ՄԱՏԱՂ

ՄԱՏԱՂ
«Օրհնված մատաղից մի պատառ իսկ ճաշակելն ազգային ինքնության աղբյուր է, և մեր զավակներին տրված մի կենդանի դաս»
Գարեգին Ա
 
Ի պատասխան աղանդավորների արդեն զզվելի դարձած մեղադրանքների և ի օգնություն նրանց, ովքեր չեն իմանում մատաղի էությունը…

Քրիստոնեական կրոնի էությունն է սերն առ Աստված և առ մերձավորը: Ավետարանում այս գաղափարը հաստատող մի շարք մտքեր և առակներ կան, որոնցից պարզ է դառնում, որ քրիստոնյան պետք է փորձի գթության շնորհիվ հասնել կատարելության. «Եղե՛ք գթասիրտ, ինչպես որ գթասիրտ է ձեր Երկնավոր Հայրը» Ղուկ. Զ 36:

Աղքատների և կարոտյալների խնամակալության իրողությունն առաջին անգամ դրսևորվեց ընդհանրական Եկեղեցու համայնական կյանքում: Հարկ է նշել, որ խնամքն այդ պատմության մեջ տեղի ունեցավ չտեսնված և չլսված եռանդով` հետագա սերունդներին փոխանցելով շատ գեղեցիկ մի վարվելակերպ: 

Մեր Եկեղեցում հավաքական աղոթքին հաջորդող ընդհանրական ճաշն իր շուրջն էր համախմբում բոլոր հավատացյալներին, որի արդյունքում աղքատներն ու կարոտյալները, որբերն ու այրիները, համայնքի հովանավորությունը վայելելով, մխիթարվում էին: Սուրբ Սահակ Պարթևի կանոնում գրված է, որ Գրիգոր Լուսավորիչը հայոց ամբողջական դարձից հետո սահմանեց, որ անբան կենդանիներին կուռքերին զոհաբերելու փոխարեն որպես ողորմություն բաժանեն աղքատներին: Այս մասին պահպանվել է նաև Գրիգոր Տաթևացու հեղինակավոր վկայությունը, որը «մատաղ» բառը ստուգաբանում է որպես «աղ մատուցել»: 

Մովսիսական օրենքում սահմանված զոհաբերվող կենդանու արյունը նախանշում է Քրիստոսի արյան հեղումը, որով ողջ մարդկությունը պետք է փրկվեր: Ուստի պարզ է դառնում, որ այս զոհերն ընդունելի էին մինչև Աստծո Գառի` Խաչի վրա պատարագվելը, քանզի ըստ օրենքի էին, սակայն ճշմարտության երևմամբ` Հիսուսի մարդեղությամբ, անպիտան դարձան այնպես, ինչպես արեգակի ճառագայթների դիմաց ճրագի լույսը: Հաճախ այն մարդկանց կողմից, որոնք անտեղյակ են վերոնշյալից, մատաղը նույնացվում է զոհաբերությանը, որն այդպես չէ: Այժմ հարց է առաջանում, թե ինչո՛ւ: Նախ` այսօր հին օրենքով կատարվող զոհաբերությունները ոչ միայն խորշելի են, այլև` վնասակար, քանի որ ակնհայտ է, որ զոհաբերություններ կատարողը դեռևս Քրիստոսի արյամբ մեղքերից չի ազատագրվել և ծառայում է մեղքին:

Մատաղի արարողակարգի համաձայն` քահանան, սաղմոսներ և աղոթքներ կարդալով, խաչով օրհնում է աղը, որը տալիս են կենդանուն, որպեսզի ուտի` սրբվելու համար աստվածային անեծքից ¥Ծննդ. Գ¤, որ ստանա առաջին օրհնությունը ¥Ծննդ. Ա 22¤: «Օրհնի՛ր, Տե՛ր, Քո ողորմությամբ այս աղը և սրբի՛ր սա, որպեսզի ինչ բանի որ խառնվի սա, լինի Քեզ հաճելի և ընդունելի, իսկ մեզ` շնորհի հոգու և մարմնի մաքրություն և առողջություն»,-ասվում է աղոթքում:

Աղը մաքրության և անապականության  յուրօրինակ ձև է` համաձայն Հիսուս Քրիստոսի խոսքերի` «Դուք եք երկրի աղը» ¥Մատթ. Ե 13¤: Այս խոսքերն ի նկատի ունենալով էր, որ Տիրոջ աշակերտները քարոզեցին  Ավետարանը` մաքրելով երկիրը ապականություններից: Ըստ «Մայր Մաշտոց» ծիսական գրքի` աղի օրհնության ժամանակ Ղուկասի Ավետարանից ընթերցվող հատվածից պարզ է դառնում, որ մատաղն ամենից առաջ բարեգործություն է, ողորմության և գթասրտության արգասավոր պտուղ, և ոչ թե` խնջույքի կամ գինարբուքի առիթ. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին…, այլ կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» Ղուկ. ԺԴ 12-14:

Սուրբ Ներսես Շնորհալին նշում է, որ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից սկսած` մատաղ էին անում Հարության տոնին, Տերունի և Սրբոց տոներին ննջեցյալների հիշատակի համար և որպես հոգեհաց բաժանում կարոտյալներին: Հարկ է նշել, որ վերոնշյալից բացի կա նաև «տյառնական» կոչված մատաղի տեսակը, որ զանազան առիթներով մարդիկ խոստանում են Աստծուն: 

Մեծ Պահքի ընթացքում և, ընդհանրապես, պահքի ժամանակ մատաղ անելն արգելվում է: Աստծուն մատուցվող ցանկացած ընծա պետք է ընտիր լինի այնպես, ինչպես Իսահակի պարագային էր Ծննդ. ԻԲ, որպեսզի հաճելի լինի Տիրոջն Աբելի օրինակով Ծննդ. Դ, որովհետև ավելորդից տրվածը նվիրաբերության արժեք չունի Մարկ. ԺԲ 41-44: Համաձայն «Կանոնագիրք հայոց»-ի` նզովյալ է համարվում խեղված կամ արատավոր անասուն մատաղ անողը, նաև արգելվում է որսորդության միջոցով ձեռք բերված անասունը մատաղ անելը. այն պետք է ձեռք բերել արդար վաստակով: Ըստ ընդունված կարգի` կարելի է մատաղ անել միայն արու կենդանիների` հորթ, գառ և աքաղաղ:

 ՄԱՏԱՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Այն արվում է հետևյալ կերպով. քահանան սաղմոսների ընթերցանությամբ, աղոթքներով ու խաչով օրհնում է աղը, որն ուտեցնելով կենդանուն` մորթում են, եփում ու բաժանում աղքատներին ու կարիքավորներին: Ըստ հնավանդ սովորության` մատաղացու անասունից մասնաբաժին ունի նաև օրհնության կարգ կատարող քահանան: Սխալ է մատաղացուի արյունը ճակատներին քսելը, որն արգելվում է Ն. Շնորհալու կողմից, քանի որ մեր բոլոր զգայարանները Քրիստոսի արյամբ օծվեցին, իսկ դրոշմվելիս, երբ մյուռոնի կնիքն ենք ստանում մեր ճակատներին, այլևս ուրիշ կնիքների կարիք չենք ունենում: Մենք Վերջին Դատաստանի ժամանակ այս կնիքով է, որ ճանաչվելու ենք Հայտն. Թ 4:

ԱՄՓՈՓՈՒՄ

1.Զոհաբերումը չպետք է որակել իբրև մատաղ, քանի որ` «Քրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց` շատերի մեղքերը վերացնելու համար» Եբր. Թ 28: 

2.Մատաղը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը խաչի վրա:

<<Նա է(Հիսուս Քրիստոսը) քավությունը մեր մեղքերի և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի>> (Ա Հովհ. Բ 2)

3.Մատաղը ողորմություն է, որ նախատեսված է աղքատներին ու կարոտյալներին բաժանելու համար: Այն, իբրև մեր արածի արդյունք, տալիս է մեղքերի թողության և փրկության հույս: Ուստի Տերն ասում է. «Եղեք գթասիրտ, ինչպես որ գթասիրտ է ձեր Երկնավոր Հայրը» Ղուկ. Զ 36, իսկ Հակոբոս առաքյալն ասում է. «Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» ¥Հակ. Բ 13¤: Դավիթ մարգարեն ասում է. «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան: Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը» Սաղմ. Խ 2-3: Իսկ ողորմածների համար աղքատները կաղոթեն և կասեն. «Այս ինչ բան Տերն ինձ պարգևեց», որովհետև ողորմությունն արագաթև արծվի նման երկինք է բարձրանում,  Տերն էլ չի արհամարհում աղքատի աղոթքը Սաղմ. ԻԱ 25:

Բայց, այնուամենայնիվ, պետք է զգուշորեն կատարենք Տերունական պատգամը. «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լինի ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է… Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» Մատթ. Զ 1-3:

Եվ եթե այս կյանքում ողորմության գործեր անենք, երկնքում մեր վարձը մեծ կլինի և Երկրորդ Գալստյան ժամանակ արժանի կլինենք Աստծո աջակողմյան դասին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх