Եգիպտական դիցաբանություն և մշակույթ

Եգիպտական դիցաբանություն և մշակույթ

եգիպտական

Նախորդ գրառման մեջ արդեն անդրադարձել ենք դիցաբանական համակարգերին, որն էլ թույլ է տալիս  ի մասնավորի ներկայացնել ամենատարածված և ամենահայտնի դիցարանները, որոնք հետքեր են թողել համաշխարհային մշակույթի վրա։ Առաջինը կխոսենք եգիպտական դիցաբանության մասին, որը, լինելով հնագույններից մեկը, նաև ամենահամակարգվածներից է։

Որպեսզի շատ չծանրաբեռնենք ընթերցումն ու հիշողությունը, այստեղ չենք անդրադառնա  անդրշիրիմյան կյանքի մասին առասպելներին (դրանք կներկայացնենք առանձին և համեմատական կարգով այլ դիցաբանական համակարգերի նույն առասպելների հետ։
Ի՞նչ հիմնական գիտելիքներ պետք է ունենալ եգիպտական դիցաբանության մասին.
 
1. Պատմական շրջանները
2. Աստվածների աստիճանակարգումն ու ամենատարածված աստվածների գործառույթները, փարավոնների դերն ու աստիճանը
3. Գրային համակարգը
4. Ճարտարապետական առանձնահատկությունները
5. Մշակույթի և գիտության առանձնահատկությունները
 
Եգիպտական կրոնը նշանակալից և որոշիչ ազդեցություն է թողել հունական փիլիսոփայության զարգացման վրա։ Պլուտարքոսի վկայությամբ Միլեթյան դպրոցի հիմադիրը` Թալեսը, եղել է Եգիպտոսում և եգիպտացիներից սովորել ամեն բանի նախահիմքը համարել ջուրը: Սոլոնը, Պլատոնը, Անաքսիմանդրը, Դեմոկրիտը ևս եղել են են Եգիպտոսում ու եգիպտացիներից սովորել սրբազան խոսքի, երկրաչափափական թեորեմների և թվի մասին ուսմունքը։ Եգիպտական կրոնական, բնագիտական պատկերասույցները մեծ ազդեցություն են թողել նաև Ալեքսանդրայի գիտական մտքի վրա հատկապես հելլենիզմի դարաշրջանում։
 
Պատմական ակնարկ
 
Եգիպտական քաղաքակրթությունը ծագել և զարգացել է Նեղոս (հին եգիպտ.՝ հափի, իթերու, ղպտերեն՝ փիարո, որոնք նշանակում են գետ) գետի երկայնքով և ժամանակակից է Միջագետքյան քաղաքակրթություններին: Առհասարակ, եգիպտացիների կյանքում կենտրոնական տեղ է գրավել Նեղոսը թե կրոնական, թե կենսական և թե քաղաքական հարցերում՝ համարվելով կենսատու աղբյուր, այդ գետի վարարումների շնորհիվ է զարգացած եղել գյուղատնտեսությունը:
Եգիպտոս անունը ծագել է հին հունարեն Αἴγυπτος- Այգուպտոս անվանումից(հույներն այդ անունը վերցրել են Մեմֆիս քաղաքի անուններից մեկից՝ հիկուպտահ՝ Պտահի տուն, անվանումից), իսկ այժմ իրենք իրենց կոչում են Միսիր կամ Մսր (բնակեցված տեղ, քաղաք), այնպես ինչպես հնում արաբներն ու հայերը: Եգիպտացիները հնում իրենց երկիրը կոչել են Տա-Կեմեթ-սև հող (բերիի հող):
 
Եգիպտական պատմագիր և քուրմ Մանեթոնը (Ք.ծ. ա. III դար) Եգիպտոսի պատմությունը պարբերացրել է՝ այն բաժանելով երեք թագավորությունների կամ շրջանների: 
 
Առաջին — հին թագավորություն (մոտ  3150–2686 Ք.ծ.ա.)
Երկրորդ- միջին թագավորություն (2134–1690 Ք.ծ.ա.)
Երրորդ – նոր թագավորություն (1549–1069 Ք.ծ.ա.)
 
 
Մ. թ. ա. IV-III հազարամյակում Նեղոսի հովտում ստեղծվում է միացյալ պետություն։ Մենես (կամ Նարմեր)փարավոնը միավորում է Հյուսիսային (ստորին Եգիպտոսը, Դելտա) Եգիպտոսը և Հարավային (վերին) Եգիպտոսը։ Կառուցում է Մեմֆիս բերդը, որը հնագույն թագավորության մայրաքաղաքն է դառնում։ Ջոսեր փարավոնը կառուցում է իր դամբարանը։ Հին թագավորության շրջանում են կառուցվում Քեոփսի, Քեփրենի, Միքերինի բուրգերը։
 
 
Միջին թագավորության մայրաքաղաքը Թեբեն է, որտեղ իբրև գլխավոր աստված պաշտում էին Ամոնին։ Զարգանում է ոռոգման համակարգը, կառուցվում է լաբիրինթոսը, որը, ըստ Հերոդոտի,  գերազանցում էր բուրգերին։ Այն մեկհարկանի շինություն էր (70 հազ. քառ. մ.) հրապարակով, անհամար դահլիճներով, անցուղիներով։ Այն կառուցել է տվել միջին թագավորության հզոր փարավոններից Ամենեմխեթ III — ի կողմից Ֆայումի շրջանում (Շեդեթ-Կրոկոդիլոպոլիս)  իբրև եգիպտական արքաների պանթեոն: Ըստ Ստրաբոնի, մի ավանդության համաձայն լաբիրինթում յուրաքանչյուր նոմի (նահանգ` վարչատարածքային տաճար) մի դահլիճ էր հատկացված զոհաբերություններ կատարելու համար և լաբիրինթոսը ներկայացնում էր իբրև միացյալ Եգիպտոսի մարմնացում։
 
Նոր թագավորության շրջանում Եգիպտոսը հասնում է իր հզորության գագաթնակետին և ընդգրկում է XVIII, XIX, XX դինաստիաները: Նոր թագավորության հիմնադիր է համարվում Յահմոս Առաջինը, որի ժամանակ Եգիպտոսը թոթափում է սեմիտական ծագմամբ հիքսոսների տիրապետությունը, որոնք իշխել էին մոտ Ք.ծ.ա.  XVIII—XVI դարերում  XIII—XVII դինաստիաների շրջանում և իրենց մայրաքաղաք էին հռչակել Ավարիս քաղաքը (Հիքսոս-օտար հողերի կառավարիչներ, հովիվ-թագավորներ: Նրանք Եգիպտոս են ներմուծել ռազմական արվեստի տարրեր՝ ռազմակառք, սաղավարտ, նետ ու աղեղ): Թութմոս I, Հաթշեփսութի (կին փարավոն) և Թութմոս III փարավոնների օրոք հպատակեցվում է Մերձավոր Արևելքը՝ Պաղեստին, Քանան, Սիրիա, Բաբելոնը, Միտանի երկիրը (Թութմոս III-ը նրանց միացյալ զորքերին հաղթում է Մեգիդոյի ճակատամարտում): Հայտնի փարավոններից են նաև Թութանհամունը, Ամենհոտեպ III-Ը, Ամենհոտեպ IV-ը (որը կատարեց կրոնական ռեֆորմ) և Ռամզես II-ը:
Այս թագավորության ընթացքում այլևս չեն կառուցվում բուրգեր: Թութմոս I-ից սկսած՝ փարավոնները թաղվում են Արքաների հովիտ կոչվող վայրում կառուցվող դամբարաններում (Ընդհանուր թվով 63 դամբարան, վերջինն այնտեղ թաղվել է XX դինաստիայից Ռամզես XI-ը): Այս թագավորության ընթացքում մայրաքաղաքներ են եղել Թեբեն, Ահեթաթոնը (Ամարիս), Պեր-Ռամզեսը և Մեմֆիսը:
 
Այս շրջանից հետո Եգիպտոսը գրավում են ասորեստանցիները, պարթևները և Ալ. Մակեդոնացին, որով հիմք է դրվում մակեդոնական Պտղոմեոսյան  դինաստիային ( Ք.ծ.ա. 332- 30 թթ.)՝ Ալեքսանդրիա մայրաքաղաքով: Այս դինաստիայի և հելլենիստական շրջանում Եգիպտոսի ամենահայտնի թագուհին է թերևս Կլեոպատրա VII Ֆիլոպատորը:
Փարավոններ

Փարավոններ

Փարավոն կոչումը երբեք չի կիրառվել հին Եգիպտոսում: Հունարեն φαραώ բառը, որը մենք կիրառում ենք, ծագում է հին եգիպտերեն, pr-aА (ընդունված արտասանություն — «փեր-ա»), որը տառացի նշանակում է «մեծ տուն».
Արքային pr-aA դիմելու առաջին հիշատակումը հանդիպում է XII դինաստիայի փաստաթղթերում, բայց վերջնականապես մտնում է իրառության մեջ Նոր թագավորության շրջանում՝ XVIII-XIX դինաստիաների շրջանում:
Փարավոններն ունեցել են հինգ անուններ.
  1. Հորուսի անուն- Հորուս աստծո հետ է կապված
  2. Նեբտի — Կապված է Վերին և Ստորին Եգիպտոսների հովանավոր (nbty — «երկու տիրուհիներ»)
  3. Ոսկե անուն
  4. Գահակալման անուն-nsw-bity (Ընդունված արտասանություն -«նեսու-բիտի»)
  5. Սեփական անուն- տրվում էր ծնվելու ժամանակ և արձանագրություններում դրվում էր Ռա-ի որդի կոչումից հետո
Հիերոգլիֆներում հանդիպում ենք երկարացված օվալների՝ կարտուշների, որոնցում գրվում է փարավոնների ծննդյան և գահակալման անունները:«Հիշողության անեծքի» դեպքերում անուններն ու կարտուշները ջնջվում կամ փոխարինվում էին ուրիշներով։
 
Վերջին էթնիկ եգիպտացի փարավոնը Նեխթանեբ (Նահթհորհեբ) II-ն է, որը թագավորել է Ք.ծ.ա. 358-340 և եղել է XXX դինաստիայի վերջին փարավոնը: Նրանից հետո Եգիպտոսը նվաճել են պարթևները:
 
Փարավոնների ատրիբուտները.
 
Թագ— եղել են կրկնակի թագեր (փշենտ, որը բաղկացած է Ստորին Եգիպտոսի կարմիր՝ դերշետ, թագից և Վերին Եգիպտոսի հեջեթ՝ սպիտակ, թագից), ռազմերթերի ժամանակ օգտագործել է կապույտ թագ՝ հեպրեշ, ծիսական ոսկե թագ՝ հաիթ:
Նեմես- գլխանոց — օգտագործել են Եգիպտոսում առհասարակ, իսկ փարավոններինը եղել է ոսկուց և կապույտ գծերով:
Հեկա-կարճ գավազան:
Նեկհակհա-կալսիչ —Հաճախ պատկերվել է կարճ գավազանի հետ փարավոնի կրծքին խաչված:
Ուաս-գավազան — վերնամասում շան կամ բորենու արձանիկով:
Արհեստական մորուք և կենդանու պոչ:
Անխ— հավերժական կյանքի խորհրդանիշ: Բռնակով խաչ փարավոնի ձեռքում:
 
Փարավոնները համարվել են մարմնավորված աստված, աստծո որդի (Ռա աստծո որդի) և օժտված են եղել բացարձակ միապետական իրավունքներով:
Գիրը

Գիրը

Հին Եգիպտոսի ժողովրդի ամենամեծ նվաճումներից մեկը աշխարհում I գրի ստեղծումն է, որը իր փուլային զարգացումն է անցել:
Հին եգիպտերենն ունի 25 բաղաձայն:
 
Հիերոգլիֆային գիր — Ք.ծ.ա. 3000 թ.: Կազմված է հարյուրավոր խորհրդանշաններից։ Հիերոգլիֆը կարող է ներկայացնել բառ, ձայն կամ լուռ որոշիչ. և նույն խորհրդանիշը կարող է ծառայել տարբեր նպատակների տարբեր համատեքստերում: Հիերոգլիֆները պաշտոնական գրություններ էին, որն օգտագործվում էր քարե հուշարձանների և դամբարանների վրա։ Գրվել է հիմնականում աջից ձախ 
Հիերատիկ գիր — Հին թագավորական շրջանում հանդես է եկել որպես ճեպագիր` պապիրուսի, կավի, գործվածքների վրա։ Օգտագործվել է առօրյա գրագրության մեջ դպիրների կողմից, կարդացվել է աջից ձախ հորիզոնական տողերով:
Դեմոտիկ գիր— եգիպտական գրերի III տեսակն է, որը զարգացել է Ք.ծ. ա. 9-րդ դարում, ուր նշմարվում է ձայնավորների գրառման տենդենց, շատ նշաններ բազմիմաստ են: 
 
Վերջին փուլը ղպտական լեզուն է (III- IV) որով խոսել են հին եգիպտացիների քրիստոնյա ժառանգները` յուրացնելով հունարեն այբուբենը։ Արդեն անտիկ շրջանում հին եգիպտերենը կորած էր, չէր օգտագործվում։ 
1822 թ. ֆրանսիացի բանասեր Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը վերծանել է Ռոզետյան եռալեզու սալաքարը (Ռոզետա՝ այժմ Ռաշիդ, քաղաքը գտնվում Ալեքսանդրիայից ոչ հեռու, արձանագրությունը եղել է գրված հիերոգլիֆ- դեմոտիկ գիր-հունարեն սկզբունքով) և գտել հերոգլիֆները կարդալու բանալին:
Ճարտարապետական առանձնահատկությունները

Ճարտարապետական առանձնահատկությունները

Եգիպտական ճարտարապետությունն աչքի է ընկնում իր մոնումենտալությամբ ու մեծ ծավալներով: Կառույցներից ամենահայտնիներն են դամբարանները, պալատները և բուրգերը, որոնք նույնպես դամբարաններ էին:
Բուրգերի մասին շատ  խոսվել, այստեղ միայն կնշենք, որ, ինչպես գիտեք, ամենահայտնի բուրգերն են Գիզայի բուրգերը (երեք մեծ և արբանյակ բուրգեր): 

Ընդհանուր առմամբ Եգիպտոսում հայտնաբերվել է 118 բուրգ, իսկ առաջինն է համարվում Ջոսեր փարավոնի կառուցած աստիճանավոր բուրգը (Սաքաարայում՝ անունը ծագում է անդրշիրիմյան աշխարհի Սոքար աստծո անունից): Գիտնականները հանգել են այն մտքին, որ բուրգերի կառուցման համար հիմք են դարձել Եգիպտոսում ավելի հնում տարածված դամբարանների մեկ այլ՝ հատած բուրգի տեսքով դամբարանները՝ մաստարբաները (համեմատիր զիկկուրատների հետ):

Կառնակը  Եգիպտոսում պահպանված ամենամեծ տաճարային համալիրն է և նվիրված է եղել Ամոն-Ռա աստծուն: Այստեղ է գտնվում ամենամեծ սյունազարդ դահլիճը (134 սյուներ, 5000 քմ), հին աշխարհի ամենաբարձր օբելիսկը (30 մ բարձրությամբ միակտոր գրանիտ): Կառուցապատվել է Հին թագավորության շրջանից մինչև Պտոմեոսյանների շրջանը: Կառնակի տաճարային համալիրը միացել է Լուքսորի տաճարի հետ սֆինքնսերի ճեմուղով (2700 մ երկարություն, 1200 արձան):
Հին Եգիպտոսում տաճարների և դամբարանների պատերը պատվել են հիերոգլիֆներով, որոնք ոչ միայն դեկորատիվ, այլև տեղեկության փոխանցման նշանակություն են ունեցել: Որմնաքանդակները, արձանները և որմնանկարները ունեցել են գունավորումներ, որոնց մի մասը պահպանվել են մինչ օրս:
Եգիպտական դիցաբանություն

Եգիպտական դիցաբանություն

Մեռելոց գրքում, սարկոֆագների, բուրգերի և դամբարանների տեքստերում հանդիպում են բազմաթիվ աստվածությունների անուններ, որոնք կարելի է դասակարգել որպես տեղական և համաեգիպտականաստվածություններ: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ որոշ տեղական աստվածություններ, կախված տեղի քաղաքական ազդեցության մեծացման հետ, երբեմն ձեռք են բերել համաեգիպտական նշանակություն և պաշտամունք: Այդ տեքստերում հանդիպող աստվածներից են արևի աստված Ռա-ն, երկնքի դիցուհի Նուտը, համաշխարհային կարգ ու կանոնի դիցուհի Մաատը, Նեղոսի աստված Խապին:

Հելիոպոլիսյան քրմերը ձևավորվել են աստվածների էնեադան (աստվածների իննյակ):
Ի սկզբանե եղել է նախաստեղծ Նուն օվկիանոսը, որում ծագել է արևի աստված Ռա-ն (հորուս): Ռա-ից ծնվում են Շու (մարմնավորում էր օդը) և Թեֆնուտ (խոնավությունը): Այս զույգից ծնվում են երկրի աստված Գեբը և երկնքի աստվածուհի Նուտը, որն իր ոտքերով և ձեռքերով խոնարհվում է երկրի վրա որպես երկնակամար: Նրա աչքերից մեկը լուսինն է, մյուսը՝ արևը:
Այս աստվածային զույգից էլ ծնվում են Օսիրիս (մեռյալների մեռնող և հարություն առնող աստված) — Իսիդա ( իմաստության և գեղեցկության աստվածուհի) և Սեթ (անապատի քամիների, պատերազմի, քաոսի չար աստված: Սկզբում եղել է Ռա աստծո, փարավոնների պահապանը, հիքսոսների ժամանակ նույնացվել է Բաաղի հետ, պատկերվել է գետնախոզի գլխով) -Նեֆտիդա (մթնշաղի, ծննդյան և մահվան աստվածուհի) զույգերը:
Հելիոպոլիսյան ուսմունքը համարվում է մատերիալիստական և աշխարհի նախահիմք է համարում ջուրը:
 
Մեմֆիսի քրմերը համարում էին, որ կյանքի նախահիմքը հոգևոր սկզիբն է, և նրանց պաշտելի Պտահը (ճարտարապետների և քանդակագործների հովանավոր, արարիչ աստված) խոսքի միջոցով է արարել աշխարհը:
 
Հերմոպոլիսում (Շմուն) պաշտել են Թոթ աստծուն (Իմաստության, դպրության, գիտության գրի, Լուսնի աստված, գրադարանների հովանավոր, պատկերվել է Իբիսի՝ քաջահավի գլխով): Ըստ այդ քաղաքի քրմերի՝ Հերմոպոլիսում դրված  եղել մի ոսկե ձու, որից առաջ է եկել աշխարհը:
 
Թեբե քաղաքում պաշտել են Ամոն աստծուն: Ըստ Թեբեի քրմերի՝ Ամոնը հանդես է եկել սագի կերպարանքով, և մյուս բոլոր աստվածները գտնվել են նրա մարմնի մեջ իբրև առանձին մասեր: Նա խոսել է լռության մեջ և այդկերպ ծագել է աշխարհը:
 
Առավել նշանավոր աստվածություններից են եղել նաև՝
Հորուսը — փարավոնների իշխանության հովանավոր, պատկերվել է բազեի գլխով, Օսիրիսի և Իսիդայի որդին:
Անուբիսը— մումիֆիկացիայի և թաղման ծեսերի աստված, պատկերվել է վայրի շան գլխով, Նեֆտիդայի և Օսիրիսի զավակը:
Խնում — Թոթի հայրը, պտղաբերության և հողագործության հովանավոր, նա արարել է մարդուն կավից, պատկերվել է խոյի գլխով:
Ապիս- սրբազան կով
Բաստ- Սիրո, ծննդաբերության և կանանց պահապան աստվածություն, պատկերվել է կատվի գլխով:
Հաթհոր- երկրպագում էին որպես սիրո, զվարճանքի, երաժշտության, պարի աստվածուհի, փարավոնների խորհրդանշական մայրն էր: Նա մի քանի աստվածուհիներից մեկն էր, ովքեր հանդես էին գալիս որպես Ռա-ի աչք, Ռայի կանացի գործընկերը, և այս տեսքով նա ուներ վրեժխնդրության գործառույթ, որը պաշտպանում էր նրան իր թշնամիներից: Հնագույն ժամանակներում Հաթհորին երկրպագում էին որպես երկնային կով, որը լույս աշխարհ էր բերել արևը։ Փաստորեն, նա Ծիր Կաթինի անձնավորումն էր, որը հին եգիպտացիներին երևացել էր երկնային կովի կաթի տեսքով։
Սրբազան բզեզ- ամենատարածված պաշտամունքային սիմվոլներից է Հին Եգիպտոսում: Ըստ եգիպտացիների, բզեզը կրկնում է Արևի ճանապարհը՝ ինչպես Արևը կատարում է շրջագայություն երկնքում՝ ճառագայթելով լույս և ջերմություն, ստեղծելով բոլոր պայմանները կյանքի վերածննդի համար, այնպես էլ բզեզները իրենց գնդիկները գլորում են արևելքից արևմուտք, միչև սաղմերը չեն մեծանում և լույս աշխարհ գալիս։ 
Ենթադրվում էր, որ բոլոր փոքր կենդանիները ծնվում են Նեղոսի բերրի տիղմից, և միայն բզեզներն են ծնվում անապատի ավազներից։ Եգիպտական դիցաբանության մեջ բզեզները համարվում են Արևի աստվածների սուրբ միջատներ, Արևի ստեղծագործ ուժի խորհրդանիշ՝ վերակենդանացած հանդերձյալ կյանքից։
Ամենհոտեպ IV-ի կրոնական ռեֆորմը

Ամենհոտեպ  IV-ի կրոնական ռեֆորմը

Ամենհոտեպ IV-ը (Ք.ծ.ա. 1353-1336 թթ.) հաջորդել է հորը՝ Ամենհոտեպ III-ին, որի հետ համատեղ կառավարել է 8 տարի: Կառավարման հինգերորդ տարուց սկսած կոչվել է Էհնաթոն՝ Աթոն աստծուն օգտակար: Նա կատարեց կրոնական մի ռեֆորմ, որը ցնցեց Եգիպտոսի ամբողջ կրոնական համակարգը՝ փակել է տալիս Եգիպտոսի բոլոր աստվածների տաճարները և սահմանում է Աթոնաստծո պաշտամունքը, որը հիշեցնում էր արևի հնագույն աստված Ռա-ին, սակայն նոր աստվածաբանական իմաստ և սիմվոլիկա է վերագրում նրան: Աթոնի խորհրդանիշն էր արևի սկավառակը։ Աթոնը արևի կենսաստեղծ բնության ուժերի մարմնավորումն է, առանց որի անհնար է երկրի վրա կյանքը:Աթոնն է, որ ունի միակ և բացառիկ գերիշխանություն երկրի վրա: Էհնաթոնն իրեն հռչակեց Աթոնի որդի, որն իրականացնում է երկրի վրա նրա իշխանությունն ու պաշտամունքը: Էհնաթոնը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Ահեթաթոնը (Աթոնի հորիզոն-Էլ Ամարնա), որը դառնում է Աթոնի պաշտամունքի կենտրոն:

Էհնաթոնին իր ձեռնարկումներում անվերապահորեն աջակցում է նրա գլխավոր կինը՝ Նեֆերտիտին (Գեղեցկուհին եկավ): Նեֆերտիտիի ծագման շուրջ կարծիքները տարբեր են, մի վարկածի համաձայն նա Միտանի պետության թագավոր Թուշրատայի դուստրն էր։
 Հետազոտողների մի մասը առաջ է քաշում  այն վարկածը, թե միասնական կրոն ստեղծելու բարեփոխումը անհրաժեշտ էր եգիպտական տերության համար, որտեղ ամեն քաղաք սեփական աստծուն էր երկրպագում, մի մասն էլ կարծում է, որ Էհնաթոնի այդ ռեֆորմի պատճառներից մեկը Թեբեի քրմական դասի անկառավարելիության հասած իշխանությունը վերացնելն է եղել՝ հիմնվելով միջին խավի և նորաստեղծ ազնվականության վրա:
Հետազոտողները կարծում են, որ Էհնաթոնի կրոնական բարեփոխումներով առաջացավ առաջին միաստվածությունը: Աթոնի պաշտամունքը Եգիպտոսում տևում է մոտ 25 տարի, սակայն հետագայում զիջում է դիրքերը: 
 
Մշակույթ և գիտություն
 
Եգիպտական մշակույթը և գիտությունը ամբողջովին ծառայել են կրոնին և կրոնական պատկերացումներին և դրանց առնչվող հարցերի պատասխանները գտնելուն: Հին Եգիպտոսում զարգացած է եղել բժշկությունը, գիտությունը, այդ թվում՝ աստղագիտությունը, գրականությունը: 
 
Միջին թագավորության շրջանից մեզ են հասել բժշկական տեքստեր` Էբերտի պապիրուսը (20, 5 մ երկարությամբ) ուր կան 900 դեղատոմսեր, հիվանդությունների նկարագրությունը, որոնց պատճառը դիտվում է արյունատար անոթների փոփոխությունը։ 
Նոր թագավորության շրջանից պահպանվել են հանքերի աշխարհագրական քարտեզներ, հայտնաբերվել է ջրային ժամացույցը։ Նոր թագավորության շրջանում Ամենեմոպի կողմից կազմվել է բառարան՝ ինքնատիպ հանրագիտարան։ Պահպանվել են մաթեմատիկական պապիրուսներ, որոնք ապացուցում են, որ Եգիպտացիները առաջինն են օգտագործել հաշվարկման տեսական համակարգը, կոտորակները, նրանց հայտնի են եղել թվաբանական եռանկյունը, շրջանի մակերեսը, հատած բուրգի ծավալը։ 
Գարնան անձրևներից Նեղոսը վարարում էր, վնասներից խուսափելու համար պետք էր ջրանցքներ փորել, պատնեշներ կառուցել։ Հեղեղը հաճախ ոչնչացնում էր բոլոր պատնեշները և անհրաժեշտ էր հողը նորից չափել։ Այս ամենը ստիպում էր չափելու. հաշվելու արվեստը զարգացնել, հետևել երկնային մարմինների շարժմանը։ Նեղոսի վարարումը համընկնում էր Սիրիուս ծագման հետ, որն էլ հանգեցնում է աստղագիտության սաղմնավորմանը։
 
Գեղեցկությունը Եգիպտացիների համար նշանակում էր հավերժ երիտասարդություն։
Եգիպտոսում քանդակագործներին կոչել են սանխ, որը նշանակում է կյանքի արարիչ։ Քանդակների պատկերման նպատակը մարդու երկվորյակի (կա-ի) պատկերումն էր, որոնք դիտորդին են ուղղված դեմքով, հայացքը վեհ, հանգիստ դեպի հավերժությունը։ Եգիպտացիների մոտ սկզբնական շրջանում սարկոֆագի (քնատապան) գլխամասին մարդկային դիմակներ էին պատկերում, իսկ ավելի ուշ ննջեցյալի դեմքին դնում էին դիմակ՝ կտավից, ոսկուց։ Թաղման դիմակների վրա դեմքը իր ընդհանուր արտահայտությամբ և դասական հանգստությամբ հիշեցնում էր ռետուշ արված լուսանկարչություն՝ կենդանի հայացք, ռեալիստական, անհատական դիմանկարներ։
 
Եգիպտացիները հավատում էին, որ յուրաքանչյուր մարդ կազմված է ֆիզիկական և հոգևոր մասերից: Բացի այդ, յուրաքանչյուր անձ ուներ šwt (ստվեր), ba (ինքնություն կամ հոգի), ka (կենսական ուժ) և անուն։ Սիրտը և ոչ թե ուղեղն էր համարվում մտքերի և հույզերի կենտրոնը։ Մահից հետո հոգին ազատվում էր մարմնից և կարող էր ազատորեն շարժվել, սակայն նրան պետք էր ֆիզիկական այլ փոխարինիչ, օրինակ՝ արձան, որպես մշտական տուն։ Մահացածի վերջնական նպատակն է եղել վերադառնալ իր ka-ին և ba-ին և դառնալ «օրհնված մահացած»՝ ապրելով որպես akh կամ «արդյունավետ»։
Անդրշիրիմյան կյանքին հավատացող եգիպտացիները ննջեցյալի հետ դնում էին ոսկե, թանկարժեք քարերից իրեր, որոնք արևի փայլն էին և իբրև ազնիվ մետաղ ևս անփոփոխ էին պահում մարմինը։ Մումիաների վրա էին դնում հազարավոր մանր թալիսմաններ, որոնք պետք է պահպանեին հոգին մարմնի մեջ: Հետմահու կյանքում ապրելու համար հենց եգիպտացիները կատարելագործեցին մումիֆիկացիայի արվետը, որը տևում էր 70 օր և ներառում էր ամբողջ ներքին օրգանների հեռացում, քթի անցքերից ուղեղի հեռացում, մարմնի պատումը տարբեր աղերի խառնուրդով, որ կոչվում էր նատրոն։ Այնուհետև մարմինը փաթաթում էին քաթանով, պաշտպանական հմայիլներով, որոնք տեղադրվում էին պատանքի շերտերի միջև և տեղադրում զարդարված  դագաղում՝ սարկոֆագներում։ Մումիֆիկացվում էին անգամ սրբազան համարվող կենդանիները: 
 
Մահը կասեցնելու անհաղթելի ձգտումը, որը խափանում էր կյանքի բնականոն ընթացքը, առաջ բերեց հետմահու կյանքի, ննջեցյալի հարության, հատուցման, Օսիրիսի ստորերկյա թագավորության մի բարդ ուսմունք։
 
«Բուրգերի տեքստերը», «Մեռյալների գիրքը», «Սարկոֆագների տեքստերը» Եգիպտոսի հնագույն կրոնական հուշարձաններն են: 
«Մեռյալների գիրքը» մեջբերված տեքստերը՝ անեծքներ, հմայախոսություններ, նոր թագավորության շրջանում փաթեթներով դնում էին  ննջեցյալի հետ, որոնք պետք է արտաբերեր ննջեցյալը, որպեսզի կարողանար Օսիրիսի դատարանով բարեհաջող անցնել և արդարանալ 42 մեղքերից և անցնել հավերժական կյանքի։ Այնկողմնային աշխարհը նույն Եգիպտոսն է ավելի բարեբեր դաշտերով, նույն ստորերկրյա Նեղոսով։ Այնտեղ դաշտային աշխատանքներից ազատվելու համար յուրաքանչյուր ննջեցյալի հետ դնում էին փոքրիկ արձանիկներ՝ ուշերտիներ (պատասխանատուներ), որոնք այն աշխարհում ննջեցյալի փոխարեն պետք է կատարեին ամեն բան: Մոգության ազդեցությամբ այդ արձանիկները այն աշխարհում կվերածվեին կենդանի էակների։
 
Ք.ծ.ա. III հազարամյակում արդեն կային հուղարկավորության տեքստեր, որոնք գրվում էին դամբարաններին։ Այդ անհամար պապիրուսները՝ «Մեռյալների գիրք» է կոչվում։ «Բուրգերի տեքստերի» առաջին ժողովածուն ունի 453 գլուխ։ Նման գրքի օրինակ ուներ յուրաքանչյուր ննջեցյալ, որը փրկում էր նրան մահից գերեզմանում, երկնքում կյանք էր պարգևում։
Նման գործնական խորհուրդներ կան «Մեռելոց գրքի» գլուխներում։ Նա ով կենդանության օրոք ծանոթ էր այդ մոգական բանաձևերին, մահից հետո վախենալու ոչինչ չուներ։ «Մեռելոց գիրքը» կոչված էր բավարարել ոչ միայն հավատալիքների ծարավը. այլ նաև այն հարցին պատասխան տալ, թե որտեղից է գալիս մարդը, ու՞ր գնում։ Այստեղ տրվում է մեծագույն գաղտնիքը՝  Մարդը ծագում է աստվածային էությունից, ինչպես և աստվածները ծնվել են Ռա-ից։ Արարչագործության ժամանակ  մարդը արցունքի նման հոսել է արարչի աչքերից, աստվածները դուրս են եկել նրա բերանից։ Մեռյալը, որին տրվում է այս գիրքը, ճանաչում է իր իսկական էությունը։ Տիեզերքը աստվածային հոգու  տարերքն է։ «Մեռելոց գիրքը» ավարտվում է հետևյալ տողով` «Մահը մարդուն վերադարձնում է աստվածային երկիր, որտեղից նա վռնդվել էր իր երկրային կյանքի ժամանակ»։
 
Պահպանվել է մի պապիրուս 4000 տարվա «Վախճանվածի զրույցը իր հոգու հետ» որտեղ փաստարկ է բերվում հօգուտ մահվան՝  կյանքը չարիք է, եղբայրները չար են, ընկերները թույնում են հարևանի բարիքը։ Խեղճը կործանվում է, ուժեղը՝ հաղթում, Երկիրը պատկանում է մեղավորներին։ Այս ֆոնի վրա գովերգում են մահը, իբրև հիվանդությունից բուժում, տենդից հետո թարմ օդ դուրս գալու նման Մահը նմանեցվում է լոտոսի բուրմունքի, ծովագնացի վերադարձ դեպի տուն երկար տարիների գերությունից հետո։
 
«Տավղահարի երգը» գրական հուշարձանը վկայում է, որ ստեղծվել են որոշակի տրամադրություններ, հետմահու կյանքի ուսմունքի հանդեպ կա կասկած, հավատի կորուստ: Այս գրական հուշարձանի  մոտիվն է հրաժարվել անիմաստ հետմահու պաշտամունքներից և շրջվել դեպի երկրային կյանք. «Ոչ ոք այնտեղից դեռ չի վերադարձել, որ պարզի թե այնտեղ ինչպես են ապրում, ինչի կարիք կա։ Տրվիր քո ցանկություններին, քանի դեռ կենդանի ես, բազմապատկիր քո հաճույքները, մի տրվիր ունայնության, ոչ ոք իր ունեցվածքն իր հետ չի տանում»։
 
Գրականության միակ ժանրը, որն ուղղակի հիշատակված է հին եգիպտացիների կողմից, ուսուցման ժանրն էր։ ժանրային մնացած դասակարգումը կատարվել է ժամանակակից եգիպտագետների կողմից։ Տեքստերի մեծ մասը գրվել են չափածո, սակայն որոշ պատմողական գործեր գրվել են արձակ։  Պատմողական ժանրի ստեղծագործություններ են հեքիաթները և պատմվածքները: Դրանցից կարելի է առանձնացնել «Հեքիաթ Քեոփսի արքայի բակում», «Նեֆերքարի արքան և գեներալ Սասենեթը», «Սինուղի հեքիաթը»։ Գրվել են նաև մարգարեական տեքստեր, ողբեր և զրույցներ:

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх