Վեդայական
Ք.ծ. ա. II հազարամյակում Հնդկաստան սկսեցին ներխուժել արիական ցեղախմբերի առաջին ալիքները:
Այդ ժամանակահատվածում հյուսիսարևմտյան տեղաբնիկ հնդկական՝ Ինդոսի կամ Հարապպայի քաղաքակրթությունը, մի շարք պատճառներով` մասնավորապես բնական կատակիլիզմների, անկում էր ապրում: Այն ծագել էր Ինդոսի հովտում Ք.ծ.ա. մոտ III հազարամյակում և գոյատևել մինչև Ք.ծ.ա. XVII – XVI դդ.:
Այժմյան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հարապպայի քաղաքակրթությունը տարածված է եղել ոչ միայն Ինդոսի հովտում, այլև ընդգրկել է արևմուտքից արևելք՝ Սուտկագան-Դորից (Պակիստան) մինչև Ալամգիրպուր (Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգ), հյուսիս-հարավ՝ Ռուպարից (Փենջաբ) մինչև Գուջարատ (Հնդկաստան) ընկած երկրամասերը։ Հարապպայի քաղաքակրթությունը գրավել է առավել մեծ տարածք, քան Նեղոսի հովտի և Միջագետքի քաղաքակրթությունները միասին։ Հարապպայի քաղաքակրթության հնավայրերից առավել արժեքավոր են Հարապպան, Մոհենջո-Դարոն, Չանհու-Դարոն՝ Պակիստանում, Լոտհալը, Կալիբանգանը և Ռուպարը՝ Հնդկաստանում։ Հարապպայի քաղաքակրթություն ստեղծող ժողովուրդը զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ, կերտել է հատակագծված քաղաքներ և գյուղեր, արվեստի հոյակապ նմուշներ, ունեցել սեփական գիր (գրել են աջից ձախ, մինչ այժմ նրանց գիրը չի վերծանվել): Հարապպայի քաղաքակրթության բնակիչները պատրաստել են բամբակե գործվածքներ, պղնձե և բրոնզե գործիքներ, տնտեսական և կենցաղային այլ առարկաներ, զենքեր, նախշազարդ բազմապիսի խեցեղեն։ Զարգացման բարձր մակարդակի վրա են եղել քանդակագործությունը և կնիքի փորագրությունը։
Տեղաբնիկների միգրացիայի հետևանքով նոսրանում էին խիտ բնակեցված բնակավայրերը և նկատվում էր մեծամասշտաբ տեղաշարժ դեպի տարածաշրջանի ծայրամասային հատվածներ: Չնայած այս փոփոխություններին` կրոնական և դիցաբանական պատկերացումները, սովորույթները, պաշտամունքային պրակտիկան մասնակիորեն պահպանվում էր տեղացի բնակչության գյուղական շերտերում: Ներթափանցելով և անմիջականորեն առնչվելով հնդկական գյուղական-պահպանողական բնակչության հետ` արիական ցեղերը, դառնալով իշխող դասակարգ, թշնամաբար էին տրամադրվում տեղացիների կենցաղավարության ու կրոնական պատկերացումների նկատմամբ:

Պատառիկ Ռիգվեդայից
Արիացիները ամեն կերպ փորձում էին իրենց հետ բերած կրոնական պատկերացումները, ծիսապաշտամունքային համակարգը զերծ պահել տեղական մշակութային ազդեցություններից: Նրանք փորձում էին անձեռնմխելի պահել նաև իրենց հետ բերած սրբազան տեքստերը, որոնք 1-ին հազարամյակի նախաշեմին ի մի բերվեցին և ձևավորվեցին տեքստերի չորս հավաքածուներ (սամխիթներ): Վեդաների բովանդակությունը ի սկզբանե բանավոր փոխանցվում էր ուսուցչից աշակերտի, ապա դրանք գրի են առնվել վեդյական սանսկրիտով (այն համարվում է սանսկրիտի ամենահին տարբերակը, սանսրիտ՝ संस्कृत, saṃskṛta, նշանակում է «մշակված, կատարյալ, կարգավորված», պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ-իրանական ճյուղին, հին Հնդկաստանի լեզուն է)՝
Ռիգվեդա – հիմների հավաքածու – գրվել է մոտ Ք.ծ.ա. 1700-1100 թթ.
