Սանտա Կլաուս, Дед Мороз, թե՞ Կաղանդ պապ

Աղբյուրը՝

Սանտա Կլաուս, Дед Мороз, թե՞ Կաղանդ պապ

Հավանաբար չկա մեկը, ով չի լսել  Սանտա Կլաուսի՝ «զվարճալի ծեր էլֆի» պատմությունը, որը թռչում է հյուսիսային եղջերուներով լծված իր սահնակով և նվերներ բաժանում այն երեխաներին, որոնք ամբողջ տարվա ընթացքում իրենց լավ են պահել: Սա, բնականաբար, Արևմտյան քաղաքակրթության մեջ ստեղծված կերպար է, որն ունի բանահյուսական հիմքեր, որը միահյուսված է քրիստոնեական կերպարի հետ: Հետխորհրդային ժողովուրդների մոտ ավելի տարածված է եղել Ձմեռ պապը կամ Дед Мороз-ը, իսկ անկախության շրջանում Հայաստանում «վերակենդանացել է» Կաղանդ պապի կերպարը, որը պահպանված էր ավելի մեծ սերնդի ներկայացուցիչների հիշողության մեջ: Ակնհայտ է, որ մշակութային ներթափանցման արդյունքում այս կերպարները ձեռք են բերել շատ հաճախ նմանատիպ գործառույթներ ու տեսք, բայցևայնպես աշխարհում գերիշխող տեղ ունի Սանտա Կլաուսը և Սուրբ ծննդյան տոնակատարության հետ նա ավելի շատ կապ ունի քան Дед Мороз-ն ու Կաղանդ պապը: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Արևմտյան աշխարհում ավելի շատ տեղ է տրվում և ժողովրդականություն է վայելում Սուրբ ծննդյան տոնը, քան Ամանորը: Ինչևէ, այս նյութի մեջ կանդրադառնանք այդ երեքին էլ, կփորձենք առավել մանրամասն ներկայացնել նրանց ծագումն ու տարածումը:

Սանտա Կլաուս

Ո՞վ է նա, որտեղից են գալիս նրա մասին պատումները։ Սանտա Կլաուսի կերպարը նախապես տարածված է եղել կաթոլիկ Եվրոպայում, ապա 1650-ական թվականներին հոլանդացի գաղութարարների շնորհիվ հասել է նաև հյուսիսամերիկյան մայրցամաք՝ Նոր Ամստերդամ, այժմյան Նյու Յորք։ Հարկ է նշել, որ Հյուսիսային Ամերիկայում հիմնված անգլացի պուրիտանները Սուրբ ծնունդ չէին նշում։ Հաջորդ կարևոր ու հետաքրքիր հարցն այն է, թե որտեղից է գալիս Սուրբ ծնունդին իրար նվերներ տալու սովորությունը։ Սկզբնապես եվրոպական երկրներում ընդունված էր դեկտեմբերի 6-ին՝ եկեղեցական օրացույցով Սուրբ Նիկողայոսի օրը, երեխաներին տալ նվերներ նրա անունից։
Սանտա Կլաուս

Սակայն Ռեֆորմացիայի դարաշրջանում, երբ հավանություն չէին տալիս սրբերի երկրպագությանը, Գերմանիայում և սահմանակից երկրներում այն անձը, որը բաժանում էր նվերներ, դառնում է մանուկ Քրիստոսը։ Հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում նորից սկսեցին նվերները երեխաներին տալ Սուրբ Նիկողայոսի անունից, սակայն սա տեղի էր ունենում արդեն դեկտեմբերի վերջերին՝ Սուրբ ծնունդին։ 

Ծագման վարկած

Մինչև կանդրադառնանք Սանտա Կլաուսի` մեզ բոլորիս հայտնի կերպարին և նրա քրիստոնեական նախատիպին, ներկայացնենք մի տեսակետ, որը վերջերս շատ է քննարկվում գիտնականների շրջանում։

 Այդ տեսակետի համաձայն Սանտա Կլաուսը, ավելի ճիշտ` նրա նախատիպը, սիբիրցի է, և նրա հյուսիսային եղջերուների թիմը երբեք չէր բարձրանա երկինք առանց սիբիրյան տայգայում աճող Ճանճասպան տեսակի սնկերի օգնության:

Մարդաբան Ջոն Ռաշը կարծում է, որ Սանտայի լեգենդը Եվրոպա է եկել Սիբիրի և Արկտիկայի շամաններից, ովքեր ավանդույթ ունեին դեկտեմբերի վերջին հալյուցինոգեն սնկով լի տոպրակով  շրջել տեղաբնակների տներով։ Նրանք հավաքում էին կարմրագլուխ Ճանճասպան տեսակի սնկեր, չորացնում դրանք, իսկ հետո ձմեռային արևադարձի օրը որպես նվերներ բաժանում էին։ Եվ քանի որ չդադարող ձյան պատճառով արկտիկական տներում որպես դուռ էր ծառայում տանիքի անցքը, ի հայտ եկավ պատմություն, որ Ձմեռ պապը ծխնելույզով է մտնում տներ։ Ըստ մի շարք պատմաբանների և ազգագրագետների՝ այս պատմությունը միայն սկիզբն է սնկերի և Սուրբ ծննդյան պատկերագրության խորհրդանշական կապի։ 

Ջեյմս Արթուրն իր «Սնկերը և մարդկությունը» (2003թ.) գրքում նշում է, որ կարմիր Ճանճասպանը` թունավոր հոգեակտիվ այդ սունկը, որը տարածված է Հյուսիսային կիսագնդի անտառներում, ունի սիմբիոտիկ հարաբերություններ հիմնականում փշատերև ծառերի հետ: Սա մասամբ բացատրում է ծառի տակ նվերներ դնելու պրակտիկան: «Ինչու՞ են մարդիկ ձմեռային արևադարձի ժամանակ տոնածառեր բերում իրենց տները և կարմիր թղթի մեջ փաթաթված նվերներ դնում ճյուղերի տակ՝ փորձելով արտահայտել իրենց սերը միմյանց հանդեպ:- խորհրդածում է նա իր գրքում:- Որովհետև վայրի բնության մեջ միայն փշատերև ծառի տակ կարելի էր գտնել այնպիսի «նվեր», ինչպիսին է կարմիր Ճանճասպանը: «Թռչող» եղջերուները Հյուսիսային եղջերուներն են, որոնք տարածված են ողջ Սիբիրում, Եվրասիայի հյուսիսային մասում և Ամերիկայում, և նրանց բնակավայրը գրեթե միշտ հատվում է բևեռային ժողովուրդներով բնակեցված տարածքների հետ: Հարվարդի համալսարանում սնկերի ուսումնասիրությամբ զբաղվող կենսաբան Դոնալդ Փֆիսթերը ենթադրում է, որ Ճանճասպան տեսակի սնկեր օգտագործողների հալյուցինացիաները ներառում էին այս կենդանիներին, որոնք, հավանաբար, ձեռք են բերել «թռչելու» ունակություն։ «Առաջին հայացքից թվում է, թե դա ծիծաղելի է, բայց դա այդպես չէ, – հաստատում է Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Կարլ Ռակը:- Իսկ որտեղի՞ց կարող են գալ «թռչող» եղնիկները:

Կարծում եմ, դա ընդհանուր գիտելիքների մի մասն է, որ Ձմեռ պապը «ճանապարհորդում» է նրանց հետ: Սիբիրյան շամանները անիմալիստներ` կենդանպաշտներ  էին։ Նրանք կարծում էին, որ հալյուցինոգեն «ճանապարհորդությունների» ժամանակ իրենց ուղեկցում են կենդանական ոգիները։ Եղնիկները ամենտարծված ու ճանաչված կենդանին են Արևելյան Սիբիրում ապրող ժողովուրդների մոտ։ Տեղացիները նաև սնկի պես հագնվելու ավանդույթ ունեն՝ հագնելով վառ կարմիր կոստյումներ՝ սպիտակ բծերով»: Սանտա Կլաուսի այժմյան տեսքի մեջ մեծ « ներդրում ունի» «Պաք» հումորային ամսագիրը, որի մի քանի համարների շապիկի վրա հայտնվել է Սանտան:

«Սուրբ ծննդյան զարդարանքները, որ հիշեցնում են կարմիր Ճանճասպանները, տարածված են ամբողջ աշխարհում, հատկապես Սկանդինավիայում և Հյուսիսային Եվրոպայում», – ասում է Փֆիստերը: Այնուամենայնիվ, սա ընդամենը վարկած է, և ժամանակակից Սուրբ ծննդյան և սունկ ուտելու պրակտիկայի միջև կապը կարող է պարզապես պատահականություն լինել։

Սուրբ Նիկողայոս Զմյուռնիացի

Սանտա Կլաուս

Բազմաթիվ ավանդույթներ, փոփոխված ձևով, որպես արտաքին ատրիբուտներ, տարածվել են Նիկողայոս Զմյուռնացու վրա, որը համաքրիստոնեական սուրբ է և ապրել է մոտավորապես  270-345թթ.: Նա հայտնի էր իր բարեգործություններով: Նա է հենց  համարվում է ժամանակակից Սանտա Կլաուսի ( santa – սուրբ, Claus-Նիկողայոս) «պաշտոնական» նախատիպը։ 

1809 թվականին լույս է տեսել ամերիկացի գրող Վաշինգտոն Իրվինգի «Նյու Յորքի պատմությունը» գիրքը, որտեղ նա հիշատակել է Սուրբ Նիկոլասին մեծարելու սովորույթը։ Իսկ 1823 թվականին Կլեմենտ Քլարկ Մուրը հրատարակում է «Սուրբ ծննդյան գիշերը, կամ Սուրբ Նիկոլայի այցը» բանաստեղծական հեքիաթը, որում պատմում է  մեկի մասին, ով նվերներ է բաժանում երեխաներին: Ջոն Ռաշը և Կառլ Ռակը ենթադրում են, որ Մուրը, ստեղծելով իր պատմությունը, հիմք է ընդունել Հյուսիսային Եվրոպայի առասպելները, որոնք, իրենց հերթին, հղվում են սիբիրյան Արկտիկայի դիցաբանությանը և շամանական ավանդույթներին: Գիտնականները վստահ են, որ Սանտայի սահնակն ու հյուսիսային եղջերուները հին եվրոպացիների հավատալիքների հստակ նախատիպն են։ Օրինակ՝ սկանդինավյան աստված Թորը թռչում էր երկու այծերին ամրացված կառքով։ Ռակը մատնանշում է Սանտայի ամենահայտնի հյուսիսային եղջերուին՝ Ռուդոլֆին (միացել է եղջերուների ութնյակի 1939 թ. Չիկագոյում կայացած գովազդային արշավի արդյունքում), որպես Ճանճասպան տեսակի սնկի և Սուրբ ծննդյան կապի ևս մեկ օրինակ. նրա մեծ կարմիր քիթը խորհրդանշում է թունավոր սունկը: 

Մնացած 8 հյուսիսային եղջերուներն են` Դեշերը (սրնընթաց), Դենսերը (պարող), Պրենսերը (թռչկոտող), Վիքսենը(կայտառ), Քոմետը (գիսավոր), Քուփիդ (Կուպիդոն), Դոններ (գերմ. որոտ, սկանդինավյան Թոր աստծո գերմանական տարբերակը)  և Բլիցեն (գերմ. կայծակ), որոնք նշված են Մուրի ստեղծագործության մեջ:

Թոմաս Նաստի նկարազարդումը Կլեմենտ Մուրի գրքի համար

Բոլորիս հայտնի Լապլանդիան Սանտա Կլաուսի ֆիննական տարբերակի` Յոլուլուպուկիի (Սուրբ ծննդյան այծ, Սանտան այծերին լծված սահնակի վրա է շրջում) բնակավայրն է, որ գտնվում է Կորվանտունտուրի լեռան վրա։ Նա ունի կին` Մուորի (ծեր տանտիկին), որ խորհրդանշում է ձմեռը, իսկ նրան օգնականներն են գնոմները։

Հոլանդագերմանական տարբերակում նա կոչվել է Սինտերկլաաս, որից էլ հավանաբար առաջ է եկել Սանտա Կլաուս տարբերակը, իսկ ֆրանկոֆոն երկրներում նա կոչվում է Պեղ Նոել (Սուրբ ծննդյան հայր)։

Ձմեռ պապն ու Ձյունանուշը առաջին անգամ հանդիպում են երեխաներին

Ձմեռ պապ կամ Дед Мороз

Սուրբ ծննդյան պապը Ռուսաստան է «եկել» 19-րդ դարում գերմանացի վերաբնակների շմիջոցով: 1929 թվականին ԽՍՀՄ-ը պաշտոնապես արգելեց Սուրբ ծնունդը նշել։ Տոնածառի` զարդարված եղևնու, կատարին ամրացվող աստղը` Բեթղեհեմյան աստղը, որ խորհրդանշում էր Քրիստոսի ծնունդը, փոխարինվեց կարմիր աստղով։ Սակայն եղևնին, բնականաբար, չփոխարինվեց և շարունակեց մնալ որպես մշտադալարության` կյանքի, և կենաց ծառի խորհրդանիշ։

Սովետական շրջանում Սուրբ ծննդյան տոնը խամրեցնելու համար (և ուղղափառ, և Հայ առաքելական եկեղեցիներում Սուրբ ծնունդը նշվում է հունվարին (ուղղափառները հունվարի 7-ին` հին տոմարով դեկտ. 25, Հայ առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին, Գրիգորյան տոմարով և պահպանել են տոնի նշման նախնական ձևը) առավել մեծ շուքով սկսվեց նշվել Ամանորը, և Սուրբ ծննդյան բոլոր խորհրդանիշները «տեղափոխվեցին» այդ տոն։ 1936-ի նախօրեին որոշվեց անցկացնել Ամանորի տոնական հանդես, և ի հայտ եկավ բոլորիս ծանոթ Дед Мороз-ը ՝ նախկին Սուրբ ծննդյան պապը՝ ռուսական ժողովրդական հեքիաթների հերոս Մորոզկոյի հատկանիշներով:

Նրա կերպարը հայտնի է դեռ  Հին Ռուսիայի ժամանակներից, բայց սկզբում նա հեռու էր բարի, ուրախ ծերուկ լինելուց և չար հեթանոսական աստվածներից մեկն էր։ Նրա անունը Տրեսկուն պապ էր, և ներկայացված էր որպես մի փոքրիկ ծերուկ՝ երկար մորուքով և խստադեմ, ինչպես ռուսական սառնամանիքները։ Կինը, ենթադրաբար, խիստ Ձմեռն էր։ Մեկ տարի անց Միությունների տան Սյունասրահում տեղի ունեցած տոնակատարության ժամանակ նրան առաջին անգամ ուղեկցում էր Ձյունանուշը։ Ինչպես Մորոզկոն, այնպես էլ Ձյունանուշը ժողովրդական հեքիաթների կերպար էր, որը բանահյուսությունից մտավ գրականություն 19-րդ դարում և կապ չուներ Սուրբ ծննդի և սուրբ Նիկողայոսի հետ: Ձյունանունուշին կամ Снегурочка -ին նոր շրջանում հանդիպում ենք Ա.Ն. Օստրովսկու համանուն պիեսում (1872թ.), սակայն նրա մոտ Ձյունանուշը ոչ թե Ձմեռ պապի թոռնուհին է, այլ աղջիկը։ Իսկ Ձյունանուշ իր տեսքի համար «պարտական է» Վասնեցովի այս նկարին։

Կաղանդ պապ

Ծննդյան տոնի հանդիսությունները հայ ժողովրդի կենցաղում պտտվում էին նախ և առաջ եկեղեցու ծիսակարգի շուրջ։ Բայց և այնպես դրանց միահյուսվել էին որոշ ժողովրդական սովորություններ, որոնք տոնին մասնակիորեն հաղորդում էին ազգային բնույթ։

Սակայն դրանք ավելի շատ կապված էին Ամանորի, քան Սուրբ ծննդյան տոնակատարությունների հետ։

Օրինակ` եղևնու փոխարեն Ամանորին ձիթապտղի կամ խնկի ծառ է զարդարվել կամ չոր ճյուղի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն։ Ամանորի ծառը համարվել է ընտանիքի, գերդաստանի հավերժության խորհրդանիշ։

Հայերենում Կաղանդը համարժեք է Նոր տարուն կամ Ամանորին։ «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»: «Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae (календар) բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը: Հայերը Նոր տարին անվանել են նաև Ամանորաբեր (Ագաթանգեղոս պատմիչի մոտ` Վանատուր), Տարեմուտ, Տարեգլուխ, Տարին գլուխ, Տարենոր, Նոր Տարի, Նորաբեր, Նավասարդ (սանսկրիտերեն «Նավասարտա» բառից` նավա` նոր, սարդ` տարի), Ծաղկըմուտ (այս արտահայտությունը ցույց է տալիս, որ նախկինում Նոր տարի համարել են գարնանամուտը), իսկ Կաղանդի գիշերվա այլ արտահայտություններն են Կախանդ, Կախ կամ Կաղ, Լոլեի գիշեր, Խլվլիկ, Գոտեկախ, Կալոնտար:

Ձմեռ պապի կամ Սանտա Կլաուսի հայկական պատմությունը ևս արմատներ ունի պատմության մեջ: Դիմակներով հանդես գալը, երեխաներին զվարճացնելն ու նրանց նվերներով ուրախացնելը նշանավորվել է առանձին տոնակատարությամբ՝ Բարեկենդանի խրախճանքների ժամանակ։ Մենծ պապուկի տոնը, որը ձմռան վերջին էր, երեխաների ամենասիրած տոնակատարություն էր։ Երբ խրախճանքը գագաթնակետին էր հասնում, ընտանիքի ավագը գաղտնի դուրս էր գալիս տնից և որոշ ժամանակ անց ներս մտնում՝ գլխին սրածայր «քոլոզ», ձեռքին՝ մեծ գավազան, դեմքին՝ բրդից սարքած բեղ-մորուս, կռնակին՝ ոչխարի մորթի և մեծ տոպրակ՝ երեխաների համար խաղալիքներով ու քաղցրավենիքով: Նա երեխաներին նվերներ էր բաժանելու և մեծահասակներին մեկ բաժակ կարմիր գինի հրամցնելու՝ շնորհավորելով «Եկավ Մենծ պապուկը, հազար բարով Բարեկենդանը»։

Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և, որևէ մեկի տանը մոտենալիս, սկսում էին երգել: Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական ճաշատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր պարկեր էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն»:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top