Գերմանական դիցաբանություն

Գերմանական դիցաբանություն

գերմանական

Գերմանական աստվածներն ու աստվածուհիները աստվածություններ են, որոնք պաշտվել են ողջ Հին Գերմանիայում։ Գերմանական աշխարհը, որն ավելի հայտնի է որպես Germania կամ Magna Germania` լատիներեն, ներառում է ժամանակակից երկրները՝ Ֆրանսիան, Դանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Չեխիան, Ավստրիան և Գերմանիան։

Գերմանական դիցաբանությունը հին գերմանական ժողովուրդների (ներառյալ սաքսոնները, ֆրանկները, գոթերը և այլն) հավատալիքների և առասպելների համակարգն է, որը սերտորեն կապված է սկանդինավյան դիցաբանության հետ, քանի որ երկուսն էլ ծագում են ընդհանուր նախագերմանական մշակութային արմատներից։ Այնուամենայնիվ, գերմանական դիցաբանության մասին տեղեկությունները ավելի սակավ են: Պատճառներից մեկը գերմանական ցեղերի ավելի արագ քրիստոնեացվելն (օրինակ՝ ֆրանկների կողմից) էր, ինչը սահմանափակել է դիցաբանության զարգացումը, և այն փոխանցվել է քրիստոնեության ազդեցության տակ գրված աղբյուրների միջոցով։ 

Նախագերմանական ավանդույթ (մ.թ.ա. 500-100) — Գերմանական ժողովուրդները, որոնք ծագել են Հյուսիսային Եվրոպայում ունեին ընդհանուր հավատալիքներ։ Այս շրջանում աստվածները, ինչպիսիք են *Wōđanaz (Վոդան/Օդին), *Þunraz (Դոնար/Թոր) և *Tīwaz (Տյու/Տիվ), արդեն գոյություն ունեին նախնական ձևերով։
Մ.թ. 1-ին դարից սկսած՝ գերմանական ցեղերի միգրացիաները (օրինակ՝ գոթերի հարավային շարժը կամ սկանդինավների մնալը հյուսիսում) հանգեցրին տարանջատման։
Երբեմն փորձում են հասկանալ, թե որն է ավելի հին՝ սկանդինավյանը, թե գերմանականը, սակայն պետք է իմանալ, որ սկանդինավյան դիցաբանությունը գերմանականից չի ծագել կամ հակառակը։ Դրանք զարգացել են զուգահեռ՝ ունենալով ընդհանուր նախահիմք։ Գերմանական դիցաբանությունը ավելի «հին» է այն իմաստով, որ այն ավելի վաղ է արձանագրվել հռոմեական աղբյուրներում (օրինակ՝ Տակիտոսի «Գերմանիա», մ.թ. 98 թ.), բայց այն արագորեն խառնվել է քրիստոնեական ազդեցություններին։
Սկանդինավյան դիցաբանությունը ավելի ուշ է իր վերջնական տեսքով (վիկինգների դարաշրջան, 8-11-րդ դարեր) ձևակերպվել, բայց այն ավելի լավ է պահպանել նախագերմանական տարրերը՝ շնորհիվ ավելի ուշ քրիստոնեացման և գրավոր ավանդույթի։
 
Կոսմոգոնիա
 
Գերմանական կոսմոգոնիայի մասին մանրամասն տեղեկություններն ավելի քիչ են պահպանվել, քան սկանդինավյանը, բայց ենթադրվում է, որ այն նման էր վերջինիս։ Հիմնական գաղափարները ներառում են.
 
Աշխարհի ստեղծում — Ըստ ընդհանուր գերմանական ավանդույթի՝ աշխարհը ստեղծվել է սկզբնական դատարկությունից (Ginnungagap-ի նման) և առաջին էակի՝ հսկա Յմիրի (Ymir) մարմնից։ Աստվածները (հավանաբար Վոդանը և նրա եղբայրները) սպանել են նրան և նրա մարմնից ստեղծել երկինքը, երկիրը և ծովերը։

Աշխարհի կառուցվածք

Հին գերմանացիները աշխարհը պատկերացնում էին եռաշխարհիկ կառուցվածքով.
Վերին աշխարհ՝ աստվածների բնակավայր (Հին գերմաներեն՝ Himin՝ երկինք
Միջին աշխարհ՝ մարդկանց բնակավայր (Midjungards
Ստորին աշխարհ՝ մահացածների կամ ստորգետնյա ոգիների տիրույթ։
Այս եռամաս կառուցվածքը կապվում էր Irminsul-ի (Հին գերմաներեն՝ Irminsul՝ «մեծ սյուն», տարածված էր հիմնականում սաքսոնների մոտ) հետ՝ սուրբ ծառի կամ սյան հետ, որը խորհրդանշում էր տիեզերքի առանցքը։ 787 թվականին ֆրանկների թագավոր Կառլոս Մեծը ոչնչացրեց սաքսոնների Irminsul սրբավայրը՝ քրիստոնեության տարածման շրջանակներում։
Գերմանական ավանդույթում նույնպես կար վերջնական ճակատամարտի գաղափարը, որտեղ աստվածներն ու աշխարհը կկործանվեին, սակայն դրա մանրամասները պակաս հստակ են։
Դիցարանի կարևոր աստվածներ
 
 
Գերմանական դիցաբանությունն ունի աստվածների պանթեոն, որոնք հաճախ համընկնում են սկանդինավյան աստվածների հետ, բայց անուններն ու ընդգծված դերերը կարող են տարբերվել: Գերմանական աստվածների և աստվածուհիների ստույգ թիվը անհայտ է, բայց փորձենք ներկայացնել դրանցից ամենահայտնիներին և զուտ գերմանական մի քանի աստված:
 
Վոդան (Wodan կամ Wotan) — Համապատասխանում է սկանդինավյան Օդինին։ Գերագույն աստված, կապ ունի իմաստության, պատերազմի, մահվան և կախարդանքի հետ։ Նա պատկերվում է միակնանի ծերունու տեսքով, ով զոհաբերել է իր աչքը՝ իմաստություն ձեռք բերելու համար։ Նա եղել է Allefater
 
Դոնար (Donar) —  Վոդանի որդին է: Համապատասխանում է սկանդինավյան Թորին։ Ամպրոպի և ուժի աստված, որը հայտնի է իր մուրճով (Mjǫllnir-ի նման), որով նա պաշտպանում է մարդկանց և աստվածներին։
 
Տյու կամ Տիվ (Tiw/Tiwaz) — Պատերազմի և արդարության, օրենքի աստված, համեմատելի սկանդինավյան Տյուրի հետ։ Նրա անունը պահպանվել է անգլերեն «Tuesday» (Երեքշաբթի) բառում։ Նրա պաշտամունքը կարևոր էր գերմանական ցեղերի համար, քանի որ նրանք մեծ նշանակություն էին տալիս խոսքին և երդումներին։
 
Ֆրիա (Frea/Frija) — Վոդանի կինը, սիրո, ամուսնության և ճակատագրի աստվածուհի, համապատասխանում է սկանդինավյան Ֆրիգգին։
 
Ներտուս (Nerthus) — Երկրի և պտղաբերության աստվածուհի, որը հիշատակվում է վաղ գերմանական ցեղերի մոտ։ Նրա պաշտամունքը կապված էր բնության և խաղաղության հետ։
 
Հոլդա (Holda) կամ Բերխտա (Berchta) — կանացի աստվածություններ, որոնք կապված էին ձմռան և տնային օջախի հետ։ Նրանք հետագայում դարձան ժողովրդական բանահյուսության կերպարներ։
 
Էոստրե — Պտղաբերության, գյուղատնտեսության և արշալույսի աստվածուհի:
 
Սաքսնեթ — Սաքսոնների թագավորությունների հովանավոր Աստված.սաքսոնների ազգային աստված և Էսեքսի թագավորների աստվածային նախահայրը: Որոշ աղբյուրներում Սաքսնեթը հիշատակվում է որպես Վոդանի որդի։
 
Բադուեննա — պատերազմի խորհրդավոր աստվածուհի:
 
Սանդրաուդիգա — Առատության, սնուցման աստվածուհի:
 
Հրետա —  Հաղթանակի, փառքի, լուսաբացի և գարնանային գիշերահավասարի աստվածուհի։
 
Աստվածներից զատ տարածված էին նաև տեղական ոգիներն ու էակները (օրինակ՝ էլֆեր, թզուկներ), որոնք կարևոր դեր էին խաղում առօրյա հավատքում, բայց դրանց մասին կխոսենք առանձին նյութում։  առանձնացնենք միայն Իդիսին կամ իդիսներին, որոնք աստվածային իգական էակներ են արևմտյան գերմանական առասպելներում: Տարբեր գիտական ​​շրջանակներում դրանք համարվում են Վալկիրիաների համարժեքներ: Սովորաբար մեկնաբանվում է որպես պաշտպանիչ ոգիներ կամ ճակատագրի էակներ:
 
 
Պաշտամունքային կառույցներ
 
Գերմանական ժողովուրդները սովորաբար տաճարներ չէին կառուցում։ Նրանց պաշտամունքային վայրերը բնական էին: 
Սուրբ անտառներ և պուրակներ, լեռներ, գետեր — Ծառերը, հատկապես կաղնին, համարվում էին սուրբ (օրինակ՝ Դոնարի հետ կապված)։ Գետերից սուրբ էր համարվում Հռենոսը:
Այս վայրերում կատարվում էին ծեսեր և թողնվում ընծաներ։
Զոհասեղաններ և քարե կառույցներ — Զոհաբերություններ էին կատարվում բացօթյա վայրերում, օրինակ՝ կենդանիների կամ երբեմն մարդկանց զոհաբերություն։ Կենդանիների խորհրդանիշներից արծիվը կապված էր Վոդանի, իսկ խոզը՝ պտղաբերության աստվածուհիների հետ։
Գլխավոր գրական հուշարձաններ
 
Գերմանական դիցաբանության գրավոր աղբյուրները սակավ են:  Նրանք նույնպես գրել են ռուներով, սակայն տեղեկությունները փոխանցվել են հիմնականում բանավոր ավանդույթներով։ Այնուամենայնիվ, որոշ կարևոր աղբյուրներ ներառում են.
Տակիտոսի «Գերմանիա» (Germania) — Հռոմեացի պատմիչ Տակիտոսը (մ.թ. 1-ին դար) նկարագրում է գերմանական ցեղերի կրոնական սովորույթները, օրինակ՝ Ներտուսի պաշտամունքը։
«Մերսեբուրգյան հմայություններ» (Merseburg Charms) — 10-րդ դարի գերմաներեն գրված միստիկ բանաստեղծություններ, որոնք պարունակում են հիշատակություններ Վոդանի, Ֆրիայի և այլ աստվածների մասին։
Էպիկական պոեմեր 
 
«Հիլդեբրանդի երգը» (Hildebrandslied)
Սա գերմաներեն ամենավաղ բանաստեղծական տեքստն է, որը պատմում է հոր (Հիլդեբրանդ) և որդու (Հադուբրանդի) ճակատամարտում ողբերգական հանդիպման մասին: 
Տեքստը գրվել է 830-ականներին Ֆուլդայի վանքում: Երկու դպիրներ այն պատճենել են անհայտ հին բնօրինակից, որն ինքնին, ի վերջո, պետք է բխած լինի բանավոր ավանդույթից: Հիլդեբրանդի և Հադուբրանդի պատմությունը  հասնում է 7-րդ կամ 8-րդ դարերի Լոմբարդիա և ծավալվում է 5-րդ դարի Իտալիայում Թեոդորիկի և Օդոակերի միջև պատմական հակամարտության ֆոնին, որը դարձավ գերմանական հերոսական լեգենդի հիմնական թեման:

«Նիբելունգների երգը» (Nibelungenlied) 

«Նիբելունգների երգը» գերմանական ազգային էպոսն է, եվրոպական էպիկական ժառանգության կարևոր հատ­վածներից մեկը, որի ձևավորումը կապվում է գերմանական ցեղերի էպիկական ժամանակի՝ 5-6-րդ, իսկ գրավոր առաջին մշակումը՝ 11-12-րդ դդ. հետ:  Դիպաշարի հիմքում ընկած է գերմանացի առասպելական հերոս վիշապասպան Զիգֆրիդի ամուսնությունը Բուրգունդիայի արքայադուստր Քրիմհիլդի հետ, ինչից էլ սյուժետային բազմաթիվ գծեր են ծագում. նախ և առաջ՝ մեծ հակասություն է առաջանում Քրիմհիլդի և նրա եղբոր՝ Գունտերի կնոջ՝ Բրունհիլդի միջև, ինչը, ի վերջո, ավարտվում է Զիգֆրիդի մահով։ Քրիմհիլդն այնուհետև հոների առաջնորդ Էտցելի (Աթիլլայի գերմաներեն տարբերակը) օգնությամբ վրեժ է լուծում իր ցեղակից բուրգունդներից սիրելիին՝ Զիգֆրիդին սպանելու պատճառով։ Բոլոր իրադարձությունների «զտիչ» է դառնում մի երրորդ խորհրդավոր ուժ՝ ամենուր գոյություն ունեցող, ամենատես և ամենագետ չարագործ Հագենը։

Նիբելունգները (գերմ.՝ Nibelungen, սկանդինավ.Niflungar) առասպելական թզուկներ են («նիբելունգ» բառացիորեն նշանակում է մառախուղի երեխա), որոնք, ըստ գերմանական և սկանդինավյան ժողովուրդների ասքերի, մեծ գանձերի տերեր և պահապաններ են եղել, ապրել են Հռենոս գետի ափերին։ Ըստ ավանդության՝ նիբելունգների գանձերը գողանալուց հետո Բուրգունդիայի արքաները ստացան նաև նրանց անունը։
Էպոսը բաղկացած է 39 մասից, որոնք կոչվում են արկածներ (ավանտյուրաներ)։

Օրացույց
 
Հին գերմանական օրացույցը հետևում էր բնության ցիկլերին.
Գարնան սկիզբ — նշվում էր պտղաբերության աստվածուհիներին (օրինակ՝ Ներտուսին) նվիրված ծեսերով։ Կարող էր ներառել կանաչ ճյուղերով զարդարում և սերմնացան։
Ամառային արևադարձ — կապված էր արևի և Դոնարի հետ։ Հնարավոր է՝ այս օրը վառվեին խարույկներ՝ չար ոգիներին վանելու համար։
Աշնանային բերքահավաք — երախտագիտության տոն, որտեղ զոհաբերություններ էին մատուցվում երկրի աստվածներին։
Ձմեռային արևադարձ — նվիրված էր նախնիներին և Վոդանին։ Սա կարող էր լինել ընտանեկան հավաքույթների և պատմությունների փոխանցման ժամանակ։
Հաշվի առնելով գյուղատնտեսական կյանքը՝ օրացույցը ճկուն էր և տարբերվում էր տեղայնորեն։

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх