչքերի մեջ։

Դու խաբկանք ես. ես խաբում եմ ինքս ինձ։

***

Բախտակից լինելու համար պետք է նույն չիրականացված երազանքները, չստացված անցյալն ունենալ, գոնե նույն հայրենիքն ունենալ։

***

Սկսեցի Աստծուն դիմել, որ ինձ ազատի այս ալլահասերից։ Սկսեցի մեծատառով դիմել. այդպես է, խնդրանքներում միշտ վեհացնում ենք նրան, ում դիմում ենք, հետո մոռանում այնքան ժամանակ, որքան որ անհրաժեշտ չէ հիշել։

***

Ինչին հոգով ու սրտով հավատաս, քոնը կլինի…

***

Ես փախչում եմ այն իրականությունից, որն իմն է, որին պատկանում եմ, բայց նաև որում չեմ գտնում իմ կորցրած մանկության գույները:

Հայելին կարծես գեղադիտակ է, որի մանր ու բազմագույն ապակու կտորները տարբեր են ու ցիրուցան այնպես, ինչպես որ ես, ինչպես իմ կյանքը: Բայց ո՜չ, հայելին ինձ պես անգույն է. առաստաղի լույսերն են, որ կուրացնում են լայնացած բիբերս ու գունավորի պատրանք ստեղծում:

***

Որպես բառազրկված պատկեր, ինչպես մնջախաղից դուրս մնացած հատված, հուսազուրկ, ինչպես դաշտի մեջտեղում չորացած մի ծառ, որ վաղուց չի սոսափում քամիներից՝ ես լուռ կրում եմ ցավը բաժանումների, վերջաբանների, ինչ-որ բան նորից սկսելու ցավը, բթացած ցավի մասին մտքերի ցավը:

***

Ես մանկությունս եմ փնտրում իմ հպումներում, իսկ այն մահացել է հուշերումս. չկա: Գիտեմ՝ պիտի մահանար ու վերածնվեր, մանկությունս պիտի մեծանար…

Պիտի ինքնակամ, անստիճանաբար մեռներ, բայց սպանեցին. չգիտեմ, թե ովքեր:

Երևի թե բոլորը,

երևի թե կյանքը…

Այդ գրողի տարած գրողները, որ արտացոլում են մեր կյանքն ու ապրումները թղթե հայելիներում:

Գրողները, սերերը, թշնամիները: Այդ բոլորը, բոլո՜րը…

Սերերը, որոնց աչքերում տեսնում ես արտացոլանքդ:

Թշնամիները, որոնց հարվածներից սթափվում ես ու առերեսվում ւնքդ քեզ հետ:

Բոլորը ստիպում են մեծանալ:

Կյանքը ստիպում է մեծանալ:

Մանկությունդ սպանել ու մեծանալ…

***

Նրանց տաքացրած աղյուս պետք չէր, նրանք իրար ունեին: Հասկացել էի, որ կարևոր խոսակցությունները գիշերով են լինում, հարցերի լուծումները կայացվում են անկողիններում, մինչդեռ ինձ համար մահճակալն ընդամենը երազների աշխարհ տեղափոխվելու միջոց էր:

***

Երևան…

Բոլորի համար այն վարդագույն էր, իսկ ինձ համար՝ մռայլ ու գորշ: Այո, վարդագույն էր, ես չեմ սխալվում, երբ անցյալով եմ խոսում նրա գույնի ու առանձնահատկության մասին: Կարծես ամոթից շիկնած ու թշերը վարդագույն մի երիտասարդ աղջիկ, որը գիտեր, որ մայր է, բայց ոչ թե հպարտանում էր իր այդ կոչմամբ, այլ համեստորեն փայլում էի իր գեղեցկությամբ, առանձնացող հմայքով ու հոտով:

Ես չեմ հասցրել հանդիպել այդ աղջկան, չեմ հիշում նրան: Մեր առաջին հանդիպմանը նա ներկայացավ որպես կուսազրկված կին, որին բռնաբարել էին սեփական զավակները:

***

Հերթ կանգնել չիմացող ազգ ենք բայց ստիպված էինք ամեն ինչի համար հերթի մեջ մտնել: Միայն թե լավ ապրելու հերթն էր ուշանում…

***

Հավանաբար ունեցածը կորցնելու վախից է ծնվում սեփական ազգը չափից շատ սիրոլու այդ մոլուցքը:

***

Խոստովանե՞լ ես, որ ստանալուց առաջ նախ պետք է ինքդ քեզնից ինչ-որ բան կտրես ու այլոց տաս: Ամեն չունեցած բան համարում ես զրկանք, ամեն դժվարություն՝ ավելորդ: Ի՞նչ ես ուզում:

…Ուզում ես հեռանալ բոլորից ու վանել նրանց, որոնք որևէ կերպ կարող են քեզ հիշեցնել քո մասին: Ուզում ես մնալ մենակ, բայց դու մենակ չես. դու միայնակ ես…

…Դու ամեն  ինչ անհատույց ես ուզում, բայց լսե՞լ ես հատուցման մասին. լինելու է, որովհետև կեղծ ժպիտներիդ տակ թաղված իրականությունն ու ճշմարտությունը մի օր հենց քեզ են սպանելու:

***

Փող աշխատելու արդարացումները, սակայն, մնացին նույնը. փող էին ուտում, որ ուտելու փող ունենան, շատ էին ուտում, որ փող աշխատելու ուժ ունենային:

…Եվ որքան կուշտ ենք լինում, այնքան շատ ենք մտածում փող ուտելու մասին…

Ուտելու համար կերած փողերի պատճառով իմ երկրում շատ շենքեր քանդվեցին կամ դարձան վթարային, վթարայիններն էլ ամրացնելու փոխարեն շատ անգամ որոշում էին քանդել ու նորերը կառուցել. այդպես հնարավոր էր շատ փող ուտել: Մի տեսակ հավերժական սով ու սոված լինելու վախով էին համակված շատերը, իսկ ոմանց համար սոված չքնելն էր երջանկություն…

***

Ասում են՝ կարոտը նաև սպանում է…

***

Անշարժություն մարմնի, շարժում՝ հոգու և մտքի: Մթության մեջ լույսն ավելի համառ է: Գիտակցությունը կեղծիք է թելադրում, հուսադրում է միայն ենթագիտակցությունը: Ծույլ, հախուռն մտքեր, որոնք փախչել են ուզում գիտակցության սահմաններից…

***

Անհոգ, ո՛չ ազատ. դրանք տարբեր բաներ են: Երբևէ փորձե՞լ ես նեղության կամ զրկանքի մեջ երջանկություն փնտրել, վստահ եմ՝ ոչ: Անպատասխանատվություն, անհոգություն, ոչ թե ազատություն:

***

Զգացողությունները միշտ եղած բառերից քիչ են. ես չեմ կարողանում դրանք ճկել բառերի թեկուզ գեղեցիկ, բայց ծանր բեռի տակ. բառերի կեղծ ապրումակցմամբ զգացմունքները մեռնում են։

Ես մոռանում եմ անհրաժեշտ բառերը, որոնք կարող են ապրեցնել մարդկանց.հատուկ չեմ անում, այդպես ստացվում է, հավանաբար այն պատճառով, որ մինչև հիմա չի ստացվել. ամեն անգամ ապրեցնելիս ես մահանում եմ։

***

Բնազդաբար, երբեմն անողոքաբար, երբեմն ինքս ինձ ստիպելով անկարևոր բաներ եմ հիշում, որ մոռացության տամ այն ամենը, ինչը ժամանակին կարևոր էր:

***

Ամբողջ կյանքումդ սահմաններ ես կտրում-անցնում՝ չգիտակցելով, որ օտար կամ պարտադրված սահմաններից ներս սեղմվում ու ճնշվում է սրտիդ ու գենետիկ հիշողությանդ անսահմանությունը:

***

Ո՞րն է իրականության և երազի սահմանագիծն այստեղ. իրականությունը վատ երազի պես մի բան է դարձել, որից չեն թողնում արթնանալ:

***

Ամեն ինչ ժամանակավոր է, մի օր երևի իմ ապրելու ժամանակն էլ կգա, և  ստիպված չեմ լինի կյանքիս ամենատխուր նամակը գրել նրան, ում ամենից շատ կսիրեմ, ստիպված չեմ լինի պատմել, որ դառնահամ թախիծ է իջնում հոգուս վրա։

            Իսկ հիմա ես խաղաղ եմ։

            Խաղաղ եմ մահու չափ.

            Ես այլևս չկամ…

***

Դու էդպես էլ չհասկացար ինձ, մամ: Մենք տարբեր էինք. մե՛կ է, դու ուրիշ էիր։ 

Դո՛ւ ինձ լույս աշխարհ բերեցիր, իսկ ես փախա էդ աշխարհից։ 

Ես երազում էի, դու ինձ երազանքից դեպի կյանք էիր վերադարձնում. քո երազանքները վաղուց հիշողություններ էին դարձել։ Ամենակարևոր պահերին կամ լռում էիր, կամ լալիս:

Մենք ապրում էինք նույն երկրում, նույն տանը, բայց ուրիշ աշխարհներում։

Դու ասում էիր. «կեր, որ ապրես», ես ասում էի. «կհասցնեմ ուտել, ես փորձում եմ ապրել»։ Դու ասում էիր. «Տաք հագնվիր, որ չմրսես», իսկ ես տաքուկ երազանքներս սառը աշխարհից կեղծ խոսքերով թաքցրած՝ ամեն օր քայլում էի ու դեռ քայլում եմ դեպի ոչ մի տեղ։ 

Դու արդեն չկաս, մամ, դու արդեն երկուսիս համար էլ ինչ-որ մի խորթ աշխարհում ես, իսկ ես դեռ փորձում եմ ապրել…

Ու չի ստացվում։ Միայն փորձել է ստացվում: 

Դեռ…

Ով եմ ես…

Քեզ հետ: 

Առանց քեզ:

Առանց ձեզ:

Պապ:

Ով էիք դուք…

Մենք իրար էդպես էլ չճանաչեցինք, չհասկացանք: 

Դուք հանուն մեզ տանուլ տվեցիք ձեր կյանքը, իսկ ես վերջնականապես կորցրեցի և ինձ, և ձեզ…

Դուք ուզում էիք, որ ես ապրեմ ձեր աշխարհի օրենքներով ու ճշմարտություններով, իսկ ես ընդամենն ուզում էի ապրել:

Չկաք այլևս։ 

Ես էլ արդեն չգիտեմ՝ ողջ եմ, թե մեռած…

***

Պետք էր ուժեղ լինել: Պետք էր պինդ մնալ, թեպետ իմ թուլությունից թուլացող չէր էլ լինելու:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top