Յաջուրվեդա – զոհաբերության բանաձևերի հավաքծու
Սամավեդա – զոհոբերության երգերի հավաքծու
Աթհարվավեդա – հմայախոսությունների և անեծքների հավաքածու
Ավելի ուշ այս չորս սկզբնաղբյուրային վեդաներին միացվեցին նաև այլ բնույթի վեդայական տեքստեր`
Բրահմանները – վեդայական ծիսակարգի պարզաբանումներ և մեկնաբանություններ
Արանյակները – ժառանգություն ճգնավորների համար և դատողություններ ծիսակարգի մասին
Ուպանիշադներ – մտորումներ, ուսուցումներ կամ արտահայատություններ աշխարհակարգի, մարդու էության և ծիսակարգի իմաստի մասին
Բոլոր այս տեքստերը ընդհանուր առմամբ կազմեցին վեդայական սրբազան կանոնը` շրուտին: Այս ամենի հիմքում ընկած պատկերացումների և ծիսակարգային գործողությունների ամբողջությունը ի վերջո պայմանականորեն կարելի է անվանել վեդայական կրոնական համակարգ:
Վեդայական կանոնի հնագույն և ամենահեղինակավոր հուշարձանը Ռիգվեդան է, որը բաղկացած է տասը գրքեր (մանդալա) պարունակող 1028 հիմնից: Ռիգվեդայի պանթեոնն աչքի է ընկնում իր կառուցվածքային բարդությամբ և թերևս չի ենթարկվում միանշանակ համակարգման: Այդ ամենով հանդերձ հիշատակվում են 33 աստվածություններ, որոնք բաժանվում էին դևերի և ասուրների:
Վեդայական ամենատարածված աստվածություններն էին`
Դիաուս – երկնքի աստված, աստվածների հայրը. վերջինս իր կարգավիճակով նույնական է հին հունական Զևսին (ի դեպ` համանմանություն կա նաև լատինական «աստված» եզրի հետ` Դիաուս-Զևս-Դեոս-Թեո)
Պրիտխիվի – երկրի աստվածուհին, Դիաուսի կինը, որի հետ համարվում էին աշխարհի, աստվածների և մարդկանց նախածնողները
Սուրիա – արև աստվածը
Ուշաս – արշալույսի աստվածը
Ռուդրա – շանթի աստվածը
Ագնի – կրակի աստվածը, վերջինիս հետ էր առնչվում կրակի հետ կապված ողջ ծիսակարգը և այլն:
Միթրա – Վեդայական Միթրան ազնվության, ընկերության, պայմանագրերի և հանդիպումների հովանավոր աստվածությունն է
Կային նաև վերացական հասկացություններ մարմանվորող աստվածություններ`
Արիաման – հյուրընկալությունը մարմնավորող
Շրադդհա – հավատը խորհրդանշող և այլն:
Սոմա – մարմնավորում էր զոհաբերության աստվածային ըմպելիքը (համարժեք է Ավեստայում հիշատակվող հոմա ըմպելիքին)։
Ռիգվեդայի հիմների մեծ մասը (շուրջ 250) նվիրված է Ինդրային` Դիաուսի և Պրիտխիվիի առաջնեկին, ով երկրպագվում էր իբրև անձրևի, շանթարձակ աստված, ռազմիկ, իմաստության և լույսի մարմնացում, աստված-դևերի երիտասարդ արքա, որ շրջում էր սրբազան Այրիվատա (բառացի՝ ջրերից հառնած) փղի վրա նստած: Նախահնդկական շրջանում Ինդրան արիացիների մոտ համարվում էը միայն լույսի և ջերմության աստված, իսկ արդեն Հնդկաստանում ձեռք է բերում նաև վերոնշյալ հատկանիշները և աստիճանաբար ստանձնում գլխավոր աստծո դերը` դուրս մղելով Դիաուսին։
Ռիգվեդայում առանցքային նշանակություն ունեն Վրիտրուի` ահռելի վիշապի սպանությունը նկարագրող հիմները. այսպես` Ինդրան, իր շանթարձակ մահակով սպանելով նախնական օվկիանոսի ժայռերից մեկի վրա նստած Վրիտրուին, լույս աշխարհ է հանում արեգակը, գետերը և կյանքի բոլոր բարիքները: Ինդրայի գործողույթունը ունի կարևորագույն տիեզերաստեղծ գործառույթ, քանի որ վիշապի նկատմամբ տարած հաղթանակից հետո ոչ կեցությունը (ասաթ) դարձավ կեցություն (սաթ): Ինդրան նաև խորհրդանշում էր տարերային անգիտակից կոշտ ուժ, ինչը հին արիացիների կողմից ընկալվում էր իբրև նյութական հաջողությունների գրավական: Այդ պատճառով Ինդրային նվիրված հիմներում կարելի է նկատել ռազմական հաջողությունների, հարստության, արական ժառանգականության վերաբերյալ խնդրանքներ:
Մոտավորապես նմանատիպ որակներով էր օժտված նաև Ռուդրան` փոթորիկի և շանթի մռայլ աստվածը, ումից ավելի շատ ակնկալում էին ոչ թե բարի գործեր, այլ այն, որ մարդիկ չարժանանային վերջինիս զայրույթին և անբարեհաճությանը:
Գործառույթային հակասականությամբ աչքի է ընկնում նաև աստվածների նախավեդայական ավագ սերունդը (ասուրները) ներկայացնող Վարունան: Ասուրները Ռիգվեդայում ընկալվում են իբրև երիտասարդ աստվածների` դևերի թշնամիներ: Վարունան յուրահատուկ միջանկյալ տեղ է գրավում աստվածների այս երկու սերունդների միջև` պահպանելով ահեղ տիրակալի իր կարգավիճակը: Վեդայական պանթեոնում Վարունան անդրշիրիմյան աշխարհի, ջրի տարերքի, գիշերային երկնքի աստվածն է` միևնույն ժամանակ կատարելով կարևորագույն գործառույթ. վերջինս նաև պահպանում է Ինդրայի կողմից նվաճված տիեզերական կարգուկանոնը` ռիտան (ռտան) և աստվածային կանոնները (դրահման):
Հին արիացիների շրջանում գործում էին հստակ էթիկայի կանոններ` դատապարտվում էր ստախոսությունը և անհավատարմությունը, անբարեհաճ վարքագիծը և այլ բացասական երևույթներ. սկզբունքորեն մեղք հասկացությունը հաստատված կարգ ու կանոնից` ռիտայից հրաժարվելն էր:
Արիացիների առօրյայի համար առանցքային նշանակություն ունեին կրոնական բազմաբնույթ ծիսակարգերը: Վեդայական կարևորագույն ծեսերից մեկը կրակի վրա հատուկ բույսից (հայտնի չէ, թե ինչ բույս է) պատրաստված ըմպելիքի` սոմայի թափելն էր: Բույսից ստացված հյութը, որը խառնում էին ջրի և կաթի հետ, հանձնվում էր աստվածներին, ովքեր ուժ և անմահություն էին հաղորդում դրան: Սոման առաջին հերթին ըմպում էին քրմերը, որի օգնությամբ վերջիններս ընկնում էին էքստազային վիճակի մեջ: Արիացիները համարում էին, որ սոման երկնային ծագում ունի, աստավծային ըմպելիք է և կապում էին լուսնի հետ, իսկ ավելի ուշ շրջանում պարզապես նույնացվում էր լուսատուի հետ: Սոմայի պաշտամունքը շատ հին ծագում ունի և կրոնագետների կողմից կապվում է հնդիրանական միասնականության ժամանակահատվածի հետ:
Ի սկզբանե քոչվորական կյանք վարող արիացները չունեին մշտական պաշտամունքային վայրեր, տաճարներ: Հատուկ վայրերում կառուցվում էին ժամանակավոր խորաններ, որտեղ կրակի վրա զոհեր էին մատուցվում: Դրանք համարվում էին այնպիսի վայրեր, որտեղ հավաքվում էին երկնքից իջած աստվածները` ճաշակելու իրենց համար մատուցվող կերակուրը: Համաձայն արիացների հավատալիքների` կրակի վրա մատուցվող զոհն աստվածներին էր հասնում Ագնի աստծու միջոցով, ով, ինչպես վեևում նշվեց, առանցքային դեր ուներ կրակի հետ կապված ցանկացած ծիսակարգի գործում:
Արիացիների մոտ լայնորեն տարածված էր նաև նախնիների պաշտամունքը: Նրանց պատկերացմամբ` նախնիները մարմնապես հավերժ գոյություն ունեն բարձրագույն երկնքում: Նախնիների առաջնորդը Յաման է, ով Ռիգվեդայում մշտապես արքա է կոչվում: Նախնիները հատկապես նախանձախնդիր էին, որպեսզի պաշտամունքային ծիսակարգը մարդկանց կողմից պատշաճ կատարվեր: Չնայած արիացիների հեռու էին մարդկանց վերածննդի մասին գաղափարից, սակայն ժամանակի ցիկլային զարգացման մասին պատկերացումները արդեն իսկ գոյություն ունեին: Այսպես` նրանք հավատում էին, որ յուրաքանչյուր տարվա ավարտին աշխարհը վերադառնում է նախասկզբնական` քաոսային վիճակին, իսկ Ինդրային վիճակված է կրկնել իր հերոսությունը: Ինդրային օգնելու համար նրանք Նոր տարվա նախաշեմին կազմակերպում էին զանազան մրցույթներ (ըմբշամարտ և այլ խաղեր):
Չնայած արիացներն ամեն կերպ ձգտում էին իրենց կրոնն ու դիցաբանական համակարգը զերծ պահել հնդկական տեղաբնիկ ցեղերի ազդեցությունից, այնուամենայնիվ, դա նրանց ուժից վեր էր: Նույնիսկ արիացիների համար ծայրաստիճան կարևոր նշանակություն ունեցող Ռիգվեդայի տեքստերում ակնհայտ է ոչ արիական մշակույթի ներթափանցումը: Այդ ազդեցությունը հատկապես զորեղ է Աթհարվավեդայում, որի հիմնական նյութը ակնհայտորեն կապված է հնդկական ստորին` գյուղացիական շերտերի սովորույթների և կենցաղի հետ: Ամենայն հավանականությամբ` Աթհարվավեդան արտացոլում էր իր ժամանակի ժողովրդական կրոնը և վեդայական կանոնի բաղկացուցիչ է դարձել արիացիների և տեղաբնիկ մշակույթների փոխզիջման արդյունքում` դառնալով հին հնդկական հասարակության զարգացման մշտական խթաններից մեկը: