Հինդուիզմ

Հինդուիզմ

հինդուիզմ

Հինդուիզմը, լինելով բազմաշերտ կրոնադիցաբանկան պատկերացումների և պաշտամունքների ամբողջություն, ձևավորվել և տարածվել է Հարավային Ասիայում, մասնավորապես` Հնդկաստանում (հետևորդների թիվը անցնում է բանկչության 80 %-ից), Նեպալում, Շրի Լանկայում: Այն տարածված է նաև հարավ-արևելյան Ասիայում (Մալազիա, Ինդոնեզիա, Սինգապուր): Հինդուիզմի հետևորդների թիվը ամբողջ աշխարհում գերազանցում է 1,2 միլիարդը: 

Հինդուզմ տերմինը սերում է հինդու բառից, որը Սինդհու գետի անվան պարսկերեն տարբերակն է (այն հիշատակված է նաև Ավեստայի տեքստերում): Ավելի ուշ այդ բառով բնութագրվում էր ոչ միայն գետը և երկիրը` Հնդկաստանը, այլ նաև այն ժողովուրդը, որը ապրում էր այդտեղ: Իսլամական և եվրոպական նվաճումների ժամանակահատվածում ՙհինդու՚ էին կոչում տեղական կրոնների բոլոր հետևորդներին` հակադրելով վերջիններիս իսլամադավաններին, իսկ ավելի ուշ` քրիստոնյաներին: Հինդուները (հինդուսները, հինդուիստները) իրենց կրոնը անվանում են սանաթանա դհարմա, ինչի միանշանակ թարգմանությունը (ընդհանրացված թարգմ.` հավերժական կարգ, օրենք) չափազանց խրթին գործ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դհարմա բառը բազմաթիվ իմաստներ ունի: 

Չնայած հինդուզմի և ընդհանրապես հնդկական մշակույթի շրջանակներում բավականին զարգացած է երևույթների դասակարգման և համակարգման ավանդույթը, այնուամենայնիվ, հինդուիզմին` իբրև համակարգ, խորթ է ամբողջականությունը: Այն տարալուծված է մի շարք ճյուղերի, կրոնափիլիսոփայական դպրոցների, տարաբնույթ` միմյանց երբեմն բացառող գաղափարների և պաշտամունքների մեջ: 

Հինդուստական պանթեոնում բազմաթիվ աստվածներ կան, սակայն բացակայում է այն ընդհանրական միատարրությունը, ինչը բնութագրական պետք է լիներ բոլոր աստվածների համար: Հինդուզմը` իբրև կրոն, չունի նաև հիմնադիր, ուսուցիչ կամ մարգարե, սակայն կան առանձին ուսմունքների հիմնադիրներ, ինչպես նաև զարգացած է հոգևոր ուսուցչության ինստիտուտը: Բացակայում է նաև միասնական սրբազան գրությունը, սակայն այս կամ այն ճյուղի կամ ուղղության հիմքը կազմող սրբազան տեքստերի հեղինակությունը չափազանց բարձր է: Հինդուզմում չկան հավատքի խորհրդանշաններ և բոլորի կողմից անվերապահորեն ընդունվող վարդապետություն, փոխարենը` կան հասկացություններ (դհարմա, կարմա, սանսարա, մոկշա, Բրահման, Ատման, վարնա, կաստա, յոգա (բառացի՝ կապ, կենտրոնացում) և այն), որոնք միշտ գտնվում են հինդուիստների ուշադրության կենտրոնում: 

Հինդուզմի զարմանալի բազմազանությունը որոշ հետազոտողների ստիպում է պնդել, որ այն ամենևին էլ կրոն չէ, այլև` առանձին` միմյանց մոտ կանգնած (շիվաիզմ, վիշնուիզմ և այլն) կրոնների համադրություն: Կան նաև հետազոտողներ, ովքեր, ևս հերքելով հինդուզմի կրոն լինելու գաղափարը, առաջարկում են առանձնացնել դրա մի քանի տարատեսակներ` տաճարային, տնային, քրմական, գյուղական կամ ժողովրդական, ցեղային և այլն: Նմանատիպ բազմազանությունը, ըստ էության, խոսում է այն բանի մասին, որ հինդուզիզմում բացակայում են հերձվածողական մտայնությունը. ցանակացած օտար գաղափար արագորեն վերաիմաստավորվում  և ադապտացվում էր հինդուստական կրոնական պատկերացումներին: Սակայն այս հանգամանքը դեռևս չի նշանակում, որ հինդուիզմի համակարգում կրոնական հետապնդումներ չեն եղել, սակայն պատմականորեն այլախոհության դեմ պայքարը հինդուզմում իսկապես շատ հազվադեպ է ծայրահեղությունների հասել, իսկ օտար կրոնափիլիսոփայական տարրերը վերամշակվում էին և յուրացվում:

Բրահամայականության ժամանակահատվածը շատ կարևոր փուլ էր հինդուիզմի կայացման, վերջինիս հիմնական գաղափարների, հայեցակարգերի և պատկերացումների մշակման առումով: Բրահմայական մտածելակերպը հին հնդկական հոգևոր վերնախավի` առաջին հերթին քրմերի գործունեության արդյունք էր և, ըստ էության, կտրված էր կենդանի կրոնական կյանքից և լիարժեք պաշտամունքային պրակտիկայից: Բրահման-Ատմանի անահատականությունից զուրկ տիեզերական բացարձակի գաղափարը չափազանց վերացական հասկացություն էր և չէր կարող զգացմունքային լայն արձագանք գտնել հնդկական բնակչության շրջանում:

Հինդուիզմը, ըստ էության, ծագել է բրահմայականության և բուդդայականության հետ մրցակցության ընթացքում, իսկ ավելի ճիշտ` որպես այդ մրցակցության և հակազդեցության արդյունք: Չնայաց հինդուզմը աչքի չէր ընկնում ակտիվ պրոզելիտիզմով, սակայն ի տարբերություն մյուս մրցակից կրոնների` ունեցավ լայն հաջողություն, քանի որ միտված էր կաստայական Հնդկաստանի հատուկ պայմաններին` իր բազմաթիվ և բազմազան մշակութային ավանդույթներով: 

Հինդուիզմի հիմքերը տանում են դեպի վեդաները և դրանց շրջապատող ավանդույթները և տեքստերը: Ի հարկե, հինդուիզմի կարևորագույն գործառնություններից մեկը հին հնդկական մշակույթի վեդայական-բրահմայական էզոթերիկ բնույթի սկզբունքների հաղթահարումն էր: Սակայն հինդուզմի կայացման գործընթացում զարգացման առանցքային ուղղությունը հին փիլիսոփայական տեսությունների և մետաֆիզիկական համակարգերի պարզունակ դարձնելն էր (երբեմն վուլգարության աստիճան): Դիցաբանական-պոետական գործիքների և ծիսապաշտամուքնային կենցաղային միջոցով հին վեդայական սկզբունքները հասանելի դարձան բոլորի համար: Ժողովրդական հինդուզմի շրջանակներում պահպանվեցին վեդաների սրբության գաղափարը, կարմայի մասին հնագույն պատկերացումները, կենսունակ էր նաև ճգնավորությունը: Բազմաթիվ վեդայական աստվածներ մնացին անցյալում: Թեև բրահմայականությունից մնացած որոշ աստավծներ դեռևս չէին մոռացվել, այնուամենայնիվ, դրանք ավելի շատ պատկանում էին քրմերին, ասկետներին, յոգերին և այլն, իսկ մեծամասնությունը չէր կարող սիրել նրանց, հիանալ նրանցով և օգնություն սպասել նրանցից: Այդ պատճառով զարմանալի չէր, որ հինդուզիմի շրջանակներում լայն զանգվածների պահանջարկով առաջին պլան մղվեցին նոր աստվածներ, ավելի ճիշտ` հին աստվածների նոր հիպոստասներ` մոդիֆիկացված տարբերակով, աստվածներ, որոնք ավելի հասկանալի էին սովորական մարդկանց համար: 

Առաջին հերթին` վեդայական արյան զոհաբերությունը (յաջնա) փոխարինվեց առանց զոհաբերությունների (պուդժե) ծիսակարգային ծառայությամբ (չնայած հանուն աստծու սպանությունը հանցանք չէր, նույնիսկ մեր օրերում Հնդկաստանի խուլ բնակավայրերում գոյություն ունի մարդկային զոհաբերությունների պրակտիկա): Արդեն Ք.ա. առաջին դարերում հինդուզիմը մահայանա բուդդայականությունից փոխառնեց պատկերագրության պրակտիկան: Աստվածների պատկերները մարդակերպ տեսք ստացան, որոնք չնայած ունեին մի քանի գլուխ և ձեռք, այնուամենայնիվ, մարդկանց ավելի հոգեհարազատ դարձան:

Երբեմն հինդուիզմը դասում են հենոթեիզմի շարքին (երկրպագել մեկ Աստծու և միաժամանակ այլ Աստվածների գոյությունն ընդունել)։ Թեև հինդուիզմը հաճախ բնութագրում են որպես պոլիթեիզմ, և նրա կուռքերը իսկապես տարբեր աստվածային էակներ են, շատ հինդուիստներ համարում են դրանք մեկ հոգևոր էության տարբեր դրսևորումներ։ 

Թվարկենք մի քանի կարևոր կենդանիների, որոնք արժանանում են պաշտամունքի.

Հանուման — «(կոտրված) ծնոտ ունեցող» — կապկանման աստվածություն, Ռամայանայի գլխավոր հերոսներից մեկը, վանարներիի զորքերից մեկի առաջնորդը, նաև Ռամայի և Սիտայի ընկերը։ Շայիվայիզմում ​​համարվում է Շիվայի ավատարներից մեկը։

Գանեշա՝ Գանապատի —  փղի գլխով և չորս ձեռքերով աստվածություն — համարվում է խոչընդոտներ վերացնող և հաջողություն բերող, արվեստի և գիտության հովանավոր, ինտելեկտի և իմաստության դևը:

Նանդին «երջանիկ») կամ Նանդին  Շիվայի ծառան և ընկերն է: Նանդինը համարվում է Շիվայի խորհրդանիշն ու վահանան (փոխադրամիջոցը) և հաճախ պատկերված է  որպես սպիտակ ցուլ կամ ցլի գլխով արարած: Երբ Նանդինը առանձնակի պաշտամունքի  ​​առարկա էլինում, այն արտահայտում է սեռական ուժի, բազմացման և պտղաբերության գաղափարներ: Հանդես է գալիս նաև որպես բոլոր չորսոտանի կենդանիների խնամակալ։

Կովը հինդուիզմում համարվում է սուրբ կենդանի և խորհրդանշում է առատություն, մաքրություն, սրբություն, դիտվում է որպես բարեբեր կենդանի: Ինչպես մայր հողը, այնպես էլ կովը անձնուրաց զոհաբերության սկզբունքի խորհրդանիշն է։ Քանի որ կովը տալիս է կաթ և սննդարար կաթնամթերք, որոնք բուսակերների սննդակարգի կարևոր տարր են, հինդուները նրան հարգում են որպես մայրական կերպար: Ցուլն իր հերթին հանդես է գալիս որպես խստության խորհրդանիշ։

Պատմականորեն կովը միշտ նույնացվել է բրահմանների կաստայի հետ, և կովի սպանությունը համարվում էր նույնքան ծանր հանցագործություն, որքան բրահմանի սպանությունը:

Սանսկրիտում կովի համար սովորաբար օգտագործվող բառը գո-ն է, որը համընկնում է անգլիական cow-ի և լատիներեն bos-ին: Երկու տերմիններն էլ, ինչպես ռուսերեն говядина-ն, ծագում են պրոտո-հնդեվրոպական *gwous արմատից։

 

Կաման հինդուիզմի սիրո աստվածն է, Լակշմիի և Վիշնուի որդին (որոշ աղբյուրներում ՝ Բրահմայի որդին): Կամայի պատվին կրոնական ծեսերն ուղղված են առողջության բարելավմանը և արտաքին գրավչության բարձրացմանը: Նա պատկերված է կանաչ մաշկով գեղեցիկ երիտասարդի տեսքով՝ ձեռքում շաքարեղեգից պատրաստված աղեղն ու ծաղիկներից պատրաստված հինգ նետ։ Նրա վահանան Շուկա անունով թութակն է: Իսկ սիրային կրքի աստվածը Ռատին է (բառացի՝ սեր), որի վահանան աղավնին է:

Հինդուզմի համակարգի աստվածներից կարևորագույնները համարվում են երեքը (տրիմուրտի)` Բրահման, Շիվան և Վիշնուն: Սովորաբար ընդունված է ասել, որ այս երեքի միջև է բաշխված գլխավոր աստտվածությանը հատուկ երեք բնութագրիչներ` արարելու, ավիրելու և պահպանելու գործառույթները: Սակայն գործնականում իրականությունն այլ է, քանի որ երբեմն այդ գործառությները համընկնում են միմյանց հետ: Ամեն դեպքում` տրիմուրտիի յուրաքանչյուր անձ ունի յուրահատուկ դեմք, բնավորություն և գործունեության սեփական դաշտ:

Երեքից առաջինը համարվում է Բրահման, ով զգալիորեն տարբերվում է մյուս երկուսից: Նրա հիմնական գործառույթից (արարիչ, ստեղծող), անունից և ակնհայտ ասկետական հատկությունից պարզ է դառնում` վերջինիս ծագումը. կասկած չկա, որ Բրահմանը բրահմայական նախատիպի` Բրահման-Բացարձակի նոր վերարտադրությունն է, որն ունի նոր կերպարանք և հայացք (նույնիսկ չորս հայացք): Համաձայն հինդուիզմում Բրահմանին վերագրած գործառույթի` հենց նա է ստեղծել աշխարհը, ասել է թե` տրանսֆորմացնելով նախնական Բարձրագույն Իրականության Միասնությունը` այն վերածեց գոյություն ունեցող կենդանի իրերի բազմազանության: Բրահման` իբրև տրիմուրտիի օրինաչափ անդամ, անհրաժեշտ էր, քանի որ առանց նրա ոչինչ չէր լինի: Սակայն հինդուիստական պատկերացումների դիրքերից Բրահամանը մարդկանց, կենդանի աշխարհի նկատմամբ այլ էական արժանիքներ չուներ. այլ գործառույթներ Բրահման չուներ: Համապատասխանորեն` նա այդքան էլ պաշտել չէ. նրան նվիրված տաճարները Հնդկաստանում հազվադեպ են պատահում, իսկ առօրյա կրոնական ծեսերում նրա մասին, որպես կանոն, չեն հիշում: Մի խոսքով` Բրահման հինդուիզմի շրջանակներում շարունակեց մնալ բրահմայական վերացական Բրահմանի նման ամորֆ աստվածութուն:

Հինդուսիտական դիցաբանության մեջ լայնորեն օգտագործվում է Բրահմայի ցերեկ, գիշեր և  օր հասկացությունները, որոնք կիրառվում են տիեզերական դարաշրջանի իմաստով: Բրահմայի ցերեկը (այն կարող է տևել միլիոնավոր տարիներ) խորհրդանշում է հոգևոր արթնություն, կյանքի ծագում: Բրահմանի անվան հետ է կապված նաև  աշխարհի արարման մասին ավանդապատումը: Նախնական ջրերում հայտնվում է ոսկե ձուն, իսկ ձվի մեջ` Բրահման: Վերջինս հոգու ուժով ձուն կիսում է երկու մասի (երկինք և երկիր), այնուհետև նա ստեղծում է նախանյութերը, մթնոլորտը, աստվածներին, ժամանակը, մարդկանց, բոլոր կենդանի արարածներին և այլն:

Կատարելով այս գործառույթը` Բրահման հետագայում մեկուսի դեր է ստանձնում` զբաղվելով ինքնակենտրոնացմամբ և ներհայեցողությամբ: Հետաքրքրական է ևս մի պատում, որտեղ Բրահման, հիացած լինելով իր կողմից ստեղծած աստվածներից մեկի` Սավիտրայի գեղեցկությամբ, իր համար չորս դեմք է ստեղծում (իսկ հետագայում` նաև հինգերրորդը), որպեսզի ամենուր տեսնի նրան: Սակայն Շիվան կտրում է Բրահմայի հինգերրորդ դեմքը` ցույց տալու համար, որ Բրահման ամենևին էլ իրենից բարձր դիրք չունի: Մեկ այլ լեգենդում պատմվում է, որ Վիշնուն պատժում է Բրահմային այն բանի համար, որ վերջինս չէր արձագանքել նիմֆերից մեկի` Մոհինիի (Մոհինիի կերպարանքով սովորաբար հանդես էր գալիս հենց Վիշնուն) կրքոտ սիրային խաղերին:

Այսպիսով` աստիճանաբար ձևավորվում է Տրիմուրտիի` հիդուստական եռյակ աստվածների գաղափարը: Բրահման համարվում է աշխարհի արարիչը, Վիշնուն` պահապանը, իսկ Շիվան յուրաքանչյուր տիեզերական ցիկլի ավարտին ավերում է այն: Ընդ որում` եթե Բրահամանը Հնդկաստանում այդքան էլ մեծ պաշտամունքային նշանակություն չունի, ապա մյուս երկուսը` Վիշնուն և Շիվան, ունեն լայն ժողովրադականություն և ձևավորում են հինդուզմի առավել ազդեցիկ ճյուղավորումները` վիշնուիզմն ու շիվաիզմը:

Վիշնուիզմ

Վիշնուիզմ 

Վիշնուզմը հինդուզմի հիմնական երկու ուղղություններից մեկն է, որի հիմքում ընկած է Վիշնուն և նրա հետ կապված աստվածների (առաջին հերթին` Քրիշնայի և Ռամայի) պաշտամունքը: Վիշնուի կերպարը վեդայական պանթեոնում արտաքին, աննշան դեր ունի: Սակայն լինելով Ինդրայի գործակիցը` Վիշնուն կարևոր դեր է կատարում Վրիտրայի հետ պայքարում (այս մասին տես Վեդայական համակարգի մասին նյութում): Հատկանշական է, որ Վիշնուի առանցքային գործառույթը աշխարհի պահպանությունն է և այդ աշխարհում կարգ ու կանոնի ու արդարության երաշխավորումը: Սակայն վեդայական անպտուղ աստվածից տրիմուրտիի գլխավոր աստվածներից մեկը դառնալու համար Վիշնուի կերպարը երկարատև զարգազման ճանապարհ է անցել: Այդ ճանապարհին կարևոր առանցքային կերպարներից մեկը Նարայանան է, որը բնիկ պաշտամունք լինելով` իր մեջ ընդգրկում էր նաև արխայիկ տարրեր, այդ թվում` մարդկային զոհաբերություններ, ասկետիզմ, յոգա: Այն կեցության էություն էր համարվում Ատմանը:

Չորս ձեռք ունեցող Վիշնուն (որոնցից մեկում պահում է չակրան՝ շրջանագծի կամ սկավառակի տեսքով հատուկ հոգևոր զենքը) սովորաբար պատկերվում է նախնական ջրերի վրա լողացող հազարգլխանոց Շեշ վիշապի վրա նստած (կամ նստած է լոտոսաձև սպիտակ գահին): Հինդուիստական սրբազան տեքտերում Վիշնուն նկարագրվում է իբրև գեղցիկ երիտասարդ` լոտոսանման աչքերով: Երբ Վիշնուն քնած է, ողջ տիեզերքը գտնվում է հանդարտության մեջ նրա ներսում, իսկ երբ արթնանում է, նրա պորտից դուրս է գալիս լոտոս, որի վրա նստած է Բրահման: Այս այլաբանությունը, թերևս, ընդգծում է Վիշնուի բարձրագույն կարգավիճակը, որը կարող է սկիզբ դառնալ նույնիսկ արարիչ աստծու համար:

Վիշնուի մասին դիցաբանական պատկերացումներում առանցքային նշանակություն ունեն բազմաթիվ ավատարաները` Վիշնուի` աստվածներին և մարդկանց չարից կամ վտանգից պաշտպանելու նպատակով այս կամ կերպարանքով ֆիզիկական աշխարհում պարբերաբար մարմնավորոմները: Այդ ավատարաներից առավել հայտնի են տասը: Առաջին չորս ավատարաների ժամանակ Վիշնուն հանդես է գալիս կենդանիների կերպարանքով. ձկան (Մաթսիա) կերպարանքով նա ջրհեղեղից փրկում է լեգենդար Մանու արքային (ջրհեղեղի մերձավորարևելյան պատումի հնդկական տարբերակը), կրիայի (Կուրմա) տեսքով խորհուրդ է տալիս ստեղծել անմահության խմիչք, վարազ (Վարախա) մարնավորելով` դուրս է քաշում երկիրը նախնական ջրերից, առյուծ-մարդու կերպարանքով օգնում է հաղթել դեմոն-արքային, նույնը անում է նաև թզուկի միջոցով (Վաման): Մյուս հինգ ավատարներն են` Պարաշուրաման (կացնով Ռաման), Քրիշնան, Բուդդան, Կալկինը (վերջինի գալստյանը դեռ սպասում են):

Վիշնուի պաշտամունքի անբաժանելի մաս է նրա կնոջ` Լակշմիի (նշ.` երջանկություն) երկրպագությունը: Նրա պաշտամունքը գոյություն ունի ինչպես առանձին` իբրև հաջողության և բարգավաճման աստվածուհի, այնպես էլ` Վիշնուի հետ սերտաճած` իբրև իր ամուսնուն սիրող կին:

Շիվաիզմ

Շիվաիզմ 

Ինչպես ասրդեն նշվեց, տրիմուրտիի շրջանակներում Շիվան տիեզերական շրջապտույտում ուներ աշխարհը ավիրելու գործառույթ: Շիվայի պաշտամունքը իր մեջ ներառում է մինչարիական տարրեր` իշխանություն կենդանիների վրա` մասնավորապես օձերի, լինգամի (ֆալոս) երկրպագություն, յոգայի պրակտիկա: Շիվայի վեդայական նախատիպը Ռուդրան է` շանթի աստվածը, ումից սարսափում էին արիացիները: Սակայն Շիվայի պաշտամունքում առանցքային դարձավ մեկ այլ` նստակեցության գաղափարը. առաջին պլան մղվեցին կենսական ուժի և արական սկզբի մասին պատկերացումները: Շիավան հանդես է գալիս մեծ սիրեկանի որակներով` դառնալով սեռական էներգիայի մարմնավորողը, որի հետ էլ հենց ուղղակիորոն կապված էր մեծ ժողովրդականություն վայելող լինգամի պաշտամունքը: Լինգամին են երկրպագում հատկապես ժառանգներ ցանկացողները: Լինգամի-Շիվայի պաշտամունքը ձեռք բերեց նաև փիլիսոփայական ներկապնակ. այն համարվում էր ճանաչողության բարձրագույն օբյեկտ, աստվածության դրսևորման ձև և նույնացվում Բրահմանի հետ: 

Համարվում էր Շիվայի ահռելի ուժը կենտրոնացված է ոչ թե նրա, այլ ավելի շատ վերջինիս շակտիի (հոգևոր էներգիա) մեջ:

Շակտին, ասկետական գործունեության արդյունքում կուտակվելով Շիվայի մոտ, սերտորեն կապվում է նրա արական կենդանական ուժի հետ: Սակայն շակտի հասկացությունը չսահամանափակվեց միայն այդ իմաստներով: Ժամանակի ընթացքում այն տարածվեց նաև իգական սկզբի տիրույթներ: Շակտիի միջոցով հնարավոր էր նաև մարդկանց հոգևոր նպատակներին հասնելու գործը դարձնել ավելի դյուրին:

Շիվայի կինը աստվածուհի Կալին է (բառացի՝ սև): Նա վախկոտ է, դաժան և հայտնվում է թխամորթ կնոջ տեսքով, որի պարանոցին կտրված գլուխներով ծաղկեպսակ է։ Կալիյուգայի վերջում, ըստ հնդիկների, Կալի աստվածուհին աշխարհ կգա, և այն կկործանվի։ Կալիի պաշտամունքը շատ տարածված է Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Այս աստվածուհու անունից է ծագում Կալկաթա քաղաքի անունը։

Վկայությունների համաձայն` Շիվաիզմը` իբրև պաշտամունքային համակարգ, հավանաբար ձևավորվել է մ.թ.ա II-I դարերում (այս մասին են խոսում շիվաիզմի ներսում ձևավորված տարբեր աղանդներ մասին վկայությունները): 

Համաձայն հինդուիստների հավատալիքների` Շիվայի ճակատին` հոնքերի միջև, գտնվում է երրորդ աչքը, որը ավերիչ հատկություն ունի:

Քրիշնայի պաշտամունքը-քրիշնայականություն

Քրիշնայի պաշտամունքը-քրիշնայականությու

Քրիշնայականությունը, լինելով վիշնուիզմի ճյուղերից մեկը, ժամանակի ընթացքում ձեռք է բերել սեփական կրոնական նշանակությունը: Քրիշնայականության հիմքում ընկած է Քրիշնայի պաշտամունքը, ով Վիշնուի ավատարաներից մեկն էր: Քրիշնայի կերպարը, սնուցվելով հնագույն աղբյուրներից, ձևավորվել է երկարատև ժամանակի ընթացքում: Քրիշնա ( Բառացի՝ սև, թուխ, համարվում է, որ ունի մինչարիական, բնիկ ծագում, բուդդիզմում կոչում են Վասուդեվա) անունը հանդիպում է Ռիգվեդայում և Չհանդոգիա-ուպանիշադնում, սակայն նրա աստվածային կերպարը առաջին անգամ հանդիպում է հինդուիստական էպիկական պոեմում` Մահաբհարաթում (բառացի՝ մեծ բհարաթա (բհարատ՝ արիական ցեղախումբ է):

Մահաբհարաթում Քրիշնան արդեն հանդես է գալիս որպես համահնդկական բարձր կարգավիճակի արժանացած աստվածություն. լինելով գլխավոր հերոսի` ռազմիկ Արջունայի խորհրդականը` Քրիշնան նրա համար բացահայտում է երկնային և բարոյական օրենքի բարձրագույն իմաստը: Քրիշնայի այդ մեկնաբանությունները «Բհագավատգիտա» անվանումով կազմում է Մահաբհարաթ էպիկական պոեմի բաղկացուցիչը: Հետագայում Քրիշնան, տրանսֆորմացիայի ենթարկվելով, իմաստուն-փիլիսոփայաից վերածվում է թեթևամիտ հովիվ-աստծու և այդ իր հիպոստասով էլ հայտնի ու սիրելի դառնում ողջ Հնդկաստանում` հատկապես կանանց կողմից:

Էպոսները

Էպոսները

Մահաբհարաթա կամ Պատմություն Բհարաթի սերունդների մեծ ճակատամարտի մասին —բառացի՝ մեծ բհարաթա (բհարատ՝ արիական ցեղախումբ է) : Գրվել է սանսկրիտով, պարունակում է 18 գիրք (փարվ) և բաղկացած է 82.000-95.000 երկտողերից (շլոկ)՝ կախված խմբագրումներից, ինչն ավելի շատ է, քան Ոդիսականն ու Իլիականը միասին վերցրած:

Հիմնական բովանդակությունը Կուրու և Պուրու ցեղերի պայքարն է և առաջինների պարտությունը հյուսիսային Հնդկաստանում: Իր ընդգրկած ժամանակաշրջանով ավելի հին է, քան Ռամայանայի սյուժեն (Հարավային Հնդկաստան): Այնուամենայնիվ, այս պատումը կազմում է ամբողջ ստեղծագործության միայն հինգերոր մասը, որը նվիրված է գահին հաջորդելու շուրջ վեճին երկու եղբայրների՝ կույր Դրիտարաշտրայի (ով ուներ հարյուր Կաուրավա որդի) և Պանդուի (հինգ Պանդավ) որդիների միջև (Պանդավ եղբայրներից երրորդը՝ Արջունան, էպոսի գլխավոր հերոսներից է, որին հովանավորում է Քրիշնան):  Մնացած մասը զբաղեցնում են ներդիր դրվագները, որոնց թվում Բհագավադ Գիտան (Մահաբհարատայի վեցերորդ գրքի մի մասն է։ Բհագավադ Գիտայի տեքստը բաղկացած է Կրիշնայի և Արջունայի փիլիսոփայական զրույցից, որը տեղի է ունենում մարտադաշտում երկու պատերազմող կլանների միջև Կուրուկշետրայի ճակատամարտի մեկնարկից անմիջապես առաջ), որոնք ավելի ուշ շրջանի ավելացումներ են։
Տիրակալների տոհմաբանությունները թույլ են տալիս ճակատամարտը թվագրել Ք.ա.11-րդ դարով։ Ավելի ուշ հնդիկ միջնադարյան հեղինակների աստղագիտական ​​հաշվարկները տալիս են Ք.ա. 3102 թվականը:
Մահաբհարատան, որը ծագել է ռազմական միջավայրում, ի սկզբանե կատարում էին  ազնվական մարտիկների մարտակառքերի վարողները, լեգենդների գիտակները և միևնույն ժամանակ իմպրովիզացիոն երգիչները, ովքեր տեքստը փոփոխում էին էպիկական կանոնի շրջանակներում:
Մահաբհարատայի հեղինակությունը վերագրվում է լեգենդար իմաստուն Վյասային (Ք.ա. 3-րդ հազարամյակ), ով նաև լեգենդի գլխավոր հերոսն է (Պանդավաների և Կաուրավների պապը): Ըստ լեգենդի՝ նա բանաստեղծությունը սովորեցրել է իր աշակերտ Վայշամպայանային, որն էլ հետագայում այն ​​կարդացել է Ջանամեջայա թագավորի տոներից մեկի ընթացքում։
Ռամայանա — Ռամայի ճամփորդությունը — էպիկական պոեմ, որի հեղինակն անհայտ է, ստեղծվել է մոտավորապես Ք..ա 7-4 դարերի ընթացքում, և չի կարող ունենալ մեկ հեղինակ։ Ռամայանայի ամենահայտնի պատմիչներից է լեգենդար իմաստուն Վալմիկին, ով նույնպես ներառվել է ստեղծագործության մեջ՝ որպես կերպարներից մեկը։
Գրվել է սանսկրիտով, բաղկացած է 24.000 բանաստեղծություններից, բաղկածած է 7 գրքից, 500 բանաստեղծությունից՝ կանդերից:
Ռամայանայում պատմվում է Վիշնուի յոթերորդ ավատարի՝ Ռամայի (Վիշնուի չորս միաժամանակյա մարմնավորումներից մեկը) մասին, որի կնոջը՝ Սիտային առևանգում է Ռավանան՝ Լանկայի ռակշասա (մարդակեր դև) թագավորը։ Էպոսն ընդգծում է մարդկային գոյության թեմաները և դհարմաի կարևորությունը: 

Հնդկական մշակույթում Ռաման իդեալական որդու, ամուսնու և թագավորի կերպար է, «Ռամայի թագավորությունը» պետության իդեալն է, Սիտան՝ իդեալական կնոջ կերպար, Լակշմանան՝ իդեալական եղբոր կերպար։ Հինդուիզմի շատ հետևորդների համար Ռաման մարդ-աստված է, Գերագույն Աստվածություն, որը մարմնավորվել է մարդու մեջ՝ հանուն երկրի վրա ճշմարտության և առաքինության հաստատման:

Ամենատարածված հինդուիստական ծիսական տոները
Կարևոր տոներից է Դիվալին, որը նվիրված է չարի նկատմամբ բարի ուժերի հաղթանակին։ Այս օրվա պարտադիր ատրիբուտներն են կրակը, լապտերները, հրավառությունը, մոմերը։ Դիվալին սովորաբար համընկնում է հոկտեմբերի վերջին — նոյեմբերի սկզբին, ինչով այն ինչ-որ չափով հիշեցնում է հնագույն հեթանոսական աշնանային բերքահավաքի տոները, որոնք նշվում էին հնդեվրոպական ժողովուրդների շրջանում: Ժամանակակից Հնդկաստանում Դիվալին համարվում է նաև Ամանորի տոն։
Գանեշա Չատուրթին հնդկական Գանեշա աստծո փառաբանման օրն է:
Այն տեղի է ունենում Հնդկաստանում ամեն տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և համարվում է ամենակարևոր և գունեղ տոներից մեկը հինդուների շրջանում:
Հազարավոր ուխտավորներ գալիս են Մումբայ՝ մասնակցելու տոնակատարություններին: Տեղացիները կարծում են, որ Գանեշան հեռացնում է հաջողության ճանապարհին հանդիպող խոչընդոտները, ուստի հավատացյալները Գանեշային սնունդ, քաղցրավենիք ու կաթ են բերում։ Տոնը տևում է 10 օր։ Ըստ լեգենդի՝ Գանեշի հայտնվելու օրը՝ Բհադրապադա ամսվա աճող լուսնի 4-րդ օրը (օգոստոս-սեպտեմբեր), չպետք է նայել լուսնին երեկոյան, սա համարվում է անբարենպաստ նշան:
 
Հոլի կամ Պհագվահ և Գույների փառատոն — Տոնակատարությունն անցկացվում է գարնան սկզբին և տևում է երկու-երեք օր (փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբը)։ Հնդկական օրացույցով Հոլին տոնվում է լիալուսնի օրերին,խորհրդանշում է գարնանամուտը: Տոնի առաջին օրը` երեկոյան մոտ կրակ վառելու համար օգտագործվում է հսկայական խրտվիլակ կամ զարդարված ծառ՝ խորհրդանշելով Հոլիկի այրումը, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասուններին անց են կացնում կրակի և ածուխի վրայով։ Երկրորդ օրը հայտնի է Դհալունդի անունով։ Իսկ երրորդ օրը տոնի մասնակիցները կազմակերպում են երթ մինչև մթնշաղ, միմյանց ներկելով գունավոր փոշիներով ու իրար վրա լցնելով հորդառատ ջուր և ցեխ։ 
 
Կուբհա Մելա («Սափորի տոն») հինդուիստների զանգվածային ուխտագնացության (ուխտի սրբավայրը կոչվում է  տիրթհա կամ դհամա) ծես է դեպի հինդուիզմի սրբավայրեր, որն անցկացվում է չոր տարին մեկ անգամ: Հերթով ուխտավորների հանգրվան են դառնում Ալլահաբադ, Հարիդվար, Ուջջայն և Նաշիկ քաղաքները։ Տոնի հանգուցալուծում է համարվում զանգվածային լոգանքը Գանգեսի (Հարիդվարում), Սիպրայի (Ուջջայնում), Գոդավարիի (Նաշիկում) կամ Սանգամի (Պրայագում) ջրերում՝ խորհրդանշելով հոգու և մարմնի մաքրումը: Վեդայական կրոնում «սափորների տոնը» կապված է աստվածների և ասուրների կռվի հետ՝ կաթի օվկիանոսից բխած ամրիտայով լի (ամրիտա՝ սրբազան ըմպելիք, որ անմահություն է պարգևում) սափորի համար:
 
Էկադաշի օրերը մաքրագործման և հոգևոր գիտելիքների օրերն են: Հինդուիստներն այս օրը ծոմ են պահում, աշխատում են ցերեկը չքնել, չսափրվել, չսնվել բրոնզե սպասքից և չխոսել հարբեցողների հետ՝ հավատալով, որ պահքը մարդուն շնորհում է երանություն և հոգևոր աճ: Պահք պահում են լուսնային օրացույցով ամեն լիալուսնի և նորալուսնի11-րդ օրը:
Սիմվոլներ

Սիմվոլներ

Օմ կամ Աում- սրբազան ձայն, սկզբնական մանտրա (սանսկրիտում հնչյունների, բառերի խմբեր, որոնք ունեն ռեզոնանսային (ակտիվացնում են մարմնի տարածքները), հոգեբանական և հոգևոր ազդեցություններ, կարող է օգտագործվել որպես պաշտամունքի բանաձև) — Հաճախ մեկնաբանվում է որպես աստվածային տրիմուրտիի խորհրդանիշ: Օգտագործվում է յոգայի պրակտիկայի և մեդիտացիայի տեխնիկայի մեջ:
Վեդայական ժառանգության համաձայն՝ ենթադրվում է, որ «Օմ» ձայնը դեռևս չբացահայտված Բրահմանի (Բացարձակ) առաջին դրսևորումն էր, որը առաջ բերեց ընկալվող Տիեզերքը հենց օմի թրթիռներով:
Սվաստիկա — սանսկր.՝ սու — «բարի, բարիք» և աստի — «լինել»: Հիշատակվում է Վեդաներում, չորս կողմերը խորհրդանշում են աշխարհի չորս կողմերը կամ չորս Վեդաները, ունի է ազնվության, ճշմարտության, մաքրության և կայունության իմաստներ։
 
Լոտոս (Պադմա) — կապված է Լակշմի աստվածուհու հետ, անձնավորում է մաքրությունը, լուսավորությունը և աստվածային գեղեցկությունը, համարվում է Հնդկստանի խորհրդանիշը:
 
Տիլակ — սուրբ նշան, որը հինդուիզմի հետևորդները կավով, մոխիրով, ճանդանի մածուկով կամ այլ նյութով քսում են ճակատին և մարմնի այլ մասերին: Տիլակի տեսակները տարբերվում են հինդուիզմի տարբեր ուղղությունների հետևորդների շրջանում և, ի թիվս այլ բաների, ծառայում են որպես նույնականացման նշան՝ նշելով որոշակի կրոնական ավանդույթի պատկանելությունը: Տիլակը կամ տիլական կարելի է կիրառել ամեն օր կամ միայն հատուկ առիթներով:
Կանայք սովորաբար կիրառում են տիլական բինդի կոչվող կետերի տեսքով, այլ ոչ թե հորիզոնական կամ ուղղահայաց գծերի, ինչպես տղամարդիկ են անում: Բինդիի համար օգտագործվում են նաև այնպիսի տերմիններ, ինչպիսիք են սինդուրը, կաստուրին կամ կումկումը՝ կախված օգտագործվող նյութերից: Հնդիկ կանայք օգտագործում են սինդուրը իրենց մազերի հատվածը ներկելու համար, ինչը ցույց է տալիս, որ կինը ամուսնացած է:
Տաճարային ճարտարապետություն

Տաճարները (մանդիրները) կառուցվում են կրոնական կանոնների խստիվ համապատասխանությամբ և զարդարվում են քարե նուրբ քանդակներով և խորաքանդակներով։ Փոքր չափի հինդուական տաճարը սովորաբար բաղկացած է կենտրոնական սրբավայրից, որը կոչվում է գարբահրիհա, որտեղ գտնվում է տաճարի գլխավոր աստվածության արձանը՝ մուրտին: Սրբավայրը պսակվում է աշտարակաձեւ շիխարայով։ Գարբահրիհային կից կառուցվում են հավատացյալների հավաքատեղի սրահ (մանդապա), գավիթ և սյունասրահ։ Բացի հիմնական շենքից, տաճարը կարող է ներառել լրացուցիչ մանդապաներ՝ ուխտավորների համար նախատեսված տաղավարներ, դևադասի ծիսական պարային ներկայացումների, հարսանեկան ծեսերի, աստվածների արձանների տեղադրման և այլն նպատակներով կառուցված սրահներ։ 

Ավանդական հինդուիստական տաճարների ամենաբարձր մասը դարպասների աշտարակներն են՝ գոպուրաները: Օրինակ, Մադուրայ Մեենակշի տաճարի աշտարակների բարձրությունը մինչև 50 մետր է: 

Դիակիզում
 
Հինդուիստական ​​մեռյալների գրքի համաձայն (Garuda Purana), յուրաքանչյուր հոգի, որը լքում է մարմինը, գնում է Յամայի թագավորություն և դիակիզումը ամենաարագ միջոցն է դրա համար՝ հավելած, որ Հնդկաստանի խոնավ կլիմայական պայմաններում այս միջոցը սանիտարական առումով կարևոր է:
Հինդուիզմում մարմինը դիակիզվում է մահից հետո 24 ժամվա ընթացքում: Գլխավոր սգավորը միշտ հանգուցյալի առաջին որդին է, նրա մարմինը պետք է լինի ամբողջովին սափրված, և նա բազմաթիվ ծեսեր է կատարում մահացածի մարմնի վրա։
Հինդուիստական թաղման ծեսը շատ բարդ է, կան բազմաթիվ պահանջներ և արգելքներ հանգուցյալի սիրելիների համար: Ենթադրվում է, որ եթե ընտանիքի անդամները հետևեն բոլոր կանոններին, ապա մահացածը արժանի տեղ կստանա դրախտում: Սովորաբար մարմինը այրելուց առաջ երեք անգամ թաթախում են գետում։ Մարմինը ցողում են խունկով և զարդարում ծաղիկներով։ Ավագ որդին կրակը վառում է սանդալի փայտով։
Մահացածի որդին պետք է անձամբ վառի թաղման բուրգը։ Եթե ​​մորն է թաղում, ուրեմն կրակ է վառում նրա ոտքերի մոտ, եթե թաղում է հորը, ապա նրա գլխից է սկսում։ Որդին և ընտանիքի բոլոր արական սեռի անդամները յոթ անգամ շրջում են թաղման բուրգի շուրջը: Երրորդ օրը բոլորը վերադառնում են դիակիզման վայր և մոխիրը հավաքում սափորի մեջ։ 13-րդ օրը, ինչպես պահանջում է ծեսը, մոխիրը լցվում է հանգուցյալի կամքով ընտրված սուրբ գետերից մեկի ջրի մեջ։

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх