Աղանդ, հերձված և հերետիկոսություն

աղանդ հերձված հերետիկոսություն secta

հերձված

Աղանդ կամ աղանդավորություն (Լատ. secta — նշանակում է մտածողության ձև, ուսմունք, ուղղություն։ Աղանդ կոչել են հիմնական ուղղությունից անջատված կամ առանձնացած կրոնական համայնքին կամ խմբին, որը դավանաբանական կամ վարդապետական որոշ հարցերում ունեցել է մեծամասնությունից տարբերվող տեսակետ: Սկզբնավորման շրջանում քրիստոնեությունը ևս համարվել է հրեական աղանդ:

Հնում աղանդ ասելով հասկանում էին ոչ քրիստոնեական կրոնները (ինչպես Եզնիկ Կողբացու մոտ՝ գնոստիկությունը, հեթանոսությունը, զրադաշտականությունը և անտիկ փիլիսոփայական որոշ ուսմունքներ):

Այսօր աղանդ է համարվում կրոնական, քաղաքական կամ փիլիսոփայական համոզմունքների համակարգի այն ենթախումբը, որը սովորաբար ի հայտ է գալիս որպես ավելի մեծ կազմակերպության ճյուղ։ Աղանդները հաճախ ձևավորվում են, երբ կա հերետիկոսության ընկալում կա’մ ենթախմբի ներսում, կա’մ ավելի մեծ խմբի կողմից:

Աղանդներ գոյություն ունեն բոլոր կրոնական ուղղություններում (քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ, հինդուիզմ), սակայն պետական տերմինաբանության մեջ օգտագործվում էր այլ` կրոնական կազմակերպություն եզրույթը` չտարբերակելով ավանդական և ոչ ավանդական կրոնական ուղղություններն ու ենթաուղղությունները։

Աղանդները հիմնականում դեմ են եկեղեցական ավանդությանը, եկեղեցու հայրերին, չեն ընդունում ծիսական ե նվիրապետական կարգը, բայց իրենք էլ ստեղծում են իրենց նվիրապետությունը (որը առաքելահաստատ չէ` ի տարբերություն ավանդական եկեղեցիների) և ծեսը, որը կոչում են պաշտամունք։ Գոյություն ունեն ոչ տոտալիտար և տոտալիտար(քայքայիչ) աղանդներ։ Վերջիններս հաճախ զբաղվում են հոգեորսությամբ, դեմ են պետական կառույցներին և դրա հետ կապված բազմաթիվ երևույթների և համակարգումների (Օրինակ` տոներ, պետական խորհրդանիշներ, բանակ և այլն): Եթե ոչ տոտալիտար աղանդները հիմնականում ընդունում և հիմնվում են Սուրբ Երրորդության եկեղեցական Դոգման, ապա տոտալիտար աղանդները հիմնականում սեփական դոգմատիկ ձևակերպումներն են տալիս (Օրինակ` Որդին փոքր է Հորից, Քրիստոսը ժամանակին եղել է հրեշտակ և այլն): 

Հերձված (schizm–խզում) նույն կրոնական ուղղության ներսում վարդապետական-դիսցիպլինար տարբերություններով առանձնացված կրոնական առանձին շարժում, որը դոգմատիկ հարցերում նույնական է այն կրոնական ուղղությանը, որից առանձնացել է:

Քրիստոսի Եկեղեցին իր պատմության ընթացքում ենթարկվել է երեք խոշոր սխիզմի: Առաջին մեծ բաժանումը տեղի է ունեցել 451 թվականին` Քաղկեդոնի ժողովից հետո, երբ առաջացան Արևմտյան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները: Երկրորդը 1054 թվականին էր, երբ ծնվեցին Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիները, իսկ վերջինը` Բողոքականության ծնունդն էր` Կաթոլիկ Եկեղեցու ծոցում, 16-րդ դարում: Այդպես առաջացան քրիստոնեության ուղղությունները Ուղղափառ (Արևելյան և Արևմտյան), Կաթոլիկ և Բողոքական: Հայ եկեղեցում սխիզմ կարելի էր համարել Հայ կաթոլիկ և Հայ բողոքականների առաջացումը։

Հերետիկոսություն (հին հուն.՝ hairesis — ընտրում եմ, ըմբռնում եմ, իսկ ավելի ուշ՝ ուսմունք, դպրոց, կրոնական աղանդ): Դրանք այն ուսմունքներն են, որոնք գործում են տվյալ կրոնական աշխարհայացքի շրջանակներում, բայց հակադրվում են տիրապետող հավատքի հիմնական սկզբունքներին և շեղվում են դրանցից: Հիմա հերետիկոսություն տերմինը շատ հաճախ նույնացվում է աղանդի հետ, սակայն եթե հիմք վերցնենք տերմինի տվյալ բացատրությունը, ապա այն կարող է համընկնել միայն տոտալիտար աղանդների դեպքում։

Պատմականորեն Հայաստանում ձևավորվել և մեծ տարածում են ունեցել երկու հերետիկոսություն` Պավլիկյաններ (7–9-րդ դարեր) և Թոնդրակեցիներ (10–11-րդ դարեր)։ Իսկ համաքրիստոնեական ամենամեծ հերետիկոսություններ են համարվել արիոսականությունը (4-րդ դար) և նեստորականությունը (5-րդ դար): 

Ի դեպ, շատ դեպքերում յոգան կամ քրիշնայականությունը մեր հասարակության մեջ ներկայացվում են աղանդ` քրիստոնեական առումով, սակայն այդպես չէ, քանի որ դրանք չունեն քրիստոնեական հիմք, ավելին` դրանցից մեկը անգամ չունի կրոնական հիմք, իսկ մյուսը լավագույն դեպքում կարելի է համարել հինդուիստական աղանդ։

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх