Կտակ Չարչարանաց

Մարդկանց սովորություն է, որ երբ մեկը մահանում է օտարության մեջ և կտակ է թողնում, և մեկ ուրիշը գնում և բոթը հայտնում է նրա ընտանիքին, այնժամ ով առավել սիրելի է, առավել է ողբում:
Այսպես էլ մեր երկնավոր Հայր Հիսուսն այսօր մահացավ, և ես եկել եմ հայտնեմ այդ բոթը. ժամանակն է լաց լինելու և ժամանակն է խնդության: Թեպետ հոգեպես ուրախություն է, որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգին ազատվեց դժոխքից, բայց մարմնապես սուգ է և տրտմություն: Ինչպես Ավետարանն է նշում` լուսատուները երկնքում խավարեցին: Դրա համար այսօր պետք է սգանք և ողբանք արարածների հետ` չարչարանակից լինելով Քրիստոսին:
Հոր մահը ողբալու տասը պատճառ կա:
Պատճառ առաջին: Խոր ծերության հասակում մահացածի համար այնքան էլ չեն ողբում,որքան երիտասարդի: Իսկ մեր Տերը երեսուն տարեկան էր:
Երկրորդ: Եթե (ընտանիքի) հայրն իր մահով է մեռնում, չպետք է սգալ, իսկ մեր Տերը մահացավ բազում նախատինքներ և չարչարանքներ կրելով:
Երրորդ: Եթե մեկն իր մեղքերի և հանցանքի պատճառով մեռնի, չարժե սգալ: Տերը, սակայն, մեր փրկության համար մահացավ և ի պատասխան բազում գործերի` սպանվեց:
Չորրորդ: Եթե որդիները չեն լինում հոր մահվան պատճառ, խորին կսկիծով չեն սգում: Բայց ինչպես Դավիթ մարգարեն էր հույժ ողբում` տեսնելով, որ իր մեղքի պատճառով հրեշտակը կոտորում է ժողովրդին, այդպես էլ մենք պետք է առավել լաց լինենք, որովհետև Քրիստոսի մահվան պատճառը մեր մեղքերն են:
Հինգերորդ: Եթե մի սովորական մարդ է մահանում, կսկիծն այնքան մեծ չի լինում, որքան թագավորի միամորիկ և լավ որդունը: Այսօր մահացավ անմահ Թագավորի Որդին:
Վեցերորդ: Եթե խստասիրտ և չար մեկն է մեռնում, չեն ողբում այնպես, ինչպես ողորմած և բարի մարդուն: Իսկ մեր Տերն այնքան գթասիրտ էր, որ արտասվեց Ղազարոսի համար:
Յոթերորդ: Եթե սպանվի մի օտար մարդ կամ թշնամի, ոչ ոք լացուկոծ չի անի, իսկ մեր Տերը մեր հայրն ու եղբայրն էր, սիրելին ու բարեկամը:
Ութերորդ: Երբ մեկը տեսնում է ուրիշներին արտասվելիս, ինքն էլ է լաց լինում: Այսօր անգամ անբան ու անշունչ արարածներն են լալիս, ինչպես արեգակը, լուսինը և բոլոր մյուսները: Ուրեմն ինչքան առավել պետք է ողբանք մենք` բանական զավակներս:
Բայց Քրիստոսի մահվան չարչարանքներն առավել էին, քան բոլոր սրբերինը: Եվ այդ վեց պատճառ ունի:
Առաջին: Նրա մարմինը շատ զգայուն էր տանջանքների հանդեպ, քանզի նման էր աչքի, որոնք առավել զգայուն են, որովհետև նա կուսածին էր և Սուրբ Հոգուց: Նրա մարմինը կոշտացած չէր, ինչպես ուրիշներինը, ովքեր մեղք են գործում:
Երկրորդ: Սրբերի չարչարանքները հասցնում էին Սուրբ Հոգու ուրախությանը, այսինքն` Աստծո տեսությանը և վայելելու երկնքի արքայության սերը, և այն ուրախությունը ուրախացնում է հոգին: Իսկ Քրիստոսի մարմինը չհասավ ուրախության, որովհետև Նրա հոգին Աստվածությանը միացած Աստված է, և Ինքն է արքայությունը: Բայց կատարեց, որ մեր մեղքերի փրկագինը լիներ:
Երրորդ: Չարչարանքները տարբեր են լինում, օրինակ, պարանով կապելն ու ամրացնելը թեթևագույնն է տանջանքներից, իսկ ձեռքերն ու ոտքերը փայտին մեխելը շատ դաժան է, որովհետև այդ ժամանակ բոլոր մկանները ձգվում են` առավել զգալի դարձնելով ցավը:
Չորրորդ: Եթե մարմնի մի մասը ցավում է, իսկ մյուսը` ոչ, տանելի է: Իսկ մեր Տերն ամբողջ մարմնով էր չարչարվում, քանզի գլուխը փշով էր պսակված, դեմքը` ապտակով ու թքով պատված, ձեռքերն ու ոտքերը` մեխած, կողը` գեղարդով խոցված:
Հինգերորդ: Մոր մասին:Երբ չարչարում են որևէ մեկին,  մորը փակում են տանը, իսկ Տիրոջ մայրը մոտ էր  և տեսնում էր իր Որդու չարչարանքները և մորմոքում էր: Իսկ Որդին, իր հերթին տեսնելով մոր ողբը` ավելի էր տանջվում:
Վեցերորդ: Չարչարանքներ կրեց ամեն ազգի մարդկանց կողմից` հրեաներից ու հեթանոսներից, տղամարդկանցից ու կանանցից, ծերերից ու երիտասարդներից, մեծամեծներից ու ռամիկներից, քահանաներից ու ժողովրդից: Նրա բոլոր բարեկամները փախան, նրանցից ոչ ոք չկար իր մոտ: Հենց այդ մասին էլ ասում է Երեմիա մարգարեն իր ողբում «Ձեզ եմ ասում, ձեզ` ճանապարհի անցորդներ, դարձեք, նայեք ու տեսեք, թե կլինեն արդյոք ինձ բաժին ընկած ցավերց առավել դաժանները»:
Տասը:  Եթե ինչ-որ մեկն օտարի ձեռքով մեռնի, դեռ ոչինչ, իսկ մեր տեր Քրիստոսը Իր սիրելի աշակերտ և ազգական Հուդայի կողմից մատնվեց և մեռավ:
 
Ո՜վ անօրեն և խորամանկ Հուդա, այն բանի համա՞ր ես վաճառում Քրիստոսին, որ քեզ ներեց հորդ ու մորդ սպանությունը և Իր աշակերտը դարձրեց, մեռյալներին հարություն տալու իշխանություն տվեց և գանձապետ դարձրեց քեզ:
Ո՜վ նենգ Հուդա, երբ կամենում էիր վաճառել Աստծո և Մարիամի Որդուն, ինչո՞ւ նախ չգնացիր Մարիամի մոտ, որը քեզ արծաթի փոխարեն ոսկի կճարեր ու կտար:
Ո՜վ չար և վատ, երեսուն արծաթն ի՞նչ էր, որ քեզ հավետ կորստյան դատապարտեցիր` մատնելով քո Վարդապետին և Աստծուն: Եթե արծաթի կարիք ունեիր, պետք է ասեիր, որովհետև Հիսուս ողորմած է և կլիացներ քեզ ոսկով ու մարգարտով:
Բայց մատնեցիր, քանզի չար ու ագահ էիր:
Ո՜վ թշվառական, նույնիսկ անգետ ծառային հարյուր դահեկանով են վաճառում, իսկ դու Վարդապետին` երկնքի ու երկրի Արարչին երեսուն արծաթով մատնեցիր: Գող էիր, դրա համար էլ թաքուն ու էժան վաճառեցիր: Լավ կլիներ ամենևին չծնվեիր, ինչպես Տերն Ինքն ասաց:
Այն ժամանակ, երբ Հուդան վաճառում էր Տիրոջը, Հիսուս պարտեզում ուսուցանում էր աշակերտներին: Փոքր-ինչ հեռանալով` սկսեց խորհել մահվան մասին, և նրանից արյան քրտինք էր հոսում: Եթե խորհելիս Տերն այդքան երկյուղում էր, ապա որքան առավել էր տառապում տանջանքների ժամանակ:
Այդ ժամանակ եկավ Հուդան հրեաների բազմությամբ:
Հիսուս հարցրեց «Ո՞ւմ եք փնտրում»: Պատասխանեցին. «Նազովրեցի Հիսուսին»:
Հիսուս ասաց. «Ես եմ»: Եվ բոլորը երեսնիվայր ընկան:
Տես, որ կարող էր Նրան փրկել:
Այդ պահին Հուդան ասաց.«Ողջ եղիր, Վարդապետ», և համբուրեց նրան:
Հիսուս ասաց. «Ընկեր, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն»:
Ով խորամանկ Հուդա, սիրո նշանով ես մատնո՞ւմ Աստծո Որդուն:
Երբ հրեաները  բռնեցին Հիսուսին, Պետրոսը հանեց սուրն ու կտրեց ծառայի ականջը:
Հիսուս ասաց. «Սուրդ տեղը դիր, եթե կամենամ փրկել ինձ, տասներկու բյուր հրեշտակ կարող եմ իջեցնել, բայց կամովին եմ մեռնում: Քանի որ եթե չմահանամ, աշխարհը չի փրկվի, և մարգարեությունները չեն կատարվի»: Եվ այդ պահին բժշկեց ծառայի ականջը:
Ապա կապեցին նրան, և աշակերտները փախան: Եվ Հիսուսին անարգելով տարան քահանաների մոտ:
Իսկ Քրիստոս քաղցրությամբ էր խոսում և պատասխանում:
Իսկ ծառան, որի ականջը բժշկեց, ապտակեց ի պատասխան ստացած պարգևի:
Մի զարմացիր այս արարքի վրա, քանզի առաջին ապտակը տվեց երեսունութամյա այն անդամալույծը, որի ամբողջ մարմինը բժշկեց և տաճարում ասաց. «Գնա, մի մեղանչիր այլևս, որ փորձության չմատնվես»: Եվ եկեղեցին հիացած է Քրիստոսի ներողամտությամբ: Ուրեմն չպետք  է զարմանալ, որ երկրորդ ապտակը տվեց նա, ում մարմնի միայն մի մասը բժշկեց:
Եթե նրանք այդ բանն արեցին, ապա ի՞նչ սպասել անծանոթ զինվորներից, որոնք ինչ արեցին:
Երբ գայլը սկսեց կծոտել Աստծո Գառանը, ուրիշները սկսեցին բզկտել, ոմանք խփում էին օրհնյալ բերանին, մյուսներն ապտակներ էին հասցնում երեսին, պիղծ բերաններով թքում էին դեմքին, խփում գլխին, երեսը ճանկռում: Մի մասն էլ, գետնին գցելով, ոտքերով ու ձեռքերով հարվածում էին:
Ո՜վ Արարիչ Աստծո Որդի, ո՜վ Սուրբ Կույս Մարիամի Զավակ, այս ինչ արեցին Քեզ մեր մեղքերի պատճառով:
Այսպիսի դառը տանջանքներով ու նախատինքներով Քրիստոսին նախ տարան Կայափայի աներ Աննայի ապարանքը:
Վարդապետության մասին քահանայի հարցից ու Քրիստոսի պատասխանից հետո մի ոմն սպասավոր ապտակեց Հիսուսին` ասելով. «Այդ ինչպես ես պատասխանում քահանայապետին»:
Աննան կապկպված  Հիսուսին ուղարկեց իր փեսայի` քահանայապետ Կայիափայի մոտ:
Ըստ Մարկոս Ավետարանչի` նրա մոտ եկան նաև բոլոր քահանայապետերը, դպիրներն ու ծերերը:
Այստեղ Հիսուսի դեմ վկաներ էին փնտրում ու չէին գտնում: Բազում սուտ վկայություններ էին տալիս, որոնք մեկը մյուսին չէին համապատասխանում:
Ապա քահանայապետը վեր կենալով Հիսուսին հարցրեց. «Դո՞ւ ես Օրհնյալ Աստծո որդի Քրիստոսը»:
Այն բանից հետո, երբ Հիսուս ասաց, «Կտեսնեք Մարդու Որդուն, որ գալու է երկնքի ամպերի միջով` նստած Զորության աջ կողմում»,  քահանայապետը պատռեց իր պատմուճանն ու ասաց. «էլ մեր ինչին են պետք վկաներ, ահա ամենքս լսեցինք դրա հայհոյանքը»:
Եվ ապա ասաց. «Ի՞նչ պատժի է արժանի»: Ամենքն ասացին. «Մահապարտ է»:
Հետո սկսեցին թքել Նրա երեսին, և ձորձ գցելով Նրա գլխին, բռունցքներով խփում էին և ասում. «Մարգարեացիր, ո՞վ հարվածեց քեզ»: Ու սպասավորները սկսեցին ապտակել:
Չբավարարվելով` Նրան կապեցին քարե կարճ սյունին  և բոլոր կողմերից ուժգին հարվածում էին, մինչև ամբողջ մարմինն արյունոտվեց:
Լույսը բացվելուն պես քահանաներն ու բոլոր ներկաները խորհրդակցեցին, ապա կապելով Հիսուսին` տարան Պիղատոսի մոտ:
Իսկ Պիղատոսը հարցրեց Հիսուսին. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»: Հիսուս պատասխանեց. «Դու ասացիր»:
Պիղատոսը քահանայապետներին ասաց. «Ես հանցավոր որևէ բան չեմ տեսնում այս մարդու մեջ»:
Նրանք պնդում էին և ասում. «Շփոթեցնում է մեր ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում` Գալիլիայից մինչև այստեղ»: Երբ Պիղատոսը իմացավ, որ Հիսուս գալիլեացի է, ուղարկեց Հերովդեսի մոտ:
Ըստ Հովհաննես Ավետարանչի` Հերովդեսի բազում հարցերին Հիսուս պատասխան չտվեց:
Իսկ քահանայապետներն ու դպիրները խիստ չարախոսում էին նրան:
Հերովդեսն իր զորականներով նույնպես արհամարհեց Նրան և ծաղրելով հրամայեց սպիտակ զգեստ հագցնել և վերադարձնել Պիղատոսի մոտ: այդ օրվանից Պիղատոսը և Հերովդեսը, որոնք մինչ այդ թշնամի էին, բարեկամացան: Ինչպես դևերը, որ հակառակ են միմյանց, սակայն միաբանվում են մարդուն կործանելու համար:
Պիղատոսը նորից կանչեց քահանայապետներին` ասելով. «Այս մարդուն բերել էք ինձ մոտ, և ես ահա ձեր առաջ դատեցի և մահվան արժանի ոչ մի հանցանք չգտա, ինչպես չէր գտել Հերովդեսը»:
Հրեաները պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի` իրեն Աստծո որդի հռչակողը պետք է սպանվի»:
Այս լսելով` Պիղատոսն ավելի վախեցավ:
Վերադառնալով պալատ` հարցրեց Հիսուսին. «Որտեղի՞ց ես դու»: Հիսուս չպատասխանեց:
Նեղսրտեց Պիղատոսը. «Ինձ հետ չե՞ս խոսում, չգիտե՞ս որ իշխանություն ունեմ քեզ խաչ բարձրացնելու կամ ազատ արձակելու»:
Քրիստոս ասաց. «Ինձ վրա իշխանություն չէիր ունենա, եթե այն քեզ ի վերուստ տրված չլիներ: Բայց ինձ քո ձեռքը մատնողները մեծ մեղք գործեցին»: Այս ասելով` Պիղատոսը կամեցավ ազատել նրան:
Հրեաներն  աղաղակեցին. «Եթե Նրան ազատես, կայսրին բարեկամ չես. ամեն ոք, ով թագավոր է կոչում իրեն, հակառակ է կայսրին»:
Պիղատոսը հարցրեց. «Ձեր թագավորին խաչ հանե՞մ»:
Հրեաները պատասխանեցին. «Մենք կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք»:
Իսկ Պիղատոսը քանզի գիտեր, որ նախանձից մատնեցին, պատճառ էր որոնում ազատելու Հիսուսին:
Նա նրանց ասաց. «Դուք սովորություն ունեք ամեն տոնի առիթով ազատելու մի բանտարկյալի»:
Ըստ Մատթեոս ավետարանչի` Բարաբբա անունով մի բանտարկյալ կար, ձերբակալվել էր խռովություն բարձրացնելու համար, որի ժամանակ մարդ էր սպանվել: Պիղատոսը հարցրեց. «Այս երկուսից որին եք կամենում, որ արձակեմ` Հեսու Բարաբբային, թե՞ Հիսուսին»:
Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ ազատեն Բարաբբային, իսկ Հիսուսին կորստյան մատնեն:
Այս ընթացքում Պիղատոսի կինը լուր ուղարկեց ամուսնուն. «Գործ չունես այդ Արդարի հետ, որովհետև այսօր երազում շատ բաներ տեսա»:
Պիղատոսը կրկնեց. «Սրանցից ո՞ւմ ազատ արձակեմ»:
Պատասխանեցին. «Բարաբբային»:
Հարցրեց. «Իսկ ինչ անեմ Քրիստոս կոչված Հիսուսին` հրեաների արքային»:
Բոլորն ասացին. «Խաչիր»:
Հարցրեց. «Ի՞նչ վատ բան է արել»: Իսկ նրանք առավել բարձր էին  աղաղակում և պահանջում խաչել: Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, այլ խռովությունն ավելի է ուժգնանում, ջուր վերցրեց, ձեռքերը լվաց ժողովրդի առաջ ու ասաց. «Այս արդարի արյան համար ես մեղք չունեմ, դուք գիտեք»: Պատասխանեցին. «Նրա արյունը մեր և մեր որդիների վրա թող լինի»:
Պիղատոսն ասաց. «Տարեք և դատեք ձեր օրենքներով»: Հրեաներն ասացին. «Մեզ արժան չէ մարդ սպանել»: Ապա Պիղատոսը, կամենալով հաճոյանալ, կատարեց նրանց պահանջը` ազատեց Բարաբբային, իսկ Հիսուսին գանահարելով  տվեց նրանց ձեռքը, որ խաչեն:
Տես, երեկոյան բռնեցին Քրիստոսին և մինչև օրվա երրորդ ժամը մի ակնթարթ անգամ հանգիստ չտվեցին, այլ բազում չարչարանքներով ամբողջ գիշեր պտտեցին, մինչև խաչելու վճիռն ընդունվեց:
Եվ երբ խաչելու հրամանը տրվեց, մի գունդ զինվորներ բերվեցին գավիթ, որտեղ հրապարակն էր: Հիսուսին հագցրին կարմիր քղամիդ ու ծիրանի: Գլխին փշե պսակ դրեցին, մի եղեգ էլ աջ ձեռքը տվեցին, ծնկի գալով Նրա առաջ` ծաղրում էին ասելով. «Ողջ եղիր, հրեաների թագավոր»:
Նրա վրա թքելով` վերցրին  եղեգն ու  հարվածեցին գլխին, և երբ դուրս հանեցին` փշե պսակ ուներ ու ծիրանի հանդերձ:
Ծաղրելով նրան մերկացրին, հանեցին քղամիդը և հագցնելով Իր հագուստը` տարան խաչելու:
Այս ամենից անտեղյակ Մարիամ Աստվածածինը տանն աղոթում էր:

Պետք էր գնալ և պատմել նրան: Բայց ո՞վ կգնա:
Ո՜վ Գաբրիել Հրեշտակապետ, դու ծանոթ ես Կույսին, գնա և պատմիր նրան:
Հրեշտակապետը պատասխանեց. «Քավ լիցի, եթե ես ասեմ, կարող է լսելիս մեռնի, որովհետև ես նրան ուրախության ավետիս եմ տվել և չեմ կարող գուժել տրտմություն: Ես նրան անվախճան թագավորության ավետիս եմ տվել, այժմ չեմ կարող մահվան բոթ տալ: Ես  ժողովրդի փրկության ավետիսն եմ տվել նրան, այժմ չեմ կարող խաչելության գույժը տալ»:
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու, որ տրտմածների ուրախությունն ես և սգավորների մխիթարիչը, գնա մխիթարելու նրան:
Իսկ նա պատասխանում է. «Այսօր մխիթարության և ուրախության օր չէ: Ուրախություն էլ տամ, միևնույն է ` չի ուրախանա, որովհետև իր Միածին Որդին, անօրենների ձեռքը մատնված, խաչափայտն ուսին բարձրանում է Գողգոթա` խաչվելու»:
Ո՜վ Մարիամներ` Սուրբ Կույսի սիրելիներ, գուցե դուք հայտնեք նրան հրեաների ձեռքով Որդու մահվան մասին:
Նրանք, գալով Աստվածածնի մոտ, նստեցին տխրադեմ ու չէին համարձակվում խոսել, քանի որ մտածում էին, թե վշտից կմահանա: Ուստի, միմյանց նայելով, լռում էին:
Ո՜վ Հովհաննես Ավետարանիչ, դու գնա պատմիր, քանի որ կանայք թուլասիրտ են  և ոչինչ չեն կարողանում ասել:
Նա գնաց և հարցրեց:
«Ո՜վ Մարիամ, ուր է քո Որդին, քո ուրախությունն ու ճառագայթափայլ արեգակը, ուր է քո փառքն ու պսակը, միածինն ու անդրանիկը: Ուր է մեր Տերն ու Վարդապետը: Տիրամայր, ահա հրեաները նրան ձերբակալած տանում են խաչի մահվան»:
Հենց այդ պահին հրեաներն ու զինվորները տանում էին Հիսուսին` աղաղակելով. «Ով ցանկանում է տեսնել սուտ մարգարեի անարգալից մահը, թող գա և տեսնի»:
Երբ Կույսն այս լսեց, սիրտը թնդաց, կորցրեց գիտակցությունը, ուշաթափվեց: Դուրս թռավ իբրև նետ, ցոլաց իբրև կայծակ, արևի շողի պես սուրաց, սլացավ արծվի պես: Հասավ և տեսավ, որ սպառազինված զինվորները, սրերով ու բրերով շրջապատված, իր Միածին Որդուն տանում են մահվան խաչի:
Ամպի նման գոռաց, առյուծի պես գոչեց, մռնչաց ինչպես ընձառյուծ, ծովի պես փոթորկվեց, գարնան գետի պես պղտորվեց, մագաղաթի նման աղիքները գալարվեցին, ջերմից տառապողի պես շնչահեղձ եղավ, սիրտը կսկծաց, լյարդը ցավեց` ինչպես նետով խոցված, աչքերը մթնեցին, ուշագնաց եղավ, մեռածի պես ընկավ գետին:
Ո՜վ Մարիամներ, օգնեցեք Տիրամորը:
Եվ վրա հասնելով` բարձրացրին նրան: Ուշքի գալով` տեսավ Որդուն այդպես անարգված: Դառնապես ողբաց` արյան արտասուք թափելով:  Աղաղակում էր, ծեծում երեսը, պոկում վարսերը, պատառոտում հագուստը, սգում էր Որդուն և ասում.
«Ո՜վ իմ սիրելի Որդյակ, ինչպես կորցրի քեզ, իմ ցնծություն, ինչպես մատնվեցիր, խնդություն իմ, ինչպես ձերբակալվեցիր, իմ զվարճություն, ինչպես դառնացար, իմ բերկրանք, ինչպես անարգվեցիր, ուրախություն իմ, ինչպես տրտմեցիր, իմ արեգակ, ինչու խավարեցիր, կյանք իմ, ինչու վշտացար, իմ Արարիչ Աստված, ինչու ապտակվեցիր, իմ հույս ու հավատ, ինչպես քարկոծվեցիր, սեր և զարդ իմ, ինչու փշով պսակվեցիր, իմ փառք ու պսակ, ինչու ծեծվեցիր, իմ անգին մարգարիտ, ինչու խամրեցիր, ոսկեճաճանչ թանկարժեք ակ իմ, ինչու խաչվեցիր, իմ բարձր աշտարակ, ինչու ցնցվեցիր, իմ ամուր պարիսպ, ինչու քանդվեցիր, իմ համասփյուռ ծաղիկ, ինչպես թոշնեցիր:
Ի՜նչ անի տառապած մայրդ: Ում մոտ գնամ, ում օգնության կանչեմ խեղճիս, ով իմ սիրելի որդյակ: Բոլոր մայրերի մեջ վայ ինձ, բոլոր ապրողների մեջ վայ ինձ»:
Այսպես ամենօրհնյալ մայրը գնում էր ետևից ողբալով, իսկ  Հիսուսին քայլեցնում էին ամբողջ Երուսաղեմով: Այնտեղ կային բազում օտարականներ և հրեաներ, որոնք քար ու հող էին նետում Հիսուսի վրա:  Ծանր էր խաչն, ու չէր կարողանում տանել, ուստի պարաններով էին քաշում: Պահակները բռնեցին Սիմոն Կյուրենացուն, որ նա տանի Հիսուսի խաչը:
Իսկ Տիրամայր Աստվածածինը, քայլելուց հոգնած,  ընկավ գետնին ու երբ վեր հանեցին, ցանկանում էր գնալ որդու հետևից:
Մարիամի հետ եղողներն ասացին. «Ո՜վ Տիրամայր, ինչու ես ուզում գնալ Գողգոթա, բավական չէ՞, որ մեր Հորն ենք կորցնում, ցանկանում ես, որ քեզ էլ կորցնե՞նք: Վերադարձիր տուն»:
Պատասխանեց. «Թույլ տվեք ինձ մեռնել Որդուս հետ, թույլ տվեք ինձ խաչակից լինել նրան»:
Այսպես անտանելի չարչարանքներով հասցրին Գողգոթա, Հիսուսին պառկեցրին խաչի վրա. երկու կողմից սաստիկ ձգելով ձեռքերն ու ոտքերը` մուրճի ուժգին հարվածներով հաստ և բութ մեխերով գամեցին: Ապա կանգնեցրին խաչը , որ բոլորը տեսնեն:
Սկսվեցին Հիսուսի տանջանքները. առատ արյուն էր հոսում ոտքերից և ձեռքերից: Իսկ Տիրամայրը խորովվող սրտով կանգնած էր խաչի մոտ: Այս ամենը տեսնելով` գալարվում էին աղիքները, և արտասուքն առվի նման հոսում էր աչքերից: Նրան ասացին. «Ով Աստվածածին, ինչո՞ւ ես այդքան լալիս»: Եվ նա ասաց. «Պատճառ ունեմ հույժ ողբալու, տեսնում եմ Որդուս տանջանքների մեջ և չեմ կարողանում մխիթարել, տեսնում եմ, որ մահանում է, և չեմ կարողանում նրա հետ մեռնել, տեսնում եմ, որ ծարավ է, և չեմ կարողանում ջուր տալ Նրան: Վա՜յ ինձ, ի՞նչ անեմ: Որդիս աղաղակում է. «Ծարավ եմ», իսկ նրանք լեղի են խմեցնում: Վախենում եմ գնալ ջուր բերել` գուցե վերադառնալով` նրան մեռած գտնեմ»:
Այնժամ ուզում էր ասել Գաբրիել Հրեշտակապետին. «Ուր է իմ ավետիսը, ուրախությունն ու ողջույնը, այսօր հակառակն եմ տեսնում: Վայ ինձ, որ լույս աշխարհ եկա և կոչվեցի Մարիամ, այսինքն` լուսավորյալ, այսօր խավարի մեջ եմ, ասացիր` շնորհներով լի, այսօր լի եմ դառնությամբ, ասացիր` ուրախ եղիր, այսօր լի եմ տրտմությամբ, ասացիր` բերկրյալ, այսօր ողբում եմ, ասացիր` Տերը քեզ հետ է, այսօր Տիրոջս տանում են ինձանից: ասացիր` օրհնյալ ես դու կանանց մեջ, այսօր նախատինք եմ Իսրայելի մեջ»:
Ցանկանում էր նաև դիմել Եղիսաբեթին. «Ով իմ ազգական, ո՞ւր է քո ավետիսը, որ  ասացիր` օրհնյալ է քո որովայնի պտուղը: Արի ու տես, թե Պտուղս ինչպես թառամեց, ինչպես ծեծվեց ու ճմլվեց խաչի վրա և իր տաք արյունը հեղեց խաչափայտին»:
Այս ասելով` փարվում էր խաչին, հոգոց էր հանում, սրտի խորքերից հառաչում էր, երեսը խաչափայտին հպելով` անհագ համբուրում էր ու կսկիծից մորմոքվում էր: Որդին Իր  արյունով էր փայտը ներկում, իսկ մայրն արտասուքով էր ոռոգում: Հայր Աստված սուրբ Հոգու հետ հաղորդակից էր չարչարանքներին, իսկ Մայրը մարմինը գրկած մահն էր ողբում:
Ասում էր`. «Վայ ինձ», քանի որ տեսնում էր Որդուն խաչի վրա այլագունած: Ինչպես Եսայի մարգարեն էր ասում. «Տեսանք նրան, բայց նրա տեսքից ու գեղեցկությունից ոչինչ չէր մնացել, այլ բոլոր մարդկանցից ավելի անարգված ու նվաղած էր»:
Եվ ասում էր հրեաներին. «Ինձ էլ սպանեք Որդուս հետ, քանի որ մահն առավել քաղցր է ինձ համար, քան Որդուս մահից հետո ապրելը, որովհետև առանց Նրա իմ կյանքը մահ է, ուրախությունը` սուգ, հանգիստը` չարչարանք: Լույսը խավար է, արքայությունը` դժոխք»:

Եվ ինչպես Դավիթն էր սգում Աբիսողոմին` ասելով. «Երանի ես մահանայի քո փոխարեն», այնպես էլ Սուրբ Կույսն էր ասում. «Ով որդյակ, ուրիշներին ողորմում և մահանում ես, ինձ էլ ողորմիր, որ քեզ հետ մեռնեմ: Ավազակին մխիթարում ես` ասելով. «Այսօր դրախտում ինձ հետ կլինես», ինձ ինչու ես թողնում հափշտակող գայլերի մեջ: Կամենում ես հոգիներն ազատել դժոխքից, ինձ ինչու ես թողնում հրեաների գերության մեջ: Խաչողներիդ համար աղոթում ես, մորդ  ինչո՞ւ չես  սփոփում»:
Իսկ այդ ընթացքում Հիսուս անթարթ նայում էր սուրբ Կույսին և ասաց. «Մի արտասվիր, մայր իմ, քո ցավն ավելին է, քան իմը, թափած արցունքդ ինձ համար ավելի դժվար  տանելի է, քան իմ հեղած արյունը, կուրծք ծեծելդ ավելի ծանր է ինձ համար, քան իմ մեխերի հարվածները: Սրտիդ կսկիծն ինձ առավել կսկիծ է պատճառում, քան կողիս բացվելը, քո գլխաբաց ողբն ինձ ավելի է խոցում, քան փշե պսակս: Լաց մի լինիր, մի ողբա, Մայր իմ, ու մի ավելացրու Միածնիդ ցավը, այլ գթա զավակիդ, ում առանց սերմի հղացար, կուսությամբ ծնեցիր, Ում կրծքովդ սնեցիր և կաթով կերակրեցիր, աստվածաբարձ բազուկներովդ գրկեցիր` գորովալից սիրով սնեցիր: Լաց մի լինիր, քաղցրիկ  մայր իմ, տագնապում եմ, քանզի շատ եմ նեղվել, մեծ տագնապի մեջ եմ, արդեն ուժասպառ եմ, և շունչս կտրվում է, ու ցանկանում եմ հոգիս Հայր Աստծուն ավանդել: Որպես մխիթարություն Իմ փոխարեն Հովհաննեսին եմ տալիս քեզ: Դու նրան մայր եղիր, և նա` քեզ որդի»:
Սուրբ Կույսը ցավագին սրտով պատասխանեց. «Միածին իմ, աղաչու՜մ եմ Քեզ, այդպես մի խոսիր, որովհետև ընդունելի չէ, չեմ կարող Աստծուդ  մարդու հետ փոխանակել, Արարչիդ` արարածի և Տիրոջս` ծառայի, Վարդապետիդ` աշակերտի, Թագավորիդ` ձկնորսի, ուրիշից ծնվածին` իմ որովայնի Ծնունդի հետ»:
Օրվա երրորդ ժամն էր, երբ Նրան խաչ հանեցին, իսկ վեցերորդ ժամին խավար տիրեց երկրի վրա մինչև իններորդ ժամը:
Եվ դիմեց Հորը. «Էլի՜, էլի՜, լամա սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստված իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ»: Բարձր ձայնով աղաղակելով` հոգին ավանդեց:
Հիմա տեսնենք մոր հետ կատարվածը:
Երբ Հիսուս հոգին ավանդեց, նա Հովհաննեսի հետ կանգնած էր խաչի մոտ: Սկսեց ողբալ այսպես.
«Տեր իմ և Որդյակ Հիսուս, Գաբրիել հրեշտակապետի ու Սիմոն ծերունու մարգարեությամբ քեզ անմահ էի կարծում: Եվ այս հավատով էլ ծնեցի Քեզ: Բայց հիմա տեսնում եմ, որ ոչ  թե սովորական, այլ մահապարտների  ու անօրենների մահով ես մեռնում:
Ով քաղցր Տեր և Աստված իմ, հեզ ու խոնարհ Որդյակ, դու, որ մեռելներին հարություն տվիր և կույրերին տեսողություն, այժմ Քո անձը մահվան մատնած` փակեցիր հրաշաշնորհ և բաղձալի աչքերդ:
Համրերին խոսեցնում էիր, այժմ անխոս ու անբարբառ լռում ես: Չորացած ձեռք էիր բժշկում, հիմա կենսատու ձեռքերդ խաչին ես տարածել: Անդամալույծին քայլեցնում էիր, այժմ ոտքերդ կապված եմ տեսնում: Դու, որ շատերին խոստանում էիր  կենաց ջուր, այժմ ծարավից պապակվելով մեռար»:
Աղիողորմ կսկծալով ողբում էր և Հիսուսի ոտքերն էր շաղում հորդ արտասուքով.  «Քաղցր Որդյակ, ողորմած ու խոնարհ, իմ միակ, իմ Միածին Որդի:
Վայ արգանդիս, որ Քեզ ծնեցի, վայ ստինքներիս, որոնցով Քեզ կերակրեցի, վայ աչքերիս, որ Քեզ տեսան, ականջներիս, որ ձայնդ լսեցին, բերանիս, որով համբուրեցի, շուրթերիս, որ գովեցին, լեզվիս, որ Քեզ հետ խոսեց, վայ ձեռքերիս, որ քեզ գրկեցին: Արդ, այլևս մայրդ քեզ չի տեսնի, ու չես ասի. «Մայր իմ, Մարիամ»: Էլ լուր չեն տա, թե Որդիդ եկավ: Վա՜յ ինձ:
Թող մայրդ մեռնի այսօր, ու ծածկեն ինձ խավարում` անդնդի խորքում, աչքերս խավարեն, և թող արևի լույսն ինձ համար մթնի:
Լիալուսինը թող սպառվի, աստղերը թափվեն, երկինքն արտասվի, երկիրը վայ տա, որ այսօր տեսա Քո վախճանը խաչված ու անարգված: Հիսուս, Որդի միամորիկ, աչքերիս լույս, փառավոր Աստված: Գեղազարդ աչքեր ծովային, այսօր մարեցիք, վեհագույն գլուխ գանգրահեր, խոնարհվեցիր իբրև մեռյալ, ոսկեթել վարդագույն մորուք, ներկվեցիր կարմիր արյամբ: Հրաշագործ բերկրալի ձայն, այսօր լռեցիր, սքանչելի և բարձրյալի ձեռքեր, դադարեցիք հրաշագործել, գեղեցիկ հույսի ընթացք, դադարեցիր, զվարճագեղ  կուսածին տեսիլք, ծարավ վարդի նման թոշնեցիր»:
Այժմ ո՞ւմ սգանք` Խաչվածին, թե խաչի տակ ընկածին, Որդու  գլխի խոնարհումը, թե վայր ընկած մորը, գեղարդով, թե սգով խոցվածին:
Տաճարի վարագույրը պատռվեց, բոլոր արարածները սգացին Որդուն և մորը, ինչպես երբ հովիվն է մեռնում, ոչխարները մոլորվում են, վարդապետն է մեռնում, աշակերտները տխրում են, իսկ երբ տանուտերը` ընտանիքն է ողբում, տերը` ծառաներն են սգում, զորավարը` զորքը հոգոց է հանում, իշխանը` սպասավորներն են տխրում ու թախծում, երբ թագավորն է մեռնում, ողջ երկիրն է հուզվում և դառը ողբում:
Նմանապես էլ այսօր տերերի Տերը, թագավորների Թագավորը, բոլոր արարածների արարիչ Քրիստոս Աստվածն է, որ խաչի վրա մարմնապես մեռավ, դրա համար էլ բոլորն էլ խռովվեցին և սգի մեջ մտան:
Արեգակը զրկվեց լույսից, լուսինը խավարեց և մի ակնթարթում միացան իրար: Երկրաշարժ եղավ, երկրի սյուները դողացին, ժայռերը ճեղքվեցին, և տաճարի վարագույրը վերից վար պատռվեց:
Եթե արարվածները չկարողացան տանել Անմահի մահը, սգում ու ողբում էին, ապա ծնողը` սուրբ Աստվածածինը, ինչպես կարող էր դիմանալ անտանելի աղետին: Եվ որովհետև արարածները չճանաչեցին Քրիստոսին, Քրիստոս Իր արարչությամբ հայտնվեց նրանց: «Ամեն ինչ նրանով եղավ», նշում էր Հովհաննես ավետարանիչը, այսինքն` Որդու միջոցով, իսկ Աստվածածինը հղիացավ, ծնեց և սնեց Նրան, ուրեմն որքան անպատմելի է նրա սուգը:
Քանի որ Երկնավոր Հայրն ու Սուրբ Հոգին Իրենց տրտմությամբ արդարև չարչարանակից եղան Միածնին` հանուն մարդկության փրկության, նմանապես հրեշտակները, որոնք ծանոթ էին Բան Աստծո տնօրինությանը, տրտմությամբ լցվեցին: Այդպես էլ առաքյալների դասը և յուղաբեր կանանց խումբը անմխիթար սգում էին:
Եթե մեղավոր մեկը միանա սրբերի ողբին և արտասվի ի սեր Քրիստոսի, հաստատապես թող հավատա, որ Աստված, քավելով բոլոր հանցանքները, սիրով կընդունի նրա զղջումն ու խոստովանությունը:
Նմանապես Քրիստոս Աստված կմաքրի  նաև մեր բոլոր մեղքերը:
Մանավանդ թող ներվի այս մատենագրին, սպսասվորներին և նրանց ծնողների հոգուն` ի փառս և ի գոհություն ամենասուրբ Երրորդությանը, որ օրհնյալ է հավիտյանս հավիտենից:
Ամէն:

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх