Սյորեն Կիերկեգոր — «Գայթակղեցնողի օրագիրը»

Սյորեն Կիերկեգոր - «Գայթակղեցնողի օրագիրը»

Իմ Կորդելիա…

«Իմ»… ի՞նչ է նշանակում այդ բառը. այն ոչ թե ինձ պատկանող որևէ բան է, այլ այն, ինչին ինքս եմ պատկանում, ինչն իր մեջ է ամփոփում իմ ողջ էությունը: Այդ «այն»-ը այնքանով է իմը, որքանով ինքս եմ պատկանում նրան: Չէ՞ որ «իմ Աստված»-ն այն Աստվածը չէ, Որը պատկանում է ինձ, այլ Աստված է, Որին ես եմ պատկանում: Նույնն է «իմ հայրենիք», «իմ տուն», «իմ առաքելություն», «իմ կիրք», «իմ հույս» արտահայտությունների դեպքում: Եվ եթե ժամանակին չլիներ անմահության մասին պատկերացումը, այն միտքը, որ ես Դու եմ, կստեղծեր այն:

Իմ Կորդելիա…
Ես աղքատ եմ, և դու ես իմ հարստությունը, ես տխրամած եմ, և դու ես իմ լույսը: Ես ոչինչ չունեմ, ես ոչ մի բանի կարիք էլ չունեմ: Եվ ինչպե՞ս կարող էի որևէ բանի տեր լինել, չէ՞ որ դա հակասական կլիներ. ինչպե՞ս կարող է մեկը տիրապետել որևէ բանի, եթե ինքն իրեն չի տիրապետում: Ես երջանիկ եմ երեխայի պես , որը ոչ կարող է, ոչ էլ պարտավոր է որևէ բանի տիրանալու: Ինձ ոչ մի բան չի պատկանում, քանզի ես պատկանում եմ միայն քեզ: Ես չկամ, ես դադարել եմ գոյություն ունենալ, որպեսզի լինեմ Դու:
Իմ Կորդելիա…
Լավ պատասխանը, ասում է Սողոմոնը, նման է քաղցր համբույրի: Դու գիտես՝ ես չափից շատ հարցեր եմ տալիս, ինձ երբեմն հանդիմանում են դրա պատճառով: Բայց դա տեղի է ունենում ընդամենն այն պատճառով, որ ոչ ոք այդպես էլ չի հասկանում՝ ինչի մասին եմ ես հարցնում: Դու, միայն դու ես հասկանում,թե ինչի մասին եմ ես հարցնում, դու և միայն դու ես կարողանում պատասխանել, դու, միայն դու ես կարողանում լավ պատասխան տալ, քանզի լավ պատասխանը, ասում է Սողոմոնը, քաղցր համբույրի պես է:
Իմ Կորդելիա, դու գիտես, որ ես հաճույքով զրուցում եմ ինքս ինձ հետ: Ծանոթներիս շրջանակում ես ինքս իմ մեջ եմ գտել ամենահետաքրքիր զրուցակցին: Երբեմն վախեցել եմ, որ այդ զրույցների համար նյութը կպակասի, բայց այժմ ներսումս չկա այդ վախը, հիմա ես ունեմ քեզ: Դրա համար էլ հիմա և հավերժ խոսելու եմ ինքս ինձ հետ՝ ամենահետաքրքիր նյութի մասին ամենահետաքրքիր մարդու հետ, քանզի, ցավոք, ես ընդամենը հետաքրքիր մարդ եմ, իսկ դու մտքերիս ամենահետաքրքիր նյութն ես:
Քո Յոհաննես
 
***
 
Իմ Կորդելիա… Ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ պետությունը, որն իր ներսում բաժան-բաժան է եղած, որն ինքն իր հետ պայքարի մեջ է։ Ինչպե՞ս ես գոյություն ունեմ, եթե հոգուս ուժերը բաժան-բաժան են եղել և պայքարի մեջ են։ Ինչի՞ պատճառով։ Քո պատճառով։ Ես ուզում եմ հանգստություն գտնել այն մտքից, որ սիրում եմ քեզ, բայց ինչպե՞ս հասնել այդ խաղաղությանը։ Պայքարող ուժերից մեկն ուզում է մնացյալին համոզել, որ ինքը բոլորից ուժեղ ու անկեղծ է սիրում քեզ, մյուսը նույնն է ուզում անել. այդպես անդադար ու շարունակ։ Եթե այդ պայքարն ինձնից դուրս լիներ, այն առանձնապես չէր անհանգստացնի ինձ. ես ոչնչից չէի վախենա, անգամ եթե ինչ-որ մեկը համարձակվեր սիրահարվել կամ չսիրահարվել քեզ. և մեկը, և մյուսը նույնքան հանցավոր է, բայց իմ իսկ ներսի այդ պայքարը սպանում է ինձ։ Դա կիրքն է, որ բաժան-բաժան է եղել ինքն իր ներսում: Քո Յոհաննես Իմ Կորդելիա։ Միթե՞ գրկախառնությունը պայքար է։ Քո Յոհաննես
 
***
Իմ Կորդելիա…
Դու երբեք չես պատկերացրել, որ ես կարող եմ դառնալ այնպիսին, ինչպես որ հիմա եմ, բայցև ես էլ չեմ պատկերացրել։ Մի՞թե ինքդ էլ, ըստ էության, չես փոխվել։ Չէ՞ որ հնարավոր է` ոչ թե ես եմ փոխվել,  այլ` քո կարծիքն իմ մասին։ Բայց, հնարավոր է, ես իրոք փոխվել եմ, և դա այն պատճառով, որ սիրում եմ քեզ։ Դու ինքդ էլ ես փոխվել, քանի որ ես սիրում եմ քեզ։ 
Նախկինում ես շրջապատող ամեն ինչին նայում էի վեհության բարձունքից, մտքի սառը խաղաղությամբ։ Ոչնչից չէի սարսափում։ Թեկուզ դուռս բախեր այն աշխարհից եկվոր մեկը, ես Դոն Խուանի (Ժուանի) պես հանգիստ ձեռքս կառնեի մոմն ու անվախորեն կգնայի դուռը բացելու։ Ես չէի դողա` դեմ առ դեմ բախվելով այդ սարսափազդու հյուրին։ Բայց այլ բան պատահեց։ Դռան հետևում ոչ թե գունատ ու անարյուն ուրվական էր, այլ դու էիր, իմ Կորդելիա։ Ոչ թե գերեզմանի սառը քամին փչեց, այլ կյանք, պատանեկություն, առողջություն և գեղեցկություն հորդեց դիմացս։ Ձեռքս դողում է, ես չեմ կարողանում մոմը բռնել։ Ես ընկրկում եմ քո առջև, անկարող եմ հայացքս կտրել քեզնից։ Այո, ես փոխվել եմ, բայց ինչպե՞ս, ի՞նչն է փոխվել ներսումս, չգիտեմ։ Ես ոչինչ չեմ կարող ավելացնել այս խորհրդավոր ու անբացատրելի բառերին. ես փոխվել եմ։
Քո Յոհաննես
 
***
Իմ Կորդելիա… Ի՞նչ է կարոտը. հոգու խավա՞ր է, թե մթություն։ Վատ բանաստեղծներն այն հանգավորում ու ձևակերպում են որպես «բանտ»։ Ի՜նչ անհեթեթություն։ Միթե՞ կարոտում է լոկ նա, ով բանտարկված է, միթե՞ ազատության մեջ չեն կարոտում։ Միայն թե ազատ լինեի. այնպե՜ս կկարոտեի…
Իսկ ես, ճիշտն ասած, թռչնի պես ազատ եմ, բայց, միևնույն է, կարոտում եմ։ Կարոտը չի լքում ինձ, երբ ես գալիս եմ քեզ մոտ, երբ հեռանում եմ քեզնից։ Անգամ երբ կողքիդ եմ նստած, ես կարոտում եմ քեզ։ Բայց միթե՞ կարելի է կարոտել այն, ինչն ունես։ Այո, եթե վախենում ես կորցնել հաջորդ իսկ վայրկյանին։ Իմ կարոտը հավերժական անհամբերություն է։ Միայն մի ողջ հավերժություն ապրելով և համոզվելով, որ դու ամեն պահ միայն ինձ կպատկանես` կկարողանամ հանգիստ վերադառնալ քեզ մոտ և կրկին ապրել այդ հավերժությունը քեզ հետ։ Եթե այդ ժամանակ էլ համբերությունս չբավականացնի անգամ քեզնից մի րոպե իսկ բաժանմանը, ապա ես, վատագույն դեպքում, հանգիստ կլինեմ այն պահերին, երբ քո կողքին նստած կլինեմ։ Քո Յոհաննես
 
Թարգմ. ռուսերենից՝ Դավիթ Սամվելյան

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх