Թռչնակերպ և կենդանակերպ արարածները դիցաբանություններում

Թռչնակերպ և կենդանակերպ

Գրիֆոն

Գրիֆոնը (հուն.՝ γρύψ, «γρυπός» (կեռ ճանկերով) լատ.՝ grȳphus)՝ առյուծի մարմնով և արծվի գլխով ու թևերով արարած է, ծագել է Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան մշակույթներից։ Գրիֆոնները հակասական արարածներ են, իրենց մեջ միավորում են միաժամանակ Երկինքն ու Երկիրը, Բարին ու Չարը։ Նրանք կարող են հանդես գալ որպես պաշտպաններ, հովանավորներ, ինչպես նաև որպես չար, սանձարձակ գազաններ։

Գրիֆոնանման կենդանիներ պատկերվել են գլանաձև կնիքների վրա Միջագետքում Ք.ա. 3000 թվական դեռևս Ուրուկի ժամանակաշրջանում և հետագա նախաէլամական ժամանակաշրջանում։ Սուսայում հայտնաբերված կտուցներով թևավոր առյուծի օրինակը թվագրվում է Ք.ա. 4-րդ հազարամյակով և արու առյուծի բաշով գրիֆոնանման կենդանու եզակի օրինակ է։ Սակայն այս հրեշը չի շարունակել դրսևորվել էլամական մշակույթից հետո։
 
Մի քանի հին դիցաբանական արարածներ նման են գրիֆոնին։ Դրանց թվում է Լամասուն՝ ասորական պաշտպան աստվածություն, որը հաճախ պատկերվում է ցուլի կամ առյուծի մարմնով, արծվի թևերով և մարդու գլխով։ Շումերական և աքքադական դիցաբանություններում հանդիպում է Անսու դևը՝ կիսամարդ և կիսաթռչուն, որը կապված է երկնքի գլխավոր աստված Էնլիլի հետ։ Սա աստվածային փոթորկային թռչուն էր, որը կապված էր հարավային քամու և որոտի ամպերի հետ։
 
Հին Եգիպտոսում գրիֆոնները պատկերված են որպես աստվածային պահապաններ, որոնք պաշտպանում էին գանձերն ու արքայական գերեզմանները։ Հերոդոտոսը (մ.թ.ա. 5-րդ դար) նշում է գրիֆոններին որպես ոսկի պահող արարածներ, որոնք ապրում էին Սկյութիայի հեռավոր անապատներում։ Գրիֆոնը խորհրդանշում էր ուժ, զգոնություն և աստվածային պաշտպանություն՝ համատեղելով երկրի (առյուծ) և երկնքի (արծիվ) տարերքները։Հունական դիցաբանության մեջ գրիֆոնը կապված է եղել տարբեր աստվածությունների (Ապոլլոն, Դիոնիսոս, Նեմեսիս) հետ:
 
Պարսկերենում գրիֆոնը սկսել է կոչվել šērdāl-շերդալ (պարսկերեն՝ شیردال), որը նշանակում է «առյուծ-արծիվ»։ Գոյություն ունի նաև հայերեն Paskuč (պասկուչ) տերմինը, որն օգտագործվել է «Յոթանասնից»-ի հայերեն թարգմանությունում հունարեն գրիպ «գրիֆոն» բառը թարգմանելու համար, որը Հ. Պ. Շմիդտը բնութագրել է որպես սիմուրգի համարժեքը։ Սակայն, Baškuč (որպես «գրիֆոն») համարժեք տերմինը հանդիպում է նաև միջին պարսկերենում, ինչը վկայված է զրադաշտական ​​Bundahishn XXIV տիեզերաբանական տեքստում (ենթադրաբար տարբերվում է Sēnmurw-ից, որը նույնպես հանդիպում է նույն տեքստում)։ Գրիֆոնները լայնորեն օգտագործվում են պարսկական պոեզիայում. Ռումին այն բանաստեղծներից է, որը գրում է գրիֆոնների մասին:
 
Հրեական դիցաբանության մեջ խոսվում է Զիզի մասին, որը հիշեցնում է Անսուին, ինչպես նաև հին հունական Փյունիկին: Աստվածաշունչը Զիզի մասին հիշատակում է Սաղմոս 50:11-ում, որը նման է քերովբեի: Քերովբեները, կամ սֆինքսը, շատ տարածված էր փյունիկյան պատկերագրության մեջ։
 
Հերալդիկ գրիֆոնը «նշանակում է ուժ և ռազմականություն, քաջություն և առաջնորդություն»: Ճարտարապետական ​​​​զարդարանքում գրիֆոնը սովորաբար ներկայացված է որպես չորսոտնաչափ գազան՝ թևերով և արծվի գլխով՝ եղջյուրներով, կամ արծվի գլխով և կտուցով:
 
Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» «Քավարանում», երբ Դանթեի և Վերգիլիոսի դժոխքով և քավարանով ճանապարհորդության ավարտվում է, Երկրային դրախտում Դանթեն հանդիպում է գրիֆոնի կողմից քարշ տվող կառքի: Անմիջապես դրանից հետո Դանթեն վերամիավորվում է Բեատրիչեի հետ: Այնուհետև Դանթեն և Բեատրիչեն սկսում են իրենց ճանապարհորդությունը դրախտով:
 
Ժամանակակից մշակույթում գրիֆոնները տարբեր ֆիլմերում և մուլտֆիլմերում: Այն հայտնվում է «Հարրի Փոթեր»-ում (Հիպոգրիֆ՝ գրիֆոնի և ձիու խառնուրդ), «Նարնիայի ժամանակագրություններ»-ում և «Պերսի Ջեքսոն»-ում։ Ժամանակակից դրսևորումերում նրանք հաճախ ընտելացված են կամ օգնում են հերոսներին, ինչը հակասում է սկզբնական վայրի և անհաշտ բնույթին։ Օրինակ՝ «Հարրի Փոթեր»-ում Հիպոգրիֆը (Բաքբիք) ընկերական է դառնում, եթե հարգանք ցույց տաս։

Ֆենիքս կամ Փյունիկ

Ֆենիքսը՝ կրակե թռչունը, որն այրվում և վերածնվում է իր մոխիրներից, ծագել է Հին Եգիպտոսից։ Անվանումը ծագել է հունարեն φοίνιξ բարից, ինչը կարող է նշանակել «մանուշակագույն» կամ «արմավենի»՝ ցույց տալով նրա վառ գույները։ Այն խորհրդանշում էր հավերժություն, վերածնունդ և արևի ցիկլը։
 
Եգիպտական դիցաբանության մեջ «Բենու» (Bennu) թռչունը կապված էր արևի աստված Ռայի և վերածննդի հետ։ Այն պատկերվում էր որպես կարմիր-ոսկեգույն թռչուն։
Ընստ Հերոդոտոսի՝ փյունիկը ծագումով Արաբիայից է,ապրում է 500 տարի իր ծնողի հետ, և երբ վերջինս մահանում է, թռչում է արևի աստծո տաճար՝ եգիպտական ​​Հելիոպոլիս քաղաքում և այնտեղ թաղում ծնողի մարմինը։ Տակիտոսի վերապատման մեջ փյունիկը 500 տարին մեկ անգամ թռչնակ է ծնում, որից հետո մահանում է։ Ավանդազրույցը հիշատակվում է նաև այլ անտիկ հեղինակների կողմից, որոնցից շատերը իրենց նկարագրության մեջ ներառում են փյունիկի ինքնահրկիզման արարքը։ Որոշ հին աղբյուրներ տեղեկություններ են պարունակում այն ​​մասին, որ փյունիկները կարող են անհետանալ լույսի մի շողում, ապա հայտնվել ցանկացած այլ վայրում։
 
Քրիստոնեական աշխարհում փյունիկը խորհրդանշում է հավերժական կյանքի հաղթանակը, հարությունը, հավատքը, անսասանությունը։
 
Հրեական Կաբալայում կան Գան Էդենում (Եդեմի այգի) տեղի ունեցած իրադարձությունների որոշ մեկնաբանություններ, որտեղ ասվում է, որ Հավան (Եվան) բարու և չարի ճանաչողության ծառի պտղից կերակրել է իր ամուսնուն՝ Ադամին և բոլոր կենդանիներին։ Միայն փյունիկ թռչունը չի տրվել գայթակղությանը, հետագայում դրա շնորհիվ պահպանելով իր հարաբերական անմահությունը։ Այս թռչունը ապրում է հավերժ, հազար տարին մեկ այրվում է իր բնից դուրս եկող կրակի մեջ և վերածնվում մոխիրից։
 
Չինական դիցաբանության մեջ փյունկիկին՝ ֆենհուանին խորհրդանշող հրաշագործ թռչունը, ի տարբերություն կանացի սկիզբը (յին) մարմնավորող չինական վիշապի, հարավի խորհրդանիշ է։ Նրա հայտնվելը մարդկանց համար մեծ նշան է, որը կարող է վկայել կայսեր զորության մասին կամ կանխագուշակել նշանակալի իրադարձություն։ Հին չինական լեգենդներում փյունիկը համարվում էր «հարյուր թռչունների թագավոր»։
 
Սլավոնական դիցաբանության և բանահյուսության մեջ Հրե թռչունը (жар-пти́ца) կախարդական և մարգարեական փայլող կամ այրվող թռչուն է հեռավոր երկրից, որը և՛ օրհնություն է, և՛ կործանման ավետաբեր իրեն գերեվարողի համար. օջախի պաշտամունքի հետ է կապված։ Մեկ այլ թռչուն՝ Ռարոգը, մասնավորապես՝ չեխական, սլովակական, ռուսական, բելառուսական և ուկրաինական) պատկերացումներում հրե դև է, որը հաճախ պատկերվում է որպես կրակե բազե։ Չեխական բանահյուսության համաձայն՝ ռարոգը կարող է դուրս գալ ձվից, որը ինը օր ու գիշեր թխվել է վառարանի վրա, և կարող է հայտնվել կամ որպես կրակե բազե, կամ որպես վիշապ։ Լեհական բանահյուսության մեջ ռարոգը փոքրիկ թռչուն է, որը կարելի է պահել գրպանում և կարող է մարդկանց երջանկություն բերել։
 
Հուման (պարսկերեն՝ هما, արտասանվում է Homā, ավեստերեն՝ Homāio), նաև Հոմա կամ Հոմայ, իրանական լեգենդների և առակների առասպելական թռչուն է, որը շարունակում է մնալ սուֆիական և դիվանական պոեզիայի ընդհանուր մոտիվ։ Չնայած կան բազմաթիվ լեգենդներ այս արարածի մասին, բոլորի համար ընդհանուրն այն է, որ ասում են, որ թռչունը երբեք չի իջնում ​​գետնին և փոխարենը իր ամբողջ կյանքն ապրում է անտեսանելիորեն բարձր թռչելով երկրից վեր։ Հումայի մասին առասպելների մի քանի տարբերակներում թռչունը ասվում է, որ նման է փյունիկի, որը մի քանի հարյուր տարին մեկ այրվում է կրակի մեջ, միայն որ նորից հարություն առնի մոխրից։
Հազարան Բլբուլը առասպելական թռչուն է և հայկական հեքիաթների հիմնական կերպարներից։ Հանդիպում է նաև Զաղի Հավք, Հազարաբիլբուլ, Պյուլպյուլ ձևերով: Այն ներկայացվում է որպես բնության զարթոնքի հրաշագործ ուժ, գեղեցկության, արդարության ու ներդաշնակության խորհրդանիշ։ Նրա երգով վերակենդանանում է անեծքով (կախարդանքով) պատուհասված բուսական ու կենդանական աշխարհը։ Հազարան Բլբուլը պահվում է ոսկե վանդակում, անմատչելի տեղում նրան տիրանալու համար հեքիաթի հերոսը ենթարկվում է ծանր փորձությունների, հաղթահարում դժվարություններ։
 
Ժամանակակից մշակույթ
 
«Հարրի Փոթեր»-ում (Ֆոքս՝ Դամբլդորի ֆենիքսը), «X-Men»-ում (Ջին Գրեյի «Dark Phoenix» կերպարը) և «Ֆանտաստիկ գազաններ»-ում։ Ժամանակակից ֆենիքսը հաճախ կապվում է անձնական վերածննդի կամ սուպերհերոսական ուժերի հետ (օրինակ՝ «X-Men»), ինչը հեռու է սկզբնական աստվածային և բնական խորհրդանիշից։

Կենտավրոս

Սա կիսամարդ-կիսաձի արարած, ծագել է հին հունական դիցաբանությունից, որում կենտավրոսները համարվում էին վայրի և անկարգ արարածներ, խորհրդանշում էին մարդկային բնազդների և կենդանական բնության պայքարը։ Բացառություն էր Քիրոնը՝ իմաստուն և բարի կենտավրոսը։ Նրանք լեռնային կամ անտառային դևեր էին և համարվել են Դիոնիսոսի արբանյակները։ Ենթադրվում է, որ կենտավրոսները սկզբնապես լեռնային գետերի և անհանգիստ հոսանքների մարմնացումն էին։ Հերոսական առասպելներում որոշ կենտավրոսներ հերոսների դաստիարակներն են, մինչդեռ մյուսները թշնամաբար են տրամադրված նրանց նկատմամբ։Անվանումը ծագել է լատիներեն centaurus, հին հունարեն՝ Κένταυροι, Κένταυρος բառից (kenton-խայթել, կտրել և tauros-ցուլ): Հայերենում օգտագործվել է նաև «Հուշկապարիկ» ձևով։ 

Կենտավրոսների կերպարը, ենթադրաբար, քաղաքակիրթ ժողովուրդների ներկայացուցիչների երևակայության արդյունք է, որոնք դեռևս չգիտեին ձիավարություն, ովքեր առաջին անգամ հանդիպել են հյուսիսային որոշ քոչվոր ցեղերի՝ սկյութացի, կասիտների կամ տավրոսցի ձիավորների։
 
Իրանական դիցաբանության մեջ Գոպթաշահը մարդկային իրանով ցուլ։ ՎՏիրուվանանտապուրամի Պաժայա Սրիկանտեսվարամ տաճարի հետ կապված հայտնի լեգենդի համաձայն՝ սուրբ Բրահմանի անեծքը գեղեցիկ Յադավա արքայազնին վերածել է ձիու մարմին ունեցող արարածի, իսկ արքայազնի գլուխը, ձեռքերը և իրանը ձիու գլխի և պարանոցի փոխարեն եղել են։ Իսլամում Բուրաքը՝ թևավոր ձին, ծառայում էր Մուհամմադին։
 
Հին ռուսական գրական ավանդույթում կենտավրոսի անալոգը կիտովրասն է, որի անունն ու կերպարը փոխառված են հունական կենտավրոսից: «Բովա Կորոլևիչի հեքիաթում» հանդես է գալիս կիսամարդ-կիսաձի (այլ տարբերակներում՝ կիսամարդ, կիսաշուն) Պոլկանը:
 
Հուշկապարիկ (պարսկերեն՝ yušk) նշանակում է «էշ» և պարիկ՝ առասպեական ոգի, Եզնիկը հուշկապարիկին համեմատում է հունական nokentáuros-ի՝ իշաձիու հետ: Հետագայում հուշկապարիկի կերպարը ձևափոխվել է հատկապես մանրանկարչության մեջ: Հանդիպում են թռչնի մարմնով և մարդու գլխով հուշկապարիկներ։ Մինչքրիստոնեական մշակույթում հուշկապարիկները կրում էին սիրեններին բնորոշ հատկություններ և իրենց դյութիչ ձայնով կանչում էին մարդկանց ու սպանում, իսկ քրիստոնեական շրջանում արդեն ավետաբերի խորհուրդ էին կրում:
 
Ժամանակակից մշակույթ
 
«Նարնիայի ժամանակագրություններ»-ում, «Հերկուլես» (Disney) և «Պերսի Ջեքսոն»-ում։ Ժամանակակից պատկերներում կենտավրոսները հաճախ իմաստուն կամ ազնիվ մարտիկներ են (օրինակ՝ Նարնիայում), ինչը հակասում է նրանց սկզբնական վայրի և անկառավարելի բնույթին։

Հարպիա

Հունական դիցաբանությունից ծագող թռչնակերպ կանայք՝ հարպիաները (Հարպիա՝ «Հափշտակողներ») քամու և փոթորիկի նախաօլիմպական ոգիներ էին, որոնք պատժում էին մարդկանց՝ գողանալով նրանց սնունդը կամ տանելով նրանց դժոխք։ Կապված էին Զևսի և քամու աստվածների հետ։ Ծագում է հունարեն Ἅρπυιαι՝ գողանալ կամ հափշտակել բառից։
 
Ռուսական բանահյուսության մեջ Ալկոնոսը կամ Ալկոնոստը Աստծո նախախնամությունն ու Աստծո ողորմածությունը խորհրդանշող ծովային թռչուն է, բյուզանդական և սլավոնական գրական լեգենդներից հայտնի դրախտի առասպելական թռչուն: Ալկոնոստը ձվադրում ծովափին, ընկղմում դրանք ծովի խորքում և վեց օր հանգստացնում այն: Այս թռչնի երգը այնքան գեղեցիկ է, որ լսողը մոռանում է աշխարհում ամեն ինչի մասին: Այն ապրում է Եփրատ դրախտային գետի ափին: Հաճախ հիշատակվում է մեկ այլ դրախտային թռչնի՝ Սիրինի հետ միասին, որի ծագումն էլ հասնում է հունական սիրեններին: Ռուսական ժողովրդական գրաֆիկայում Ալկոնոստին պատկերում են որպես կիսաթռչուն-կիսակին՝ տարբեր գույների մեծ փետուրներով:
 
Սերովբեներ (եզակի՝ եբրայերեն՝ שׂרף‎, սերովբե, հոգնակի՝ שׂרפים- կրակե, ոմանք կարծում են, որ նշանակում է օձանման կայծակ կամ ծագում է եգիպտերեն seref բառից, ոմանք էլ կապում են գրիֆոնի հետ‎) — համաձայն քրիստոնեական ավանդական հրեշտակաբանության (հիմնական փոխանցողը սուրբ Դիոնիսիոս Արիոպագացին է)՝ հրեշտակների 9 դասերի մեջ առաջին քահանայապետությունն է՝ սերովբեներ-քերովբեներ-աթոռներ, որոնցից ամեն մեկն իր գործունեությամբ իրականացնում են Աստվածության երկնային և երկրային ծրագրերը և բարեխոսում են մեր՝ մարդկանց համար ու օրհնում Աստվածային Երրորդությանը: Սերովբեները վեցաթև, հրեշտակներ են, որոնց մասին աստվածաշնչում խոսում է միայն Եսայի մարգարեն (Ես. 6:2-3):
 
 
Քերովբեները (եբր.՝ כְּרֻבִים‎) Աստվածաշնչում հիշատակված թևավոր երկնային էակներ են, սերովբեների հետ միասին Աստծուն ամենամոտ են: Քրիստոնեության մեջ սա հրեշտակների երկրորդ կարգն է սերովբեներից հետո: Հին կտակարանում նրանք հսկում են Եդեմական պարտեզը, նրանց վրա նստած է տեղափոխվում Աստված ևիրենց թևերով ծածկում են Ուխտի տապանակը, նրանք պատկերված էին Սրբության սրբոցի մուտքը փակող վարագույրի վրա: Ծննդոց գրքի միդրաշիմների համաձայն՝ քերովբեները ստեղծվել են Աստծո կողմից արարչագործության երրորդ օրը։ Մինչդեռ, մեկ այլ աղբյուրի համաձայն, նրանք աշխարհում ստեղծված առաջին կենդանի էակներն էին։ Կաբալիստական Զոհարում, որը թվարկում է հրեշտակների տասը դասեր, քերովբեները չեն հիշատակվում որպես հատուկ դաս։
 
Սկզբում քրիստոնեական աստվածաբանությունը որոշակի տեսակետ չուներ քերովբեների բնույթի վերաբերյալ, կարծիքները բաժանվում էին այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք էակներ էին, թե պարզապես խորհրդանիշներ և պատկերներ՝ Աստծո գործողությունները ներկայացնելու համար։ Հետագայում Հովհան Ոսկեբերանը տվել է քերովբեների հետևյալ հասկացությունը, որը ավանդական դարձավ քրիստոնեության համար Էկումենիկ ժողովների դարաշրջանի ավարտին. «Քերովբեները ոչինչ այլ ինչ են, քան լիակատար իմաստություն։ Ահա թե ինչու քերովբեները լի են աչքերով՝ մեջքը, գլուխը, թևերը, ոտքերը, կուրծքը՝ ամեն ինչ լի է աչքերով, քանի որ իմաստությունը նայում է ամենուր, ունի բաց աչք ամենուր»։ Ապոկրիֆ գրականության մեջ քերովբեները համարվում են հրեշտակներ։ Թալմուդում «כרוב» անունը ծագում է արամեերեն «כרביא» (ինչպես պատանի) արտահայտությունից։ Հովսեփոս Փլավիոսը կտրականապես հրաժարվում է բացատրել, թե ինչպես էին հին հրեաները պատկերում քերովբեներին Տաճարում։ Նրա խոսքով՝ «նրանք ունեին այնպիսի կերպարանք, որը ոչ ոք երբեք չէր տեսել. ոչ ոք չէր կարող բացատրել, թե ինչ էին նրանք ներկայացնում»։ Վերածննդի դարաշրջանում տարածված էր քերովբեներին պատկերել որպես թևավոր մանուկներ։

Սֆինքս

Սֆինքսը (հին հունարեն՝ Σφίνγξ, Σφιγγός-«սեղմել» կամ «խեղդել», ցույց է տալիս նրա մահաբեր բնույթը, հին եգիպտական ​​«շեպսես անխ»` «կենդանի պատկեր» անվանման վերաիմաստավորումն է)՝ առյուծի մարմին և մարդու (կամ այլ էակի) գլուխ ունեցող արարած է, որը ծագել է Հին Եգիպտոսից և Հունաստանից։
 
Եգիպտական ​​սֆինքսի դասական տարբերակը մարդկային՝ սովորաբար բարձրաստիճան անձի, օրինակ՝ փարավոնի դեմքով անդրոսֆինքսն էր։
 
Հորուս աստծո տաճարները զարդարված էին բազեի գլխով սֆինքսներով՝ հիերակոսֆինքսներով։
Ամոնի տաճարների մոտ տեղադրվել են խոյի դեմքով սֆինքսներ՝ կրիոսֆինքսներ։
 
Ամենհոտեպ III-ի դամբարանային տաճարում կան կոկորդիլոսի մարմիններով սֆինքսների պատկերներ։
 
Հունական դիցաբանության մեջ Սֆինքսը կնոջ գլխով, առյուծի թաթերով և մարմնով, արծվի թևերով և ցուլի պոչով հրեշ է, որը հսկում էր Թեբե քաղաքի մուտքը, հանելուկներ էր տալիս լուծելու (օրինակ՝ Էդիպին) և սպանում էր նրանց, ովքեր չէին կարողանում պատասխանել։
 
Առեղծվածային, զանազան կենդանիների տարբեր մասերի համադրմամբ, երբեմն մարդու գլխով դիցաբանական կերպարների հայերեն անվանումներն են՝ Պայ (Պայն, Պան), Պայիկ կամ Պայակ, «որը նույնն է, ինչ՝ Պահակ՝ իբրև պահապան» (համաձայն Նոր բառգիրք Հայկազեան լեզուի):
 
Արալեզ կամ Հարալեզ
 
Հայկական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ Արարատ լեռան լանջերին)։ Հայերը հավատում էին, որ արալեզներն իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։ Ըստ ոմանց արալեզների հանդեպ հավատքը վկայում է հայերի մոտ նախաքրիստոնեական շրջանում շան պաշտամունքի մասին։

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх