սկանդինավյան
Սկանդինավյան դիցարանի ծագումն ու արմատները:
Սկանդինավյան դիցաբանությունը, որը հայտնի է նաև որպես նորդիկ (նորվեգական) կամ վիկինգյան դիցաբանություն, իր արմատներով սերտորեն կապված է պրոտոգերմանական կրոնական և մշակութային ավանդույթներին և մաս է կազմում հնդեվրոպական ժողովուրդների ընդհանուր կրոնական համակարգի։ Շատերը սխալմամբ այս դիցաբանությունը կապում են միայն վիկինգների* հետ, սակայն դրա արմատներն ավելի հին են: Այն զարգացել է դարերի ընթացքում՝ սկսած նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: Սկանդինավյան դիցաբանությունը ձևավորվել և զարգացել է ներկայիս Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Իսլանդիայի տարածքներում։
Դիցաբանության ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել տեղական բնական պայմանները՝ հյուսիսային կլիման, ծովը, անտառները և լեռները, որոնք արտացոլվել են աստվածների հատկանիշներում և ծեսերում։ Օրինակ՝ Նյորդը (Njörðr)՝ ծովի աստվածը, կարևոր էր ծովագնաց վիկինգների համար։ Թորի կապը ամպրոպի հետ կարևոր էր գյուղատնտեսական համայնքների համար։
Գիտության մեջ ընդունված է նաև համարել, որ սկանդինավյան դիցաբանությունը նախագերմանական դիցաբանության հյուսիսային ճյուղն է, որը զարգացել է սկանդինավյան թերակղզու և հարակից տարածքների ժողովուրդների (օրինակ՝ սվեոններ, գոթեր, դանիացիներ) շրջանում։ Գերմանական ժողովուրդները, որոնք բնակվել են ներկայիս Գերմանիայում, Նիդերլանդներում և Սկանդինավիայում, կիսել են ընդհանուր աստվածներ և հավատալիքներ։ Օրինակ՝ Վոդանը (Wodan) հին գերմանական աստված է, որը համարվում է Օդինի նախատիպը։ Դոնարը (Donar) գերմանական ամպրոպի աստվածն է, Թորի համարժեքը։ Սկանդինավները շփվել են նաև սամի (Saami) ժողովուրդների հետ, որոնց շամանական ավանդույթները, հավանաբար, ազդել են կրոնական մոգության վրա։
Պատմական համատեքստ և զարգացում:
Բրոնզե դար (մ.թ.ա. 1700-500) – Սկանդինավիայում հայտնաբերված ժայռապատկերները (օրինակ՝ Շվեդիայի Թանումում) ցույց են տալիս արևի, բնության և կենդանիների պաշտամունք, ինչը, հավանաբար, դիցաբանության վաղ շերտերն են։
Երկաթե դար (մ.թ.ա. 500 – մ.թ. 500) – սկսել է ձևավորվել գերմանական աստվածների պաշտամունքը, ինչը երևում է գտածոներից (օրինակ՝ զենքեր և զոհաբերական առարկաներ)։
Վիկինգների դարաշրջան (մ.թ. 793-1066) – Այս ժամանակաշրջանում դիցաբանությունը հասել է իր զարացման գագաթնակետին՝ դառնալով ավելի կառուցվածքային։ Վիկինգների ընդարձակումը (դեպի Եվրոպա, Ռուսաստան, Իսլանդիա) նպաստել է դրա տարածմանը և գրավոր արձանագրմանը։
Կոսմոգոնիա (տիեզերքի ստեղծումը)
Սկզբում գոյություն ուներ միայն անսահման դատարկություն՝ Գիննունգագապը Ginnungagap), որը գտնվում էր երկու հակադիր տիրույթների միջև՝
Մուսպելհեյմ (Muspelheim) – Հարավում գտնվող կրակի աշխարհը, լի բոցերով և ջերմությամբ, որը ղեկավարում էր հսկա Սուրտը (Surtr)՝ իր կրակե սրով։
Նիֆլհեյմ (Niflheim) – Հյուսիսում գտնվող սառույցի և մառախուղի աշխարհը, որտեղից հոսում էին սառը գետեր։
Երբ այս երկու տարերքները՝ կրակն ու սառույցը, հանդիպեցին Գիննունգագապում, սկսվեց ստեղծման գործընթացը։
Կրակի ջերմությունից ու սառույցի հալոցքից ստեղծվեց առաջին էակը՝ Յմիրը (Ymir), հսկայական նախնադարյան հսկան։ Նա համարվում էր բոլոր հսկաների (jötnar) նախահայրը։ Յմիրը սնվում էր քնից՝ առանց սեռական բազմացման միջոցով ստեղծելով այլ հսկաներ (օրինակ՝ իր թևատակերից և ոտքերից)։
Նույն ժամանակ ծնվեց Աուդհումլա(Auðumbla) կովը, որը սնվում էր սառցաբեկորներ լիզելով։ Նրա կաթով սնվում էր Յմիրը։ Աուդհումլան երեք օր շարունակ լիզելով սառույցը՝ ազատեց առաջին աստվածային էակին՝ Բուրիին (Buri)։ Բուրին գեղեցիկ և հզոր էր՝ աստվածների նախահայր։ Նա որդի ունեցավ՝ Բյորին (Borr), թեև նրա ծննդյան մանրամասները պարզ չեն (ենթադրաբար՝ ինքնաբերաբար կամ հսկայի հետ միությունից)։
Բյորը ամուսնացավ հսկա Բեստլայի (Bestla) հետ, և նրանք ունեցան երեք որդի՝ Օդինը (Óðinn), Վիլին (Vili) և Վեն (Vé)։ Այս երեք եղբայրները որոշեցին սպանել Յմիրին, քանի որ նրա սերունդները՝ հսկաները, սպառնալիք էին։
Յմիրի սպանությունից հետո նրա արյունը հեղեղեց աշխարհը՝ ոչնչացնելով հսկաների մեծ մասը։
Օդինն ու նրա եղբայրները Յմիրի մարմինը օգտագործեցին աշխարհը ստեղծելու համար.
Նրա մարմինը դարձավ երկիրը, արյունը՝ ծովերն ու գետերը, գանգը՝ երկինքը, որին աջակցում էին չորս գաճաճներ՝ Նորդրի, Սուդրի, Աուստրի և Վեստրի (Norðri, Suðri, Austri, Vestri), ոսկորները՝ լեռները, մազերը՝ ծառերն ու բուսականությունը, ուղեղը՝ ամպերը։
Մուսպելհեյմից վերցված կայծերից ստեղծվեցին աստղերն ու արևը։
Մարդկանց ստեղծումը
Օդինն ու նրա եղբայրները զբոսնելիս ծովափին գտան երկու ծառ՝ հացենի (Askr) և թեղի (Embla)։ Նրանք որոշեցին կյանք տալ այս ծառերին՝ ստեղծելով առաջին մարդկանց.
Օդինը նրանց տվեց հոգի և կյանք, Վիլին՝ միտք և զգացմունքներ, Վեն՝ հինգ զգայարաններ և արտաքին տեսք։
Աշխարհը կենտրոնում է Իգդրասիլը կամ Յգգդրասիլ (Yggdrasil)՝ հսկայական կյանքի սուրբ ծառը (հացենի), որը միավորում էր ինը աշխարհները.
Ասգարդ (Ásgarðr) – Ասերի (Æsir) աստվածների տունը, որտեղ գտնվում էր Օդինի Վալհալլան (Valhöll)։
Միդգարդ (Miðgarðr) – Մարդկանց աշխարհը, պաշտպանված օձի՝ Յորմունգանդի (Jörmungandr) կողմից։ Այն Բիֆրոսթ կամրջով կապված էր Ասգարդի հետ:
Վանահեյմ (Vanaheimr) – Վաների (Vanir) աստվածների տունը։
Ալֆհեյմ (Álfheimr) – Լուսավոր էլֆերի աշխարհը։
Սվարտալֆհեյմ (Svartálfaheimr) – Գաճաճների (մութ էլֆերի) տունը։
Յոտունհեյմ (Jötunheimr) – Հսկաների աշխարհը։
Նիֆլհեյմ (Niflheim) – Սառը մեռյալների աշխարհը, որտեղ իշխում էր Հելը (Hel)։
Մուսպելհեյմ (Muspelheim) – Կրակի աշխարհը։
Հելհեյմ (Helheim) – Մեռյալների տիրույթը, որտեղ գնում էին նրանք, ովքեր չէին մահանում հերոսի մահով։
Նիդհյոգ վիշապը ապրում էր ծառի արմատներում և փորձում էր ոչնչացնել դրանք, Ռատատյոսկ սկյուռը, որ բնակվում էր ծառի ճյուղերին, ահազանգող հաղորդագրություններ էր ուղարկում արմատներից ճյուղեր,

Օդինը Սլեյպնիր ձիու վրա
Սկանդինավյան դիցարան (պանթեոն)
Սկանդինավյան աստվածները բաժանված են երկու հիմնական խմբի՝ Աեսիր (Aesir) և Վանիր (Vanir)։
Ասեր – Պատերազմի և իշխանության, իմաստության հետ կապված աստվածներ։
Օդին (Óðinn) – Գլխավոր աստված, իմաստության, պոեզիայի, պատերազմի և մահվան տիրակալ։ Զոհաբերել է իր աչքը՝ Միմիրի ջրհորից իմաստություն ստանալու համար։ Նա Վալհալլայի տերը և զոհաբերության խորհրդանիշ է (ինքն իրեն կախել է Յգգդրասիլ ծառից՝ գիտելիք ստանալու համար)։ Օդինը շրջում էր՝ հեծնած իր ութոտանի Սլեյպնիր ձիուն:
Թոր (Þórr) – Ամպրոպի և ուժի աստված, հայտնի է իր Մյոլնիր (Mjölnir) մուրճով։ Պաշտպանում է մարդկանց և աստվածներին:
Լոկի (Loki) – Խորամանկության և խառնաշփոթի աստված, հաճախ հակառակվում է մյուս աստվածներին։ Ծնվել էր հսկաներից, բայց ընդունվել էր Ասերի մեջ։ Նրա երեխաները՝ Յորմունգանդը (ծովային օձ), Ֆենրիրը (Fenrir, հսկայական գայլ) և Հելը, հետագայում կարևոր դեր են խաղացել Ռագնարյոկում։
Ֆրիգգ (Frigg) – Օդինի կինը, ամուսնության և մայրության, ճակատագրի աստվածուհի։
Տյուր կամ Տիր(Týr) – Պատվի և պատերազմի միաթև աստվածը:
Վաներ – Պտղաբերության և բնության հետ կապված աստվածներ։

Ֆրեյր
Ֆրեյա (Freyja) – Սիրո, գեղեցկության և պտղաբերության աստվածուհի, նաև կապված է մոգության (սեիդ) հետ։
Ֆրեյր (Freyr) – Պտղաբերության, խաղաղության և բերքի աստված։
Նյորդ (Njörðr) – Ծովի և քամու աստված, Ֆրեյայի և Ֆրեյրի հայրը։
Այս երկու խմբերի միջև տեղի է ունեցել պատերազմ, որը վերջացել է խաղաղությամբ և դաշինքով՝ աստվածների փոխանակմամբ (օրինակ՝ Նյորդը և նրա երեխաները միացան Ասերին)։ Աստվածները մշտական պայքարի մեջ էին հսկաների հետ, որոնք խորհրդանշում էին քաոսը։
Նորններ (Nornir) – Ճակատագրի երեք աստվածուհիներ՝ Ուրդ (անցյալ), Վերդանդի (ներկա) և Սկուլդ (ապագա), որոնք որոշում էին բոլոր էակների ճակատագիրը։
Գերբնական էակներ
էլֆերն ու թզուկներ – բնորոշ են ոչ միայն սկանդինավյան դիցաբանությանը, թեև նրանք կարևոր դեր են խաղում սկանդինավյան ավանդույթներում, նմանատիպ էակներ հանդիպում են նաև այլ մշակույթներում և դիցաբանություններում՝ տարբեր անուններով և բնութագրերով։ Էլֆերի և թզուկների մասին ավելի մանրամասն կխոսենք առանձին նյութում:
Էլֆերը (Álfar) սկանդինավյան դիցաբանությունում:
Սկանդինավյան դիցաբանությունում էլֆերը համարվում են գերբնական էակներ, որոնք կապված են բնության, պտղաբերության և գեղեցկության հետ։ Նրանք բաժանվում են երկու տեսակի՝
Ljósálfar (Լույսի էլֆեր) –Բարի, գեղեցիկ և լուսավոր էակներ, որոնք ապրում են Ալֆհեյմում (Alfheim)՝ Ֆրեյր աստծո տիրույթում։
Dökkálfar կամ Svartálfar (Մութ էլֆեր) – Ավելի խորհրդավոր և ստորգետնյա էակներ, որոնք երբեմն նույնացվում են թզուկների հետ։
Էլֆերին նվիրված էր Álfablót ծեսը՝ աշնանային զոհաբերություն, ինչը ցույց է տալիս նրանց կարևորությունը տեղական պաշտամունքում։
Թզուկները (Dvergar) սկանդինավյան դիցաբանությունում:
Թզուկները ստորգետնյա էակներ են, հայտնի իրենց դարբնության և արհեստագործության հմտություններով։ Նրանք ստեղծել են աստվածների համար կարևոր առարկաներ, օրինակ՝ Թորի Mjölnir մուրճը և Օդինի Gungnir նիզակը։
Թզուկներն ապրում են Svartálfaheim-ում կամ Niðavellir-ում և հաճախ պատկերվում են որպես խորամանկ էակներ։

Ուպսուլայի տաճարը Շվեդիայում
Պաշտամունքային կառույցներ
Հոf (Hof)
Տաճարներ կամ սրբավայրեր, որտեղ անցկացվում էին ծիսակարգեր և զոհաբերություններ։
Բնական սրբավայրեր – Անտառներ, լեռներ, ջրվեժներ և լճեր, որոնք համարվում էին սուրբ։ Օրինակ՝ Յգգդրասիլը՝ կյանքի ծառը, կենտրոնական է կոսմոլոգիայում։
Ռունային քարեր և խորաններ – Հաճախ օգտագործվում էին աստվածներին նվիրված արարողությունների համար։
Քրմերը կամ համայնքի առաջնորդներ, որոնք վարում էին ծեսերը, կոչվում էին Գոդի (Goði):
Գիրը
Նորվեգացիների գրերը կոչվում են ռունագրեր: Դրանք ուղղահայաց տողեր էին, որոնք փորագրվում էին քարերի վրա: Ասում են, թե Օդինն է ստեղծել ռունագրերի այբուբենը: Հին ֆուտարկը (այդպես են կոչվում սկանդինավյան ռուները), որը օգտագործվում էր որպես նախանորվեգերենի գրային համակարգ, օգտագործվել է II-VIII դդ. և բաղկացած է եղել 24 ռուներից:
Գրական աղբյուրներ
Սկանդինավյան դիցաբանության մասին մեր գիտելիքները հիմնականում գալիս են «Հին Էդդայից» (Poetic Edda) և «Երիտասարդ Էդդայից» (Prose Edda):
«Ավագ Էդդա» (Poetic Edda) – X-XII դդ.: Բանաստեղծություններ, որոնք պատմում են Սիգուրդի և Հելգիի մասին։ Հեղինակն անհայտ է, բայց ավանդաբար համարվում է Սեմունդ Սիգֆուսսոնը (XI-XII դդ.), գտնվել է 1625թ. Իսլանդիայում:
«Կրտսեր Էդդա» (Prose Edda) – XII-XIII դդ.: Հեղինակն է համարվում իսլանդացի Սնորրի Ստուրլուսոնը (մահացել է 1264 թ.):
Քանի որ այս աղբյուրները գրի են առնվել են քրիստոնեության ընդունումից հետո, ուստի կրում են որոշակի քրիստոնեական մեկնաբանություններ և ազդեցություններ։
Սագաներ (սկանդինավյալ լեգենդներ) – Սկզբնաբես տարածվել և փոխանցվել են բանավոր, ապա գրի են առնվել քրիստոնեության ընդունումից հետո: «Վոլսունգա սագա», «Ռագնար Լոդբրոկի սագա» և այլն՝ պատմում են հերոսների կյանքը։
Այս հերոսները սկանդինավյան մշակույթի կենտրոնում են՝ արտացոլելով վիկինգների կյանքի դժվարություններն ու փառքը։
Տոներ
Սկանդինավյան տոները սերտորեն կապված էին բնության ցիկլերի հետ։
Յուլ (Jól) – Ձմեռային արևադարձի տոն, նշվում էր դեկտեմբերին՝ խնջույքներով և զոհաբերություններով։ Համարվում է ժամանակակից Սուրբ Ծննդի նախատիպ։
Միդսամեր (Midsummer) – Ամառային արևադարձի տոն, նվիրված արևին և բերքին։
Դիսաբլոտ (Dísablót) – Գարնանային տոն՝ նվիրված իգական ոգիներին (դիսեր) և պտղաբերությանը։
Ալֆաբլոտ (Álfablót) – Աշնանային փոքր ծես՝ նվիրված էլֆերին և տեղական ոգիներին։
Ծեսեր
Բլոտ (Blót) – Զոհաբերության ծես՝ նվիրված աստվածներին։ Զոհաբերվում էին կենդանիներ (օրինակ՝ խոզեր, ձիեր), իսկ արյունը ցողվում էր սրբավայրերում։ Հաճախ ուղեկցվում էր խնջույքով։
Սեիդ (Seiðr) – Մոգական ծես, հիմնականում կանանց կողմից կատարվող։ Կապված էր գուշակության և ճակատագրի հետ։ Ֆրեյան համարվում էր սեիդի վարպետ։
Ռունային գուշակություն – Ռունաները օգտագործվում էին ոչ միայն գրելու, այլև կանխատեսելու համար։
Օրացույցը
Սկանդինավները օգտագործում էին լուսնային օրացույց, որը բաժանված էր երկու հիմնական եղանակի՝ ամառ և ձմեռ։
Ամիսները կապված էին բնական երևույթների հետ, օրինակ՝ «Գյուքի ամիս» (Gýlfi) կամ «Բերքի ամիս»(Haustmánuðr)։
Տարին սկսվում էր աշնանը կամ ձմռանը, ի տարբերություն արևային օրացույցի։
Այսօրվա անգլերեն օրերի անունները ժառանգվել են սկանդինավյան և գերմանական ավանդույթներից:
Tuesday (երեքշաբթի)՝ Տյուրի (Týr) օր:
Wednesday (չորեքշաբթի)՝ Օդինի (Woden/Odin) օր:
Thursday (հինգշաբթի)՝ Թորի (Thor) օր:
Friday (ուրբաթ)՝ Ֆրեյայի (Freya) կամ Ֆրիգի (Frigg) օր:
Հետմահու կյանք
Վալհալլա (Valhöll)
Օդինի պալատը, որտեղ ընկնում էին պատերազմում զոհված հերոսները (էյնհերիար (Einherjar)՝ «միայնակ կռվողներ»), ում ընտրում են վալկիրիաները՝ Օդինի ծառայող կին-ոգիները: Վալհալլան ոչ միայն պարգև է խիզախներին, այլև Ռագնարոկի նախապատրաստության կենտրոն, քանի որ այնտեղ հավաքված մարտիկները պետք է կռվեն քաոսի ուժերի դեմ:
Աշխարհի վերջը, երբ աստվածները (Օդին, Թոր) և հսկաները (Լոկի, գերբնական էակներ) կռվում են, մահանում, ինչից հետո աշխարհը վերածնվում է։ Ռագնարոկը սկսվում է Բալդուրի (լույսի և գեղեցկության Աստծո) մահով (սպանում է Լոկին) և Ֆիմբուլվետրի գալուստով (երեք անընդմեջ ձմեռներ), իսկ պատճառը ճակատագրի, քաոսի և բարոյական անկման համադրությունն է:
Ռագնարոկը արտահայտում է սկանդինավյան մտածելակերպի ցիկլիկ բնույթը՝ կյանքը, մահը և վերածնունդը` որպես բնական գործընթացներ: Այն նաև ընդգծում է անգամ աստվածների` ճակատագրին ենթարկվելու գաղափարը:
Սկանդինավյան դիցաբանության և էպոսների ամենահայտնի հերոսները
1. Սիգուրդ (Sigurðr) / Զիգֆրիդ
Հայտնի է «Վոլսունգա սագայից» (Völsunga saga) և «Ավագ Էդդայից», ինչպես նաև գերմանական «Նիբելունգների երգից» (Nibelungenlied)՝ Զիգֆրիդ անունով։
Սիգուրդը Վոլսունգների տոհմից է, ծնվել է Սիգմունդ (Sigmund) հերոսի մահից հետո։
Նա սպանել է վիշապ Ֆաֆնիրին (Fáfnir)՝ օգտագործելով իր հայրական սուրը՝ Gram-ը, և ձեռք է բերել վիշապի ոսկե գանձը։ Ֆաֆնիրի արյունը խմելով՝ նա սովորել է թռչունների լեզուն և բացահայտել դավաճանություններ։
Սիգուրդը սիրահարվել է Բրյունհիլդին (Brynhildr), բայց դավադրության հետևանքով ամուսնացել է Գուդրունի (Guðrún) հետ և ի վերջո սպանվել է։
Սիգուրդը մարմնավորում է իդեալական հերոսին՝ խիզախ, բայց դժբախտ ճակատագրով։ Նրա պատմությունը ողբերգական սիրո և վրեժի խորհրդանիշ է։
2. Բեովուլֆ (Beowulf)
Հերոսը համանուն անգլո-սաքսոնական էպոսից (Beowulf) է, որը գրվել է մոտ 1000 թվականին, բայց արմատներ ունի սկանդինավյան ավանդույթներում։
Բեովուլֆը՝ գոթերի (Geats) երիտասարդ մարտիկը, օգնության է հասնում դանիացիների թագավոր Հրոթգարին (Hrothgar)։ Նա սպանում է հրեշ Գրենդելին (Grendel), ապա նրա մորը՝ օգտագործելով մերկ ձեռքերն ու սուր։ Տարիներ անց, արդեն որպես ծեր թագավոր, նա մենամարտում է վիշապի հետ և զոհվում՝ փրկելով իր ժողովրդին։
3. Ռագնար Լոդբրոկ (Ragnar Loðbrók)
Կիսաառասպելական հերոս՝ հայտնի «Ռագնար Լոդբրոկի սագայից» (Ragnars saga Loðbrókar) և այլ աղբյուրներից։
Ռագնարը վիկինգների առաջնորդ էր, հայտնի իր արշավանքներով դեպի Անգլիա և Ֆրանկիա։ Նա սպանել է վիշապ՝ հագնելով «մազոտ» (loðbrók) տաբատ, ինչից էլ ստացել է իր մականունը։ Նրա կանայք՝ Լագերթան (Lagertha) և Ասլաուգը (Áslaug), և որդիները (Իվար Անոսկր, Բյորն Երկաթակող և այլք) նույնպես հայտնի հերոսներ են։ Ռագնարը մահացել է օձերի փոսում՝ Նորթումբրիայի թագավորի կողմից գցված։
Ռագնարը վիկինգների դարաշրջանի խորհրդանիշ է՝ համարձակ, խորամանկ և վրեժխնդիր։ Նրա պատմությունը կիսով չափ պատմական է, կիսով չափ առասպելական։
4. Ստարկադ (Starkaðr)
Ծագում: Հայտնի է «Գաուտրեկի սագայից» (Gautreks saga) և այլ աղբյուրներից։
Ստարկադը կիսահսկա էր, օժտված անսովոր ուժով։ Նրա կյանքը անիծված էր Թորի և Օդինի միջև հակամարտության պատճառով։ Օդինը նրան տվել է երեք կյանքի տևողություն և մեծ սխրանքներ, բայց Թորը անեծք է դրել՝ ստիպելով նրան կատարել դավաճանական արարքներ։ Նա սպանել է իր ընկերներին և դարձել ողբերգական կերպար։ Ստարկադը ցույց է տալիս ճակատագրի և աստվածների քմահաճույքի ազդեցությունը մարդու կյանքի վրա։
5. Հելգի Հունդինգսբանի (Helgi Hundingsbane)
«Ավագ Էդդայի» (Poetic Edda) կերպար, Վոլսունգների տոհմից։
Հելգին սպանել է Հունդինգ թագավորին՝ վրեժ լուծելով իր ընտանիքի համար։ Նա սիրահարվել է վալկիրիա Սիգրունին (Sigrún), որը դարձել է նրա կինը։ Հելգին զոհվել է մենամարտում, բայց վերածնվել է՝ շարունակելու իր սիրո պատմությունը։
Հելգու պատմությունը սիրո, պատերազմի և վերածննդի մասին է՝ կապված վալկիրիաների և Վալհալլայի հետ։
6. Լագերթա (Lagertha)
Հայտնի է «Գեստա Դանորում»-ից (Gesta Danorum), որը գրել է Սաքսո Գրամատիկը։
Լագերթան վահանակիր կին-մարտիկ էր (shieldmaiden), որը կռվել է Ռագնար Լոդբրոկի կողքին։ Նա դարձել է Ռագնարի կինը, բայց հետագայում բաժանվել է նրանից և ինքնուրույն ղեկավարել իր տարածքները։Լագերթան վիկինգ կանանց ուժի և անկախության խորհրդանիշ է։
Հերոսների ընդհանուր գծերը.
Քաջություն և պատիվ: Հերոսները հաճախ կռվում են անհավասար պայմաններում՝ պաշտպանելով իրենց ընտանիքը կամ ժողովրդին։
Ճակատագրի ընդունում: Նրանց կյանքը կառավարվում է Նորնների (ճակատագրի աստվածուհիներ) կողմից, և նրանք ընդունում են իրենց վախճանը։
Աստվածների միջամտություն: Օդինը, Թորը կամ վալկիրիաները հաճախ ազդում են նրանց ճակատագրի վրա։
Ողբերգություն: Շատ հերոսներ, ինչպես Սիգուրդը կամ Ստարկադը, ունեն ողբերգական ավարտ՝ դավաճանության կամ անեծքի պատճառով։
Կապ դիցաբանության հետ
Վալհալլա: Շատ հերոսներ, ինչպես Հելգին, ձգտում են մահանալ պատերազմում՝ Օդինի Վալհալլայում տեղ գրավելու համար։
Վիշապներ և հրեշներ: Վիշապների (օրինակ՝ Ֆաֆնիր) կամ հրեշների (Գրենդել) դեմ պայքարը կապված է քաոսի դեմ աստվածների պայքարի հետ։
Ռագնարոկ: Հերոսների սխրանքները երբեմն դիտվում են որպես նախապատրաստություն աշխարհի վերջին՝ Ռագնարոկին։
* «Վիկինգ» (հին նորդերեն՝ víkingr) նշանակում է «ծովահեն» կամ «ծովային արշավող»: Բառը ծագել է vík (ծովախորշ) և -ingr (պատկանելություն) արմատներից՝ ակնարկելով ծովով ճանապարհորդող մարդկանց: Վիկինգները սկանդինավյան ժողովուրդներ էին (հիմնականում նորվեգացիներ, դանիացիներ, շվեդներ), որոնք մ.թ. 8-11-րդ դարերում հայտնի էին իրենց նավաշինությամբ, ծովային արշավանքներով, առևտրով և վերաբնակեցումներով: