Մոռացված երկրի զանգերը
Դավիթ Սամվելյանի նորատիպ «Մոռացված երկրի զանգերը» գիրքը պատմություն է մի մարդու մասին, որի ամբողջ կյանքը փորձությունների հաղթահարում էր՝ հանուն երազանքի: Այդ երազանքի դժվարին ուղին ծավալվում է նախիջեւանյան մի փոքրիկ գյուղից՝ Ցղնայից մինչեւ մեծ քաղաք՝ հանդիպելով պատերազմի արհավիրքներին: «Մոռացված երկրի զանգերը» վեպում նկարագրված են 20-րդ դարում Նախիջեւանում տիրող միջէթնիկ հարաբերությունները, նախապատերազմական եւ հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխություններն ու լարվածությունը: Հերոսի անձնական պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի ճակատագրի հետ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտը»։
Aravot.am-ի հետ զրույցում թվարկելով իր նախորդ գրքերը՝ Դավիթ Սամվելյանն ասում է, թե հասել էր այն կետին, որ այլեւս չէր ցանկանում պատմվածքների ժողովածուներ կամ վիպակ տպագրել ու նաեւ թեմայի փնտրտուքի մեջ էր: «Ի բարեբախտություն ինձ՝ պապս գրած հուշեր ուներ, որոնք մի քանի տարի առաջ հայրս ինձ փոխանցեց: Հասկացա, որ այդտեղ կան կերպարներ եւ թեմա, որոնք կարելի է խաղարկել: Ի սկզբանե իմ առաջ նպատակ չէի դրել վավերագրական վեպ գրելու, բայց նաեւ ուզում էի գեղարվեստականության մեջ փաստերի ճշգրտություն ապահովել… Այդպես սկսեցի գրքի վրա աշխատել, իսկ ամենադժվարն ինձ համար վեպը սկսելն էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է հեղինակը: «Վեպը սկսելուց էր կախված, թե հետագայում ինչպես կշարադրեմ այն… Շատ դեպքերում հորս հետ եմ կոնֆլիկտի մեջ եղել, որովհետեւ աշխատելը կրկնակի դժվար էր այն առումով, որ դրանք իր հոր հուշերն էին, եւ ինքն իր պատկերացումներն ուներ իր գյուղի մասին (հայրս իր մանկության մի մասը ապրել է հայրենի գյուղում): Ինքը մտածում էր, որ պետք է կառչած մնամ այդ ամենից, բայց բնականաբար, գեղարվեստական ստեղծագործության պարագայում նման բան չի կարող լինել… Նաեւ երկար ժամանակ մտածում էի՝ արժե՞, որ գրեմ այս վեպը, որովհետեւ թեման առաջին հայացքից կարող է չձգող լինել հասարակության եւ ընթերցասերների պահանջներին»,-ասում է Դավիթ Սամվելյանը ու հիշեցնում, որ երբ 2017-ին տպագրում էր իր ամենահայտնի գրքերից մեկը՝ «Ռոդենի ձմեռը», որտեղ զետեղված պատմվածքների մեծ մասն 90-ականների մասին էր, մտածում էր, որ գուցե երիտասարդությունը չկարդա, սակայն, ընթերցողների մեծ մասը, պարզվեց երիտասարդներն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/10/22/1450315/
© 1998 – 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից