Կելտական դիցաբանություն

Կելտական դիցաբանություն

կելտական

Կելտական մշակույթը բազմաշերտ է, ընդգրկում է տարբեր ժողովուրդներ (օրինակ՝ գալլեր, բրիտոններ, իռլանդացիներ) և ժամանակաշրջաններ (Հալշտատի և Լա Տենի մշակույթներից մինչև վաղ միջնադար), ուստի տեղեկությունները կներկայացնենք ընդհանուր գծերով:
Կելտական կրոնը և դիցաբանությունը ծագել են Հին Եվրոպայի նախաքրիստոնեական ավանդույթներից, որոնք կապված են կելտական ժողովուրդների՝ հնդեվրոպական ընտանիքին պատկանող խմբերի հետ: Նրանց մշակույթը սկսել է ձևավորվել մ.թ.ա. 1200-ական թվականներին՝ Երկաթե դարում, Հալշտատի մշակույթի (մ.թ.ա. 1200–500) և հետագայում՝ Լա Տենի մշակույթի (մ.թ.ա. 450–մ.թ. 1) ընթացքում: 
Կելտական կրոնը բազմաստվածային էր և սերտորեն կապված բնության, եղանակային ցիկլերի և գերբնական ուժերի հետ: Վերջին հնագիտական ուսումնասիրությունները (օրինակ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի սրբավայրերի պեղումները) ցույց են տալիս, որ կելտերը կրոնական պրակտիկաներում օգտագործել են բնական օբյեկտներ (գետեր, անտառներ, լեռներ) և կառուցել պարզ սրբավայրեր:
 
Կոսմոգոնիա
 
Կելտական կոսմոգոնիայի մասին գրավոր աղբյուրներ չկան, քանի որ կելտերը բանավոր էին փախանցում առասպելներն ու պատումները: Սակայն իռլանդական և ուելսյան դիցաբանությունները (օրինակ՝ «Լեբոր Գաբալա Էրեն»՝ Իռլանդիայի նվաճումների գիրքը) հուշում են, որ աշխարհը ծնվել է քաոսից կամ սկզբնական դատարկությունից, և աստվածային էակները (օրինակ՝ Թուաթա Դե Դանանը) կարգավորել են այն: Կելտական կոսմոլոգիայում կարևոր էր երեք տարրերի՝ երկիր, ծով և երկինք, միասնությունը:
 
Դիցարան
 
Կելտական դիցարանը բազմազան էր և տարբերվում էր ըստ տարածաշրջանների, սակայն կան ընդհանուր գծեր: Աստվածները հաճախ կապված էին բնության տարրերի, պտղաբերության և պատերազմի հետ: Որոշ նշանավոր աստվածներ՝
 
Լուգ (Lugus) – համարվում էր բազմակողմանի աստված (պատերազմ, արև, արհեստներ, արվեստ, գիտելիք): Նրա անունը հանդիպում է տեղանուններում (օրինակ՝ Լուգդունում՝ ներկայիս Լիոն):
 
Մորիգան (Morrigan) – Պատերազմի և ճակատագրի աստվածուհի: Հաճախ հայտնվում էր եռակի ձևով (Բադբ, Մախա և Նեմայն) և կարող էր վերածվել ագռավի: Նա որոշում էր մարտիկների ճակատագիրը:
 
Բրիգիդ (Brigid) –  բժշկության, պոեզիայի և դարբնության աստված: Հետագայում քրիստոնեության մեջ վերաիմաստավորվեց որպես Սուրբ Բրիգիդ: Դագդայի դուստրն էր։
Կերնունոս (Cernunnos)

Կերնունոս (Cernunnos)

Եղջյուրներով աստված, որը կապված էր կենդանիների և բնության հետ: Նրա պատկերը հայտնաբերվել է Գունդեստրուպի կաթսայի վրա Ք..ա. 2-1 դար): Նրա պաշտամունքը տարածված էր Գալիայում:
Դագդա (Dagda) – իռլանդական դիցաբանությունում համարվում էր «Բարի աստված», առնչվում էր առատության և իմաստության հետ: Թուաթա Դե Դանան (Tuatha Dé Danann) ցեղի առաջնորդը: Նա ուներ կախարդական մուրճ, որը կարող էր և՛ սպանել, և՛ կյանք տալ:
Էպոնա (Epona) – Ձիերի և պտղաբերության աստվածուհի: Եզակի էր նրանով, որ նրա պաշտամունքը տարածվեց նաև Հռոմեական կայսրությունում, հատկապես հեծյալ զինվորների շրջանում:
 
Մանանան Մակ Լիր (Manannán mac Lir) – Ծովի և մյուս աշխարհի (Հետագա կյանքի) աստված: Հայտնի էր որպես նավաստիների պաշտպան և կախարդական ունակություններով օժտված էակ:
 
Դանու (Danu) – Թուաթա Դե Դանանի մայր աստվածուհին: Նրա անունից է ծագել ցեղի անվանումը: Կապված էր երկրի և պտղաբերության հետ:
 
Բելենոսը (Belenus) արևի և բժշկության աստվածն էր: Այս աստվածները հիշատակվում են հռոմեական և հնագիտական աղբյուրներում:Նրա պաշտամունքը տարածված էր Գալիայում և Հյուսիսային Իտալիայում: Հաճախ կապվում է գարնան և լույսի հետ: Նրա պաշտամունքը տարածված էր Գալիայում և Հյուսիսային Իտալիայում: Հաճախ կապվում է գարնան և լույսի հետ:
 
Նուադա (Nuada) – Թուաթա Դե Դանանի առաջին արքան: Հայտնի էր իր արծաթե ձեռքով (Nuada Airgetlám) և համարվում էր արդարության ու առաջնորդության խորհրդանիշ:
 
Անդրշիրիմյան կյանք
 
Կելտերը հավատում էին անդրշիրիմյան կյանքին, որը հաճախ պատկերացվում էր որպես «Այլաշխարհ» (Otherworld)՝ մի վայր, որը զուգահեռ էր ֆիզիկական աշխարհին՝ հաճախ պատկերացված որպես կղզի կամ հեռավոր դաշտ: Այն չէր դիտվում որպես պատիժ կամ պարգև, այլ որպես կյանքի շարունակություն: Իռլանդական դիցաբանությունում այն կոչվում էր Տիր նա նՕգ (Հավերժ երիտասարդության երկիր),  իսկ ուելսյանում՝ Աննուն (Annwn): Հերոսները կամ ընտրյալները կարող էին ճանապարհորդել դեպի Հանդերձյալ աշխարհ՝ արկածների, գիտելիքի կամ սիրո որոնման համար: Օրինակ՝ Օյսինը (Oisín) Տիր նա նՕգ-ում անցկացրեց ժամանակ և վերադարձավ՝ հայտնաբերելով, որ դարեր էին անցել:
Հնագիտական գտածոները, ինչպիսիք են գերեզմաններում հայտնաբերված սնունդն ու զենքերը (օրինակ՝ Ֆրանսիայում, մ.թ.ա. 4-3 դար), վկայում են, որ կելտերը հավատում էին, որ մահացածները շարունակում են գոյություն ունենալ և կարիք ունեն իրերի: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կելտական համայնքները կարող էին ունենալ վերամարմնավորման մասին պատկերացումներ, ինչը համընկնում է հին հեղինակների (օրինակ՝ Հուլիոս Կեսարի) նկարագրությունների հետ:
 
 Ծեսեր և տոներ
 
Կելտական կրոնը սերտորեն կապված էր բնության շրջանների հետ: Հիմնական տոներն էին՝
 
Սամհայն (Samhain) (Ուելսում՝ Calan Gaeaf)- տարվա վերջ և նոր սկիզբ (հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1), երբ Այլաշխարհի և կենդանի աշխարհի միջև սահմանը թափանցիկ էր դառնում և այլաշխարհի հոգիները տեսանելի են դառնում մարդկանց համար։ Քրիստոնեության ընդունումից հետո Սամայնը վերանվանվել է Բոլոր սրբերի օր (կամ Մահացածների օր, Մահվան օր), որի նախօրեին Հելոուինն է:
 
Իմբոլկ (Imbolc) – գարնան սկիզբ (փետրվարի 1-2), կապված Բրիգիդ աստվածուհու հետ:
 
Բելտայն (Beltane) – ամռան սկիզբ (մայիսի 1), պտղաբերության տոն:
 
Լուգնասադ (Lughnasadh) – բերքի տոն (օգոստոսի 1), նվիրված Լուգ աստծուն:
 
Ծեսերը ներառում էին զոհաբերություններ (կենդանիներ, երբեմն մարդկանց), կրակի ծիսակարգեր և դրուիդների (քրմերի) միջնորդությունը, որոնք ղեկավարում էին ծեսերը: Կելտական սրբավայրերում (օրինակ՝ Էնտրեմոն, Ֆրանսիա) հայտնաբերված գանգերն ու զոհասեղանները վկայում են բարդ ծիսական համակարգի մասին:
Դրուիդները (նախակելտական dru(կաղնի)-wid(գիտակ) արմատից) և նշանակում է «կաղնու գիտակ» կամ «նա, ով տեսնում է կաղնու միջոցով»՝ ընդգծելով նրանց կապը բնության և գիտելիքի հետ) հասարակության կարևորագույն դեմքեր էին՝ համատեղելով քահանայի, բժշկի, օրենսդիրի, քաղաքական գործչի, ուսուցչի և մարգարեի դերերը:
 
Ծիսական կառույցներ
 
Կելտերը կրոնական ծեսերի համար օգտագործել են բնական և արհեստական կառույցներ: Նրանց կրոնը բնապաշտական էր՝ կենտրոնացած բնության (ծառեր, գետեր, լեռներ) և աստղային շրջափուլերի պաշտամունքի վրա: Ծիսական կառույցները սովորաբար ծառայում էին որպես սրբավայրեր, զոհաբերության վայրեր կամ համայնքային հավաքների կենտրոններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կելտական ծիսական վայրերը հաճախ կառուցվում էին ավելի հին՝ նեոլիթյան կառույցների վրա՝ ժառանգելով դրանց սրբությունը:
Կառույցների հիմնական տեսակներն էին՝ 
Սրբազան պուրակները (Nemeton- կելտերեն՝ սրբազան վայր, պուրակ): Սրանք բնական անտառներ կամ ծառերի խմբեր էին, որոնք համարվում էին աստվածների բնակավայր: 
Քալանիշի շրջանաձև քարեր

Քալանիշի շրջանաձև քարեր

Քարե շրջանները և մենհիրները, որոնք kլոր դասավորված կանգուն քարեր (stone circles) կամ մեկ առանձին քար (menhirs), որոնք օգտագործվում էին աստղագիտական և կրոնական նպատակներով (Շոտլանդիայում՝ Callanish Stones և Անգլիայում՝Castlerigg Stone Circle): Հնագետները ենթադրում են, որ դրանք կապված էին արևադարձների (օրինակ՝ Բելտայն, Սամհայն) հետ և ծառայում էին որպես օրացույցեր կամ զոհաբերության վայրեր:
Հողե և փայտե սրբավայրերը պարզ արհեստական կառույցներ էին՝ օղակաձև խրամատներով (henges) կամ փայտե սյուներով (Roquepertuse (Հարավային Ֆրանսիա)՝ քարե սյուներով և գանգերի խորշերով սրբավայր): Այստեղ կատարվում էին զոհաբերություններ (կենդանիների, երբեմն մարդկանց՝ Լինդոու մարդու մումիան) և համայնքային ծեսեր:
Բնական վայրերը՝ Գետերը, լճերը, բլուրները և աղբյուրները, որոնք սուրբ էին համարվում (Լոնդոնի Թեմզա գետում հայտնաբերվել են զենքեր և զարդեր, որոնք համարվում են ընծաներ աստվածներին): Ջուրը կապված էր բուժման և աստվածների (օրինակ՝ Սուլիսի՝ բրիտանական բուժիչ աստվածուհու) հետ:
Սթոունհենջը և կելտերի ծիսական կառույցների կապը
 
Սթոունհենջը (Stonehenge) քարե շրջան է Անգլիայի Ուիլթշիր կոմսությունում: Այն կառուցվել է մի քանի փուլով՝ մ.թ.ա. 3100-ից մինչև մ.թ.ա. 1600 (Նեոլիթ և Բրոնզե դար)՝ կելտերի հայտնվելուց շատ առաջ, հավանաբար Բեքեր մշակույթի կամ նեոլիթյան բնակիչների կողմից: Այն բաղկացած է մեծ սարսեն քարերից և ավելի փոքր «կապույտ քարերից» (bluestones): Հնագետները  միակարծիք են, որ այն օգտագործվել է աստղագիտական (արևադարձներ) և ծիսական նպատակներով՝ ներառյալ գերեզմանոցային ծեսերը: Երբ կելտերը ժամանեցին Բրիտանիա (մ.թ.ա. 5-4-րդ դարեր), նրանք, ամենայն հավանականությամբ, օգտագործել են Սթոունհենջը՝ որպես սուրբ վայր: Կելտերը հաճախ ընդունում էին նախկին ժողովուրդների սրբավայրերը՝ դրանք ինտեգրելով իրենց կրոնին:
 
Կելտական լեզուն
 
Գոյություն չունի մեկ միասնական կելտական լեզու, այլ կա կելտական լեզուների ընտանիք, որը ներառում է մի շարք լեզուներ, որոնք խոսվել են կելտական ժողովուրդների կողմից: Այս լեզուները պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին և ունեն խոր պատմություն: 
Կելտական լեզուները ծագել են ընդհանուր նախակելտական լեզվից, որը, ենթադրաբար, խոսվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ Երկաթե դարի սկզբում: Ազարգյն ացել է Կենտրոնական Եվրոպայում (Հալշտատի մշակույթ, մ.թ.ա. 1200-500) և տարածվել կելտական ցեղերի ընդլայնման հետ: Հետագայում այն բաժանվել է երկու հիմնական ճյուղի՝
Մայրցամաքային կելտերեն (Continental Celtic) – Խոսվել է մայրցամաքային Եվրոպայում (Գալլիա, Իսպանիա, Իտալիա): – գալլերեն (Gaulish), կելտիբերերեն (Celtiberian), լեպոնտերեն (Lepontic):Անհետացել են մ.թ. 4-5-րդ դարերում՝ լատիներենի և այլ լեզուների ազդեցությամբ:
Կղզիային կամ կղզյակային կելտերեն (Insular Celtic) –Խոսվել է Բրիտանական կղզիներում և Իռլանդիայում: Բաժանվել է երկու ենթախմբի՝ Գոյդելական (Q-Celtic): Իռլանդերեն (Gaelic), շոտլանդական գելերեն, մեներեն և բրիտոնական (P-Celtic): Ուելսերեն, կոռներեն, բրետոներեն:
Կղզյակային կելտական լեզուներից մի քանիսը գոյատևել են մինչ օրս, օրինակ՝ իռլանդերենը (Irish Gaelic, Gaeilge) և ուելսերենը (Welsh, Cymraeg), բրետոներեն (Breton, Brezhoneg), այս լեզվով խոսում են Բրետանում (Ֆրանսիա): Մոտ 200,000 խոսող:
Գալլիայում խոսվող գալլերենը ազդել է վուլգար լատիներենի վրա, որից ծագել է ֆրանսերենը՝ Paris (գալլական Parisii ցեղից), Lyon (Lugdunum, Լուգ աստծուց): Բրիտանիայում շատ անուններ կելտական են՝ London (կելտերեն «londos»՝ վայրի), Avon (գետ, ուելսերեն «afon»), Dover (ջուր, «dubr»-ից):
Ամենահայտնի գրային համակարգը, որ կապվում է կելտերի հետ, օղամը կամ օգամ է (Ogham):
 Սա վաղ միջնադարյան այբուբեն է, որն օգտագործվել է հին իռլանդերեն լեզվով գրառումների համար, հիմնականում Իռլանդիայում և Բրիտանիայի որոշ հատվածներում: Օղամը բաղկացած էր գծերից և կետերից, որոնք փորագրվում էին քարերի կամ փայտի վրա, հաճախ ուղղահայաց կամ անկյունագծով: Այն օգտագործվել է մոտավորապես 4-ից 9-րդ դարերում։
Ի՞նչ է նշանակում «կելտ»
 
Հին ժամանակներում «կելտ»-ը կոնկրետ ցեղի կամ խմբի անուն էր, որը հետագայում ընդհանրացվեց: Շատ լեզվաբաններ ենթադրում են, որ «Keltoi»-ն կամ «Celtae»-ն ծագել է կելտական արմատից՝ *kel- կամ *kelt-, որը կարող է նշանակել «թաքնված», «պաշտպանված» կամ «բարձր» (Հին կելտերենում՝ keltos կամ նման ձև): Սա կարող էր լինել ցեղի ինքնանվանում, որն ընդունվել է հույների կողմից:
«Կելտ» բառը մեզ հասել է հին հունական և լատինական աղբյուրների միջոցով, որոնք նկարագրել են կելտական ժողովուրդներին:
Հին հույն պատմիչ Հերոդոտոսը (մ.թ.ա. 5-րդ դար) առաջիններից է, ով օգտագործել է «Κελτοί» (Keltoi) տերմինը՝ նկարագրելու համար Դանուբ գետի մոտ ապրող ժողովուրդներին: Նա նշում է, որ նրանք բնակվում էին Եվրոպայի արևմտյան մասերում:
Հունական «Keltoi»-ն, հավանաբար, փոխառություն էր կելտական ինքնանվանումից կամ տեղական ցեղի անունից:
Հռոմեացիները «Keltoi»-ն վերածեցին «Celtae»-ի: Հուլիոս Կեսարը «Գալլական պատերազմներ»-ում (մ.թ.ա. 1-ին դար) օգտագործում է «Celtae»-ն՝ Գալլիայի (ներկայիս Ֆրանսիա) կենտրոնական հատվածում ապրող ցեղերի համար: Նա առանձնացնում էր նրանց գալլերից (Galli) և բելգերից (Belgae): «Celtae»-ն հետագայում ընդհանրացվեց՝ ընդգրկելու բոլոր կելտական ժողովուրդներին:
 
Գրավոր աղբյուրներ 
 
Լեբոր Գաբալա Էրեն (Lebor Gabála Érenn) – «Իռլանդիայի նվաճումների գիրք»: Պատմում է Իռլանդիայի ստեղծման և նրա առասպելական բնակիչների (օրինակ՝ Թուաթա Դե Դանան, Ֆոմորներ) մասին:
 
Մաբինոգիոն (Mabinogion) – Ուելսական դիցաբանության և առասպելների ժողովածու: Չորս «ճյուղերից» (Pedeir Keinc) բաղկացած այս աշխատությունը ներառում է աստվածային կերպարներ, ինչպիսիք են Արավնը (Arawn) և Ռիանոնը (Rhiannon):
 
Հռոմեական «Գալիական պատերազմներ»-ում (De Bello Gallico) Կեսարը նկարագրում է կելտական աստվածներին՝ համեմատելով նրանց հռոմեական աստվածների հետ:
 
Արթուրյան լեգենդները և Վանական ժամանակագրություններ (Օրինակ` « Ուլսթերի Աննալներ» (Annals of Ulster), որոնցում միախառնված են պատմական և դիցաբանական տեղեկությունները:
Այս աղբյուրները հաճախ մեկնաբանվում են զգուշությամբ, քանի որ դրանք գրվել են քրիստոնեության տարածումից հետո և կարող են պարունակել խմբագրումներ:
Լեգենդներ և առասպելներ
 
Արթուր արքա
1. Ծագում և կելտական հերոսական ավանդույթ
 
Արթուրի կերպարը ծագել է կելտական բրիտոնների (Հռոմեական Բրիտանիայի բնիկ բնակչություն) մշակույթից, որոնք ապրել են մ.թ. 5-6-րդ դարերում՝ սաքսոնական ներխուժումների ժամանակ: Նրա մասին ամենավաղ հիշատակումը գալիս է «Historia Brittonum»-ից (մոտ 829 թ., Նենիուս), որտեղ Արթուրը ներկայացված է որպես «dux bellorum» (պատերազմի առաջնորդ), ոչ թե արքա: Նա հաղթում է 12 ճակատամարտերում, որոնցից Բադոն լեռան ճակատամարտը (մոտ 516 թ.) համարվում է պատմականորեն հավանական: Նրա կերպարը նման է կելտական հերոսներին, ինչպիսիք են Կու Քուլայնը կամ Բրանը, որոնք պաշտպանում են իրենց ժողովրդին:
«Arthur»- բառը կարող է առնչվել կելտերեն «artos» (արջ) բառին:
Հնագիտական պեղումները ցույց են տվել 5-6-րդ դարերի բրիտոնական ամրոցի գոյություն, ինչից ենթադրում են, որ Արթուրը կարող էր լինել իրական ռազմական առաջնորդի՝ կելտական ավանդույթներով դաստիարակված, դիցաբանական վերաիմաստավորում:
 
Արթուրի վերջին հանգրվանը՝ Ավալոնը, նկարագրվում է որպես առասպելական կղզի, ուր Արթուր Արքան տարվում է Կամլանի ճակատամարտում (մոտ 537 թ., ըստ ավանդության) մահացու վիրավորվելուց հետո: (Ժոֆրուա Մոնմութացու «Historia Regum Britanniae», 1136): Այնտեղ նրան բուժում են կախարդուհիները (օրինակ՝ Մորգան լե Ֆեյը), և նա սպասում է վերադարձի՝ իր ժողովրդին փրկելու համար:
«Ավալոն» բառը կապ ունի կելտերեն «aball» (խնձոր) բառի հետ, ինչը խորհրդանշում է պտղաբերություն և հավերժություն (Ավալոնի հավանական վայր է համարվում Գլաստոնբերին): Այն համարվում է կելտական կրոնի և դիցաբանության «Այլաշխարհի» (Otherworld) արձագանքներից մեկը: :
 
Արթուրի մասին լեգենդներում կախարդանքը և գերբնականը կապված են կելտական կրոնի բնության և աստվածային ուժերի պաշտամունքի հետ:
 
Էքսկալիբուր: Սուրը, որը տրվում է Արթուրին Լճի տիկնոջ (Lady of the Lake) կողմից, արտացոլում է կելտական սովորույթը՝ զոհաբերություններ կամ առարկաներ նետել ջրերը (օրինակ՝ գետեր, լճեր), որոնք համարվում էին սուրբ:
Մերլին: Նրա կերպարը ծագում է կելտական դրուիդներից: Նախատիպը՝ Միրդին Վիլտը (Myrddin Wyllt), ուելսյան ավանդույթներում պատկերվում է որպես անտառում ապրող մարգարե:
Կլոր սեղան: Թեև ավելի ուշ ավելացում է (Ռոբեր դը Բորոն, 12-րդ դար), օղակաձև կառուցվածքը նման է կելտական սրբավայրերին:
5-6-րդ դարերից սկսած կելտական կրոնը մարեց Հռոմեական Բրիտանիայում՝ պայմանավորված քրիստոնեության տարածմամբ, և Արթուրի պատմությունները հարմարեցվեցին քրիստոնեության համատեքստին: Օրինակ՝ Արթուրը դարձավ քրիստոնյա արքա, ավելացվեց Սուրբ Գրաալի (գավաթ) որոնումը (12-13-րդ դարեր), որը քրիստոնեական թեմա է, բայց նրա նախատիպը կարող է լինել կելտական կաթսան (օրինակ՝ Դագդայի կաթսան կամ Գունդեստրուպի կաեսոնը), որը խորհրդանշում էր առատություն և վերածնունդ:
 
Ամենահայտնի հերոսներից են նաև Բրան Պենդրագոնը (Bran the Blessed), ում մասին գրված է Մաբինոգիոնում (Երկրորդ ճյուղ): Նա հսկա էր և թագավոր, ով պաշտպանեց Բրիտանիան: Նրա կտրված գլուխը դարձավ պաշտպանիչ տոտեմ:  
 
Կու Քուլայնը (Cú Chulainn), որը իռլանդական դիցաբանության ամենահայտնի հերոսն է: Նա կիսաստված էր, Լուգ աստծո որդին: Հայտնի էր իր անհավանական ուժով և մարտական հմտություններով, հատկապես «Թայն Բո Կուայլնգե»-ում, որտեղ մեն-մենակ պաշտպանում է Ուլսթերը թշնամիներից: Նրա «ríastrad» (մարտական կատաղություն) վիճակը նրան վերածում էր անկառավարելի ուժի:
 
Հ.Գ. Մի տարածված միֆ մասին
 
Սկանդինավյան (վիկինգների) և կելտական սաղավարտները եղջյուրներ չունեին, և դա ավելի շատ 19-րդ դարի միֆ է: Վիկինգների դարաշրջանից (8-11-րդ դարեր) պահպանված սաղավարտներից ոչ մեկը եղջյուրներ չունի: Այս սաղավարտները պարզ էին, սովորաբար` երկաթից կամ կաշվից, և նախատեսված էին պաշտպանության, ոչ թե դեկորացիայի համար: 
Կելտերի մոտ եղջյուրներով սաղավարտներ եղել են, բայց դրանք հիմնականում արարողակարգային էին և ոչ մարտական: Եղջյուրների գաղափարը ծագել է ավելի հին, բրոնզե դարի ավանդույթներից և հետագայում խեղաթյուրվել է գեղարվեստական պատկերներով:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top