Քսենոփոն — Կյուրոպեդիա

Քսենոփոն - Կյուրոպեդիա

Քսենոփոն — Կյուրոպեդիա

Ք.ա. 5-4-րդ դդ․ հույն դասական պատմիչ Քսենոփոն Աթենացու «Կյուրոպեդիա» երկը առաջին պատմավեպն է համաշխարհային գրականության մեջ։ Այն բաղկացած 8 գրքից։ Աշխատության հիմնական բովանդակությունը պարսից միապետության հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունն է (Ք. ա. 600-530 թթ.)։ «Կյուրոպեդիա»-ն հեղինակի «Անաբասիս» երկի հետ ունի բացառիկ նշանակություն Հայ ժողովրդի հնագույն պատմության համար, քանի որ բովանդակում է ականատեսի ձեռքով գրված եզակի, այլ աղբյուրներում չհանդիպող հավաստի տվյալներ Հայաստանի մասին:
 
Խելամիտ երևալու համար, որդիս,- ասաց հայրը,– առավել կարճ ճանապարհ չկա, քան այն, որ իրականում խելամիտ լինես:
 
***
Դուք պետք է լավ իմանաք, որ երբ մարդիկ սկսում են պատերազմել, ամեն մի մարտիկ պետք է գիտակցի, որ ինքը պարտ է կռվել հաղթանակի համար` չխնայելով իր ուժերը, հասկանալով, որ ինքը եթե քաջաբար չկռվի, ապա հաջողության չեն հասնի: Այդ դեպքում ամբողջ զորքը հաղթանակ չի կարող տանել։ Ընդհակառակը, եթե ամեն մի զինվոր մտածի, որ մեկ ուրիշը պետք է գործի և կռվի, իսկ ինքը կարող է ծուլանալ, ապա այդ զորքը, լավ իմացեք, կճաշակի պարտվածներին բաժին ընկնող բոլոր դառնությունները:
Աստված ևս այսպիսի կարգ է սահմանել. նրանց վրա, ովքեր չեն ուզում իրենց ձեռքով իրենց համար բարիք նվաճել, ուրիշներին հրամանատար է կարգել:
 
***
 
… երբ տիրակալը զայրանում է միանգամից իր բոլոր հպատակների վրա, որովհետև շատերին ահ պատճառելով՝ նա շատերին թշնամի է դարձնում, իսկ բոլորին միաժամանակ նեղացնելով՝ այդ բոլորին նա մղում է հանցավոր միության:
 
***
— Իսկ դու, Տիգրա’ն, ասա’ ինձ, ինչքան կվճարես կնոջդ հետ ստանալու համար:
Տիգրանը, որ նոր էր ամուսնացել և շատ էր սիրում կնոջը, ասաց․ 
-Ես, ո’վ Կյուրոս, նույնիսկ իմ կյանքը կտամ, որպեսզի նա աղախին չդառնա:
-Ուրեմն դու,- ասաց Կյուրոսը,- տա’ր կնոջդ. ես չեմ համարում, որ նա գերի է բռնվել, քանզի դու երբեք չես լքել մեզ… Իսկ այժմ, — ասաց, — ճաշեցե’ք մեզ մոտ և ճաշելուց հետո գնացե’ք ուր կամենում եք:
Այսպես զրուցելուց և իրար հանդեպ սիրալիր վերաբերմունք ցույց տալուց հետո, մի բան, որ բնական էր հաշտության դեպքում, նրանք նստեցին կառքերը և իրենց կանանց հետ ուրախ հեռացան:
Հասնելով տուն` նրանք խոսում էին. մեկը` Կյուրոսի իմաստության մասին, մյուսը` արիության, մյուսը` հեզության, իսկ մեկ ուրիշն էլ` նրա գեղեցկության և հասակի մասին:
Այնժամ Տիգրանը հարցրեց իր կնոջը.
-Իսկ քեզ, ո՜վ արմենուհի, Կյուրոսը նույնպե՞ս գեղեցիկ թվաց:
-Բայց, — պատասխանեց կինը, — Զևսը վկա, ես նրան չէի նայում:
-Հապա ում էիր նայում, — հարցրեց Տիգրանը:
-Վկա է Զևսը, ես նայում էի նրան, ով ասաց, թե իր կյանքը կտա, որ ես աղախին չլինեմ…
 
***
Քանզի բարեկամներին մոտիկ նստողները չեն, որ ապահովում են բարեկամների անվտանգությունը, այլ նրանք, ովքեր թշնամուն առավել հեռու քշելով` բարեկամների համար առավել անվտանգություն են ապահովում։
 
***
… մեկ անգամ քաջարի այր դառնալը դեռ բավական չէ ամբողջ կյանքում այդպիսին մնալու համար, եթե մշտապես չհոգաս այդ մասին։ Ինչպես որ բոլոր արհեստները անփութության մատնվելու դեպքում արժեզրկվում են, իսկ մարմինը, եթե անգամ բարեկազմ է, տկարանում է, երբ մարդ ծուլանալով հանգստանում է: Ճիշտ այդպես էլ ողջամտությունը, ժուժկալությունը և արիությունը վերածվում են արատի, երբ մարդիկ դադարում են դրանք զարգացնել։
 
***
Անշուշտ, մեծ գործ է իշխանությունը վերցնելը, բայց շատ ավելի մեծ գործ է վերցրածը պահելը։ Քանզի հաճախ այն վերցնելը հաջողվում է նույնիսկ սոսկ հանդգնություն դրսևորած մարդուն, բայց վերցնելուց հետո այն հնարավոր չէ պահել առանց ողջախոհության, առանց ժուժկալության և մեծ ջանքերի։
 
***
… զորավարը իր զինվորների հպատակությանը հասնում է հնազանդին գովելով ու պատվելով, իսկ անհնազանդին` անպատվելով ու պատժելով։ 
 
***
… երջանկությունն այնքան ավելի մեծ հաճույք է պատճառում, ինչքան ավելի մեծ դժվարությամբ է մարդ այն ձեռք բերում, քանզի աշխատանքը երջանկության համեմունքն է. ոչինչ մարդուն չի կարող հաճույք պատճառել, ինչքան էլ այն շքեղ պատրաստած լինի, եթե մարդ դրա կարիքը չի զգում:
 
***
 
Եվ եթե օրենք սահմանվի, որ չուտողները քաղց չզգան և չխմողները չծարավեն, ձմռանը չմրսեն և ամռանը` չշոգեն, ապա ոչ մի այդպիսի օրենք չի կարող ստիպել մարդկանց հնազանդվել, որովհետև մարդու բնությունը ենթակա է այդ հանգամանքներին: Մինչդեռ սիրելը կամավոր է. ամեն մարդ սիրում է ըստ իր ճաշակի, ինչպես զգեստը կամ կոշիկը։ 
 
***
 
… գեղեցիկները չեն ստիպում սիրել իրենց և չեն պարտադրում մարդկանց ձգտել այն բանին, ինչ պետք չէ։ Բայց փոքրոգի մարդիկ ենթարկվում են ամեն տեսակ կրքերի ազդեցության և հետո մեղադրում են սերը։ Սակայն ճշմարիտ ազնիվները, եթե նույնիսկ նրանք ցանկանում են ոսկի կամ լավ ձիեր կամ գեղեցիկ կանանց, բայցևայնպես այդ ամենից կարողանում են հրաժարվել, որպեսզի այդ ամենին, հակառակ արդարության, ձեռք չմեկնեն:
 
***
… խելամիտ մարդու հատկանիշ է անհրաժեշտաբար կատարվելիքը կատարելու մասին հոգալը, և ոչ թե անհոգությունը։
 
 ***
… որովհետև մարդիկ առանձնապես հաճույքով հնազանդվում են նրան, ում մասին համոզված են, որ առավել իմաստուն է մտածում իրենց գործերի մասին, քան իրենք:
 
 ***
 
Բայց մի՞թե վայել է, որ եթե ինքդ արատավոր ես, ուրիչներին պատժես արատավորության կամ ծուլության համար: 
 
***
Արիությունից զուրկ մարդը չի կարող այլ առաքինություններ ունենալ:
 
 ***
… եթե ինքդ առաքինության օրինակ չծառայես, ապա չես կարող ուրիշներին մղել առաքինի գործերի։
 
***
… ամոթխածները խուսափում են վատ արարքները բացահայտ անելուց, իսկ համեստները` այդպիսիք թույլ չեն տալիս իրենց կատարելու նույնիսկ ծածուկ:
 
***
… այնքան հաճելի չէ հարստություն ունենալը, որքան ծանր` այն կորցնելու վիշտը։ Դու կհամոզվես, որ ես ճիշտ եմ ասում, քանզի հարստացողներից ոչ մեկը ավելորդ հաճույքից ստիպված չի լինում անքուն մնալ, իսկ որևէ բան կորցրած մարդը վշտից չի կարողանում աչք փակել:
 
***
… ավելի դժվար է գտնել իր բարեբախտությունը արժանավայել տանող, քան թե դժբախտությանը տոկացող մարդու։ Որովհետև բարեբախտությունը շատերին դարձնում է գոռոզ, իսկ դժբախտությունը բոլորին դարձնում է խելամիտ։
 
***
Մի կարծիր, որ մարդիկ հավատարիմ են ծնվում: Այդ դեպքում նույն մարդիկ պետք է հավատարիմ լինեին բոլորի համար, ինչպես այն ամենը, ինչ ստեղծել է բնությունը, նույնական է բոլորի համար։ Ամեն մարդ ինքն իր համար պետք է ձեռք բերի հավատարիմ բարեկամներ, իսկ այդ ձեռքբերումը չի կարող բռնությամբ լինել, այլ առավելապես բարեգործությամբ։
 
***
… նա ով հոգ է տանում իր եղբոր մասին, հոգ է տանում իր մասին: Քանզի էլ ո՞ւմ համար է եղբոր մեծությունը առավել պատիվ բերում, քան եղբորը: Եվ ո՞վ նրա հզորությունից առավել պատվի կարժանանա, քան եղբայրը։ Ո՞ւմ կվախենան անարգելու, եթե ոչ այդպիսի հզոր՝ եղբայր ունեցողին:
 
***
Աստվածներից հետո մշտապես հարգանք ունեցեք դեպի համայն մարդկային ցեղը և նրա ապագա սերունդները, քանզի աստվածները ձեզ խավարի մեջ չեն թաքցրել, այլ ձեր գործերը մշտապես կլինեն բոլորի հիշողության մեջ։ Եթե ձեր արարքները թվան մաքուր և անթերի, զերծ անարդարությունից, ապա ձեր զորությունը հայտնի կդառնա ամբողջ աշխարհում: Բայց եթե իրար դեմ չարիք նյութեք, ապա կզրկվեք մարդկանց վստահությունից։ Քանզի ոչ ոք արդեն չի կարող ձեզ վստահել, եթե նույնիսկ շատ ցանկանա՝ տեսնելով, թե չարիք է հատուցվում նրան, ով բոլորից շատ իրավունք ուներ սիրելի դառնալու:
 
***
… քանզի ինչպիսին եղավ իշխողը, այնպիսիք, սովորաբար, կլինեն նաև հպատակները:

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх