մոգություն
Եթե շատերին հարցնեք, թե մինչև քրիստոնեությունը ում կամ ինչի (ինչերի) ենք պաշտել, հավատացել, ապա հիմնականում կթվարկեն աստվածությունների անուններ` Արամազդ, Վահագն, Անահիտ և այլ, այնպես, ինչպես այլ ազգեր ունեցել են իրենց աստվածներին՝ Զևս, Յուպիտեր, Օդին և փոքր ու մեծ այլ աստվածներ, որոնք ճիշտ կլինի անվանել դիցեր։ Այդ մտածումը տարածված է այն պարզ պատճառով, որ պոլիթեիզմի դիցարանների գործող դեմքերի մասին ավելի շատ է խոսվել, դրանց ընկալելն ավելի հեշտ է, արվեստի տարբեր ճյուղերում այդ աստվածությունները ներկայացված են մարդկային արտաքինով, մաս են կազմում լեգենդների և առասպելների։
Մարդկության կրոնական հավատն անցել է զարգացման մի քանի փուլեր, յուրաքանչյուր հաջորդ փուլ ներթափանցել են նախորդ փուլերից տոներ, հավատալիքներ, սովորույթներ և այլն։ ԵՒ դա պատահական չէ, այլ վկայում է ազգերի գենետիկ հիշողության մասին։ Ավելին, եղել են կրոնական ներթափանցումներ, տարբեր ազգերի հավատալիքների, աստվածությունների զուգահեռումներ կամ նույնիսկ փոխառություններ` կախված նրանից, թե տվյալ ազգը կամ պետությունը ինչ քաղակական, ռազմական, մշակութային ազդեցություն է ունեցել մյուսի վրա։
Ժամանակակից, այն է` բանական մարդու (լատ.` Homo sapiens) առաջին կրոնական պատկերացումների մասին տեղեկություններն ունեն շուրջ 40 հազար տարվա վաղեմություն: Դատողությամբ օժտված բանական մարդիկ ընդունակ էին ոչ միայն կուտակել և իմաստավորել իրենց կենսափորձը, այլև ունեին վերացարկելու որոշակի ունակություններ և իրենց զգայական ընկալումները հոգևոր ոլորտներում վերարտադրելու կարողություններ։
Ֆետիշիզմ
Փաստական նյութի ուսումնասիրության հիման վրա հայտնի է դարձել, որ հնադարյան մարդկանց կյանքում լայնորեն տարածված էր զանազան առարկաների, իրերի նկատմամբ պաշտամունքի պրակտիկան: Խոսքը նախնադարյան ֆետիշիզմի մասին է: Ֆետիշիզմի էությունը այն էր, որ առանձին առարկաների մոգական ուժ էր վերագրվում, ընդ որում` մարդիկ հավատում էին, որ այդ խորհրդավոր ուժով օժտված առարկաները կարող են ազդեցություն ունենալ իրադարձությունների ընթացքի վրա և հանգեցնել ցանկալի արդյունքների:
Կրոնական հավատալիքի այս ձևն իր անվանումը ստացել է պորտուգալերեն feitiso (հմայիլ, մոգական իր)բառից, որն, իր հերթին, սերում է լատիներեն factitius (մոգական) եզրից: Առաջին անգամ ֆետիշային նմուշներ են գտնվել 15-րդ դարում պորտուգալացի նավաստիների կողմից Արևմտյան Աֆրիկայում, այնուհետև` բազմաթիվ այլ վայրերում:
Ընդհանուր առմամբ ֆետիշիզմը բնութագրվում է որպես երկրպագություն` ուղղված անշունչ առարականերին: Երկրպագության օբյեկտ` ֆետիշ, կարող էր դառնալ ցանկացած առարկա` անսովոր ձևի քար, փայտի կտոր, կենդանու ատամ, ձեռակերտ արձանիկ և այլն: Շատ հաճախ ֆետիշի էր վերածվում պատահականորեն ընտրված առարկա: Այսպես, եթե այդ ընտրությունից հետո մարդը գործնական հաջողությունների էր հասնում, ապա այդ հաջողությունները վերագրվում էին ֆետիշի խորհրդավոր ազդեցությանը և հակառակը: Հետքրքրական է, որ աֆրիկյան որոշ ցեղերի մոտ հայտնաբերվել է ֆետիշներին խարազանելու պրակտիկա, ընդ որում` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆետիշները խարազանվում էին ոչ միայն մարդկանց սպասումները չարդարացնելու, այլև վերջիններին ակտիվ գործողությունների մղելու դրդապատճառով:
Տոտեմիզմ
Վաղնջական հավատալիքների շարքում յուրահատուկ համակարգ է տոտեմիզմը: Այս դեպքում մարդիկ հավատում էին, որ իրենց և որոշակի կենդանիների կամ բուսատեսակների միջև գոյություն ունի ազգակցական կապ: Ընդ որում` ուսումնասիորությունները ցույց են տալիս, որ մարդկանց խմբի կամ տոհմի տոտեմը սովորաբար դառնում էին այն կենդանիները կամ բույսերը, որոնք որպես հիմնական սննդի աղբյուր ծառայում էին վերջիններիս: Տոտեմիզմի զարգացման սկզբնական փուլում տոտեմի երկրպագությունը չէր արգելում մարդկանց օգտագործել այն որպես սնունդ, ընդհակառակը` ենթադրվում էր, որ այս կամ այն տոտեմը պետք է լինի սննդի կայուն աղբյուր. մարդիկ ուղղակի հավատում էին, որ իրենք և իրենց տոտեմը բաղկացած են միևնույն նախահիմքից: Սակայն տոտեմի և մարդու միջև նման սերտ կապը հատուկ էր միայն վաղ անցյալին: Ավելի ուշ տոտեմական համակարգի մեջ ներդրվեցին սոցիալական և առաջին հերթին՝ արյունակցական-ազգակցական հարաբերությունների բաղադրատարրեր: Այսպես, տոհմի անդամներն սկսեցին հավատալ, որ իրենց նախահայրը և հովանավորը ներկայացնում է որոշակի տոտեմական կենդանի կամ բույս և որ իրենց որոշ նախնիներ տիրապետել են անսովոր ունակությունների: Այս հանգամանքը մի կողմից զարգացրեց նախնիների պաշտամունքը, մյուս կողմից` փոխեց վերաբերմունքը հենց տոտեմի նկատմամբ, մասնավորապես` ձևավորվեց արգելքների համակարգը. այլևս չէր կարելի օգտագործել տոտեմը որպես սննդամիջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ սննդի կիրառումը տեղի էր ունենում ծիսակարգային նկատառումներով: Արդյունքում տոտեմիզմի շրջանակներում առաջացավ տաբուների համակարգը, որը սոցիալական փոխհարաբերությունների կարգավորման կարևոր մեխանիզմ էր: Այսպես, օրինակ` սեռատարիքային տաբուները նպաստեցին, որպեսզի բացառվեն սեռական կապերը բարեկամական կապով միմյանց մոտ կանգնած մարդկանց միջև, սննդայն տաբուները կարգավորեցին սննդի բնույթը, որը նախատեսվում էր նախնադարյան հանրույթի առաջնորդի, կանանց, երեխաների և ծերերի համար, իսկ տաբուների մեկ այլ խումբ ապահովում էր օջախի անձեռնամխելիությունը և ալն:
Այսպիսով, տոտեմիստական հավատալիքները` իրենց տաբուների համակարգով, տոհմային հանրույթում դարձան առաջին կրոնական պատկերացումներից մեկը` միևնույն ժամանակ կատարելով միավորիչ և կարգավորիչ կարևորագույն գործառույթներ:
Տոտեմական և դրա հիմքի վրա բարձրացած սուրբ կենդանիների պաշտամունք ունեն բոլոր ժողովուրդները, այդ թվում և հայերս: Հայկական արքայական և նախարարական տներն ունեցել են իրենց տոտեմ կենդանիները, որոնք պատկերվել են համապատասխան դրոշներին։ Հնդկաստանում սուրբ կենդանի են համարվում օձը, կապիկը, փիղը և կովը։
Մոգություն
Վաղնջական կրոնական հավատալիքներից է նաև մոգությունը (հուն.` μαγεία, լատ.՝ magia,որն էլ իր հերթին ծագում է հին պարսկական maguš «Ունակ [ծեսի մասնագետ]») կամ *maghu): μᾰγείᾱ բառը դառնում է տերմին,որ օգտագործում են զրադաշտական (պարսկական) քրմերը, որոնցից էլ հույներին հայտնի է դառնում արևելյան օկուլտիստական արվեստը. μάγος — «մոգ» բառը (և հարակից μᾰγικός, μᾰγείᾱ) դառնում է պարսկական մոգերի պես գաղտնի գիտելիքներ և զորություն ունեցող անձի անուն: Ք.ծ..ա առաջին դարից սկսած՝ սիրիացի magusai-ները հայտնի դարձան որպես ֆոկուսնիկներ և գուշակներ:
Մոգության ժամանակային ծագումը դիտարկում են վերին պալեոլիթի շրջանը, իսկ զարգացման ընթացքում ձեռք է բերել այնպիսի կառուցվածքային համակարգեր, ինչպիսիք են աստղաբանությունը (ախթարք), ալքիմիան, կաբալլան, նեկրոմանտիան, Տարո քարտերը և այլ:
Այս դեպքում մարդիկ հավատում էին, որ իրենք օժտված են գերբնական ունակություններով, որոնցով վերջիններս որոշակի ծիսակարգի միջոցով հնարավորություն էին ստանում ազդել զանազան երևույթների և իրերի ընթացքի վրա: Մոգությունը կիրառվում էր կյանքի բոլոր բնագավառներում` սկսած մարդու անձնական ոլորտից, վերջացրած տարբեր տիպի բնական տարերքների և երևույթների վրա ազդելուց: Հասարակության վաղ ձևերում մոգությունը դեռևս առանձնացված չէր այլ հավատալիքներից, չկային մոգի, շամանի կամ քուրմի հատուկ «պաշտոններ»: Ցեղի յուրաքանչյուր անդամ, անհրաժեշտ չափով և իր հասկացողությամբ, զբաղվում էր իր կախարդական պրակտիկայով. օր.՝ որսի հարցում օգնություն է խնդրում հոգիներից կամ տոտեմ կենդանուց, երկրպագում է հաջողություն բերող առարկաներին և այլն: Պոլիթեիստական կրոնների ստեղծմանը զուգընթաց մոգի պաշտոնը կրում են արդեն քրմերը, և մոգությունը ձեռք բերում ավելի կանոնակարգված տեսք (ստեղծվում է գրականություն, մշակված ծիսակարգ և այլն):
Անիմիզմ
Վաղնջական հավատալիքների ձևերից է նաև անիմիզմը (ոգեպաշտություն) (լատ.` anima – ոգի, շունչ): «Անիմիզմ» տերմինն առաջին անգամ իր գիտական աշխատություններում 1709 թ. օգտագործել է գերմանացի գիտնական Գեորգ Շտալը, ով տվել է հետևյալ սահմանումը — հավատը հոգու՝ որպես անդեմ սկզբի նկատմաբ հանդիսանում է կյանքի բոլոր գործընթացների հիմքն ու ապահովումը: Այս պարագայում մարդիկ հավատում էին, որ գոյություն ունի ոգիների աշխարհ (անիմիստական հավատալիքները սերտորեն կապված էին անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ), որտեղ ապրող էակները այս կամ այն կերպ ազդում էին այս աշխարհի իրադարձությունների և մարդկանց վարքագծի և ճակատագրի վրա: Անիմիստական առաջին պատկերացումները կապված էին հնագույն մարդկանց քնի, տեսիլիքի, հիվանդության, մահվան մասին մտորումների հետ (ինչպես նաև տրանսային ապրումների հետ): Հետագայում ձևավորվում են առավել բարդ պատկերացումներ` հոգու վերամարմնավորման, անդրշիրիմյան կյանքի մասին: Հնագույն մարդիկ բոլոր երևույթները և իրենց շրջապատող իրերի աշխարհը դիտարկում և գնահատում էին իրենց նմանությամբ` օժտելով վերջինիս ցանկություններով, կամքով, մտքով և այլն: Օրինակ՝ Կենտրոնական Հնդկաստանում ապրող ցեղերը հավատում են ջունգլիներում, գետերում և լեռներում բնակվող ոգիների գոյությանը։ Անդամանյան կղզիների բնակիչներն ունեն իրենց պատկերացումները բնության ուժերն ու երեւույթները՝ քամին, ջրի հոսանքը, արևը պաշտպանող ոգիների մասին։
Շամանություն
Շամանությունը ոչ թե կրոն, այլ, ավելի շուտ, կրոնական պրակտիկա է, որ իր մեջ ընդգրկում է տարրեր տոտեմիզմից, ֆետիշիզմից և անիմիզմից: Շամանությունը հաճախ նույնացնում են մոգության հետ, սակայն պետք է նկատել, որ շամանիզմի հիմքը աստվածների և հոգիների հանդեպ հավատն է և նրանց հետ շամանների հետ շփվելու ունակությունը: Շամանությունը զարգացած է եղել Սիբիրի, Հեռավոր Արևելքի, Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների, Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի հնդկացիների, ինչպես նաև Հարավային Ամերիկայի հնդիկների շրջանում։ Այս կամ այն ձևով այն գոյություն է ունեցել Երկրի ժողովուրդների մեծ մասում, հատկապես պալեոլիթի և նեոլիթի շրջանում:
Շամանության մեջ առանցքային կերպարը շամանն է, քանի որ այս մարդը միաժամանակ ապրում է երկու աշխարհներում՝ նյութեղեն, ֆիզիկական աշխարհում և հոգիների աշխարհում: Շամանական մոգությունն ու ծեսերը կենտրոնանում են հոգիների հետ հաղորդակցվելու վրա, և ենթադրվում է, որ շամանները կարող են գերբնական ուժերից խնդրել ազդել մարդկանց և իրադարձությունների վրա: Շամանները շամանիզմի հետևորդների կողմից համարվում են հոգիների ընտրյալները, և կարելի է ասել, որ այս պարագայում շամանները ասես քրմեր են, որոնք մոգական ծեսերի օգնությամբ շփվում են հոգիների և նյութական աշխարհում մարմնավորված հոգիների հետ: Շաման չէր կարող դառնալ ամեն ոք, այլ միայն նրանք, որոնք ֆիզիոլոգիական և հոգեբանական առումով տարբերվում էր մյուսներից:
Շաման բառի ծագումը վիճարկելի է,ըստ մի մոտեցման այն կապված է թունգուսական էվենկի լեզվի sā- արմատի հետ , որը նշանակում է «իմանալ»։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ տերմինի հիմքը սանսկրիտ श्रमण , śramaṇa բառն է, որը նշանակում է թափառական վանական կամ սուրբ գործիչ: Տերմինն ընդունվել է Սիբիրի բնիկ ժողովուրդների հետ շփվող ռուսների կողմից: Այն հանդիպում է վտարանդի ռուս եկեղեցական Ավվակումի հուշերում։